Wednesday, July 14, 2010

Փուչիկ

Լավ չեմ հիշում ինչպես սկսեցի թեթև ատլետիկայով զբաղվել,  բայց հիշում եմ, որ սկսեցի Պոլիտեխի մարզադահլիճում: Դպրոցական ընկերուհուս հետ: Ինքն ինչպես հայտնվեց էդտեղ, էլի չեմ հիշում: Բայց հիշում եմ, երբ ընկեր Վրեժն ասաց պիտի պարապմունքները շարունակենք «Փուչիկում», մենք ինքներս անմիջապես դարձանք փուչիկ, հպարտությունից էնքան էինք փքվել: Վեցերորդ դասարան էինք երևի: Իսկ «Փուչիկ» նշանակում էր կարգին մարզիկ ես, էդտեղ մանկապատանեկան խմբակներ կային, սպորտային դպրոց էր, ուղղակի փչովի: Կարգին մեծ փուչիկ էր, որտեղ տեղավորվել էին վազքուղիներն ու բարձրա- ու հեռացատկի դաշտերը, հանդերձարանները: Վերջ, ոչ մի լոգարան: Երևի զուգարան կար, ուղղակի դեռ մանկապարտեզից խուսափում էի հանրային բոլոր տեսակի զուգարաններից ու էդպես էլ չհայտնաբերեցի դրա գոյությունը:

Ես սիրում էի վազել: Արագ, չէ: Արագ, հարյուր մետրը, վազում էր Գայանեն: Ես՝ հինգ հարյուր: Հետո ընկեր Վրեժը որոշեց, որ Գայանեն հեռացատկով է զբաղվելու, ես՝ բարձրացատկով: Առանց ձողի: Ես ուրախ էի՝ երբ մարմինդ կորանում է, շրջանցելով ձողը, շատ, շատ գեղեցիկ էր թվում ինձ:

Մի անգամ ընկեր Վրեժն ասաց, որ ինչ-որ մրցումների պիտի մասնակցեմ: Տանել չէի կարողանում քննություններ երաժշտականում ու մրցումներ «Փուչիկում»: Պատրաստվում էինք, մարզվում էինք, հուզված էինք: Ես կարծես թե պատրաստ էի: Ընկեր Վրեժը որ հաստատ համոզված էր, որ պատրաստ եմ: Խեղճը չգիտեր երաժշտականի քննությունների իմ պատմությունը՝ սառած ձեռքեր, անշարժ մատներ, աչքերի առջև թռվռացող նոտաներ, ուժեղ փորացավ ու արդյունքում առավելագույնը՝ չորս, էն էլ երևի ուսուցչուհուս հուզված հավաստացումների պատճառով, թե ես ինչ արտակարգ աշակերտ եմ:

Ինչևէ, մրցումներն սկսվեցին, ես սկսեցի ցատկել: Առաջին երկու ցատկի ժամանակ ձողն ընկավ: Երկրորդից հետո սպասում եմ իմ հերթին: Մնացել է երրորդը, վերջինը ու դուրս եմ թռչում: Ինձ է մոտենում Էրիկը: Չեմ ճանաչում, բոլորովին: Այսինքն սխալ կլիներ ասել, թե չեմ ճանաչում դպրոցի ամենագեղեցիկ մարզիկին, ով արդեն հաջողությամբ ցատկել է բոլոր երեքը: Մոտենում է ու առանց մեծության որևէ սնապարծության ու գահից ստրուկին նետված ոսկու մեծահոգությամբ մանրամասն բացատրում, թե հաջորդ անգամ ինչպես ավելի լավ կլիներ վազել մինչև ձողը:

Արդյունքում վաստակում եմ երրորդ տեղը, ինչպես հետո իմացա Հայաստանի մանկապատանեկան մրցույթներում ու դպրոցի ամենագեղեցիկ աղջիկներից մեկից «ձիու պոչ» պիտակը՝ հասցեագրված անտանելի շատ ու գանգուր մազերիս, որոնք հավաքում էի բարձր-բարձր, որպեսզի վազելիս վզիս շատ չկպչեին:

4 comments:

Anonymous said...

Հիշեցի, թե ոնց կյանքում առաջին ու վերջին անգամ ուշաթափվեցի փուչիկում :Ճ Ի միջայլոց, փուչիկը այսօր էլ գործում ա, ու ենթադրում եմ, որ զուգարանի տեղը մինչև հիմա դեռ ոչ ոք չի բացահայտել..

Քրիստ ջան, շատ բազմաբնույթ տաղանդներ ունես :Ճ

christina said...

Չգիտեի, որ փուչիկը դեռ կա: Բա պատմությու՞՞՞նը:-)
P.S. Գրեթե բոլոր երեխաները բազմաբնույթ շնորհներ ունենում են:-)

AramK said...

Phuchik@ mer uraxuthyunneric mekn er, erb amran@ gnum einq Kirovakan` horeghbors tun. Lriv moracel ei ira masin:) Horeghbors tghan el er tetev atletika parapum, nuynisk Miutenakan mrcasharic mrcanakner uner.

christina said...

Միգուցե հանդիպել ենք էնտեղ:-) Չէ, ես սպորտով շատ լուրջ չէի զբաղվում, չնայած հիշում եմ, երբ պապան ասաց էլ չես գնալու պարապմունքների, ութերորդ դասարանում, ես փորձում էի բանակցել, ավելի շուտ ուլտիմատում էի ներկայացնում՝ ուրեմն երաժշտականն էլ եմ թողնելու: Չաշխատեց, իհարկե, երաժշտականը շարունակեցի, իսկ պարապմունքները՝ չէ: