Tuesday, August 26, 2014

Վանաձորյան ուրվականներ

Ուրեմն, հին Կիրովականի, նոր Վանաձորի, բայց շատ հնոտ ու հավես ԿիրովականաՎանաձորյան 90-ականներին կառուցված հերթական մի անկապ բարձրահարկի ութերորդ հարկի չորս բնակարաններից մեկում ապրում ա մի ուրվական: Դամավոյ: Հանգիստ կարելի ա օտարամոլ բառ օգտագործել, քանզի-վասնզի պատմությունն այս սկսվում ա օտարամոլության տիրապետության ծաղկուն Ոսկեդարում՝ զարմանալի 80-ականների սկզբին, երբ սովետական խրոխտ գաստրոնոմա-հանդերձանքային ստվերն աճում էր իրական շուկան մի քանի անգամ գերազանցող տեմպերով:



Ուրեմն էս ժուկով-ժամանակով ժամանակներում կար մի անտեսանելի ջին, որն իրականացնում էր խոնարհ ու համեստ սովետական մարդկանց՝ մարմինը զարդարելու ամենաթաքուն երազանքները: «Ձեռքի տակից»: Էսպես էր էդ ջինի անունը: Էս «Ձեռքի տակիցը» մի ուրիշ տեսակ անտեսանելի, աներևակայելի, միջին սովետական մարդկանց համար հեքիաթային մի երևույթ էր, որին հասնելը մուրազ էր:

Ու մի օր մեր միջին վիճակագրական ընտանիքին բախտ վիճակվեց ականատեսն լինել այդ ջինի հրաշագործություններին: Իմ բազմաթիվ մորաքույրներից մեկն էնքան լավ էր նայել անտեսանելի ջինին, որ նա պապայիս համար կոշիկ էր բերել: Կոշի՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞կ: Մեղմ ա ասված: Ախր դա կոշիկ չէր, է՜՜՜՜՜՜: Դա ՅՈՒԳԱՍԼԱՎՍԿԻ կոշիկ էր:

Էստեղ կարելի էր և մեր հեքիաթն ավարտել happy-ever-after-ով, բայց դա միայն հոլիվուդներում ա լինում: Դե էդպես ա ընդունված ասել: Իսկ Կիրովականի մեր մեկ-սենյականոց բնակարանի միակ սենյակում մորս ու մորաքրոջս բուռն ուրախության վրա ոնց որ 2014 թվականի օգոստոսյան սառցե ջրերով դույլերից մի տասը հատ միանգամից լցնեին...

Պապաս գալիս է տուն, փորձում կոշիկը՝ սև, կաշվե, դասական, մի խոսքով ՅՈՒԳԱՍԼԱՎՍԿԻ ու հանկարծ ...

- Մեծ ա, Անժ:

Մամաս ականջներին չի հավատում: Էլ մի զույգ գուլպա, էլ երկու, էլ բամբակ, էլ չգիտեմ ինչ, բայց պապաս անզիջում ա:

- Անժ, մեծ ա:

Հեքիաթը լռում է այն մասին, թե իրականում պապայիս մեծությո՞ւնն էր էդքան նեղում, թե՞ ՅՈՒԳԱՍԼԱՎՍԿԻ կոշիկի տեսքը, բայց իրականությունն ասում է այն մասին, որ կոշիկը գեղեցիկ փաթեթավորվեց ու տեղավորվեց պահարանի ամենապատվավոր դարակում: Ո՞վ գիտի, թե ինչու...

Եկավ այդ տարվա Նոր Տարին: Մաման մեզ բոլորիս հարդարեց-զարդարեց, ու մոտեցավ սրբազան դարակին: Զգուշորեն բացեց փաթեթը, նրբորեն շոյեց կոշիկն ու տվեց պապային.

- Հայկազ, հլա մի հատ էլ փորձի էլի:
- Անժ .... մեծ ա....

Կոշիկը Նոր Տարին դիմավորեց դարակում:

Էդ օրվանից կոշիկը լույս աշխարհ էր գալիս միայն ամեն դեկտեմբերի 31-ի մոտավորապես յոթին.

- Հայկազ, հլա մի հատ էլ փորձի էլի:
- Անժ .... մեծ ա....

Մեր ամանորյա երեկոներին տարիներ շարունակ հնչում էր այս նույն կրկներգը:

Մինչև մեծացավ եղբայրս:

- Այ Էդգար հլա փորձի էլի: Կարո՞ղ ա քեզ լինի:

Բայց «Պիրամիդա» հագնող Էդգարն ինչպե՞ս հագներ էդ նեղլիկ սև կաշվե կոշիկը....

Երկրորդ փորձից հետո մամաս նորից ապաստանեց իրեն ծանոթ հանգրվանում.

- Հայկազ, հլա մի հատ էլ փորձի էլի:
- Անժ, մեծ ա, - արդեն կտրուկ ասաց պապաս 2000-ականների սկզբներին:

Մամաս որոշեց վաճառել ՅՈՒԳԱՍԼԱՎՍԿԻ կոշիկները: Նույն գնով, ինչ էդ ժամանակ առաջարկվում էր ամենալավ կոշիկների համար: Հպարտորեն տարավ զույգը մեր հարևան Էթերիի բանջարեղենի խանութը, որպեսզի Էթերին վաճառի կոշիկը: Բայց Էթերին կոշիկի երեսն անգամ չտեսավ.

- Դե լաաաավ, կտամ Գագոյին, - մտքում ինքն իրեն համոզեց մաման:

Եկան խառը ժամանակներ: Կոշիկն ուրվականացավ:

Անցյալ ամանորին արդեն ինքնուրույն հարդարվում- զարդարվում էինք, մեկ էլ մամաս թե.

- Հայկազ, հլա մի հատ էլ փորձի էլի.............

4 comments:

Anonymous said...

վայ, Քրիստ, վայ, լավ մարդիկ:-)
ծիծաղից լացս էլ եկավ...
ապրես շատ!

Լուսինե

Christina said...

«հե» կասեր մեր Հատուլիտը՝ ուրախությունից դեմքը ծամածռելով:֊)

Հանուման said...

Վերջ պատմություն էր ։)

Christina said...

:-)