Wednesday, December 3, 2008

Ֆուկոն, Դուրքհայմն ու ես

Մինչ Միշել Ֆուկոն իր միջնադարյան կարմիր, փայլուն տաբատով (բայց ինչո՞ւ... էհ, Ֆրանսիան ինձ անընդհատ հետ է տանում դեպի շքեղություն) փորձում է համոզել Դուրքհայմին, թե բողոքականությունը թերևս կարող է ինքնասպանության պատճառ հանդիսանալ, սակայն ... ես արթնանում եմ: Պատկերացնո՞ւմ եք, իմ երազներն էլ են արդեն ակադեմիական: Գժվել կարելի է:-)

Երբեմն հաճույք եմ ստանում այս պճնված գիտնականությունից: Ամեն հաջորդ հոդվածի հետ ավելի եմ համոզվում, որ այն պահից երբ սոցոլոգիան ապավինեց բնագիտության մեթոդաբանությանը, այն աստիճանաբար և հաստատուն կերպով շարունակում է խզել իր կապը փիլիսոփայության հետ: Միանգամայն վիճարկելի հայտարարություն է, մանավանդ եթե հաշվի առնենք այս գիտության բացարձակ հրապուրանքը տարաբնույթ տեսություններով՝ ռացիոնալիզմ, կախվածության տեսություն, համաշխարհային համակարգերի տեսություն, ստրուկտուրալիզմ ու չգիտեմ ինչ...

Սակայն: Հասարակությունն ուսումնասիրող առաջին մտածողների մոտ մանրամասների նկատմամբ հարգանք կար: Ուղղակի հիանում ես նրանց մտքի թռիչքով, ամբողջի բացահայտման հերոսական ջանքերով, որ արտահայտվում էր ամեն մի մանրամասի շուրջ մտքի անատոմիական աշխատանքով: Մինչդեռ ժամանակակից ուսումնասիրողները կարծես վարակվկած լինեն ներկա շտապողականությամբ. «արտադրել» հնարավորինս արագ և չափելի ուսումնասիրություններ: Իհարկե, բոլորը իրենց պարտքն են համարում խոսել այդ ուսումնասիրությունների սահմանափակումների և թերությունների մասին, սակայն սրանով իսկ գործը փակված է համարվում: Ըստ էության, հենց այս թերություններն են հող նախապատրաստում հաջորդ ուսումնասիրությունների համար: Երբեմն կարդում եմ այս հոդվածներն ու մի տեսակ կարոտով, իհարկե, միանգամայն երևակայական (որովհետև եթե ես նույնիսկ գոյություն ունեի 19-րդ դարում, երևի միայն ծառի տեսքով:-)) հիշում, թե օրինակ ինչպես է Շթայները աշխատում Գյոթեի մտքերի հետ:

Ժամանակակից անգլիական ակադեմիան սիրում է տեսությունը, սակայն այն գրեթե ամբողջովին նմանվում է արդյունաբերությանը. բոլորը պիտի զբաղվեն իրենց գործով: Առայժմ չեմ հանդիպել օրինակների, որոնք կհիշեցնեին Նիցշեի և Վագների փոխազդեցությունը: Ակնհայտորեն ասվածը heuristic երանգներ ունի, և հենց նման դասակարգումը թույլ է տալիս բացահայտել իմ ակադեմիական վարկավածությունը: Ուղղակի նորի բացահայտման ուրախության աստիճանի նվազան հետ սկսում եմ կարոտել պարզությունը. մերկացնելով ակադեմիական հաղորդակցությունը իր գիտական զգեստներից, հանգում ես նույն եզրակացությանը, ինչ հանրահայտ հեքիաթում՝ թագավորն էլ է սովորական մարդ: Սոցոլոգիական ուսումնասիրությունների մեծամասնությունը բնագիտական մեթոդաբանությամբ ապացուցում են ավանդական իմաստությունը:

Հաջորդ անգամ հաստատ պետք է գրականությունը ընտրել:-)

1 comment:

artashes said...

Կարդա, կարդա «գիտնականացված» հիմար բաներ, վերջը լավ կլինի: :) Մինչ դա էլ Ռուդոլֆ Շթայներ էիր կարդում, էլի, ինչպես հասկացա, այսինքն՝ ժամանակդ է՛լ ավելի անպիտան կերպով վատնում: (Վիկիպեդիայում կարդացի իր մասին, սիրտս խառնեց: Անթրոպոսոֆիա, չգիտեմ ինչ. մեծ աղջիկ ես, անհարմար ա: Պլատոն գոնե կարդացե՞լ ես, որ ընկել ես խփնվածների հետևից...)

Վերջում, երբ ինքնուրույն հանգես այն եզրակացության, որ կարտ (կամ դոմինո! Այո, շուտվանից դոմինո չեմ խաղացել, պապիկիս ու տատիկիս հետ էի խաղում 1980-ականներին....) խաղալուց լավ բան չկա, այդ ժամանակ կխոսենք: :) Լավ, կամ էլ սենտիմենտալ կինո նայելուց: Չէ, չէ, հնդկական թեյ խմելուց! Yeeessss!!! :)

Ես էլ մի կարծես թե խելացի աղջկա հետ եմ զրուցում իմ բլոգում սեռերի մասին, բայց հոգնում եմ արդեն... Գիտես, էլի, երբ միանգամից չեն համաձայնվում իմ միակ ճիշտ մտքերի հետ, հոգնում եմ: :)