Ուրբաթ օրը բանակցությունների ու առաջնորդության մասին վերապատրաստման ժամանակ խոսվեց էն մասին, որ առաջնորդն իր հետևորդների հետ հաղորդակցվում է պատմություններով: Ինչպես միշտ էս գունավոր աշխարհում կա մատերիա ու հակամատերիա, պատմություն ու հակապատմություն:
Բարձրաստիճան ոստիկանին պաշտոնանկ են անում, դատում են, մարդիկ ասում են. «Քավության նոխազ էր»: «Վերևներին լավ չի նայել»:
Անկուսակցականն առանց կուսակցությունների օժանդակության ընտրվում է ԱԺ, մարդիկ ասում են. «Եթե Դուք հայտնվել եք խորհրդարանում և օլիգարխ չեք, ապա դա եղել է «Ձեր պայմանավորվածությունների շնորհիվ», ոչ թե հենց այնպես»: «Բայց Դուք չէիք կարող հենց էնպես, առանց «մեջքի» ու փողի ընտրվել մի քաղաքում, որտեղ բոլորը գիտեն, թե որոշումները որտեղից են կայացվում»:
Ո՞ր պատմությանն եք հավատում: Անգամ դեղնակտուցն էսօր Հայաստանում երկրորդին ա հավատում: Ինչո՞ւ: Որովհետև ամեն երկրորդ դեղնակտուց տեղից վեր ա կենում ու կրակ լցնում բենզինի վրա իր անհավատությամբ: «Հասուն» կտուցովին դեռ ներելի ա...
Բոլոր պատմություններն ու հակապատմությունները Հայաստանում անհիմն են, որովհետև փաստերի մասին ոչ ոք չի հիշում կամ (լավ, հանուն արդարության), քչերն են հիշում:
Որովհետև հավատի վրա են հիմնված, իսկ այն իռացիոնալ ա: Որը չի նշանակում, թե գոյություն չունի: Ունի, բայց ցանկացած փաստ բեր, աշխարհի բոլոր փաստերը բեր, մեկ ա, էս հակապատմություններն ավելի ուժեղ են լինելու, որովհետև մենք չենք ուզում ՀԱՎԱՏԱԼ լավին: Վերջ: Նույնիսկ Կահնեմանն (պահ;-)) ա ասում, որ մեր ուղեղային ռեցեպտորները մի քանի անգամ ավելի արագ ու ինտենսիվ են ընկալում վատ լուրերն ու վատ իրավիճակները, քան լավը: Որովհետև վատն ակնկալելով՝ փորձում ենք կանխել, կռվում ենք, որ գոյատևենք: Ու էնքան, որ երբ կռվելու ու գոյատևելու խնդիր չկա, սկսում ենք լավը վատացնել: Որ գոյատևենք:-) Սովորույթի ուժ, ոնց որ ասում են:
Նույնիսկ եթե պատմություններն անհիմն են, ես նախընտրում են հավատալ պատմությանը: Որ փոխվենք: Ոչ կուրորեն: Բայց քանի դեռ հակապատմությունը նույնքան անհիմն է, ես նախընտրում եմ պատմությունը...
P.S. Սուտ էլի:-) Կամ էլ ոչ սուտ:-)))