Tuesday, February 7, 2012

Ձվերը

Երկար ժամանակ հորս հետ չէի զրուցել: Ես միշտ աշխատում եմ: Միգուցե ոչ միշտ արդյունավետ, բայց միշտ զբաղված եմ ինչ-որ բանով: Ոչ ինքս ինձանով: Պահերը, երբ իմ ուղեղն ընտրում է, թե ես ինչի մասին եմ ուզում մտածել, խոսել, լսել, քիչ են: Ջրում թևերիս առաջ ու ետ հարվածների ընթացքն են, Անի հյուրանոցից  Օպերայի կանգառ ամենօրյա 10 րոպեները, աչքերս փակելուց առաջ հի՞նգ, վե՞ց, տա՞ս րոպեն: 


Մաման դեռ չէր արթնացել, փոքրերը մուլտիկ էին նայում ու իրենց մամայի հետ ճաշ ուտում: Մոնիկն ու Էդգարը՝ Երևանում: 

- Սրճե՞նք, թե՞ մամային սպասենք: 
- Սրճենք, հետո էլ մամայի հետ սրճենք: 

Թեև հայրս խոսում է, ուղեղս հաշվարկում է բոլոր գործերը, որ պիտի դեռ հասցնեմ: Բայց դրսում սպիտակ ձմեռ է: Տանը տաք է: Դառը սուրճը հասնում է քիմքիս, ու հորս առօրյա պատմությունն ինձ հանկարծ հուշում է, որ երկար ժամանակ  չեմ խոսել հորս հետ: Արդեն մի քանի տարի մենք չենք խոսում, փորձում ենք փախուստ տալ ցավից: Ու սկսեցի լսել.

- Էն տարիներին (պատերազմից հետո) հավի ձուն չէինք ուտում, հանձնում էինք խանութ: Էդպես էր ձևը, փող էր պետք: Ես ու Ֆեդյան գնում էինք հավերի ձուն հավաքում, առավոտն էլ մամայի հետ տանում էինք խանութ, հանձնում: Մի երեսուն ձու կլիներ վեդրոյում: 

Մի օր Սուրիկը բանակից նամակ էր ուղարկել, հետն էլ մի ռուբլի, ու գրել էր, որ տան ինձ, ես ինչ ուզեմ, առնեմ ինձ համար: Տան կարդացողը ես էի, կարդացի, ուրախացա, բայց մաման փողը վերցրեց: Մի կտոր օճառ առավ դրանով: Ես էլ ջղայնացա: Վեդրոյով ձուն դրեցի պեչկին ու եփեցի: Հետո սուսուփուս տարա դրեցի տեղը: Առավոտը մաման եկավ, որ ձվերը տանենք խանութ, էլի ձեն չհանեցի: 

Հասանք խանութ, սկսեցին ձվերն ստուգել: Միշտ ստուգում էին, որ փչացած չլինի: Մեկ, երկու... երրորդն են ստուգում: Բոլորն եփած են: Մաման լուուուուռ նայեց ինձ: Բան չասավ: Ոչ մի բառ : Վերցրինք ձվերն, էկանք տուն: 

Ավելի լավ էր խփեր, քան էդպես նայեր: 

2 comments:

ՀԱՅԱՐՓԻ said...

Քրիստինե ջան ինչ լավ պատմություն էր...երևի հավերժ հիշվող դրվագ ձեր մանկությունից...անգամ հւոզիչ էր :)

Christina said...

Հայարփի ջան, ցավոք, փոքր ժամանակ շատ քիչ բան եմ իմացել մերոնց մասին: Հիմա փորձում եմ բացը լրացնել, բայց լավ չեմ աշխատում էդ ուղղությամբ: