Wednesday, November 27, 2013

23. Պատմություն մրցակցության մասին

Մահմուդյանների տոհմը Կիրովականի Հ. Ազատյանի անվան թիվ 13 միջնակարգ դպրոցի պարծանքն էր: Յոթ քույր, յոթն էլ բնագիտական տաղանդներ ու սովետական դպրոցական բազմաթիվ «պարտադիրներին» չհնազանդվելու պատճառով՝ ուսուցչական գլուխների «անհարմար է, անհարմար» տմտմբոցների պատճառ:

Մահմուդյանները ներգաղթել էին Պարսկաստանից: Ես դա ինչ-որ արտառոց փաստ չէի համարում, ես դա չէի հասկանում, թեև էստեղից-էնտեղից անհասկանալի շշուկներ, ակնարկներ, հայացքներ ու վերաբերմունք ինձ անընդհատ փորձում էին ինչ-որ բան հասկացնել: Չհասկացա: Ես Մահմուդյան Ռիմային անկախ էդ չհասկացված փաստից, որն էսպես, թե էնպես չէի հիշում, սիրում ու նախանձում էի: Ռիման խրոխտ հայացք ուներ, բառիս բուն իմաստով: Մի տեսակ սառը, ծանր, լուրջ ու անբեկանելի արտահայտություն էր միշտ ծվարած նրա կապույտ աչքերում: Ռիման քչախոս էր: Գոնե ես էդպես եմ հիշում իրեն:


Wednesday, November 20, 2013

Մեծ փուչիկի կարիք

Սայաթ-Նովա Տերյան խաչմերուկ: Սպասում եմ կանաչ լույսին, որ ճանապարհն անցնեմ: Դիմացի մայթին երեք երիտասարդ ենք կանգնած՝ 16-18 տարեկան:  Նեղլիկ, կեղծ ջինսերով, սիրուն սարքած չոլկաներով: Մի 8 վայրկյանից կկարողանանք անցնել, բայց երկու երիտասարդները չեն համբերում ու, վազելով, մեքենաների միջով խույս տալով, հատում են Սայաթ-Նովան: Երրորդն սպասում է: Երկուսը հասնում են իմ մայթին, շուռ գալիս դեպի երրորդն ու.

- Արա, քեզ քաղաքացու տե՞ղ ես դրել:

Հռհռում են ու շարունակում քայլել՝ առանց սպասելու ընկերոջը: Երրորդը սպասում է մինչև լույսը կանաչում է ու հանգիստ անցնում է փողոցը: 

Monday, November 11, 2013

Խոսքի մասին

Երկիր  մոլորակի վրա ոչ միայն մարդիկ են շատանում: Խոսքը մարդկանցից էլ շատ ա շատացել: Ու երևի որպես «շատություն» սկսում ա անգամ սահմանել մարդկանց: Երևի երբեք խոսքն էսքան բազմիմաստ չի եղել: Շաբաթ օրը ֆիլմ էինք նայում ` The Counselor (ֆիլմը մի բան չէր, բայց Բրեդ Փիթն ու Խավիեր Բարդեմը լավն էին:-)): Ինչը աչք ծակեց. երկխոսությունները: «Խոսելու» ֆիլմերից էր՝ մեծ դիմանկարներ ու խոսք: Ու նկատել եմ, որ էսպես կոչված «ինտելեկտուալ» ֆիլմերում վերջերս շատ են էս հնարքն օգտագործում. փոխաբերություն: Մարդիկ խոսում են առակներով, պատմություններով, փոխաբերություններով: Ու դու պիտի դրանց տակից պեղես եղելությունը, ու էն էլ ոչ թե ուղղակի էն, ինչ եղել ա, այլ էն, ինչ եղել ա՝ ըստ տարբեր հերոսների:

Tuesday, November 5, 2013

15. Ինտերնետի հետ կապված պատմություն

Ժուկով-ժամանակով զահլես գնաց ու որոշեցի գրել՝ ոչ միայն ինձ համար: Երկար մտածում էի ու դեռ մտածում եմ, թե ինչու, տարին մի նոր պատճառ եմ հնարում կամ վերահնարում, բայց դեռ պատասխան չունեմ: Արդեն չեմ հիշում ինչպես ու ինչու հայտնաբերեցի բլոգսփոթը: Բայց սկսեցի գրել 2005-ին: Անգլերեն: Որ չմոռանամ լեզուն: Նկատում էի, որ սկսել եմ նույն բառերի հորձանուտում պտտվել ու նեղվում էի դրանից: Սկսեցի գրել: Հետո պատահաբար հայտնաբերեցի cilicia.com-ն ու Րաֆֆիի փոսթինքն էն մասին, որ լավ կլիներ մի հայաստանցի էլ Հայաստանի մասին հայերեն գրեր: Էհ, գրենք, ի՞նչ ա եղել որ: 

Ու սկսեցի գրել

Երկար, բարակ, ահագին հավատարիմ ու հավեսով: Հետո եկավ «Մի օրի» օրը: Իսկ ավելի հետո, նույնիսկ ահագին արագ՝ գրեթե նաև դրա վերջին օրը: 

Ու հանկարծ՝
... xndrum em vor voch mi angam chdadares greluc, du zardarum es grelu arvest@.

Չէ, իհարկե, ինչ զարդարելու մասին ա խոսքը: Բայց... պահեր կան, որ ձեռք ա պետք: Պահեր կան, որ էդ ձեռքի հպումը սթափեցնում ա: Ու պահեր կան, որ էդ ձեռքի ջերմությունը քեզ ա հասնում ինչ-որ անկապ լարերի կամ արբանյակների ու հազարումի անշունչ, բայց շատ էլ շնչավոր տեղերից: Ոնց որ հանկարծ ռադիոյից դուրս են հորդում էն հնչյունները, որոնք էդ պահին քո սիրտը պահում են տեղում:-) 

Չգիտեմ, ով էր գրում: Չէ, գիտեմ, այսինքն անուն-ազգանուն ու էդպիսի բաներ: Բայց մենք անծանոթ ենք, ինչպես փողոցում իրար կողքով անդարձ անցնող անցորդները: Բայց... ինքն էլ չգիտի, ինչքան լավ ա, որ ինքը կա:-) Մենակ ինտերնետն ու ես գիտենք:-)))))

Friday, November 1, 2013

ա դե եսիմ է

Ես մեկ-մեկ մտածում եմ, թե ինչ հասարակությունում կուզենայի ապրել: Որտեղի մասին շատ չեմ մտածում, որովհետև էնպես ա ստացվել, որ ես տեղից կախվածություն չունեմ... Շատ ունեմ սիրելի տեղեր: Բայց ես գնալով «անշարժունակ» եմ դառնում: Հոգեպես:-) Ուզում եմ ծանոթ դեմքեր, ծանոթ շենքեր, ծանոթ գործողություններ: Սովորաբար: Որովհետև ոչ սովորաբար, երբ շարժման մարմանջը բռնում ա, ի՛նձ արդեն բռնել չի լինում, ու ես անկապ կսկսեմ շարժվել՝ անկախ ամեն ինչից:-) 

Բարի: Չգիտեմ էդ ինչ ա, բայց էնպիսի բան ա, որ մարդու դեմքին ժպիտ ա բերում, երբ մարդը հանդիպում ա ուրիշ մարդու: Երբ անծանոթ մարդիկ ստիպված են միմյանց ներկայությանը դիմանալ, դա անում են ժպտալով, օրինակ՝ ավտոբուսում, խանութում, թատրոնում:

Աշխատասեր: Որ մարդիկ սիրեն աշխատել ու աշխատեն: Որ օրվա վերջում թե՛ ինքը, թե՛ կողքինը ժպտան, ինքը՝ հոգնած ու բավարարված, կողքինը՝ գնահատող ու երախտապարտ:
Վերջերս Երևանում մի գովազդ տեսա, սարսափեցի. «Մենք ձեզ չենք սովորեցնում աշխատել: Մենք ձեզ սովորեցնում ենք վաստակել»... ինչ ասեմ, ասելու բան չկա...

Հետաքրքրասեր: Որ գնաս գրադարան, լիքը մարդ լինի: Որ ընդհանրապես գրադարան լինի... Որ կինոթատրոններ լինեն, որտեղ ամեն մարդ ֆիլմ կընտրի իր նախասիրությամբ: Ու ֆիլմերը կլինեն բնօրինակով, բայց հայերեն տիտրերով: Որ «կլուբներ» լինեն, որտեղ մարդիկ հավաքվեն, անծանոթ մարդիկ, ու խոսեն, պատմեն, կյանքից, դեսից-դենից, ջահելները գան, լսեն, հետո գնան իրանց գժական ջահելությունն անեն:

Ուրախ: Որ տարին մի կամ երկու անգամ մարդիկ իրենց ազգային տարազները հագնեն ու դուրս գան փողոց: Երգեն, պարեն, զրուցեն, քայլեն ու ժպտան իրար: Որ փուչիկ չլինի: Ախմախ պալստմասսե դեկորացիաներ չլինեն: Որ մարդիկ իրենց ձեռքի աշխատանքները ցույց տան անծանոթներին, ոչ միայն ծանոթներին: Որ երաժշտություն լինի կախված օդում: Որ երբ  մարդիկ տխուր լինեն, բացեն իրենց պահարանները, նայեն իրենց տարազներին ու ժպտան՝ ուրախ ու ջերմ տոնի ակնկալիքով:

Գթասիրտ: Հավասարությունը միֆ ա, գթասրտությունը՝ հնարավոր: Որ մուրացիկ չլինի փողոցում: Մարդը եթե չի կարողանում ապրի, կարողացողն իրեն օգնի. ապաստարաններ լինեն, որտեղ անկարողները կապրեն, կսնվեն ու դրա դիմաց կաշխատեն՝ կմաքրեն: Մաքրել կարող են շատերը, անգամ եթե չեն կարող, հնարավոր է սովորեցնել...Երբ դուրսը մաքրում ես, կեղտը ներս չի լցվում, նույնիսկ եթե ներսը դատարկ ա...

Մեկ-մեկ ինքս ինձ պետք ա հիշեցնեմ, որ ինչ-որ բան եմ ուզում:-)


Friday, October 25, 2013

13. Մի սիրո պատմություն

Պատմությունը որտեղի՞ց են սկսում: Ամեն տեղից:-) Երբ սկսում եմ մտմտալ հերթական պատմության մասին, գլխումս թեթև թիթեռներ են ֆռֆռում՝ ինձ պատից-պատ խփելով, թե բա ոնց անեմ, որ լավ լինի: Որ հավես լինի:-) Որ կարդաս ու դեմքիդ անկեղծորեն դաջվի յոթ թե միլիոն զգացմունքներից որևէ մեկը: Ու հետո, ինչպես միշտ, սկսում եմ հերոսից:-))))))))))

Monday, October 7, 2013

25. Պատմություն մի մարդու մասին, որի հետ այլևս չեք շփվում

Բարակ շուրթեր, սուրանկյուն դիմագծեր, կտրուկ, անհանգիստ շարժումներ, չնայած ինձ հետ շատերը միգուցե չհամաձայնվեն. որտեղի՞ց հնարեցիր անհանգստությունը: Հանդարտ, մեծ, լայն շարժումների տակից, կասեմ ես: Հենց էդպես: Չհանդարտված, անհանգիստ էություն: Սպիտակ մազափունջ, մեծ քայլերով շտապողական քայլվածք: Ձեռքի կտրուկ շարժում, որով մազափունջը հնազանդեցվում էր ու հետ շպրտվում: 

 - Յեհուդի Մենուին, չե՞ք լսել... , - նրա բարձր ձայնն էլ ավելի բարձրացրած արհամարհանքից ես նեղանում, նեղանում, նեղանում, փոքրանում եմ, բայց նստարանի տակ, միևնույնն է, չեմ տեղավորվում: («հա էլի բա մարդ 18 տարեկան էշ դառնա ու չիմանա՞ էդ ով ա... բա էլ ո՞վ ես դու...:-))))») - Ֆոլքնե՞ր: Էմերսո՞ն: Ու էլի էդպես շատեր, ովքեր ինձ երեք տարվա ընթացքում էնքան փոքրացրեցին, որ կա՛մ պիտի սատկացնեին ամուսնության ու պրովինցիալիզմի փափուկ ծածկոցի տակ, կա՛մ հետևիս մի լավ քացի տալով՝ ստիպեին բացել տասնյակ փակ դռներ: Էդ բոլորին իմ կյանք մտցրեց էս կինը, ում հետ երեք տարի love-hate ճոճանակի վրա ճոճվում էի, ամենայն հավանականությամբ, առանց իր իմացության:

Monday, September 16, 2013

Տարբեր ինտեգրացիաների մասին

Սկզբում սկսեցի մտածել: Ուղեղս ցավեց, որովհետև բան  չեմ հասկանում էդ անտեր քաղաքականությունից. մեկն ասում ա նստում-ասում-խոսում են, հետո դու պետք ա տակից դուրս գաս, մեկն էլ թե շատ բարդ, խուճուճ բանակցություններն են, ստրատեգիա, տակտիկա, ու տենց բարդ, իմպըռտնի բառեր...

Բայց սեպտեմբերի 3-ից ներքուստ դեռ խմորվող վատ համ կա մեջս... Ու նեղվում էի, որ չէի կարողանում ձև տալ էդ զգացողությանը, իմ սահմանափակ ուղեղում տեղավորեմ էդ վատ համը: Մինչև էս երկու օրը լողանալիս չհիշեցի Սվասյանի քաղաքացի-մարդ հարմար երկվությունը: Ու որ կարճ ասեմ, էդ վատ համն էսպիսի ձև ստացավ. տխրեցի, որ պետությունս քաղաքացու ձևավորման խաչմերուկին կանգնած «Աջ գնաս, ռուսականով կգնաս», «Ձախ գնաս՝ եվրոպականով» (no pun intended:-)), «Ուղիղ գնաս՝ Աստված գիտի որով»-ից ընտրեց աջը...

Տխրեցի, որովհետև էսօրվա օրով մարդուն քաղաքացի դարձնել հաջողվել ա մենակ Եվրոպային: Ես հասկանում եմ, որ երկվությունը ուղղակի վերլուծական պարադիգմ (կամ միգուցեև  ոչ միայն...) ա, միգուցե և նեղացնում եմ շատ, բայց դե ինչ-որ կերպ պե՞տք ա հասկանալ, թե ինչից եմ էսպես նեղված, թե՞ չէ: 

Ես մինչև ուղնուծուծս ռուսական մշակույթով թաթախված մարդ եմ... բայց չեմ ուզում այլ, ինձ անծանոթ մարդկանց հետ հարաբերվել ինչպես ռուսները: Ես ուզում եմ, որ էդ հարաբերությունները՝ տնտեսական, համայնքային ու նմանատիպ այլ հարաբերություններ, հիմնված լինեն համաձայնեցված ու ոչ թե անընդհատ, ամեն պահի սակարկելի, բոլոր կողմերի, թեկուզ ոչ միշտ բովանդակալից, բայց անմիջական մասնակցությամբ բանակցելի, ու ոչ թե կոպիտ ուժի դիրքից պարտադրվող սկզբունքների վրա, որ մարդը հաստատվի իր շրջապատում սեփական շնորհքի ու աշխատանքի ու ոչ կոլեկտիվ ակտիվ ջանքերի միջոցով: 

Եվրոպան դա սովորել ա անել, ու երևի մեզ էլ կկարողանար սովորեցնել (մենակ պետք չի ձև թափել, թե մենք ամեն ինչ գիտենք, էլի... խելոք ենք, բայց ամենագետ չենք, մանավանդ էս հարցում): Ռուսաստանը՝ չէ: Ու մենք վիզներս կախ  մի անգամ էլի պիտի էս ճանապարհով անցնենք...

Ամռան սկզբին բարեկամս Թիֆլիսից Երևան էր եկել ու մի երկու ամիս ապրեց էստեղ. «Ձեզ մոտ դեռ գոնե լավ ա, կարաս մարդավարի բարիշես, թե չէ մեզ մոտ ինչ ա դառել, մի բառ էս ասում փողի մասին, միանգամից նստացնում են»...

Այ էս «մարդավարին» չեմ ուզում, որովհետև ես մարդուն անհարգալից չեմ կարող ու չեմ ուզում վերաբերվել, իսկ երբ «անդեմ» ինստիտուտի նկատմամբ հարգանքս կորցնեմ, կկանգնեմ կասեմ, չեղավ, ու իրար հետ խոսալով մի բան կփոխենք: Միգուցե ավելի դժվար իմ անձնական հարցը լուծվի էս դեպքում, բայց հիմնավոր կլուծվի, ու ես դրան պատրաստ եմ: Իսկ ամեն րոպե սակարկելուն՝ չէ:-( 

Friday, September 13, 2013

Փոքրիկ տարօրինակություններ

Մի քանի օր առաջ ինչ-որ քննարկում էր, որի ընթացքում ինձ հանկարծ բռնացրեցի էն մտքի վրա, որ էս կամ էն զրուցակցին սկսում եմ լսել, եթե ձայնի «երանգն» ինձ դուր ա գալիս: Ի նկատի ունեմ հաճույքի ու համաձայնության խառնուրդը, կամ էլ ուղիղ դրա հակադարձ համեմատականը, որ մի տեսակ ոչ մի տեղից ու ակամա ձևավորվում ա՝ հուզականորեն գունավորելով հաղորդակցային պրոցեսը: Թե չէ հակառակ դեպքում լսում եմ էլի, հենց-նենց:-) 

Ինչո՞ւ հանկարծ միայն էդ քննարկման ժամանակ նկատեցի էս «տարօրինակությունը». մինչև սկսելը մի քիչ ուշացումով մի կին մտավ ներս՝ փոքրամարմին, ժպտադեմ, մի տեսակ ամոթխած, իսկ պահվածքում՝ համակրելի անազատություն: Շշուկով մի քանի անգամ ներողություն խնդրեց ուշացման համար ու փորձեց տեղավորվել վերջին շարքերում: Կազմակերպիչների հորդորին մոտենալ հիմնական սեղանին, սկզբում ժպիտով մերժեց: Մի քիչ էդպես նստեց ու հետո տեղափոխվեց ամենամոտ աթոռին՝ տնօրենի կողքը:

Ինքը խոսեց գրեթե վերջում: Սկսեց համոզված, հանգիստ, մի մեկ-երկու րոպե անց աստիճանաբար էդ հանդարտությունն ալեկոծվեց ու վերածվեց բուռն, կրքոտ ելույթի: Սկիզբը դեռ լավ էր: Բայց մեկ էլ էդ կրքոտ խոսքի մեջ ականջս անսպասելիորեն սկսեցին ծակել գրեթե հիստերիկ, ճվճվալու կրեշենդոյին համարժեք նոտաներ: Անսպասելիությունից սկսեցի ակնդետ էդ կնոջը նայել՝ համոզվելու, որ ակնաջս չէր խաբում: Ախր կարճատես լինելով՝ ինձ օդուջրի պես պետք է մարդուն տեսնել, երբ նա խոսում է, որպեսզի ամեն ինչ լսեմ:-) Լողավազանում երբ ինձ են դիմում, չեմ հասկանում, որ ինձ են դիմում, քանի որ չեմ տեսնում դիմողին:-)))

Ինչևէ, էդ սուր, ճղճղան նոտաներից մի տեսակ եղա: Էդ սրությունն էնքան անհամահունչ էր նախկին տպավորությանս հետ, որ մի քիչ ավելի խորը նստեցի աթոռի մեջ, անհարմարության զգացողությունից հարմարավետայնության մեջ թաքնվելու միգուցե ենթագիտակցական մղումով: 

Ինձ համար ամենասարսափելի բաներից մեկը կյանքում, ամենատգեղ թերևս, իսկ դա էն ա, ինչից ես վախենում եմ ֆիզիկական վախով, կեղծիքն ա: Ու էդ կրեշենդոն հուշում էր, որ հանդարտությունն էդ կնոջ «եսի» մեջ մի տեսակ անհարիր էր: Չէ, կիրքը սովորաբար բարձաձայն երևույթ ա, հարցը դրանում չի: Բարձրաձայն ա, բայց ճղճղան չի կիրթ մարդու մեջ: Ճղճղանն իր տեղն ունի, հարցը լավուվատը չի, հարց ձևն ա, ձևացնելն ա...

Բայց դե մարդն ապրում ա իր համար, համոզված լինելով, որ շատ էլ ճիշտ ա ապրում, գրագետ մարդ ա, ինքն էլ իրեն լավ ճանաչում ա: Ինչ եմ քիթս խոթում ինձ չվերաբերող հարցերի մեջ: 

Եսիմ, որովհետև վերաբերողներից գլուխ չեմ հանում ու դա հավես չի...

Tuesday, September 3, 2013

Long time, no see:-)

Միլիոն տարի համարյա:-)

Բայց լավն ինչն ա․ Ղրիմը:-) Որ հասցրեցի տասը օրում միիի քիչ ճանաչել ու շատ սիրել: Վերջինը հեչ դժվար չէր, որովհետև լեռներն ու ծովն էդ գործն անում են քո փոխարեն: Առաջինն էլ, ընդամենն ուժեղ ոտքերի ու թարմ ուղեղի խնդիր էր, որ օրվա առաջին կեսին կարողանում էի ապահովել:

Սկսեմ վրձնի մեծ ու «կեղտոտ» հարվածներից (ու նախազգուշացնեմ, որ շաաատ երկար ա)․

Tuesday, July 16, 2013

Մեջբերումների դար

Պաոլո Կոելյա. «Ժպտա, որ քեզ ժպտան»
Մարկ Թվեյն. Երգիծական արձակի 10 կանոնները
Ու տենց...

Մարդկանց մի տեսակ կա, որ ինձ հիշեցում ա էլուաներին (Հ. Ուելս «Ժամանակի մեքենան»): Ապրում են իրենց համար՝ սիրուն, երջանիկ, պարում են, երգում, իրար սիրում ու չգիտեն էլ, ոնց են ծնվում կամ մեռնում: Ուղղակի վախենում են մթից, աշխատում են իրար հետ մի տեղ պատսպարվել, «մինչև բացվի առավոտը»: Իսկ մութը նաև մոռլոքներն են՝ էլուաների երջանկությունն ապահովող «կեղտոտ» աշխատանքն իրականացնողները, որոնք մարդու սարդա-կապիկանման տեսակ են դարձել: Որոնք սնվում են էլուաներով... Ոչ մի փորձ հասկանալու մութը: 

Thursday, June 27, 2013

10. Ուրիշի պատմած պատմություն, որն ուժեղ տպավորվել է

Ամեն հետսովետական հայկական ընտանիք բացի մի հին, խունացած, սևուսպիտակ ընտանեկան ալբոմն ունի իր պատմությունների ալբոմը, որ ամեն ցեղական հավաքին մեջտեղ ա բերվում ու ի տարբերություն խունացած լուսանկարների՝ սրանց մանրամասներն ամեն տարի ավելի ու ավելի գունագեղ են դառնում: 

Monday, June 17, 2013

12. Պատմություն ձեր սիրելի վայրի մասին

Ձեզ էս անգամ կպատմեմ մի էնպիսի վայրի մասին, որտեղ Հյուսիսային բևեռի սառույցն ու անդերկրյա մագման, պրերիայի կանաչն ու անապատի ոսկին, աղքատի թշվառությունն ու  հարուստի անտակ ագահությունը, ասպետի սուրն ու դավաճանի լեզուն հաջորդում են միամյանց րոպեների ընթացքում: Էստեղ դու ապրում ես մարդկության վերածնունդն ու աշխարհի վերջը, սիրո ծաղկունքն ու ատելության մտրակի հարվածները: Էստեղ դու դու ես ու քեզանից առաջ ու հետո ապրած ու ապրելիք մարդիկ: 

Friday, June 14, 2013

26. Պատմություն ձեր ունեցած ամենազարմանալի զգացողության մասին

Քայլում ենք... անցնում ենք կամուրջը... ես զգում եմ, որ մարմինս մի տեսակ ուրիշ ա՝ փափուկ, գալարվող, ինձանից դուրս, անկառավարելի, ինչպես ներքևում ինքնաբավ հոսող գետը: Կնոջ մարմին ա, ինձ՝ անծանոթ: Ես ես եմ, ու ես չեմ... Ես հյուսված եմ ցավից, զարմանքից, հաճույքից ու նորից: 

Ես ցավում եմ, որովհետև ոչ մի նոր անցավ չի ծնվում:

Ես զարմանում եմ, որովհետև երբեք ոչինչ այդքան օտար չեմ սիրել: 
Ես զարմանում եմ, որովհետև երբեք ոչինչ այդքան օտար ինձ չի մոտեցել: 
Ես զարմանում եմ, որովհետև երբեք ոչինչ այդքան օտար իմ գեղեցկության արտացոլումը չի եղել: 

Ես հաճույքից փափկել եմ, որովհետև ես միշտ մարմնովս կոշտ դիմադրել եմ աշխարհին: Իսկ հիմա բացվել եմ, տրվել եմ էդ նույն աշխարհին ու պարզել եմ, որ աշխարհը սիրուն ա, որ աշխարհը նույնքան փափուկ ա, որքան կոշտ: 


Thursday, June 13, 2013

5. Պատմություն ձեր ամենամեծ նվաճման մասին

Carpe diem: Սա իմ ամենամեծ նվաճումն ա երբևէ: Ավելին ես երբեք ի վիճակի չեմ լինի անելու: Ապրելու պահը շատ դժվար ա: Ականները ճանապարհին շատ են՝ քեզ իր հետ անդունդ տանող հոռետեսությունից մինչև անպատկառ ցինիզմ, ծիածանագույն սենտիմենտալությունից մինչև սերիալային, չարչիական տառապանք... Դու ցատկում ես մեկից մյուսը, երբեմն՝ վնասվում: Ինձ հաջողվել է առայժմ չպայթել դրանցից որևէ մեկի վրա:  Երբեմն գայթակղությունը շատ մեծ է, հատկապես երբ իմ շուրջը մեծամասամբ մարդիկ գնահատում են կյանքը հատվածներով, իսկ որոշ էական հատվածներում ես տապալվել եմ: Բայց ես դեռ նավարկում եմ:-)


Tuesday, June 11, 2013

Ժողով-մողով

Անցյալ շաբաթ մասնակցում էի գիտաժողովի: Թեման՝ սոցիալական կապիտալը: Թեմայի մասին բան չեմ ասի, բայց ընդհանուր ակադեմիական մշակույթի մասին կասեմ: Կազմակերպիչը ՀԿ էր, ու որ ճիշտն ասեմ, չգիտեմ համալսարանական գիտաժողովներն ինչպիսին են: Շատ կուզենայի իմանալ ու հուսալ, որ տարբեր են: 

Monday, June 10, 2013

14. Մի երգի պատմություն

Սրանք պատմություններ են իմ մասին: Ու սա էլ ա պատմություն իմ մասին՝ մի երգով;-) 

Երևի 20 էի:

9. Պատմություն մի կարևոր բան սովորելու մասին, որի համար չեք փոշմանում

Որ պահին փակեցիր կափարիչդ, որովհետև մտածեցիր, որ էն ինչ ունես, քեզ հերիք ա, ուրեմն դու սկսում ես մեռնել, չէ ավելի վատ, քայքայվել: Սովորելն ութերորդ հրաշալիքն ա, որ մարդն ստեղծել ա, բայց ինքը դեռ էնքան էլ գլխի չի, թե դա ինչ հրաշք ա: Ու երևի թե լավ ա, որովհետև ինչպես մնացած յոթը կա՛մ կոչնչացնի, կա՛մ կլքի, կա՛մ էլ տնտեսական ապրանք կսարքի, որն արդեն ոնց որ թե սկսել ա թափով անել: 

Չեմ փոշմանե՞լ: Էն էլ ոնց եմ փոշմանել: Մի տաս տարի անընդմեջ: Շատ էի փոշմանում, անտանելի: Մանավանդ, որ դա իմ վրա նստեց ոչ ավել, ոչ պակաս, քան թեթև ատլետիկայից հրաժարվելը:-)


Tuesday, June 4, 2013

4. Պատմություն ձեր արձակուրդից կամ Three Women on a train

in loving memory of our Scottish times:-)))))))))))))))))))))))))))))

- Բա հիմա ի՞նչ ենք անելու, - շվարած, հարցական աչքերով կանգնել ենք կառամատույցին:

Մեզ հրում են աջից ու ձախից, ձախից ու աջից (էնքան շատ մարդ կա, որ համարյա վերևից ու ներքևից էլ, ոնց որ անձրևը՝ քամու ժամանակ): 

Մերին արագ կողմնորոշվեց. 

- Վազեցինք ընկերության գրասենյակ: 


Friday, May 31, 2013

3. Պատմություն ձեր մանկությունից

Մանկությունից ներկա ես անցնում եմ խճանկարե միջանցքով, որտեղ քարեր են պակասում, շատ քարեր, մանր-մունր, բայց շատ էական: Էնքան, որ իմ խճանկարը չի ավարտվում: Երբեմն աղոտանում, երբեմն էլ գունեղանում է՝ չսպասելով որևէ հրավերի: 

Պուճուր քար 1
Գյուղում էինք: Պապաս ու Լևոնը տուն էին սարքում: Քարերն ու ավազը, քրտինքը, ճակատին կապված թաշկինակն ու նկուղի առջև հոգնած ու համով ճաշերը հիշում եմ: Ես ինչ էի անում, երբ պապաս ու Լևոնը տուն էին սարքում, չեմ հիշում: Երբեմն էլ ուղղակի գնում էինք պապիս ու տատիս տեսնելու: Ցեղն էր գալիս Եղիշ պապին ու Անահիտ տատին տեսնելու: Մինչև իրենց հասնելն արդեն ահագին իրար պատմած էին լինում, թե ինչ կա չկա, որովհետև ավտոբուսի վերջին կանգառից մինչև մեր կամ պապիս տուն մի կես ժամ էր, երեխեքի հետ՝ 45 րոպե:

Ես շատ սիրում էի հետ գալը: Դիք չկար, իսկ ավտոբուս միշտ կար: Հոգնած իջնում էինք, նստում ու սպասում, թե երբ պիտի շարժվի:


Wednesday, May 29, 2013

2. Պատմություն մի մարդու մասին, որից վախենում եք

Սիրտդ էնքան արագ ա խփում, որ ասում էս ճար լիներ, բաց թողնեի, թռչեր գնար: Ուզում ես մտնել մի ծակուռ ու երկար ժամանակ դուրս չգալ, մինչև  մի ուժեղ, չէ, համարձակ գիրկ չլինի, որ էդպես աչքերդ էլ փակ տրվես ու հետ չնայես: Քրտնում ես, նույնիսկ ամենացուրտ օրը: Սրտխառնոց, գլխապտույտ, դողերոցք: Ծայրահեղ դրսևորմամբ վախն էս ա: Առօրեական վախի հիմնական դրսևորումը կարծես թե տվյալ երևույթին (ընդհանրական արտահայտվենք) չբախվելն է:  Լավագույն դեպքում՝ ընդհանրապես:

Էսպես են, չէ՞, վախենում: 

Մարդու, ով կարող է ինձ էս վիճակին հասցնել, չեմ ճանաչում: Էնպես որ, անհետաքրքիր պատմություն ա ստացվում: Բայց վախենում եմ մի բանից: Երկար մտածեցի, որ մտաբերեմ, թե վախն ինչ համուհոտ ունի, հետո փորձեցի հասկանալ, թե դա երբ եմ զգում: Վախենում եմ անզորությունից: 

Երկար եմ մտածում, թե ում մասին գրեմ ներկա ժամանակով, չեմ գտնում: 

Անցյալով...

Մեր հարևանի՝ լավագույն բարեկամներից մեկի տղայից: Ես երկրորդ դասարանում էի, ինքը երևի յոթերորդ-ութերորդ: Ես չէի սիրում որևէ տեղից դուն վերադառնալ: Որովհետև եթե ինքը տարածքում էր, ես չէի հասցնում վազելով բարձրանալ չորրորդ հարկ: Մինչև դարձա չորրորդ դասարան: Ու էլ անզոր չէի: 

Սա կարճ ու զզվելի պատմություն ա: 

Սովորեցի չվախենալ: Ես քաջ չեմ: Համարձակ չեմ: Հաճախ վախկոտ եմ: Բայց չեմ վախենում: 

Tuesday, May 28, 2013

Երևի սկսեմ

բայց համոզված չեմ, որ հերթականությունը կպահեմ:-)

  1. Պատմություն մի բանի մասին, որ ոչ ոք չէր սպասի՝ դուք կանեք
Բալթիմորում ամռանը մարդիկ նման էին սաաաառը ջրի մեջ դրած ձմերուկի: Բայց մարդիկ քրտնում էին գաղջ խոնավությունից: Ես սիրում էի այդ գաղջությունը: Բայց ոչ հունիսյան այդ օրը, երբ ամեն ինչ անկապ էր՝ խոնավությունը, շոգը, տնային հանձնարարությունները, տրամադրությունս, շորերս, մազերս, ես՝ մի խոսքով: Դեռ կես ժամ կար, մինչև հաջորդ դասս կսկսվեր: 


Wednesday, May 22, 2013

Տխուր լինելու մասին:-)

The funny thing is when you sing the blues, you lose 'im...

Buddy Guy 

ու էլի շատ լավ մարդիկ...

Բայց ես ինչքան եմ սիրում Ջիմի Փեյջին, համարյա էնքան, ինչքան 20-ում Ջիմ Մորիսոնին:-)

Երանի էն մարդկանց, որ խելառ են ու անկեղծ՝ էդ խելառության մեջ:-)

Saturday, May 18, 2013

Բաբոս

Բաբոս էսպիսի մարդ էր.

Լինում ա չի լինում, Ղլաչում Քալի անունով մի կին ա ապրելիս լինում՝ բարձրահասակ, դիք, ասում են՝ սիրուն: Պապիկիս խորթ մայրն էր Քալին: Երբ ութ տարեկանում Նոյեմբերյանի էս  ոչ էնքան փոքր գյուղում մահանում ա պապիկիս մաման, մի նոր կին ա տուն գալիս, ու պապիկիս համար երկու եղբայր ծնում: 41-ին պատերազմ ա սկսվում: Ես եղբայրներից մեծն էդ ժամանակ ծառայելիս ա լինում Թիֆլիսում: Ամուսնացած էր արդեն: Ջահել հարսն ու նորածինն էլ Ղլաչում էին: 

Մի օր էլ պապիկիս եղբորն իմաց են տալիս, թե թող ամեն ինչ, շուտ հասի տուն. էրեխուն բան ա էղել: 

Monday, May 6, 2013

Շահեր ու բանակցության քվանտային մոդել

Վերջին մի քանի ամսվա ընթացքում մի քանի չորս օրանոց վերապատրաստման դասընթաց ներ ենք անցկանցրել մարզերում: Եղել ենք Եղեգնաձորում, Արմավիրում, Գյումրիում, Հրազդանում, Գավառում ու Աշտարակում: Դեռ մի քանի քաղաքներում էլ կլինենք, բայց ինչն ա հետաքրքիր. 

Գործընկերս ներկայացնում ա Ռոջեր Ֆիշերի համակարգած բանակցային մոդելը, որտեղ առանցքային հասկացություններից մեկը շահերի շուրջ բանակցությունն ա: Իսկ դա անելու համար պետք է կարողանաս տարբերել շահերը դիրքերից: Օրինակ՝ վերջերս ծանոթներիցս մեկը պատմում էր էն մասին, թե մեր գյուղերից մեկում ինչպես են գյուղացիք հրաժարվում հանձնել կաթը նորակառույց մթերման կետում: Պատճառը՝ առաջարկվող ցածր գինը: Հիմա գինն ինչ ա, ըստ ձեզ, շահ, թե՞ դիրք: Ֆիշերի հետ համակարծիք լինելու դեպքում՝ դիրք: Բա շահը ո՞րն ա էս դեպքում: Փորձենք կռահել՝ միգուցե իր աշխատանքին իր պատկերացմամբ համապատասխան վարձրատրվելը, եկամուտ ապահովելը, երկարատև բարձր եկամուտ ապահովելը, կոմբայն առնելը ու էլի տարբեր բաներ: Հաստատ միայն հրաժարվող գյուղացին կասեր, եթե իրեն հարցնեին, թե ինչու ա ինքն ուրիշ գին ուզում: 

Ու երբ գործընկերս արտասանում է «շահ» բառը, մի տեսակ անհարմարության զգացում ա  լցվում սենյակում: Գրեթե երբեք վարժություններ անելիս չեմ լսել, որ մարդիկ էդ բառն օգտագործեն: Խուսափում են: Երբ անգամ պնդում ես, որ ասեն, թե իրենց շահը որն է, իրենք ինչ են ուզում, ոնց որ ամաչելիս լինեն: Ուզենալն ամո՞թ է:  Մի տեսակ անհարմար զգալով ասում են՝ «Դիեգոյին վաճառել» «Շատ փող ստանալ»  (սա էլ մի տեսակ ագրեսիվ են ասում, ասես ներքուստ գիտակցելով, որ ինչ-որ վատ բան են անում, բայց մտնում են խաղի մեջ ու ալտեր էգոյով ագրեսիվոտ ասում են, որ նման շահ ունեն): 

Sunday, May 5, 2013

«Մենք»

Նոր տարուն պետք ա էս ֆիլմը նայել` ընտանիքով, ընկերներով, հարևան-բարեկամով՝

ՄԵՆՔ

Արտավազդ Փելեշյան

P.S. Միգուցե 2020-ին նայողներից մեկն էլ կշարունակի, թե մենք ով դարձանք էս մի քանի տարվա մեջ...

Friday, April 26, 2013

Գրքերի ու կինոյի ու պատմությունների ու սիրո մասին, կամ էլի սահմանների մասին

Եթե բախտներս բերի ու դպրոցում մեզ աշնան փոխարեն առաջարկեն շարադրության գրել սիրո թեմայով, բոլոր աշակերտներն էսօր մի հատ գուգլ կանեն, որ մի լավ  ասացվածք գտնեն նախաբանի համար ու, գտնելով, կամփոփեն. «Մինչ օրս ոչ ոք չի կարողացել սահմանել սերը»: 

Է, հա, չեն կարողացել, բայց լիքը տաղանդավոր ու անտաղանդ փորձեր եղել են: Ահա ևս մի անտաղանդություն՝ 38-ում ես դա սահմանում եմ էսպես՝ «Հենց կարողացար ասել, թե ինչու ես սիրում որևէ մեկին, ուրեմն էլ չես սիրում, «հավանում ես» (չակերտներով, որովհետև ուղղակի խոսքի մեջբերում է:-))»

Բայց ինչ եմ ուզում ասել. որ դարերի միլիոնավոր փորձերն էսօր ամփոփվել են կինոյում՝ կարճ, երբեմն չափազանց գեղեցիկ, բովանդակալից (դե որ ասենք միջինում 70 տարին փորձես տեղավորել 1:30 ժամում, ահագին բովանդակալից կլինի՝ հանի հերթերը, տրանսպորտը, խոհանոցը, գործի տեղը պատճենահանելն ու նման այլ մանրմունր, աննշանակալից իրադարձությունները քո կյանքից, դու էլ կզարմանաս, թե ինչ բովանդակալից կյանք ես ապրել:-)): Հետո «հեռատուտուցն» (© Հատուլիտ) անջատում ես ու փորձում նույն էդ 1:30 ժամն ապրել ասենք մի հինգ տարում: Գրքերի ու պատմությունների հարցը մի քիչ այլ ա, բայց սկզբունքը պարզ ա, չէ՞՝ քեզ մատուցվում ա սերուցք: Պարզ ա, չէ՞, թե ինչու ես վերջում դառնացած բացականչում՝ «Ռոմանտիկա չկա»: 

Չի էլ կարող լինել, եթե ուղեղդ կինո-գրքա-ուրիշային պատմություններով լցոնված տոլմա է: Տեղ չի մնում գնահատելու էն, ինչ խաղողի թփից դուրս ա: Պետք ա թփի մեջ տեղ բացել, բաղադրության փոփոխություն անել: Պետք չի կինոյի տղայի ու աղջկա նման իրար ձեռք բռնել ու խորաթափանց միմյանց աչքերի մեջ նայել՝ ջերմ, զգլխիչ ռոմանտիզմից արբենալու համար: Կարելի է պարզապես քայլել Ներվիոնի ափով, զգալ գետի զով հոսքը, կարմիր տերևների գեղեցկությունը ու կողքիդ տղամարդու առկայությունը: Վերջ, ռոմանս ա: Պետք չի էդ զբոսանքն աղտոտել մոմի լույսի տակ մատուցված հազվագյուտ ութոտնուկի չանչերից պատրաստված ընթրիքի մասին երազելով: Կարելի է անմարդ կանգառում հանգիստ հացուպանիր ուտել՝ սպասելով հաջորդ ավտոբուսին ու հերթական պատառի հետ ժպտալ կողքիդ տղամարդուն՝ ռոմանս է, էն էլ ինչպիսի... 

Գրքերը, կինոն, ուրիշների պատմությունները ոնց որ ձեն բուդիզմի ուսուցիչը՝ ուղղորդում են, բայց ամեն օր փետով մի հատ էլ հասցնում են կատարիդ՝ թե գտիր ՔՈ ճամփան ՔՈ իրականության մեջ: 

Բա, սիրելի ու սիրուն ընկեր ջան:-)  Քչփորի:-)

Tuesday, April 23, 2013

Վտանգավոր խաղի մասին

Էս խաղը չարի ու բարու խաղ ա, բայց ի տարբերութուն հեքիաթների, չկա չար կախարդ, որ սև կավճով քեզ համար գծի չարի ու բարու սահմանն, ու դու ամեն առավոտ արևին «բարև» ասելով՝ մեջքով շուռ գաս դեպի չարն ու քեզ համար ապրես գունավոր աշխարհում: 

Չկա: 

Ու դու ասում ես՝ «Սիրիր»: Հարևանին, թշնամուն: Ասում ես, երկուսով, շատով, բոլորով կարող ենք ավելի շատ բան անել, ավելի շատ բան ստեղծել, որը կիսելն ավելի հեշտ ու հաճելի է, քան չոր հացը, որի փշրունքներն էնքան քիչ են, որ ոնց էլ կիսես, մեկին չի հերիքելու ու վերջ՝ կռիվը պատրաստ ա: 

Բայց դիմացինդ, ասենք, Մարսից ա, որտեղ փշրանքը էն ամենն ա, ինչ իրեն պետք ա (պետքի սահմանն ինքը հստակ գծել ա), ինչ ինքը մտածում ա (իր մեկնաբանություններն են իր արժեքների, պատկերացումների հիման վրա, գրեթե բացարձակ ճշմարտություններ, որովհետև իր ապուպապերից սկսած իրենք էդպես են տեսել աշխարհը), ինչ ինքը ուզում ա (ինքը կամ իր փոխարեն ուրիշները, կարևոր չի, կարևոր ա, որ ինքը դա յուրացրել ա), ինչը իրան ստիպում ա ապրել: Ինքը դարերով կռվել ա, ինքը ուրիշ բան չգիտի անել: Դու էլ ասենք դարերով սիրել ես ու դու էլ ուրիշ բան չգիտես անել: 

Հիմա ի՞նչ անել, երբ դուք երկուսով հայտնվել եք ռինգում. հստակ սահմաններ կան, փախչել չի լինի: Սիրե՞լ, թե՞ կռվել: Թե՞ հարցն էլ եմ սխալ տալիս: Ուրի՞շ ինչ հարց տամ, որ էդ ռինգում էդ երկուսն իրար հետ մի օր ապրեն: 

Էսօր մի էսպիսի հետաքրքիր գործ եմ հայտնաբերել, շաաաատ հետաքրքիր: Ու արդեն մի երկու ժամ ա լսում եմ: Շատ հետաքրքիր...  Luigi Boccherini: La Musica Notturna delle Strade di Madrid - Op. 30 n. 6 (G. 324)




Monday, April 8, 2013

Տարօրինակ փաստեր

Տղամարդկանց մի տեսակ կա, որին հայտնաբերելը 30-ամյակ տևեց: Էս տղամարդիկ սկսում են ատել կնոջը նույն այդ կնոջը ցանկալու պահից և նման ցանկություն առաջացնելու պատճառով: Սովորաբար համեստ, խելացի, բորոր առումներով չափված-ձևված մարդիկ են: Ու երբ իրենց «առաքինությունը վտանգված» է, սկսում են ատել վտանգի աղբյուրը՝ կնոջը: Միևնույն ժամանակ նրանք պաշտում են մի այլ կնոջ՝ իրենց կանանց ու մայրերին: 

Տարօրինակ ա, բայց փաստ ա...

Wednesday, March 27, 2013

Պարելու մասին ու ոչ միայն

Հա, երևի դրա մասին գրեմ, ոնց որ նախավարժանք, էլի, որ հետո ստացվի գրել էն, ինչ պետք ա գրել:-) 

Էս երկու օրը սա տեսա: Իհարկե լավն ա: Շատ լավն ա: Բայց ոչ մի կերպ չեմ կարողանում կիսել էն հիացական արձանգանքը, թե «Էս ինչ հրաշք պար ա»: Բա սա պա՞՞՞՞՞՞՞ր ա.... Չէ: Սա շատ սիրուն ուրիշ բան ա, օրինակ՝ երաժշտական ակրոբատիկա: 

Tuesday, March 26, 2013

Հիմար վիճակ

Էնքան եմ ուզում գրել, բայց չի գրվում: Ոչ մի կերպ...

Monday, March 4, 2013

Գյումրի, Արմավիր, Եղեգնաձոր, Կապան

Ինչ էի ուզում ասել...

Չորս քաղաքներում մարդիկ խոսում են, թե 2015-ից հետո  էս կան էն ոլորտում ինչ հավանական զարգացումներ են տեսնում, կամ ցանկանում տեսնել Հայաստանում՝ հաճախ Հայաստանը նույնականացնելով իրենց քաղաքների, երբեմն նաև մարզերի հետ: 

Մի տեղ մեջս ուռչում եմ, որոհվետև առաջ գնացողներ են խոսում, մի տեղ  էլ հուսահատությունից պատեպատ եմ կպչում, որովհետև մարդիկ առաջը չեն էլ տեսնում: Բայց ամեն տեղ լացս գալիս ա, որովհետև խելոք մարդկանց եմ հանդիպում, որ հայտնվել են ճաղերի հետևում՝ անկախ նրանից էդ ճաղերն իրական են, թե երևակայական:


Wednesday, February 27, 2013

Առավոտ լուսո

Ինչ ա պետք օրն սկսելու համար՝ արև, համով մոկա ու գեղեցիկ ժպտացող տղամարդ:-))))))))

10 random facts about me

  1. Երբ նոր գրիչ եմ փորձում, գրում եմ «Հայաստան»: Էս բառում տառերի համադրությունը փիս դուրս գալիս ա: 
  2. Ո՜նց եմ սիրում պարել..., բայց չեմ պարում:-) 
  3. Կարմիր մանիկյուր եմ սիրում, շատ: 
  4. Երբ մարդիկ դուրս գալիս են, ու էն էլ շատ, չեմ կարողանում նորմալ խոսել իրենց հետ: Դառնում եմ ֆրիգիդ 14 տարեկան: 
  5. Հիմար սովորություն. գիրքը որ սկսեցի, մեռնելով էլ պետք ա վերջացնեմ: Վերջին երկու տարում փորձել եմ սրա առաջն առնել ու երկու գիրք կիսատ եմ թողել՝ Satanic Verses and Rabbit, Run. Երկրորդը միգուցե դեռ շարունակեմ, բայց հիմա չէ: 
  6. Շատ եմ սիրում կարճ փեշ, բայց չեմ հագնում: Սովորաբար:-) Միակ բացառությունը՝ լոնդոնյան ժամանակահատվածը: Հայաստանում էնքան էլ լավ չեմ զգում՝ հավեսով էդ փեշը կրելու համար:-) Իսկ ես համոզված եմ, եթե էդքան «դուխով» չես, որ թքած ունենաս ամեն ինչի վրա ու քեզ լավ զգաս ինչպես կաս, ուրեմն պետք ա չհագնես:-)
  7. Սիրում եմ սիրուն հագնվել:-))))))))))))))))))) Հատկապես ամռանը՝ երկար, թեթև, շատ հուլունքներով:-))))))))) Ու գլխարկներ եմ շատ սիրում: 1900-1920-ականների  նորաձևությամբ: Մոտավորապես էսպես՝
File:Paul César Helleu (1859-1927) Liane de Pougy 1908 ca.jpgFile:Fashion Plate 1909.jpg


                             
File:Ipolit Strambu - Femeie cu umbrela.jpg


Բնականաբար, չեմ հագնվում էսպես:-))))))))

8.   Շատ շուտ եմ սիրահարվում:-)
9.   Առանց երաժշտության կմեռնեմ: (Էնքան էլ փաստ չի, բայց փորձել պետք չի:-)))))))))))
10. Չեմ սիրում, երբ ինձ գովում են, հեչ չեմ սիրում: Լուրջ: Ֆիզիկապես անգամ վատ եմ զգում: Բայց միևնույն ժամանակ թառամում եմ, երբ շաաատ երկար ինձ ոչ ոք չի ասում, որ ես կարող եմ ինչ-որ բան անել, որ արածիս ու իմ մեջ արժեքավոր բան կա:-)  

Tuesday, February 26, 2013

Շաշ-մաշ էլի...

Երեկ ընկերներիցս մեկը հարցնում ա, գրավոր. «մարդը ո՞նց ա քաղաքականապես հասունանում: Կոնկրետ ի՞նչ սովորելով կամ անելով:»

Եսի՞մ: Կարճ՝ երբ թույլ չի տալիս ինքնախաբվել ու իրեն խաբել: 

Tuesday, February 12, 2013

Կողմնակալ ընկալումների ու մեր ցանկությունների մասին

Հենց նոր կարդացի Գելլափի հարցման մասին: Առաջին պարբերությունից ուրախացա, որովհետև երբ խոսում են Գելլափի մասին, մի էնպիսի վեհ դեմքի արտահայտությամբ ու առոգանությամբ են հաղորդում հարցման արդյունքները, ասես աստված վերևից իջել ա ու ռացիոնալ թվերով պատվիրել ընտրությունների ընթացքը: Իսկ հարցերը, որ առաջանում են իմ գլխում՝ «Քանի՞ հոգի ա մասնակցել հարցմանը», «Ի՞նչ կազմ ունի էդ ընտրանքը»,  «Ներկայացուցչակա՞ն է արդյոք», «Քանի՞սը չեն պատասխանել կամ դժվարացել ու չեն ցանկացել պատասխանել», իհարկե մնում են անպատասխան, ու ես թերահավատորեն ձեռքս թափ տալով, թե էլի հիմա մանիպուլյացիայի արդյունքում լիքը մարդ խաբեցին, փոխում եմ ալիքը: 

Հիմա կարդում եմ Արտակի մեկնաբանությունը ու սկզբում ուրախանում: 

Thursday, January 24, 2013

:-(

Իմ ուղեղն ինֆորմացիայից թառամում ա:-(((((( Ես ուզում եմ մի միտք կարդալ ու ամբողջ օրը դրա մասին մտածել, ու չեմ ուզում փաստեր, փաստեր, փաստեր ու ոչ մի միտք:-((

Friday, January 18, 2013

Գրելու մասին

- Իմ գրածները որ տամ, կկարդա՞ք: 
- Ըըըըըըըմմմմմմ...
- Ես բոլորին չեմ տալիս կարդալու: Պահեր կան, գանձեր կա, որ բոլորի համար չեն, բոլորի հետ չես կիսի:

Կան, իհարկե, բայց արդյո՞ք այդպիսիք համարվում են «գրական ստեղծագործություն»: Եթե  այդպիսիք գրավոր միջավայրում պիտի արտահայտություն գտնեն, ապա պետք է կոչվեն «անձնական նամակներ»՝ անկախ նամակների բովանդակության ժանրային արտահայտչաձևից: Ու վերջ, հարցը փակված է: Լսարան սկզբունքորեն պետք չի էստեղ: Բայց... եթե գրական ստեղծագործության մասին է խոսքը, արդյո՞ք դու, գրողդ ես ընտրում այն:  Հիմա հազարումի օնլայն պլատֆորմների շնորհիվ իհարկե դա հնարավոր է, բայց իրականում դա ինձ աբսուրդ է թվում. եթե դու գրում ես ոչ թե միայն քեզ, կամ մի հոգու, կամ սահմանափակ մի քանի հոգու համար, ուրեմն գրում ես անդեմ բոլորի համար: Էլ էս վերևի ֆլիրտն ինչի՞ համար ա... Էս վերևինն այլևս հայկական, կամ միգուցե նաև համաշխարհային ընդունված սիրահետման, ավելի ճիշտ գայթակղության մեխանիզմ ա, որից զահլես գնում ա (հա, ի դեպ,  նույնիսկ որպես սեռային գայթակղության միջոց, զահլես միանգամից գնում ա: Իմ հետաքրքրասիրության ռեցեպտորները միանգամից անջատվում են:)) ու եթե անգամ ինչ-որ ցանկություն կա անծանոթ ստեղծագործություն կարդալու, նման «դավադիր» նախաբանն այն սաղմում սպանում ա:


Wednesday, January 16, 2013

Իմ անեծքը:-)

Ամեն ինչ սկսվեց մի ցուրտ կամ տաք օր Բիլբաոյի Դեուստո համալսարանում: Երևի թե ցուրտ:-) Հա, հաստատ ցուրտ: Պիտի ամբողջ խումբը, մի 30 հոգի, ամեն մեկը 10 րոպեում ներկայացներ իր թեզի ընդհանուր կմախքը: 30 հոգի՝ մի քանի կապված, մի քանի ավելի քիչ կապված ու մի 10 էլ անկապ դեմք:-) Ակադեմիական առումով, թե չէ հիմնականում կայֆոտ դեմքեր էին: 30-ից շատ քչերն էին համոզված, թե մի քանի ամիս հետո ինչի մասին են գրելու, բայց որ պետք ա, պետք ա: 

Խոսում են: Ու ուղղակի իմ աչքի առաջ գոհարներ են հղկվում: Ոչ միշտ, բայց գոհարին քանակ պետք չի, որ փայլի:-) Երկու մարդու շնորհիվ: Լոնդոնի համալսարանից երկու դասախոսի, որոնցից մեկի խոսքը թրի նման կտրում էր, իսկ մյուսինն էլի կտրում էր, բայց բարոկկո դանակով:-) Անմշակ, անկապ, մոլորված մտքերից հարցերի ու դիտարկումների միջոցով էդ երկու մարդը մեկ-մեկ էնքան սիրուն բյուրեղներ էին հանում, որ «հանքափորն» ինքն անգամ սկսում էր հասկանալ իր հանքաքարի զորությունը: 

Ամփոփիչ սրճախմության ժամանակ առաջին անգամ լսեցի «Occam's razor» արտահայտությունը: Լավ չհասկացա միգուցե: Նույնիսկ ուիքի անելուց հետո ինչ-որ մշուշային զգացողություն կար: Բայց էդ ժամերի հետքը դեռ կրում եմ. երբ ինչ-որ տեքստ են տալիս կարդալու, միանում է տրամաբանական շղթայի լույսը, ու դրանից պրծում չկա: Մի միտք որ նախորդի ու հաջորդի հետ կապված չեղավ, պոզավոր սատանի նման սկսում է հալածել ինձ: Ու մինչև դրանց չսանձեմ, չեմ հանգստանում: Հիմա կմեղադրեք, թե ազատական ու ստեղծագործ մոտեցումն եմ ճնշում, բայց ինչ արած՝ հանուն պարզության, իսկ ես այն գտնում եմ միայն տրամաբանված ու հետևողական կառուցվածքի մեջ, ես պատրաստ եմ զոհել անկապ ստեղծագործությունը:-) 

Պարբերության մեջ նախադասությունների միջև բառա-հոմանիշային շղթաներ եմ փնտրում, առաջարկում: Ու դա ամենահավես մասն ա. ես ոսկերիչ պիտի դառնայի:-)))))) Էդ մանր-մունր տրամաբանական հաջորդիվ կապերը ճիշտ դասավորելուց էնպիսի բավարարություն եմ ստանում, որ ասես Պանթեոնի պատ եմ շարել:-))))))))

Ու էսպես էլի: Շատ եմ տեքստավորվել էս մի քանի օրը, դրանից ա:-)

Wednesday, January 9, 2013

Էվոլյուցիայի մասին

Էս ավելի շատ հիշելու համար ա, ոնց որ լեկցիայի ժամանակ գրառումներ անես էլի՝
֊ ձկնային օրինակ
֊֊ հետաքրքիր մարդ, ու միամիտ:֊) Ես էլ էի մի ժամանակ մտածում, որ ամեն ինչ տգիտությունից ա․ լույս վառի, կլուսավորվի:֊)