Tuesday, January 14, 2020

Փափկության ծանրությունը...

«Փափլիկը» 13.01.2020: Պատմությունը ու մարդու անփոփոխ լուսանկարը՝ Գի դե Մոպասանի, 21-րդ դարի Հայաստանի մի փոքրիկ բեմում էդ պատմությունը պատմողը՝ Նարինե Գրիգորյանն ու իր հերոսները:

Կոմսն ու կոմսուհին, չարչին ու չարչուհին, կույսերն՝ որպես աստվածային հավանության անոթ, ընթրում են ու դավում: Մինչև դավադրության խեղկատակային ողբերգությունն ու դավադիրների կեղծավորության բոցավառումն ամենամարդկային հույսի մեջ լուռ դաջվում է «Խորհրդավոր ընթրիքում». բեմում, Համազգայինի դերասանների վրձնահարվածներով... Ֆարսը մի վայրկյանում վերածվում է ողբերգության, հետո կտավների ու մասնակիցների միջոցով փոխակերպվում կատակերգության, որովհետև առանց ծիծաղի էդ ողբերգությունից դուրս չես գա...

Բեմադրությունը մարդու ու մարդկանց մասին եվրոպական մի շքեղ խրախճանք էր Եվրոպան ու մարդուն ուսումնասիրել սիրողի համար: Եվրոպան ներկայացման ամեն մի մանրամասում էր՝ պատմության, հագուստների, երաժշտության, կերպարվեստի: Մարդն էլ «ափի վրա»՝ մերկ՝ իր ամենագեղեցիկ զարդերով՝ Եվրոպական երաժշտության ու կերպարվեստով զարդարված հանդերձ...

Լուծումների առումով հավեսագույն բեմադրություն էր: Վայրկյանների տարբերությունը թերևս կշտկեր որոշակի դինամիկության ու ազդեցության ինտենսիվության պահպանման հարցը: Օրինակ՝ ընթրող ֆրանսիացիների համաչափ դանակ-պատառաքաղային մեղեդին՝ պրուսացի սպայի դիրիժորությամբ, ֆանտաստիկ ազդեցիկ էր, բայց մի երեք վայրկյանի տարբերությունն էդ մեղեդու սահմռկեցուցիչ տրագիկոմիկ ազդեցությունը փոխակերպում է սովորականի ու թուլացնում առաջին վայրկյանների ինտենսիվությունը: 

Ամբողջ ներկայացման ընթացքում ծիծաղում ես: Հավեսագույն լուծումները հավեսագույն վարպետոությամբ մարմնավորում են դերասանները, որոնք բոլորն իրենց տեղում են. 

բարձրահասակ, նրբագեղ, թոշնող կոմսուհին (Ալլա Սահակյան), որի ազնվականությանը ձեռնոց է նետում ճոռոմ ու վեհապանծ կեղծավորության մարմնավորում հանդիսացող հատիկ-հատիկ, պլաստմասե առոգանությունը, 

փոքրամարմին ու արագաշարժ չարչուհին (Արմինե Անդրեասյան), որը թվե (այն էլ առնվազն երեք զրոյով վերջացող) աստիճանով իր համար ապահովել է կոմսուհուն գրեթե հավասար  մի տեղ էլիտարության սանդղակի վրա, 

անսեռ, չորացած միանձնուհին (Սերգեյ Թովմասյան), որ պատրաստ է խնամել տառապյալ զինվորին, բայց անպատրաստ ներել իրեն էդ զինվորին ծառայելու հնարավորություն ընձեռած պոռնիկին,

երիտասարդ, սփրթնած միաձնուհին (Մարիա Սեյրանյան), որի դալուկ հայացքի ու հիվանդոտ մարմնի պատճառն ակնհայտորեն Աստվածաշնչի սերտումն ու էդ գործողությունից խուսափելու անհնարինության գիտակցումն է, և ոչ թե աշխարհիկ մեղքերի դեմ անզիջում պայքարը,

բոլոր երկրներում ու բոլոր դարերում անպակաս պրագմատիստ ու կենսախնիդ պանդոկատերը (Վարշամ Գևորգյան), որը ճարտար սուլոցով, ճարպիկ ձեռքերով ու խոհանոցային սպասքի ստեղծագործ կիրառմամբ ապահովում է թե՛ պատմության շարունակականությունը, թե՛ դրա գործվածքի որոշակի գունագեղությունը,

հիստերիկ ու իր երազանքներով ամենայն անկեղծությամբ հայրենիքին կյանքը զոհաբերած ու, բարեբախտաբար քանի որ զոհաբերությունները եթերային են, դրանցից պահուստային մի տասնյակ միշտ գրպանում պահող Կորնյուդիեն (Նարեկ Բաղդասարյան), որի դիմա- ու մարմանախաղը ապահովեցին ծիծաղների առնվազն մեկ երրորդը,

արժանապատվությունը գետնով տալիս անգամ արժանապատիվ կոմսը (Դավիթ Հակոբյան),

գեղջկական խորամանկությամբ քաղաքացու հովերին տրվող, իր էժան գինիների նման էժանագին արժեքներով չարչին (Գագիկ Մադոյան) ու իհարկե,

գերմանական կարգուկանոնի մոլեռանդ երկրպագու պրուսական սպան (Ստեփան Ղամբարյան)...

Ամբողջ ներկայացման ընթացքում ծիծաղում ես: Գրեթե մինչև վերջ: Բայց վերջում դուրս ես գալիս ողբերգականության բեռից մի քիչ գլխահակ. զայրանում ու ներում ես (կամ էլ ոչ) կեղծավորին, խղճում ու ներում ես (կամ էլ ոչ) թույլին, ուժեղն ու լավն ես ուզում, բայց քո ուժեղն ու լավն էդ կեղծավոր ու թույլից են խմորված...

Նայել: Հաստատ: Քեզ հետ մնացող բեմադրություն ա: Ուրիշին էդ մասին պատմելու  ցանկություն ծնող բեմադրություն ա: 

Friday, January 10, 2020

ՍեՌժոյի հավանական արկածները Պոլիտեխնիկում

Իմ մանկության «Թոմ Սոյերի արկածները» գիրք չէր, այլ Լևոնի ու Նանաշոյի ուսանողությունը: Ես երազում էի հայտնվել էդ պատմություններում, «երբ ես ուսանող լինեմ»...

ՍեՌժոն ստեփանավանցի պուճուր-մուճուր, շուստրի-մուստրի տղա էր: Երբ սովորելն իրենից նեղանում էր, ճարտար արկածախնդրությանն էր հյուընկալվում: ՍեՌժոն գիտեր, որ քննությունից պիտի կտրվի, ուստի.

- Ընկեր Դասոյան, էկեք դուք ինձ իրեք նշանակեք, էլի:
- Չորս պակրիշկա՞...
- Բա ոնց, ընկեր Դասոյան ջան:  
- Կարո՞ղ ես էդ պակրիշկեքը քննությունից հետո տանել դաչա:
- Հա, բա ոնց, ընկեր Դասոյան ջան: