Sunday, June 22, 2008

Ղարաբաղցին Ղարաբաղի մասին

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ.
- Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունները որոշակի յուրահատկություն ունեն: Դասական բանակցային գործընթացը ենթադրում է նախ, խնդրի շուրջ որևէ համաձայնության կայացում, որը կողմերին թույլ է տալիս ներգրավվել բանակցային գործընթացում: Այնուհետև ընթանում են բուն բանակցությունները, ինչ-որ պահ կնքվում է համաձայնագիր և այդպիսով կարգավորվում է կողմերի միջև հակամարտությունը: ԼՂՀ դեպքում այս գործընթացն իր ավանդական հունով չի ընթանում, որովհետև բանակցություններում ներկա չէ հակամարտող կողմերից մեկը: Կարծում եմ, Լեռնային Ղարաբաղին պետք է մասնակից դարձնել բանակցային գործընթացին:

Երբ սկսվեցին բանակցությունները, սկզբնական շրջանում դրանց առանցքային դրույթը պատերազմի հետևանքների վերացումն էր: Մոտավորապես 2003թ. այս առանցքը որոշակիորեն փոխվեց, թեև հաճախակի անդրադարձներ դրան դեռ կատարվում են: ԼՂՀ բացակայությունն այս շրջանակներում ընթացող բանակցություններին Ադրբեջանի կողմից օգտագործվում է որպես կռվան, որին Հայաստանը համապատասխանաբար չի կարողանում արձագանքել: Քանզի պատերազմից անմիջականորեն տուժել է Լեռնային Ղարաբաղը, այստեղ հենց ինքն էլ կարող է խոսել այդ խնդրի մասին: Ադրբեջանը միջազգային համայնքին կարողացել է հրամցնել երկու փաստ` 20% տարածքներ և մեկ միլիոն փախստականներ, որոնք այնպիսի համառությամբ ու ջանասիրությամբ է կրկնում, որ դրանց արդեն հավատում են գրեթե ամենուր:

Իսկ ո՞րն է մեդալի երկրորդ կողմը: ԼՂՆ-ն, որպես պատերազմի անմիջական մասնակից, ի՞նչ ունի ասելու: Մենք կարող ենք դեմառդեմ, առանց վարանելու խոսել ներկայացված փաստերի մասին: Ի՞նչ փաստեր են սրանք. պատերազմի հետևանքներ, և եթե պետք է խոսել պատերազմի հետևանքների վերացման մասին, մենք էլ ունենք ասելիք: Պատերազմը նաև այս երկրում էր:

Եթե Ադրբեջանը խոսում է 20% տարածքի մասին, ապա հիշենք, որ ԽՍՀՄ ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության տարածքում կային նաև Գետաշեն, Մարտակերտ, Շահումյան: Եթե հանենք այս տարածքները նշված 20%-ից, կմնա 8% և ստացվում է, որ նախկին ԼՂԻՀ-ն պատերազմի արդյունքում կորցրել է իր տարածքի 15%:

Մեկ միլիոն փախստական: Նախ, այս թիվը տարբեր աղբյուրների վկայությամբ 650000 է: Սակայն նույնիսկ եթե այն ճիշտ է, փախստականները կազմում են յոթ միլիոնանոց Ադրբեջանի 10%-ը, մինչդեռ վերոհիշյալ շրջաններից ԼՂՀ այլ շրջաններ տեղափոխված փախստականները կազմում են 180000-անոց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 34%-ը: Ավելին, 88թ. երկրաշարժից հետո Ադրբեջան տեղափոխված ադրբեջանցիներին Հայաստանի Խորհրդային Հանրապետությունը փոխհատուցել է 70 միլիոն ռուբլի: Պատերազմի արդյունքում տուժել են բոլոր կողմերը... Սրանք փաստեր ենք, որոնք բանակցային սեղանին կարող է դնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Ինչո՞ւ մինչև այժմ այն չի դարձել բանակցային կողմ: Որովհետև ամեն անգամ, երբ այդ մասին խոսք է բացվել, Ադրբեջանը բարձրացրել է բանակցային սեղանը լքելու հիստերիան, իսկ Հայաստանն ու միջնորդները փորձել է նրան պահել այդ սեղանին:

Երկխոսության պահանջ կա: Անցյալ տարի մասնակցում էի Գերմանիայում կազմակերպված "Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Հարավային Կովկասի զարգացման համատեքստում" միջազգային համաժողովին: Այն երկու մասից էր կազմված. առաջինում տարբեր միջազգային փորձագետներ ու գիտնականներ ներկայացրեցին իրենց տեսակետները խնդրի մասին, իսկ երկրորդ մասում մենք պետք է խնդիրը ներկայացնեինք մեր տեսանկյունից: Գերմանիայում ադրբեջանցի ուսանողների համայնքն ի սկզբանե ակտիվորեն փորձում էր խոչընդոտել համաժողովի աշխատանքներին: Երկրորդ մասում, երբ ես իմ ելույթի ձևաչափը փոխեցի` ներկայացման փոխարեն առաջարկելով պատասխանել մասնակիցների հարցերին, նրանց մի մասը լքեց դահլիճը: Մնացին ընդամենը մի քանի ուսանողներ, որոնք իրենց հարցերի միջոցով փորձում էին ներկայացնել ադրբեջանական տեսակետը: Իսկ երբ վերջում նրանցից մեկը մոտեցավ ինձ, շարունակելու քննարկումը հանդիպումից հետո, ես դա համարեցի այդ համաժողովի հաջողված լավագույն արդյունքը: Մեզ անհրաժեշտ է խոսել...

ԼՂՀ հակամարտության կարգավորման բանալին մենք ենք` դուք, ես... Պետք չի մեղավորներ փնտրել: Մենք ավելի կարևոր գործ ունենք: Բանալին պետք չի դրսում փնտրել, մենք այստեղ, դուք Հայաստանում միասին, մեր աշխատանքով ենք լուծելու այս խնդիրը, կառուցելու ՄԵՐ երկիրը...

ԼՂՀ Նախագահ.
- Որտե՞ղ է աջակցություն անհրաժեշտ: Նայեք, մենք ունենք 220կմ առաջնային գիծ: Դրա պաշտպանությունը` տեխնիկա, ամենօրյա աշխատանք, կառավարում, կարգապահություն և այլ բազմաթիվ մանրամասներ, մեր առաջանահերթ խնդիրն է և մեր գործողությունների առանցքը: Սակայն մենք ունենք նաև 34000 թոշակառուներ, 8000 հաշմանդամներ, 22000 դպրոցականներ... Ստեփանակերտում ջուր տրվում է 3 օրը մի անգամ, 3-4 ժամով: Ինքներդ տեսել եք, որ խմելու համար անպիտան է: Գյուղեր` անմխիթար վիճակում... Իսկ մենք գիտակցում ենք, որ մեր անվտանգության գրավականը մեր գյուղերն են: Ցանկացած ոլորտում համագործակցությունը և աջակցությունը ցանկալի են: Ամենակարևորը. երբ Գորիսից գալիս էիք Ստեփանակերտ, քանի՞ մեքենա տեսաք ճանապարհին: Մեկ-երկու: Այո, մենք ներքին հաղորդակցության խնդիր ունենք: Ես ուղղակի առաջարկում եմ, որպեսզի դուք հաճախակի այցելեք Արցախ և ինքներդ որոշեք, թե ինչ է հարկավոր մեր երկրին: Ճանաչեք Արցախը...

Մարտին, ազատամարտիկ, ԼՂՀ ԱԳՆ-ի վարորդներից, մեր ուղեկիցը դեպի Տիգրանակերտ: Մինչև 1992թ. նախկին Մարտակերտի շրջանի գյուղերից մեկում ապրում էր իր ադրբեջանցի ընկերների հետ:
- Տիկնայք և պարոնայք, ինչպե՞ս եք ձեզ զգում այս սքանչելի երկրում: Հրաշալի երկիր է, չէ՞: Աջից... դե, աջից ադրբեջանական գյուղ (Խոջալու) էր: Աղդամն է, չեմ ուզում խոսել դրա մասին... Տիկնայք և պարոնայք, ա՜ա՜ա՜ա՜յ այն կանաչ գիծը տեսնո՞ւմ եք: Ադրբեջանական գյուղ է մյուս կողմում: Կոնտա՞կտ: Չէ, ինչ կոնտակ, ով ում տեսնի, կկրակի... Մինչև 2001 թիվը դեռ էլի իրար ճանաչում էին, անասուն-բան հետ էին տալիս: Հիմա չէ, ոչ մի հարաբերություն... Մարտի 4-ի դեպքերից հետո ադրբեջանական բանակում հրաման տրվեց ամեն օր մի հայ զինվոր սպանել: Ամեն օր կրակոցներ կան: Չէ, ի՞նչ եք ասում, մեզ չեն կարող սպանել... Այ այն դիմացի սարին ինձ բռնել էին: Տանջեցին, մատերս կտրել էին: 4-5 օր պահեցին, հաջորդ օրը ասացի. "Աստված, թե գոյություն ունես, ինձ փրկի: Մյուս օրը էլ չեմ դիմանա": Էս եմ...
Տիկնայք և պարոնայք, ձեր ձախ կողմում Կաչաղակաբերդն է: Ասում են, թուրքերը պաշարած են լինում բերդը, մի ամիս չեն կարողանում մոտենալ: Մի օր էլ արթնանում են, տեսնում բերդի գլխին կաչաղակներ են պտտվում: Երկինքը սևացել է, այնքան շատ են: Ասում են, վերջ, ուրեմն բոլորը մահացել են, կարող ենք գրավել: Ու մտնում են բերդ...
Տիկնայք և պարոնայք, գեղեցի՞կ հող է...

ԼՂՀ Արտաքին գործերի փոխնախարար.
- Ասում են, պատերազմի ժամանակ ադրբեջանցիները պարբերաբար հրթիռներ էին նետում դեպի գմբեթ: Գմբեթից 100 մետր հեռավորության վրա հրթիռների ընթացքը շեղվում էր ու դրանք ընկնում էին բակ: Մի հրթիռ է միայն կարողացել հասնել իր նշանակետին: Տեսնո՞ւմ եք նորակառույցը: Միակ շենքն է, որ վնասվել է հրթիռից: Ավերակները մաքրելիս մի քանի տասնյակ խաչքար են գտել, որոնց գոյության փաստը մինչ այդ անհայտ էր: Խաչքարերը հիմա բակում են շարված, կարող եք տեսնել:

Խորանի դիմաց տարվա մեջ մի օր միայն, չգիտեմ սակայն որ օրը, գմբեթի պատուհաններից ներս հորդացող լույսն առնում է Դավթի աստղի տեսքը:

"Գանձասարի" "գանձը", ասում են, նշանակում է "երեք անձ` Հայր, Որդի և Սուրբ Հոգի": Ասում են նաև, Գանձասարում աղոթքը չբերություն է բուժում:

Թևանի քեռի, ղարաբաղցի.
- Մեր դռները միշտ բաց են ձեզ համար. մի օր որ առանց մարդու ենք նստում հաց ուտելու, էրեխեքն ասում են, բա մարդ չի՞ գալու էսօր...

"Օթը, թոթը, թվանքին կոթը"....

2 comments:

Anonymous said...

Inch wor mek@ karogh e bacatrel Gandzasar bari stuyg tsagumnabanuthyun@ ? Bolor aghbyurnerum yes handipel em "gandz+sar" tarberakin, u anunn el trvel e ayn bani hamar, wor sari @nderqum wosku u pghndzi hanqer kan. Kronakan "g+andz+sar" bacartuthyun@ verjers em lsel Gandzasar ayceloghneric u aynqan el mets vstahuthyun chi nershnchum, erevi hertakan titizuthyun e. Inch wor hghum karogh eq anel vstaheli aghbyuri ?

christina said...

Ցավոք, չեմ կարող: Հարցուփորձ կանեմ, եթե համապատասխան պատասխան ստացա, անպայման կգրեմ: