Thursday, May 29, 2008

Անվերնագիր

Էսօր աշխարհի ամենալավ մարդկանցից մեկի ծննդյան օրն է... Ու ես երջանիկ եմ, որ հանդիպել եմ իրեն ու կարող եմ էսօր իրեն ասել էդ մասին: Երեկոյան եմ ասելու, երբ հանդիպենք մեր կանացի անկյունում: Էդ հրաշալի մարդու պատվին էսօր զուգվել-զարդարվել եմ:-) Մեր մեջ ասած, ուղղակի հագել եմ շանելյան հայտնի "սև շրջազգեստը", ոչ Շանելից, իհարկե:-)

Լինում են անհագուրդ քաղցրակերության օրեր: Էսօր, բացի աշխարհի ամենալավ մարդկանցից մեկի ծննդյան օրը լինելուց, նաև անհագուրդ քաղցրակերության օր է հայտարարված մեզ մոտ: Պարզվեց քաղցր ոչինչ չունեմ: Դե, կծու-թթու-աղի էլ չունեմ, բայց սույն հանգամանքն ինձ այդ պահին քիչ էր հուզում: Ի տարբերություն, իհարկե, քաղցրի չեղյալ պաշարների:

****
Իջանք "Աննա" խանութ` հստակ մտադրությամբ գնելու քաղցր, բայց նույնքան հստակ անորոշությամբ, թե ինչպիսի քաղցր է մեզ անհրաժեշտ: Անորոշության մեեեեեծ հստակության պատճառով դաաաաանդաղ սկսեցի անցնել քաղցրավենիքի դարակների կողքով ու մի պահ կանգ առա. կարծես թե գտա: Բայց դեռ պետք է մի լավ ուսումնասիրել. ախր, շատ անորոշ է մեր քաղցրամոլուցքը: Մինչ ես փոքր-ինչ կռացած (պարզվեց այն, ինչ կարող էր բավարարել մեր տենչը, մեջտեղի դարակում էր) փորձում եմ կարդալ, թե թխվածքաբլիթի մեջ ինչ մրգային միջուկ է, մեջքիս զգում եմ ինչ-որ նուրբ ու փափուկ հպում: Տարակուսած սկսում եմ բարձրանալ իմ ամբողջ հասակով մեկ ու ընթացքում լսել տղամարդու ձայն. "Այսօր գեղեցիկ շրջազգեստ եք հագել": Ձայնը կանգ չի առնում, փոքր-ինչ հուզված ելևեջները հեռանում են հենց այն պահին, երբ ես արդեն ուղիղ կանգնած եմ: Հետևից հասցնում եմ իմ անորոշությունից մի կերպ հնչունավորված երկար այդ "շնորհակալությունը" արտաբերել:

****

Շրջազգեստ... 100 տարի չէի լսել այդ բառը.... 1000 տարի չէի զգացել, որ տղամարդը կարող է ուղղակի անցնել կնոջ գեղեցկության կողքով... Չփորձել աղավաղել այն: Չփորձել յուրացնել այն: Չփորձել նսեմացնել այն: Չփորձել ցույց տալ, թե ինչքան է գնահատում այն: Ուղղակի զգալ գեղեցիկը...

****

Շնորհավո՜ր...

1 comment:

AramK said...

Barev :) Urax em wor qez noric handipeci, chnayats hatuk chei pntrum. Aysuhetev khetevem blog-id aranc comment-ner anelu, kardaln inqnin arden metsaguyn hachuyq e, namanavand wor aseliqid matucumn anhamemateli aveli hasun e dardzel.

Ushacumov, bayc shnorhavorum em eghbord @ntaniqin pstik unenalu kapakcuthyamb :)