Showing posts with label աշուն. Show all posts
Showing posts with label աշուն. Show all posts

Wednesday, November 21, 2012

Նոյեմբերյան անձրև

Փափկություն կար օդում: Ծանծաղ ու ծույլ անձրևում: Որ պիտի գար ամբողջ օրը: Ալարկոտ, անհավես: Պիտի գար, որովհետև նոյեմբերը վերջանում էր ու իրեն ասել էին, որ ինքը պիտի գա: Պիտի իջնի քաղաք ու տեղա: Ինքն էլ իջել ու տեղում էր, բայց ժլատորեն: Կիրքն ու առատաձեռնությունը մնացել էին հեռավոր ապրիլում: 

... երբ կարելի էր խենթ քրքջոցով պարուրվել դեռատի ու մերկ պարանոցներին:

Հիմա բոլոր պարանոցները փակ են: Երփներանգ ու տաքուկ շարֆերով: Հիմա փակվելու ու տաքանալու ժամանակներն են: Պաշարելու ու կիսվելու ժամանակներն են: Հիմա ինքը որ հորդա, կվերջանա: Կտեղա-կտեղա, կսառի, կսպառվի, ձյուն կդառնա: 

Ու դրանից ժլատացել է: Հոգնել է: Մեծացել է: Հանդարտվել: 

Tuesday, November 1, 2011

Հոկտեմբերյան Դիլիջան

Ձմեռն առած թուր-թվանք ու գիշերվա անթափանց շղարշով քողարկված՝ որոշեց հարձակվել անտառի ու մարդու վրա: Որոշեց հաղթել, մանավանդ դաշնակից ուներ մոտեցող դեկտեմբերին: Բայց մարդու տան երդիկից ծուխ էր ելնում: Ելնում ու ոլոր-մոլոր, ալարկոտ բարձրանում վերև: 

Ու ձմեռը գաղտագողի եկավ-հասավ անտառի փեշերին ու սսկվեց. դեռ շուտ էր, դեռ բանակը պիտի մեծացներ, բուք-բորան, քամի-մամի էլ դաշնակից սարքեր: 

Ու ասաց zalin-ը՝ «Սահման եմ գծում իմ աչքերով, ձմռան պարտությամբ, աշնան հոգեվարքով ու այս թվային սարքավորումով»:-)

Աշնան ու ձմռան սահմանագծին...
© zalin

Sunday, October 16, 2011

Արևն ու անտառը

Երևի մի օր պահմտոցի խաղալիս՝ Արևն ուրախ-ուրախ, որ ամենաթաքուն տեղն է գտել աշխարհքիս տակին, լուռումունջ մի կերպ խցկվել, մտել էր Վարդանլվի անտառը: Բայց Արևին որտեղի՞ց բախտ, որ տապկացած կենա. բոսորագույն գույներից խելքը թռցրած ծառերն էնպիսի մի բղավոց էին գցել լուռ գյուղում, որ ամբողջ աշխարհքով մեկ իմացան, թե Վարդանլվի անտառում մի արև կա տապկացած: Արևին Աստված բախտ չի տվել թաքուն մնալու, բայց ուժ ա տվել զայրանալու:

Friday, November 5, 2010

Առավոտ շուտ նոյեմբերյան Երևանում

Առավոտ կանուխ երկինքն էնքան պարզ ա, շունչդ կտրվում ա... Մինչև ոսկորներդ ներս ա սղոսկում սառցե թթվածինն ու... կտրուկ սառնությունից մի պահ կորցնում ես գլուխդ: Քայլելիս ամեն մի մկանով բախվում ես էս պարզությանն ու զգում ինչպես ա մարմինդ բջիջ առ բջիջ ուրվագծվում առ էդ հստակություն: Սառցե հզոր մեեեծ-մեեեծության մեջ սկսում է ջերմանալ քո մարմինը. աշխարհում, սառցե ոչնչից, սկսում ես հստակվել Դու: 

Wednesday, November 7, 2007

Նոյեմբերի 7

Օրը տաք էր` մի տեսակ թավշե տաքությամբ: Վաղ առավոտյան աշխարհը դոփում էր տեղում. ոչ մի շարժում: Գորշ ասֆալտ, գորշ երկինք: Երևի այդ էր պատճառը, որ յուրաքանչյուր բջիջով զգում էի շարժումներս:

Նոյեմբերյան այս օրը հղի է ձյան ակնկալիքով (Սպիտակում արդեն ձյուն է գալիս): Ջերմ անձրևն էլ կարծես բնության ներողությունն է գալիք սառնամանիքների համար:-)

Այս տարի չգիտեմ ինչու, բայց սիրով եմ սպասում ձմռանը, սիրում եմ աշունը, անձրևը, կարոտում եմ արևը, բայց չեմ վազում աշնան ու ձմռան վրայով իրեն հասնելու համար:-)

Wednesday, October 31, 2007

Զբոսանք

Քայլում ես արահետով: Սովորաբար այստեղ ասում են, ՙՇուրջը լուռ էր՚: Լուռ չի: Ոտքերիդ տակ շագանակն ու ոսկին փշրվում են ու ներկում լռությունը խշշոցով, որ անտառից դուրս չես գտնի: Վերևից ինչ-որ թռչուն ինչ-որ բան է ասում, իսկ դու փորձում ես հիշել երրորդ դասարանի բնագիտության դասերը, որովհետև վեցերորդում կենսաբանության ուսուցչուհիդ պատմում էր ընկերության ու հավատարմության վսեմ մարդկային արժեքներ լինելու մասին: Սարյա՞կ: Կարևոր չի: Կարևորը քո ու անտառի հանդիպումն է: Կարևորը ծառերի ու քո մարմնի ջերմությունն է: Արևն է` տխուր ժպիտով ճյուղերից ներսդ հորդացող: Ու բացատն, ուր արևն իր վերջին մարտն է պարտվում բոսորագույն մայրամուտին, որ չես կարող տեսնել, չէ, բայց կարող ես հիշողությանդ կարթը նետել դեպի ծովն անվերջ կամ հարթությունն անսահման:

Քայլում ես արահետով ու մտքերիդ մեջ թաղված պոկում կորած-մոլորած աշնանային ծաղիկը: Որովհետև այդ պահին գեղեցիկ էր, որովհետև հաճելի է մարմինդ ու եսդ հաղորդակից դարձնել նման գեղեցկության: Որովհետև անտառ կար մեջը...

Բայց արահետն ավարտվում է ու սկսվում է քաղաքը: Քաղաքում ծաղիկն ինչ-որ հիմար տեսք ունի: Կարող ես տեղավորել ծաղկամանի մեջ, մոռանալ, մինչև ստիպված չլինես ջուրը փոխել կամ ուղղակի թափել այն: Կարող ես թողնել արահետին: Էական չի...

Քայլում ես արահետով ու մտքերիդ թելն ընդհատում կորած-մոլորած աշնանային ծաղկի մոտ: Բնազդաբար մեկնում ես ձեռքդ պոկելու համար: Հետո հիշում ես քաղաքը, նստում ես հողին, մեջքդ հենում ծառին ու նայում ծաղկին: Ու անցնում, որովհետև անտառ կա մեջդ...

Thursday, October 4, 2007

Շարադրություն աշնան մասին:-)

Աշունը լռում է: Նույնիսկ քաղաքի բազմերանգ աղմուկի միջից: Աշնան արևը հիշեցնում է ջերմության մեղմության մասին: Գարնան արևի կիրքն իմաստնացած շոյում է ուսերդ, դեմքդ...Դեղինն ու կարմիրը տեր են դառնում աչքերիդ ու սրտիդ: Պատմում են գույնի մասին: Պատմում են մոր տաք ձեռքերի ու հոր իմաստուն լռության, եղբոր հետ համատեղ աշխարհի բացահայտման խորհրդի ու քրոջ անհատակ կապույտ աչքերի մասին: Ու լռում է առջևում սպասվող կյանքի մասին: Ու ստիպում ապրել առջևում սպասվող կյանքն ու գնահատել գույնը:

Wednesday, September 19, 2007

Երևանյան սեպտեմբեր

Աշնան արևը ստիպում է գնահատել ջերմությունը: Չլիներ քաղաքի աղմուկը, կարելի էր գնահատել նաև երևանյան սեպտեմբերը: Բայց աղմկում է քաղաքն օր ու գիշեր: Փողոցները փակ են, քանդված են, վարորդներն անհանգիստ են, ջղաձիգ, մարդիկ ձմռան ակնկալիքն աչքերում ու սրտերում, ամառն էլ մարմնիններին ապրում են իրենց մի օրը: Փոշի է` կավոտ, մշուշային:

Երեկ «Վերադարձ» փառատոնի սկիզբն էր: Ծրագրում` Բախ և Մարչելո:
Նվագում էր նաև Սվետլանա Նավասարդյանը: Կատարում էր Բախի Concerto for Piano d-moll: Առաջին անգամ էի լսում նրա կենդանի կատարումը:

Երբ հնչյունները մեղեդի են դառնում սահուն ու ներդաշնակ, երբ մարդկային ջիգը այնպես է միահյուսվում գործիքին, որ լսելի են միայն փոթորիկն ու ցավը, մեղմությունն ու լայն սփռված տխրությունը, երբ երաժշտությունն ընկալում է մարմինդ, ուղեղդ ու սիրտդ, դու ամբողջովին, առանց այս անդամահատման, երբ երաժշտությունը մասն է քո ու չի ստիպում մտածել «Օհ, Բախ, հանճարեղ երգահան է: Կոնցերտը թավջութակի համար գրվել է հոգեկան տվայտանքների արդյունքում» հիմարագույն մտքեր, ուրեմն դու լսում ես Վարպետի կատարմամբ Վարպետի ստեղծագործություն: Դու ներկա ես արարման: Հազվադեպ է լինում, բայց երբ գտնում ես այդ պահը, կյանքը թվում է օվկիան: