Saturday, October 9, 2010

Virginia Woolf: Mrs. Dalloway

Էսօր վերջացրեցի վեպը: Դժվարությամբ, թեև ակնկալիքներս շատ մեծ էին: Տարբեր առիթներով կարդալով Վիրջինիա Ուլֆի մասին որպես հոգեբանական խորություններ տաղանդավոր կերպով բացահայտող վարպետի, սպասում էի ընդերքացունց ինչ-որ գործի:-) Բայց ամենատպավորիչ զգացողությունը Լոնդոնի ու լոնդոնյան միջավայրի նկարագրությունն էր, որ արված էր սիրով ու մանրամասնորեն և ուղղակի համընկնում էր այդ քաղաքում իմ կյանքը հետևում թողնելով պայմանավորված խառնիխուռն զգացողությունների հետ: 

Վեպն ընտրել էի Ուլֆի ստեղծագործությանը ծանոթանալու և մի քանի ամիս առաջ "The Hours" ֆիլմի առաջացրած տարակուսանքը փարատելու համար: Ֆիլմի դերասանական կազմի հիանալի խաղն անգամ չկարողացավ ինձ համոզել էպիզոդներից մեկի հերոսուհու՝ Ջուլիան Մուռի մարմնավորած 1950-ականների ամերիկյան բարեկեցիկ ընտանիքի կին Լորա Բրաունի կերպարի անհասկանալի տվայտանքները: Կյանքը կարող է մղել իրենից հրաժարվելու գայթակղությանը: Աքսիոմ: Արվեստը փորձում է բացատրել այս աքսիոմը: Ֆիլմի դեպքում կամ փորձն էր թերի, կամ ես՝ տհաս: 

Ինչևէ, հուսով էի գիրքը կպարզաբանի կյանքի տենչը մարող այդ տառապանքի ակունքը: Թերևս որոշակիորեն դա ստացվեց: Պատերազմը, դրանից առաջն ու հետոն իրար շարունակաբար փոխկապակցելու  անհնարինությունը կարող է լուրջ փորձաքար լինել կյանքը վերաիմաստավորելու ու իմաստազրկության հանգելու համար: Գիրքն այս առումով ավելի համոզիչ էր: Ինչն իրականում այդպիսին չէր, Կլարիսայի՝ բարձրաշխարհիկ այս կնոջ և պատերազմի մասնակից, ինքնասպան Սեպտիմուսի միջև զուգահեռներն էին: Արդյո՞ք ունայնությունը որակ է, որի սկզբնաղբյուրներն անէական են: Չգիտեմ...

Դուր չեկավ կերպարների կերտման գունապնակում երանգների սակավությունը: Բոլորն ասես նույն միտքն ու լեզուն ունեին, բայց դա ախր անհնարին է... Լավ, ենթադրենք Ուլֆը, որպես իմպրեսիոնիստ, կյանքը մեկնաբանել է իր ուրույն կերպով: Բայց այդ կերպի անտեղի բարդությունը նյարդայնացնող էր: Համեմատություններն  ու փոխաբերություններն այնքան շատ են, որ վերջում մոռանում ես ինչ երևույթ են դրանք փորձում նկարագրել: Ինքս շատ-շատ եմ սիրում տեղին համեմատությունը. ոչինչ այնքան գեղեցիկ չի, որքան տեղին, դիպուկ ու հասկանալի համեմատությունը: Բայց պաճուճել ասելիքդ այնքան, որ չդիմանաս ձևի փորձությանը, հմ, իմը չի: Օրինակ՝

Death was defiance. Death was an attempt to communicate, people feeling the impossibility of reaching the centre which, mystically, evaded them; closeness drew apart; rapture faded;  one was alone. There was an embrace in death. 

Մահը համեմատություններ շատ է սիրում, քանզի ամենաանխուսափելի ու անքննելի խորհուրդներից է:
(And there is the silence of the dead.
If we who are in life cannot speak
Of profound experiences,
Why do you marvel that the dead
Do not tell you of death?
Their silence shall be interpreted
As we approach them.  E. L. Masters)

Բայց ամեն մի համեմատություն պիտի օրգանական կապ ունենա անհատի կյանքի ու նրա բնույթի հետ: Չեմ գտնում այս կապը: Վերակարդացի երկու անգամ, էլի չեմ գտնում: Ինչպես չկարողացա հասկանալ պատճառը, թե ինչպես Կլարիսան  հասկացավ Սեպտիմուսի ինքնասպանության պատճառները ու գրեթե նույնական զգացողություններ ուներ: 

Վեպն ուղղակի վարակված է անտեղի ինտելեկտուալությամբ, որ թունավորում է նախորդ դարասկզբի լոնդոնյան հասարակության առավել գունագեղ ու բազմազանորեն խորին պատկերն ընթերցողին փոխանցելու փորձը:

2 comments:

Anonymous said...

Hishum em, vor filma SHAT durs ekav! Moore-i u Streep-i katarumnera bardzraguyn makardaki ein. Kidman-ina` lav. Chem hishum, te Moore-i tvaytanqnera hamozich ein, te che. Ete chem hishum, uremn hamozich ein! :)

"Բայց պաճուճել ասելիքդ այնքան, որ չդիմանաս ձևի փորձությանը, հմ, իմը չի:"
Imn el chi! Apres! :)

christina said...

"Ete chem hishum, uremn hamozich ein! :) "
:-))) երկաթյա տրամաբանություն:-))))