Thursday, November 28, 2019

Հայոց աիբներից

Հարսանիք էր: Վազեցի, որ դիմավորեմ իմ ամենասիրուն երկու բարեկամուհիներին ու անսպասելիությունից մի քայլ հետ արեցի: Պարզվեց, դիմավորելու եմ ինչ-որ անծանոթ աղջիկների: Եթե սիրունագույն մի ժպիտով չբարևեին՝ «Բարլուս, Քիիիիս»:

Ահա, մեյք ափ:-) 

Մինչև հիմա միակ բացառությունը, որ ինձ չի սարսափեցրել, քույրս էր, իր հարսանիքին:-) 

Բայց ավելի հետաքրքիր են մեյքափիստները: Իրենց մասնագիտական պրակտիկայի անատոմիական վերլուծությունն առերեսում ա մեզ մեր էության խորագույն բարդույթներից մեկի հետ՝ մենք չենք ուզում մենք լինել, մենք ուզում ենք ուրիշ լինել: Մենք անընդհատ ուզում ենք ուրիշի սահմանած կատարյալը լինել: Ոչ թե մեր, այլ ուրիշի... Ու մի տխուր շղթա ա սկսվում. ես ուզում եմ սիրուն լինել ու էդ սիրունության ստեղծումը ես վստահում եմ մեյքափիսիտին, ում սիրունության սահմանումը տալիս են ոչ թե հին հույներն ու անգամ ոչ թե ժամանակակից լոռեններն ու գուչիները, այլ էդ բոլորի ու դրանց արանքում ընկած ամեն ինչի նմանակումների նմանակումների նմանակումները, որոնք հայտնվում են անկապագույն թոք -շոուներում, գլամուրացված ամսագրերում, ինստագրամաչգիտեմ ինչերում: 

Ու ինքը պետք ա ինձ սիրունացնի: Ես չունեմ «ինձ», կամ եթե ունեմ, «ինձի» իմ ընկալումն էնքան ողբերգականորեն անհարիր ա իմ ակնկալած «ինձին», որ ես պատրաստ եմ միանգամից հրաժարվել դրանից, ոչ թե փորձել ինչ-ինչ հարցեր տալ ու պատասխաններ գտնել: Իսկ մեյքափիստն ունի անդեմ նմանակներից ստեղծած մի հավաքական կերպար ու էդ կերպարը ստեղծելու ուղեցույցային գիտելիք ու հմտություն, որը չի էլ մտածում հղկել սեփական փորձով ու էդ ամենից ու ամենով պետք ա կերտի «ինձ»: Պարզ ա, չէ՞, թե ես ինչու եմ կարկամած հետ քայլ անում իմ սիրունագույն բարեկամուհիներից... Հա, էստեղ ուրիշ բաներ էլ կա, այո, յես, սի, բայց դրանք առայժմ թողնում եմ մի կողմ: 

Մենք էնքան մեզ չենք գտել ու մեր «արվեստագետն» էնքան հեռու ա ներքին բովանդակությունից, էնքան անկարող ընդհանրական իր հմտությունների շղարշի ներքո նկատել քեզ ու էդ հմտությունները ծառայեցնել քեզ, որ էդ ստեղծարար գործընթացի արդյունքում դու հայտնվում ես դիմակով, որից գոհ են հիմնականում մեյքափիստն ու ... մեյքափիստը: Դիմակը թաքցնում ա: Դիմակը թաքցնում ա ինչ-որ իքս ժամանակով: Դիմակը հանվում ա: Դիմակը հանելուց հետո պետք ա կարողանալ սիրել ինքդ քեզ...Կան պահեր, որ ավելի շատ ես ուզում սիրել քեզ, բայց պետք ա քեզ սիրես քո մեջ, ոչ թե անկապ մեկին քո մեջ: 

Հայելին կարող ա վախեցնել, բայց դիմակի հետևում թաքնվելը չի ազատում հայելու «ճշմարտությունից»: