Friday, October 25, 2013

13. Մի սիրո պատմություն

Պատմությունը որտեղի՞ց են սկսում: Ամեն տեղից:-) Երբ սկսում եմ մտմտալ հերթական պատմության մասին, գլխումս թեթև թիթեռներ են ֆռֆռում՝ ինձ պատից-պատ խփելով, թե բա ոնց անեմ, որ լավ լինի: Որ հավես լինի:-) Որ կարդաս ու դեմքիդ անկեղծորեն դաջվի յոթ թե միլիոն զգացմունքներից որևէ մեկը: Ու հետո, ինչպես միշտ, սկսում եմ հերոսից:-))))))))))


Տասներկու տարեկանում նա նախընտրում էր դպրոցական սև գոգնոցը, ռուսական սպիտակ ասեղնագործ մանժետները, ձիգ «պոչիկը», որի համար մի անգամ մարզադահլիճում արդեն հասցրել էին չարախնդալ՝ «ձիու պոչ», ու ուրիշների աչքին թոզ փչելու ու ձանձրալի դասերը ներկելու համար հաստափոր գրքեր հետը դպրոց քարշ տալը:

Ու էլի շատ բաներ էր սիրում, օրինակ՝ Թովմասյան Գայանեին, Մահմուդյան Ռիմային, դասղեկ Ներիտա Սարգիսովնային, Буря мглою небо кроет, День победы, В гостях у сказки, մամա-պապային, Ալավերդին ու լիքը մեծուփոքր, մանրումեծ բաներ, որոնց թվում տղաներն ինչ-որ աղոտ տեղ էին զբաղեցնում: 

- Քրիստիկ, մի րոպե էլի: Բան պետք ա ասեմ, - մի քիչ շիկնելով, աչքերը խոնարհած ասաց Հարութը:

«Բանպետքաասեմի» ներբուֆետային ակնկալիքների, հույզերի, տվայտանքների ու արտաբուֆետային հանդիպման միջև տարածությունն ահռելի էր տասներկու տարեկանի համար:

Հարութը միշտ սիրուն էր ու լուռ: Չէր խառնվում դասարանի աշխարհին, սահում էր, անցնում օրերով ու մի քանի րոպեով միայն առնչվում: Երբ ու ինչու, չէիր հասկանում: Հարութին հիշում էին, երբ դաս պիտի հարցնեին: Երևի եթե գնահատելու պահանջը չլիներ, էդպես էլ մոռանային:

Հարութին ու դասարանին կամրջում էր լավագույն ընկերը՝ Արմանը:  

Տասներկու տարեկանն էլ Հարութին երկար չէր նկատում, մինչև մի օր մտածեց, որ Հարութը հետաքրքիր ա: Բայց ոչ էնքան, որ մտներ իր «Սիրելիներ» ցանկը: Հպանցիկ հետաքրքրություն էր: Բայց «Բան պետք ա ասեմ»-ը Հարութին ամբողջ հինգ րոպեով մխրճեց նրա ուղեղի մեջ: Ուղեղն անհանգիստ պրպտում էր «բանի» հավանական բովանդակությունները, իսկ ներսը տաքանում էր՝ անկապ, անկառավարելի ու հաճելի: Դասարանցիներից շատերն իրար արդեն ինչ-որ «բան» ասել էին: Իրեն ոչ ոք ոչինչ չէր ասել, ու պատճառն իր սիրելիներից մի քանիսն էին, որ իր հայացքը խստացրել ու հասունացրել էին էնքան, որ մյուս տասներկու տարեկաններն իրեն ասելու բան չունեին: 

- Քրիստիկ, մի բան պետք ա ասեմ:
- Ահա՞:
- ըըը... ...Արմանը քեզ սիրում ա:
- ըըը... .... ... հա ի՞նչ անեմ: 
- Բա հիմա ի՞նչ ասեմ իրեն:
- Եսի՞մ: Հաջող, գնացի: 

Նա միանում է մի քիչ հեռվում իրեն սպասող Թովմասյան Գայանեին ու Մահմուդյան Ռիմային: Ներսում տաքությունը նահանջել ա՝ տեղը զիջելով նույնքան անկառավարելի ու անհասկանալի, շատ-շատ ժամանակներ հետո միայն գիտակցված ափսոսանքին: Հարութը վերադառնում է դպրոցի պատի անկյունում տապկացած Արմանի մոտ, իսկ ինքը մինչև կհասներ Թովմասյան Գայանեին ու Մահմուդյան Ռիմային, կողքանց, մեջքով զգաց Արմանի կատաղած, հուզված, նամռոտ հայացքը: 

- Ի՞նչ էր ասում Հարութը:
- Հեչ, ոչ մի բան:

Հաջորդ օրը Ներիտա Սարգիսովնայի դասին Արմանը նորից նստեց իր կողքին: Դասարանը երկու խմբի էր բաժանվում ռուսերենի ու անգլերենի դասերի ժամանակ: Արմանը մինչև «Բան պետք ա ասեմ»-ն էլ էր ռուսերենի ժամերին իր կողքին նստում, բայց էդ օրը նստարանը վառվում էր, ինքը վառվում էր, ռուսերենի դասասենյակը քիմիայի լաբորատորիայից չէր տարբերվում, որովհետև պայթունավտանգ էր: Ու ոչ ոք դա չէր նկատում: Երևի մենակ Հարութը, էն էլ մի ուրիշ դասասենյակից, որովհետև նա Ավագյան էր, ու նրա խմբում մինչև լ-ով ազգանուն ունեցողներն էին, իսկ Արմանն ու տաներկու տարեկանը Պողոսյան ու Սարգսյան էին:  

Արմանը ոչինչ չէր ասում: Լռում էր: Մի քանի օր: Հետո կտրուկ փոխվեց. դասերը չէր սովորում, կռվում էր՝ դպրոցում ու մարզադահլիճում: Լռում էր: Մինչև վերջին զանգը: 

- Ի՞նչ ես անելու դպրոցից հետո: 
- Երևի համալսարան: Հետո կավարտեմ, կգնամ Ռիգա: 
- Ինչի՞:
- Էնտեղ տղաները բոյով են: 
- Ես քեզ դեռ սիրում եմ, - վրա բերեց հուզված, անգամ տարիներով մարզած մարմնին չենթարկվող դողը թաքցնելն անկարող, կարճահասակ Արմանը: 

Ու էլի լռեց: Մի քանի տարի: 

Համալսարան նա գնաց, Ռիգա՝ ոչ: Մի արևոտ աշուն էլ հանդիպեցին Մանկոյի դիմաց, որտեղ Արմանը կնոջն էր սպասում: 

- Դեռ մի ժամ կա: Գնա՞նք սրճարան: 
- Գնանք:
- Գիտե՞ս, ամեն օր վազում էի դեպի հուշարձան: Ծաղիկ է քաղում: Մանուշակ: Քեզ համար: Գալիս էի դպրոց, քեզ տեսնում ու ...

Արմանն ինձ երբեք ծաղիկ չի նվիրել:-)

P.S. Էս 30 պատմությունները կամ գրվում են մի շնչով, կամ ընդհանրապես չեն գրվում: Եթե առաջին պահին մտքումս նկար չհայտնվեց՝ վերնագրին համապատասխան, ոչինչ չի գրվում:

2 comments:

byurie said...

Քրիստ, էս ինչ լավն էր :)

Ես այ էս 13-ի վրա եմ լռվել, որ չեմ կարողանում առաջ գնալ :)))

Christina said...

Ապրես, Բյուրի ջան:) իսկ դու առաջ անցի, հետո հետ կգաս:-))))))))))