Saturday, February 19, 2011

Համազգային թատրոն

Արդեն երրորդ ներկայացումն եմ նայում Համազգայինում: Շատ լավ գործ են անում, թատերախումբը դուրս շատ-շատ է գալիս: Մի տեսակ էնքան նվիրված են ու էնպիսի հավեսով են բեմում խաղում, որ ներում եմ մնացած ամեն ինչ, օրինակ, ջարդված աթոռս. չնայած դրան, լաաայն ժպիտով ու ներքուստ մաքրված դուրս եկա  նաև այս ներկայացումից: 

«Ծննդյան  տոները Կուպիելլոյի ընտանիքում», կարծեմ էդպես էր ներկայացման վերնագիրը: Ճիշտ է, ինձ շատ ավելի դուր եկան հայ հեղինակների բեմադրությունները, բայց սա էլ բավականին լավն էր: Օրինակ, ընտանիքի մայրը: Երիտասարդ կին էր, ով հիսնամյա կնոջ դեր էր կատարում, ու երևում էր, որ միանգամայն լրջորեն է պատրաստվել իր դերին: Իտալացի ընկերուհիներիցս մեկը մի անգամ ասաց, որ իտալերեն խոսակցության իմաստի մոտավորապես կեսն ապահովում են ժեստերը: Այս հայ դերասանուհին այնքան տեղին էր օգտվում այդ օժանդակ միջոցից, որ քեզ միանգամից տեղափոխում էր սևուսպիտակ իտալական ֆիլմերի նեղլիկ փողոցներում պատշգամբներից իրար վրա գոռգոռացող սևահեր կանանց իրականություն: 

Շատ լավ լուծումներ էին գտնված այս տրագիկոմեդիայի էությունը հանդիսատեսին հասցնելու համար: Օրինակ՝ մահացող Կուպիելլոյի մահճակալի մոտ նրա եղբոր ու որդու գժտությունն ընդհատել փորձող հարևանուհու ջանքերը: Մի քանի րոպե անհաջող փորձելով հանդարտեցնել բորբոքված տղամարդկանց՝ մարմնեղ այս կինն օգտվում է իր լավագույն զենքից. զայրացած ուղղում է փարթամ կրծքերն ու ... տղամարդիկ այս շքեղության անակնկալից միանգամից լռում են: Շատ լավն էր, շատ տեղին, շատ հարիր ողջ զավեշտա-ողբերգական իրավիճակին: Դերասանուհու անկեղծությունն ու բնականությունն այս տեսարանը ներկայացման լավագույն կտորներից մեկն էին դարձրել: Ափսոս, որ ռեժիսորը փորձել էր երկրորդ անգամ էլ օգտվել այդ հնարքից:-) Երկրորդ անգամ արդեն մի քիչ slapstick-ային ստացվեց: Շատ ափսոս: 

Բայց, միևնույնն է... ապրեն թատրոնի ժողովուրդը, հիանալի գործ են անում: 

2 comments:

armtheatre said...

Շաաատ ապրես:!!!!! Ինչ լավ էիր գրել "Համազգային" մասին...այ էդպես է պետք թատրոնից դուրս գալ` ներքուստ մաքրված, մի քիչ արև վերցրած:)))) Ու էդպես էլ պետք է գնալ թատրոն` բաց ու հնարավորինս առանց նախապաշարմունքների, որպեսզի ներկայացման տված ազդակները տեղ հասնեն:)

"Համազգային"ի դերասաններն ու տնօրենը շատ լավն են, լավ են աշխատում իրոք: Ու իրենց մոտ էլի շատ լավ ներկայացումներ կան. անպայման նայիր "44 աստիճանի վրա", "Կայարան" ներկայացումները..

christina said...

«Կայարանն» իսկապես լավն էր, նույնիսկ շատ լավը, այս անգամ էլ հատկապես միլիցիոները:-) Պատրաստվում եմ նաև իրենց մյուս ներկայացումները նայել: Ինձ նաև շատ դուր է գալիս թատրոնի ընդհանուր միջավայրը՝ տոմսավաճառից սկսած:-) Բոլորը բարեհամբյուր են, ժպտադեմ, սիրով պատասխանում են հարցերիդ, հումոր կա: Ի տարբերություն, օրինակ՝ երեկվա Ստանիսլավկսու աշխատակազմի: Առաջին իսկ պահից սկսեցին շահարկել քո «պահանջ» ունենալու փաստը, որովհետև իրենց թվում էր, իրենք էին միակ առաջարկողը:-) Հիմա էդպես աշխատելուց շատ շահույթ չես ունենա, գոնե դա իրենց համոզի, որ մի քիչ փոխեն իրենց վերաբերմունքը...

Իհարկե, կարելի է անտեսել այս ամենը, բայց ինձ համար կրկնակի հաճելի է, որ արվեստը կարողանում է մաքրել նաև մարդու առօրյան, ոչ թե մնալ «սալոնային» չնաշխարհիկ մի բույս, որ թոշնում է թարմ օդից (ինչպես գիտենք, դա միայն մաքուր թթվածին չի:-)