Wednesday, December 26, 2012

Ծնունդ

- Պապան հարևանից իմացել էր, որ տղային ուղարկել ա Ստեփանավան՝ տեխնիկում: Անասնաբույժ էր դառնալու: Ասեց, «Լավ բան ա», ու ինձ էլ ուղարկեց: 

- Դու ուզո՞ւմ էիր, պապ:

- Չէ: Ես ուզում էի համալսարան գնալ: Հնագիտություն էի ուզում ուսումնասիրել, չնայած լավ չգիտեի էլ էդ ինչ ա: Բայց որոշել էի, որ մինչև տասներորդ դասարան սովորելու եմ ու գնամ համալսարան: Երևան չէ, համալսարան:

- Բա ինչի՞ չգնացիր, պապ: Փորձեցի՞ր պապի հետ խոսել:

- Պապան ասեց Ստեփանավան էս գնալու... Հավաքեցի շորերս ու գնացինք: Պապան գիտեր, որ լավ եմ սովորում, բայց ինչքան, երևի չէր պատկերացնում: Հարևանից լսել էր, որ առանց կաշառքի գործը չի ստացվի, մի գառ էլ մորթեց, հետներս վերցրինք: 

Ընդունվեցի անասնաբուժական տեխնիկում: Բայց չէի ուզում սովորել: Որոշել էի, որ պիտի կտրվեմ, գնամ հետ գյուղ, դպրոցն ավարտեմ ու գնամ համալասարան: Առաջին քառորդին ծույլիկ էի: Այսինքն բոլորն ինձ էդպես էին ճանաչում, որովհետև դաս չէի պատասխանում:

Մի մաթեմատիկայի դասատու ունեի: Արտակարգ մաթեմատիկոս էր: Դասատու չէ, հենց մաթեմատիկոս: Մի օր մի խնդիր գրեց գրատախտակին ու թե, «Ասեք պատասխանը»: Լռություն: Ոչ մեկը ձեն չի հանում: «Հը՞»: Որ շուռ եկավ դեպի գրատախտակը, անկախ ինձանից բերանիցս դուրս թռավ պատասխանը: Արագ շուռ եկավ. «Ո՞վ էր»: Ձեն չկա: 
- Ո՞վ էր:
-Հայկազը,- կուրսեցիներից մի քանիսը վրա բերեցին դասախոսի ահից: 
- Արի գրատախտակի մոտ: 
Գնացի:
- Դե ասա, ո՞նց ստացար պատասխանը:
- Չգիտեմ: 
Մեկ էլ էն հասկացա, որ երեսս վառվում ա: Ապտակեց: Ուժեղ, միանգամից, հանկարծակի: 
Ու սկսեցի բացատրել...
- Ապրես, նստի: 

Տեխնիկումը կարմիր դիպլոմով ավարտեցի: Չստացվեց կտրվել: 

- Պապ, բա հետո ինչի՞ չգնացիր համալսարան:

- Հետո բանակ գնացի: Սարատով: Շարք էին կանգնացրել ու հարցնում էին. «Ո՞վ բժշկական կրթություն ունի»: Կողքիս լեննականցի մի տղա կար, որ ինձ նման անասնաբուժական տեխնիկում էր ավարտել: Սա մի քայլ առաջ գնաց ու ինձ էլ շշուկով ասաց. «Դու էլ արի»: Ես էլ գնացի ու դարձա բուժակ: Դե բուժակի գործն ինչ ա. ինչ-որ կենցաղային վերքեր մշակել: Էդ շատ լավ էր ստացվում, որովհետև գյուղում մի տարի աշխատել էի անասունների հետ: Բայց երբ գալիս ասում էին, «Փորս ա ցավում, գլուխս ա ցավում», չգիտեի ինչ անել: Դեղերը չէի ճանաչում: Հետո սկսեցի ուշադիր հետևել բժշկին, թե որտեղը ցավելիս ինչ դեղ էր տալիս ու ինձ համար շշերը համարակալեցի, գրեցի՝ գլխացավի դեղ, փորացավի դեղ ու տենց: Գոհ էին:-) 

Մի օր գիշերը ուժեղ հրդեհ էր եղել, ես էլ հերթապահում էի: Մի զինվոր բերեցին՝ սարսափելի այրվածքներով: Զանգում եմ բժշկին, չկա: Ասում են մի բան արա: Ստիպված մշակեցի վերքերը ոնց կարող էի, ու զինվորին տարան հիվանդանոց, ինձ էլ՝ հետները: Հերթապահ բժիշկը մի հրեա էր: Գիտեի էս մարդուն, վախենում էի... Արագ նայեց զինվորին ու ասաց. «Մալադեց ձեր բժիշկը: Շատ ճիշտ ա ամեն ինչ արել»: Ասեցի, չէ, էս բուժակ եմ, բժիշկ չեմ: Էս մարդն սկսեց ինձ համոզել, որ ընդունվեմ բժշկական: 

Ես համալսարան էի ուզում...

Իսկ դպրոցն ավարտեցի բանակում: Սկզբում ռուսերեն ընդհանրապես չէի խոսում: Բոլորի շարադրությունները ես էի գրում, բայց չէի խոսում: Ամաչում էի, վատ առոգանություն ունեի:  Էլի դասատուս ստիպեց, որ խոսեմ: 


Հ.Գ. Պապաս Շամուտում ա ծնվել ու մեծացել: Շամուտն Ահնիձորի մոտ ա: Որ իմանաք Շամուտն ու Ահնիձորն ինչ են, հիշեք Ծմակուտը, իսկ թե չգիտեք Ծմակուտը որտեղ ա, դիմեք ՀՐԱՆՏԻՆ, իրենից լավ ոչ մեկը ձեզ չի պատմի Ծմակուտի մասին: 

Պապաս շատ լավ, արտակարգ գրագետ ա խոսում ռուսերեն, բայց իսկապես վատ առոգանությամբ ու դեռ ամաչում ա խոսել ռուսերեն:-) 

Պապաս էդպես էլ չգնաց համալասարան, իր փոխարեն ես ու եղբայրս գնացինք, բայց ինքն անգիր Ոդիսականից հատվածներ էր պատմում մեզ ու դեռ Ոդիսականը կարդալիս հուզվում ա, երբ Աքիլեսը Հեկտորին սպանում ա...

Պապաս Սիրել Իմացող Մարդ ա: Էսօր պապայիս ծնունդն ա:-)

5 comments:

Anonymous said...

Շնորհակալ եմ, որ սա կիսեցիր ։)

Christina said...

Էս էլ, որ կարդացիք:-)

Anonymous said...

Շնորհավոր, Քրիստ ջան, պապայիդ քո չափ անսահման սիրում եմ:Ճ Իսկապես, ինքը սիրել իմացող մարդ ա, ՄԵԾ ՄԱՐԴ ա, Հրանտի հետ:Ճ

Artashes said...

Huzvetsi, ay axchi! Apreq duq!

Anonymous said...

Քրիստ, պապաս ռուսերենի հետ նույն խնդիրն ուներ. լեզուն շատ գրագետ գիտեր, բայց սարսափելի առոգանություն ուներ :) Ասում եմ, կարող ա՞ Շամուտում նույն դասատուն են ունեցել դպրոցում :)

Dz.