Tuesday, February 26, 2013

Շաշ-մաշ էլի...

Երեկ ընկերներիցս մեկը հարցնում ա, գրավոր. «մարդը ո՞նց ա քաղաքականապես հասունանում: Կոնկրետ ի՞նչ սովորելով կամ անելով:»

Եսի՞մ: Կարճ՝ երբ թույլ չի տալիս ինքնախաբվել ու իրեն խաբել: 


Էստեղ երկու էական հասկացություն կա՝ հասունություն ու քաղաքականություն: Ինձ թվում է, որ հասունության առաջին նշանը հարցեր տալն է: Հարցերին ընդառաջ գնալն է, պատասխանի փնտրտուքն է, քան պատասխանն ինքնին: Ու եթե էսպես է, ուրեմն ամեն ինչ շատ ավելի հեշտ է, քան կարելի է ենթադրել: Ինչու՞: Ինչպե՞ս: Ե՞րբ  և որտե՞ղ: Հասուն մարդը փորձում է փնտրել էս հարցերի պատասխանը: 

Անցենք երկրորդին՝ քաղաքականությանը: Դա մի ոլորտ է, ուր նման հարցերի պատասխանների փնտրտուքը վաղուց կեղտոտվել է կեղծավորությամբ ու խաբեությամբ (պահ, էս ինչ հիմար սահմանում էր:-)))): Էս ոլորտում էական հարցն ըստ իս «ինչպեսն» է ու  բնականաբար, մատուցված պատասխանների մաքրազերծումը ստից: Որովհետև «ինչու»-ին գրեթե բոլոր կողմերը պատասխանում են նույն կերպ՝ հանուն կայուն, բարեկեցիկ, արժանապատիվ, արդյունավետ կյանքի: Ինչպե՞ս: Պատասխաններն արդեն հիմնված են արժեքային համակարգի վրա: Մեկն ասում է՝ մրցի՛ր  մինչև վերջ, բանող եզ: Մյուսն ասում է՝ մրցի՛ր, բայց մի մոռացի՛ր, որ մրցույթում մենակ չես, ու եթե ընկած եզանը մի քիչ խնամես, ինքն էլ կմիանա քեզ, ու, երկուսով մրցելով, ավելի շատ բան կստեղծեք: Հետևաբար, ավելի շատ բարիքն ավելի հեշտ կկիսեք: Սիրեք զմիմյանս, մի խոսքով: Օրինակ, էլի: 

Ու չկա «ինչպես»-ի մի պատասխան, որ մենակ լավն ու մենակ վատը լինի: Կա ավելի լավ ու ավելի վատ պատասխան, ու դրանք էլի հիմնված են նրա վրա, թե դու ինչպես ես ընկալում աշխարհը, ինչպես են/ես ներկել այն քեզ համար: Ավելի լավ ու ավելի վատ սրա ու նրա համար: Որովհետև «ով»-ն էլ ա շատ էական: Հատկապես քանակապես շատ «ով»-ը: Սա էլ ա հասունության նշան, երբ քո պատասխանների փնտրտունքն անվերջանալի ուղիղի վրա է ընթանում, ոչ թե հստակ սահմաններ ունեցող հատվածի, որի մի կողմում կատարյալ աստվածն ա, մյուսում չար սատանան: 

Ինչ անե՞լ. եթե քեզ իսկապես հետաքրքրում ա քաղաքականությունը, կարդա, լսիր, քննարկիր: Ու ընթացք ապահովիր էս ամենի համար, «մինչև դիրքավորվելը, որովհետև հենց դիրքավորվեցիր, հենց պատասխան գտար, պիտի սկսես պաշտպանվել»,  ինչպես կասեր մի շատ հետաքրքիր մարդ,: Բայց երբ բավարար ժամանակ ես տրամադրել պատասխանների փնտրտուքին, կարող ես և դիրքավորվել: Բայց նույնիսկ պաշտպանության դիրքերում մի մոռացիր մի կարևոր ռեսուրս, որից մարդը շատ վատ է օգտվում: Հաղորդակցությունը: Հաղորդակցվիր հատվածի մյուս ծայրի հետ, որպեսզի երբ հավասարակշռությունը թեքվի դեպքի ավելի վատը, կարողանաք միասին մեջտեղի կետը գտնել: 

Բայց...

Մի հարց էլ կա: Ի՞նչ սովորել: Որ ինձ հարցնես, ոչ մի բան:-)))))))))))) Էդ քաղաքագիտություն, բան, շատ լավ են, բայց մեկ ա, քեզ չեն օգնելու հասունանալ:-)))) Կարդալ Պլատոն (ես չեմ կարդացել, բայց բախտս բերել ա, ես հետաքրքիր մարդկանց եմ հանդիպել էս կյանքում. երկրորդ հետաքրքիր մարդն ասում ա. «Կարդա Պլանտոն, լաաա՜՜՜՜՜վ կարդա, ու էլ ուրիշ բան պետք չի, որովհետև մյուսներն էնքան փոքրն են, որ իրենց ողջ կարիերան կառուցվում ա Պլատոնի մի մտքի  մեկնաբանության վրա): Կարդա Մաքիավելլի: Էս մեկն արդեն առանց հետաքրքիր մարդկանցից աջակցության կարող եմ ասել:-). կարդա Մաքիավելլի ու տես դու քեզ որտեղ էս տեղավորում իշխանության, ուժի սարդոստայնում, դիկտատուրա, սոցիալիզմ, ու նման -իզմերի աշխարհում: 

Հա, լիքը բան կարող ես կարդալ: Սովորել: Բայց մեկ ա: Դա նույն հարցերի պատասխաններն ա, մեկ այլ, ավելի «ձախ ձեռքով աջ ականջը քորելու» դիսկուրսում:-) 

Ուղղակի փորձիր հետևել, թե ով ինչ ա ասում ու անում քաղաքականության մեջ: Որքանո՞վ ա հետևողական: Ձևին կուլ մի գնա: Էդ քեզ հեռուն չի տանի: Ու կհասունանաս:-)

2 comments:

Artashes said...

Chhaskatsa, ed erkrordn ov a?!?! *groznyj smilik* :)))))

Christina said...

Դու առաջինից հարցրու:-))))))