Monday, March 4, 2013

Գյումրի, Արմավիր, Եղեգնաձոր, Կապան

Ինչ էի ուզում ասել...

Չորս քաղաքներում մարդիկ խոսում են, թե 2015-ից հետո  էս կան էն ոլորտում ինչ հավանական զարգացումներ են տեսնում, կամ ցանկանում տեսնել Հայաստանում՝ հաճախ Հայաստանը նույնականացնելով իրենց քաղաքների, երբեմն նաև մարզերի հետ: 

Մի տեղ մեջս ուռչում եմ, որոհվետև առաջ գնացողներ են խոսում, մի տեղ  էլ հուսահատությունից պատեպատ եմ կպչում, որովհետև մարդիկ առաջը չեն էլ տեսնում: Բայց ամեն տեղ լացս գալիս ա, որովհետև խելոք մարդկանց եմ հանդիպում, որ հայտնվել են ճաղերի հետևում՝ անկախ նրանից էդ ճաղերն իրական են, թե երևակայական:



Մի քանի ընդհանուր գծեր, որ անցան բոլոր քաղաքներով.
  1. Քննարկումների ժամանակ միշտ երկու տեսակ մարդիկ անպակաս են. առաջին տեսակն ասում է. «Էս ինչ լավ բան արեցիք, հավաքվեցինք, խոսեցինք: Մարդիկ կարիք ունեն նման բաների: Ո՞վ գիտի հետո ինչ է լինելու, բայց մենակ էն, որ մեզ հնարավորություն տվեցիք իրար գլխի գալ ու խոսել, արդեն հերիք ա»: Երկրորդ տեսակն էսպիսի վերաբերմունք ունի. «Անիմաստ ջուրծեծոց էր էլի: Իբր դուք չգիտեք էլի, մեզ եք հարցնում, կամ որ հարցնում եք, իբր հետո բանի տեղ եք դնելու էլի...»: Զարմա     նալիորեն առաջին տեսակն ավելի շատ է: Զարմանալիորեն, որովհետև թունելից հետո լույս շատ քչերն են տեսնում: 
  2. Առաջին անգամ էր, որ գրեթե բոլոր քաղաքներում կրքոտ դժգոհության հիմնական թիրախը, որ նախկինում միշտ պետությունն էր, անցել էր երկրորդ պլան: Առաջինում անխնա հեգնանքի, զայրույթի ու հուսահատության թիրախ էր դարձել «մոնոպոլիան»: Առաջին անգամ էի լսում, որ բարձրաձայնվի նման բուռն դժգոհություն «էդ օլիգարխների», «ընչի՞, դուք չգիտեք էդ «կռիշներին»» մասին: Այս երեք քաղաքներից մոտավորապես 60 մարդ, ովքեր իմ սեղանի շուրջ էին քննարկում, գրեթե միաբերան էս «կռիշներն» էին համարում իրենց «կյանքի տորմուզը»: Անգամ գյուղատնտեսության ոլորտում: Պարզվում է, ըստ մասնակից գյուղացիների՝ նույն այդ պետական աջակցությունը գյուղատնտեսությանն իրականացվում է «կռիշների» միջոցով՝ գյուղացին սերմ ու պարարտանյութ կարող է ստանալ միայն տվյալ մարդուց...
  3. Տնտեսական զարգացման երկրորդ հիմնական խոչընդոտն այս մարդկանց կարծիքով հարկային դաշտն է, դրա հաճախակի փոփոխություններն ու այդ փոփոխությունների իրականացմանը զրո աջակցությունը, որը դաշտից հանում է փոքր ու միջին խաղացողներին ու մասնավորապես կանխում սկսնակ խաղացողների մուտքն այս դաշտ:  Բորոր քաղաքներում անխտիր հնչեց էս տեսակետը՝ «Ախր արտասահմանում որ ուզում ես բիզնես դնել, քեզ 2-5 տարով ազատում են հարկերից»: Ազատման ժամկետը տատանվում էր էս սանդղակում: Հետաքրքիր է, էս տեղեկությունը որտեղի՞ց մարդկանց՝ մամո՞ւլ, թե՞ բարեկամական փորձ: Նմանատիպ քննարկումների ժամանակ մինչև հիմա նման հստակ առաջարկ դեռ չէի լսել:
  4. Հիմնականում ակնկալիքները պետությունից դեռ շատ մեծ են, բոլոր բնագավառներում, ներառյալ սոցիալական: Բայց փոքր-ինչ ավելացել է էն մարդկանց թիվն, ովքեր ոչ թե աջակցություն են ակնկալում, այլ էն ինչի համար հիմնականում նախատեսված ա պետությունն ի սկզբանե՝ օրենքի կիրառում: «Բան չեմ ուզում, թող չմիջամտի, մենակ օրենքը պահի, մնացածը ես կանեմ»: Մոտավորապես էսպես կարող եմ ամփոփել էդ մարդկանց ակնկալիքը, ցանկությունն ու պահանջը: 
  5. Մարդկանց շատ քիչ մասն ա տեղեկեցված: Տեսակետները հիմնականում հիմնված են ասեկոսեների վրա, որոնք բնականաբար մեծ պատկերի մի փոոոոոոոոոոքրիկ ու հաճախ աղճատված կտորն են ներկայացնում: Մի բան էլ որ ասում ես, ասվածի հանդեպ վստահությունը պայմանավորված է ասողի հեղինակությամբ:  Անձնական ջանք փորփրելու և գտնելու ասվածի ինքնուրույն արժեքը քիչ է պատահում: 
  6. ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ՝ ամեն տեղ, ամեն տեղ մարդիկ կային, ում վրա կարելի էր հենվել, ում կարող էիր վստահել ու շարժվել առաջ: Օրինակ՝ Գյումրիում մի կազմակերպություն ,տեսնելով, որ մեծերի գիտելիքը փոշիանում ա, օգնում է նրանց իրենց արհեստն ու արվեստը փոխանցել ջահելներին: Էսպիսի ծրագիր են անում, օրինակ՝ տատիկն ասեղնագործել է սովորեցնում երիտասարդին, հետո աշխատանքները տոնավաճառին վաճառում են, որը կազմակերպվում է էդ ՀԿ-ի կողմից, ու էդ գումարներով նոր ուսուցում կազմակերպում: Մի ջահել տղա պատմեց, թե ոնց է առաջարկել պոլիտեխնիկում մագիստրատուրան երեկոյան դարձնել, քանի որ ուսանողներն աշխատում են: Ճիշտ է առաջարկն էնքան էլ չի անցել, բայց կարևորը, որ միտքն աշխատել է: Ասում էր, որ գյուղատնտեսական սեզոնային աշխատանքների ժամանկ էլ կարելի է դպրոցը երեկոյան դարձնել, եթե ուզում ենք, որ երեխեքը դպրոց գնան:  Արմավիրում մի կին ասեց, թե ոնց իրենց գյուղում հավաքվել են ու բոլորով, գյուղապետն էլ հետները, ջրախողովակները փոխել, փոխանակ սպասելու ոչ մի տեղից էդպես էլ չհայտնվող անտեսանելի ձեռքի օգնությանը: Ու տենց... 
Բայց իրենք քիչ են ու չգիտեմ պատրաստ են պատասխանատվություն վերցնել, թե ոչ:

Ու տարբերություններ.

  1. Գյումրիում բարեկեցիկ կյանքի ձգտում կար: Ու ճանապարհին որոշակի հստակ զիջումներ անելու ցանկություն: Օրինակ՝ Թուրքիայի հետ սահմանը բացելը երկու տարի առաջ սվինով դիմավորեցին հենց Գյումրիում, էս անգամ մի քանի անգամ նշեցին, որ էսպես չի կարելի, ո՛չ մենք ենք ուրիշ տեղ գնալու, ո՛չ իրենք, ավելի լավ ա սկսենք նորմալ ապրել իրար հետ, որից մեր գյուղն էլ կլավանա, քաղաքն էլ: Մի տեսակ կյանք կար Գյումրիում, իրար բախվող հուսահատություն ու լավատեսություն: 
  2. Արմավիրում խնդիրների գիտակցում կար: Ու լավատեսություն: Չէ, հոկտերբերյանական հատուկ «արտաքին միջամտություն» չկար, սեղանիս կանայք էին:-)))))))))))))))))))
  3. Եղեգնաձորում երիտասարդները մի կողմ քաշված էին, մեծերը՝ բողոքավոր ու հուսահատ: Երկրորդները հա բողոքում էին ու պնդում, որ ոչինչ չի փոխվի, ուղղակի պիտի ապրել, ինչպես ստացվում է, իսկ առաջինները լռում էին: 
  4. Կապանում մի տեսակ հավասարակշռված մոտեցում կար ամեն ինչին՝ մի քիչ ավելի տեղյակ էին, մի քիչ ավելի հետաքրքրված, ընդհանուր առմամբ պատրաստակամ իրենց առաջարկներին տեր կանգնել: Գրագետ էին: Ու լայն մտածող: 
Էլ չեմ հիշում, հոգնեցի: 

2 comments:

Artashes said...

Lav es i mi berel, apres!

Hima aveli shat lavates de horetes dardzar` ayd mardkants het shpveluts heto?

Christina said...

Հոռետես լավատես:-)