Tuesday, May 26, 2015

զարմանալի և բարի և իրական պատմություն...

Եթե գոնե վերջին երեք տարում Երևան-Կիրովական երթուղին անցել եք «հանրային» տրանսպորտով, ոչ թե ձեր մեքենայով, կամ ավելի նախանձելի հեծանիվով, ուրեմն գիտեք մգացված ակնոցով ու վստահ քայլվածքով, ձայնը երբեք չբարձրացնող, ամեն ինչ տեսնող ու հայացքով մենեջմենթի ունիկալ փորձեր արձանագրած միջին տարիքի տղամարդուն, որը տնօրինում ա «գիծը»: Երևի: Կամ էլ  տնօրինողի լիազորված անձն ա տեղում ու նույնիսկ եթե չի, դրվածքն էնպիսին ա, որ «ասողն» ինքն ա:

Ու նաև փոքրամարմին «ցավդ տանեմի» անսպառ պաշարով Արսենը: Կամ էլ Արսենը հինն էր, չեմ հիշում: Բայց ասենք Արսենը, որ ասել-խոսելով, պարբերաբար ազատ տեղերը գովազդելով, սպասում ա, մինչև մեքենան «լցվի», ու ինքը փողերը հավաքի: Տոնական օրերին հայտնվում ա էս երկուսի գործառույթներն անհավասարապես կիսող (արծվի հայացքով ճնճղուկային ուղևորներին համարակալելն ու տեղավորելը կիսվում ա, բայց կռանալն ու տոմսի գումարն ստանալը մնում ա միայն Արսենի գործը) մի երիտասարդ՝ Արմանի ջինսով, բազուկներն ու փորիկը կիպ գրկած Պումա մայկայով: Բրենդերի տեղափոխությունից, ինչպես հասկացաք, բրենդային էությունն ու երիտասարդի ճանաչելիությունը, բնականաբար, չի փոխվում:




Սովորաբար նվաստիս հարաբերություններն այս տրանսպորտային երրորդության հետ սահմանափակվում են Արսենին ժպտալով ու փողը մեկնելով: Բայց ոչ սովորաբար, օրինակ Մայիսի 28-երին, երրորդության հիերարխիային քո վերաբերունքը կարող ա պայմանավորել քո ճակատագիրը. «կը-հաս-նես ար-դյոք, ծո-վին կա-պուտակ»...

Զատիկ էր, կամ Մայիսի 28 կամ էլի էդպիսի մի տաք ու պաշտոնական տոն: Տուն եմ գնում (1991-ից հետո Երևանում եմ, բայց «տուն եմ գնում» նշանակում ա միայն «Կիրովական եմ գնում»): Ինձ հետ միասին մի անթիվ-անհամար բազմություն: Ուսանողներն էլ են տուն գնում: Աշխատողներն էլ: Մի քանի օր ազատություն են տվել, ու պետք ա ազատությունը վայելել ընտանիքի հետ: Թե չէ ինչ ազատություն...

Էսպես ազատատենչ մասսայով սպասում ենք «մառշուտկի»: Ես՝ ժամը 5-ից: Ու որ ասում եմ «սպասում ենք», մի քիչ չափերս անցնում եմ. ես եմ սպասում: Ամեն 20 րոպեն մեկ մոտենում ա մի մեքենա ու, դեռ շարժիչը չանջատված, մի էնպիսի մարդկային պարս ա վրա տալիս, որ խեղճ Արսենը հազիվ ա հասցնում խցկվել ներս ու գումարն ստանալ:

Ժամը 6-ից հետո որոշեցի իջնել իմ անարխիստա-ազնվական բարձրունքներից ու մոտենալ Արսենին. «Ներեցեք, հնարավոր կլինի՞ հաջորդում տեղ պահել»: Արսենը նույնքան հուսահատ նայում ա ինձ. «Քուր ջան, ո՞նց....»

7:00: Գրեթե լացակումած մոտենում եմ բրենդային երիտասարդին: «Քուրս, էն մեկին գնում ես շոֆեռի կողքը նստում»: Մոտենում ա հաջորդ մեքենան: Պարսն արդեն կիսախելագար վրա ա տվել, ու վարորդի կողքի դուռն աներկբա ու ջղաձգորեն, մեկընդմիշտ փակվում ա իմ երեսից մի 2 մետր հեռու...

7:30: Սպասում եմ, որովհետև խոստացել եմ, որ տուն եմ գնալու: Սպասում եմ: Մարդիկ գնում եմ, բայց մարդիկ նաև մնում են: Իմ հույսը վաղուց թև ա առել ու ինձ լքել, երևի դբա լավը: Արդեն ապատիկ եմ կանգնած: Էլ ո՛չ հոգնած եմ, ո՛չ նյարդային, ոչ մի բան էլ չեմ: Նայում եմ մարդկանց: Հանկարծ նկատում եմ, որ մարդկանց հերթական պարսը, որն ուզում ա մոտենալ հերթական մեքենա-փեթակին, ճեղքվում ա: Պուճուր-մուճուր մարդիկ հետ են գնում մարմնեղ մի կնոջ մարմնեղ մի քանի շարժումներից: Մինչև 45 տարեկան, վառ շրթներկով, մարմնեղությունը մի տեսակ շաաաատ ջերմ (շաաատ էլի) սիրով սև տաբատում տեղավորած կարճ մազերով շիկահերը հաղթական ու հանգիստ շարժվում ա առաջ ու արտաքինին համապատասխանող ծխախոտային-կարծրատիպային ձայնով դիմում երրորդությանը. «Պրիվետ, ջան: Էս ի՞նչ կաշմառ ա: Տօ յեստ, ո՞նց չի ստացվի: Տակ, էն մյուսով ինձ ուղարկում եք»:

Էլ չգիտեմ ինչ ու ինչպես են խոսում էս քառյակով, բայց համոզված եմ, որ մյուսով ինքը կգնա: Արդեն մութ ա, երևի 8:30 կամ ավելի ուշ: Մոտեցավ նոր մեքենան: Մարդիկ էլ մոտեցան: Ես էլ: Հաշվի առնելով պարսի ստվարությունը, ես մեքենայի մոտ էի էնքան, ինչքան ասենք հեռուստացույց նայելու առողջարար հեռավորությունը: Հասցրեցի նկատել, որ կինը նստեց: Կանգնած եմ: Արդեն հոգնած էլ եմ: Մտածում եմ. մոտենա՞լ հիերարխիայի վերևում կանգնածին, թե՞ գնալ տուն... Մինչև ես էս կյանքի ու մահու որոշումն եմ կայացնում, ինձ ա մոտենում բրենդային երիտասարդն ու թե, «Քուրս, գնա նստի, տեղ են պահել քեզ համար»: Չէէէէէէէէէէէէէէէէէէէէէէէէէէէէէէ............................................

Մի պահ չեմ հասկանում, թե ինչ ա ասում. «Ի՞նձ համար»:
«Հա, էն ա»:
Ինձ հրելով հասցնում ա մեքենային, որտեղից արդեն սկսում ա իջնել վրդովված մի տղամարդ: Իսկ ներսից ինձ ա ժպտում շիկահերն ու ձեռքով ցույց տալիս կողքի նստարանը:
 «Ես գիտեի, որ դու էսօր տեղ չես հասնի: Բանի տեղ մի դնի, նստի», - ժպտաց ու սկսեց պատուհանից դուրս նայել....


Հ.Գ. Այո, այո, դուք ճիշտ եք, ես պետք ա ակտիվորեն պահանջեի և նախաձեռնեի և օրինակ ծառայեի հերթ կանգնելուն... Բայց էս պատմությունը դրա մասին չի, իմ մասին չի: Էս պատմությունը շնորհակալություն ա էդ կնոջը...
Հ.Գ.Գ. Ասեմ, որ էն տղամարդը հաստատ կհասներ էդ օրը Կիրովական...

2 comments:

Anonymous said...

Դու քո համբերությամբ թշնամու դիակ էլ տեսած կլինես, Քրիստ:))

Christina said...

էդքան իմաստուն չեմ, Ան ջան:-)))))))))))))