Friday, October 13, 2017

Clash of civilizations

Աշխատանքի բերումով հետևում եմ ընտանեկան բռնության օրինագծի շուրջ ծավալվող զարգացումներին, թեև աստիճաբար ավելի ու ավելի քիչ, որովհետև գործընթացը հիվանդ ա, ու բուժման ոչ մի ջիգ չի նշմարվում: Կամ դրանք չկան, կամ ապարդյուն են: 

Իմ դիտարկումները հիմնված են ՖԲ-ում եղած քննարկումների ու Արդարադատության նախարարության կողմից կազմակերպված հանրային քննարկման ընթացքի վրա: Ու ես տեսնում եմ, ինչպես է հայ ոչ լուռ փոքրամասնությունը թշնամանում քաղաքակրթությունների բախումից: Մեծամասնությունը դեռ լուռ ա, բայց իմ կարծիքով, եթե շարունակվի նույն կերպ, հակված ա լինել դեպի ընդդիմադիր ճամբար: Չնայած օրենսդիր գործընթացն էս դեպքում էնպիսին ա, որ մեծամասնության կարծիքն էական էլ չի: Փոքրամասնություններինն ինչքանով ա էական, դա էլ չգիտեմ: 

Էս գործընթացում բոլոր կողմերը խոսում են ոչ թե իրար հետ, այլ իրար կողքով: 

Գործընթացում էս պահին երեք կողմ եմ տեսնում.
ա. օրինագծի կողմնակիցներ.
բ. օրինագծին ընդդիմացողներ.
գ. Արդարադատության նախարարություն:

Կողմնակիցները, որոնք հստակ դիրքորոշում ունեն և առաջնագծում են, աշխարհն ընկալում են առավելապես Արևմուտքի տրամադրած շրջանակներում: Ու մի տեսակ հպարտ մենության մեջ, առաքինի, ամենաիմաց, գիտակի վերևներից քամահրանքով ժպտալով տգետ «ուրիշներին», շարունակում են ամուր կանգնել առաջնագծում: 

Ընդդիմացողները, որոնց մեջ շատ են իրենց ազգայնական համարողները, ատում են Արևմուտքը: Առաջնագծում գտնվողներից շատերի համար ռուսաստանյան շրջանակներն են առաջնային, գոնե ըստ իրենց ՖԲ փոսթինգների: Պաթոսն ու դավադրության տեսությունները իններորդ ալիքից էլ բարձր են ու սարսափազդու: Ու մենակ էդ երկու պատճառով չես էլ ուզում գլուխ դնել... Բայց երևի իզո՞ւր:

Երկու ճամբարներն էլ միակողմանի ու հարմարեցված հղումներից, տվյալներից, փորձից էն կողմ չեն գնում: Առաջիններն, օրինակ, հարմարավետորեն անտեսում են իրողությունը, որ Հայաստանում քիչ չեն կանայք, ում համար կին-տղամարդ հարաբերությունը նշանակում ա ես՝ տանը, տղամարդը՝ դրսում, միասին՝ ընտանիքում: Ում համար աշխարհընկալման կարևորագույն պրիզմաներից մեկը գենդերայինն ու ֆեմինիստականն ա: 

Նախարարությունը մի տեսակ մենակ ա: Ոնց որ իրենք կառավարությունից դուրս լինեն:-) Օրենքում լիքը գործառույթ ունի «Աջակցության կենտրոն» կոչված ինստիտուտը, որի համար ասելիք պիտի ունենա ԱՍՀՆ-ն, բայց մի «պու» չի արել էս ամբողջ ընթացքում: 

Բոլոր կողմերը համարում են, որ էսօրվա հայաստանյան ընտանիքներում անդամներն իրար հանդեպ բռնանում են: Չեն համաձայնվում երևույթի տարածվածության, պատճառների առաջնահերթության ու արձագանքի շուրջ: Բայց փորձ էլ չի արվում քննարկել էս խնդիրները, որովհետև բարիկադներ են դրել ու էնտեղից իրար վրա կրակում են ով ինչով հարմար է գտնում: 

Առաջատարների հետևորդները դիրքավորված հղումներ են անում միայն էն մարդկանց. 

ա. ում համարում են հեղինակություն. սա անհրաժեշտ, բայց բավարար պայման չի .
բ. ում կարծիքները մեկ անգամ ևս հաստատում են իրենց դիրքորոշումը. եթե ա. պայմանն էլ կա, սա արդեն բավարար ա:

Ու ընդամենը մի երեք հոգի ՖԲ-ում, ովքեր փորձում են հարցեր բարձրացնել... Բայց  նրանց հարցերը, տեսակետները ավելի շատ օգտագործվում են առաջատարների ու նրանց համակիրների կողմից իրենց դիրքորոշումները հիմնավորելու համար, քան դրանց շուրջ ասել-խոսելու, փորձելու հասկանալ խնդիրները, լուծումները: 

Ու ես հստակ տեսնում եմ մեր ինտելիգենցիայի սնանկությունը... Երբեմն մտածում եմ, ո՞վ կարող էր վարել հանրային քննարկումը Մարինեի փոխարեն, որպեսզի մարդիկ խոսեին ԻՐԱՐ ՀԵՏ: Դա պիտի լիներ մեկն, ով հայաստանցի է (միայն էն պատճառով, որ դավադրության տեսությունների համար պարարտ հողից մի մեեեծ կտոր հանվեր), հարգված պրոֆեսիոնալ ոչ մի ճամբարից, գոնե Երևանում համբավ ունեցող, ու էդ համբավը պիտի ավելի լայն լիներ, քան պետական ու ՀԿ հատվածները: Ու չգիտեմ ով ա էս մարդը... Բժի՞շկ: Ո՞վ:

Նախարարությունը պիտի բաց խոսեր ամենացավոտ վերքի մասին՝ ցույց տալով, որ գոնե որպես բռնությունը բժշկել ցանկացող ու էս պահին միակ հասանելի «բժիշկ» ինքն ախտորոշել ա ամենալուրջ խնդիրը՝ անվստահությունը: Մեծ-մեծ դուրս եք տալիս պարսիկների մասին, բայց մի հատ էս մարդուն լսեք, գլուխներդ կախեք ու սովորեք՝ untrust and verify... ասում է Մոհամադ Ջավադ Զարիֆը: Դուք ասեք, ո՞նց եք verify անելու, որ ձեր առաջարկած բուժման ընթացքը նորմալ ա գնում... Միգուցե էդ դեպքում լսո՞ղ գտնվեր: Միամիտ ա հնչում:-)

4 comments:

Բյուրակն Իշխանյան (Byurakn Ishkhanyan) said...

Էս թեմաներից հեռու եմ, օրենքն էլ ամբողջությամբ չեմ կարդացել, ոչ էլ դեմ կամ կողմ եմ, բայց հետաքրքիր ա, որ ոչ ոք չի բարձրացնում ընտանեկան բռնության գլխավոր պատճառներից մեկի հարցը․ ֆինանսական կախվածությունը։ Այսինքն, եթե էս օրենքը լինի, բայց, միևնույն ա, կինն ամուսնուց ֆինանսական կախվածության մեջ լինի, մի քանի օր ապաստարանում մնալուց հետո նորից հետ ա գնալու, ցավոք։ Ու բոլորի էդքան գոված արևմուտքում ընտանեկան բռնություն ավելի քիչ ա հանդիպում, քան Հայաստանում ոչ թե կամ ոչ միայն նրա համար, որ օրենք ունեն, այլ որովհետև կանայք ֆինանսապես անկախ լինելու հնարավորություն ունեն՝ անկախ նրանից աշխատում են, թե չէ։ Չգիտեմ, ինձ թվում ա ընտանեկան բռնության դեմ պայքարը պետք ա էստեղից սկսել։ Թե չէ օրենք հա էլ կարելի ա ընդունել, դա շատ բան չի փոխի։

Christina said...

Բյուրի ջան, բարձրաձայնում են:-) Ուղղակի հիստերիկ աղմուկի մեջ դա չի լսվում, չի քննարկվում:

Բյուրակն Իշխանյան (Byurakn Ishkhanyan) said...

Եսի՞մ, ոչ մի տեղ չտեսա։ Նոր-նոր էս քանի օրը մի երկու կոնստրուկտիվ քննարկում ա սկսվել, որը պարբերաբար ընդմիջվում ա հիստերիկ աղմուկով։ Բայց մինչև էդ մենակ դու ստեղից ես ֆինանսավորվում, դու էնտեղից ես ֆինանսավորվում տիպի քննարկումներ էին։

Christina said...

Բյուրի ջան, էս պահին ես քննարկում որպես էսպիսին չեմ տեսնում, լրիվ համաձայն եմ քեզ հետ: Իսկ կանանց տնտեսական անկախության անհրաժեշտության մասին բարձրաձայնում են հենց հիմնական դերակատարներից ոմանք, օրինակ կանանց իրավունքները պաշտպանող կազմակերպությունները, տարբեր այլ ՀԿ-ներ, անգամ որոշ ԶԼՄ-ներ:-) Օրինակ՝ http://www.mediamax.am/am/news/sdg/18192/

http://disabilityinfo.am/14600/

http://eunewsletter.am/hy/%D5%BF%D5%B6%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%AD%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%AF%D5%A1/

Ուղղակի ո՞վ կհամաձայնվի որդեգրել կնոջ տնտեսական անկախությանը նպաստող մեխանիզմների ձևավորումը որպես բռնությունը կանխարգելող տեսալական... մենք ուզում եմ սա ու հենց հիմա:-)