Կառավարումը դեռևս հիմնված է ավանդական թղթաբանության վրա, թեև ջանքեր (իհարկե լուրջ) արվում են էլեկտրոնային կառավարման ուղղությամբ: Սակայն ինչքանով որ ես եմ առնչվել, առայժմ օգտագործվում են միայն դրա տվյալների հավաքագրման և պահպանման գործառույթները: Դեռ 2000թ. ԱՄՆ-ի սովորական համալսարաններից մեկը վաղուց բոլոր վարչարարական գործառույթներն իրականացնում էր էլեկտրոնային կառավարման միջոցով...
Օրինակ. համալսարանում կա այսպես կոչված «Ուսանողների աջակցության կենտրոն»: Կենտրոնի ծառայությունից օգտվելու համար անպայման մի լավ գիրք պետք է վերցնես հետդ: Միշտ հերթ է, մեծ:-) Իսկ հերթերը գոյանում նաև այն պատճառով, որ մոտենում ես ու հարցնում.
- Ներեցեք, մեկ շաբաթ առաջ տեղեկանք էի խնդրել: (Ընդ որում, հատուկ փաստաթուղթ ես լրացնում, օնլայն դիմել չես կարող):
- Մեկ րոպե (կանգնում է, գնում սենյակի անկյունում դրված սեղանի մոտ, նայում բազմաթիվ ծրարներն ու վերադառնում): Ներեցեք, այստեղ չկա, ես փորձեմ պարզել իմ կոլեգաներից (Հեռանում է դեպի հաջորդ երկաաաար սենյակը, խոսում առաջին կոլեգայի հետ, հետո մոտենում երկրորդի սեղանին, հետո անհետանում ու վերադառնում): Ներեցեք, իմ կոլեգան, ով ստորագրելու էր տեղեկանքը, հանդիպման է, մի քանի ժամից նորից եկեք, լա՞վ:
- Լավ, իհարկե («Տեսնես կոլեգաների հետ ներքին կապով հնարավոր չի պարզել, կա՞ տեղեկանքը, թե՞ ոչ: Չկա՞ արդյոք online tracking system, ում ինչ փաստաթուղթ են տվել, երբ, երբ է վերջնաժամկետը»...)
Լավ, իսկ բուն կրթական գործընթացն այսպիսին է: Մագիստրատուրայի ծրագրերը կազմված են մի քանի դասընթացներից, որոնցից յուրաքանչյուր քառորդի ընթացքում պետք է ընտրել երկուսը միայն, ի տարբերություն մեր 5-6-ի: Դասընթացը կազմված է մոտավորապես 12 դասերից (շաբաթական մեկ հանդիպում), որոնցից յուրաքանչյուրն անդրադառնում է տվյալ ակադեմիական թեմայի ենթաթեմաներից ու հիմնախնդիրներից մեկին: Դասընթացն ունի համակարգող, ով պատասխանատու է դասընթացի կառուցվածքի, բովանդակության և մատուցման համար, իսկ առանձին դասերի վարման համար հրավիրվում են տվյալ թեմայով հետազոտություններ իրականացնող դասախոսները: Արդյունքում, յուրաքանչյուր դասընթացի ընթացքում կարող ես հանդիպել 3-8 տարբեր դասախոսների: Ընդհանրապես բրիտանական համալսարանների հիմնական գործառույթներից մեկը, բացի բարձրագույն կրթության ապահովումը, հետազոտությունների իրականացումն է, և յուրաքանչյուր դասախոսի որակավորում և հեղինակություն պայմանավորված է իր հեղինակած հետազոտությունների թվով: Միայն անցյալ տարի IoE-ին 15 միլիոն փաունդ արժողությամբ հետազոտություններ է իրականացրել...
Ինչևէ, շարունակենք: Բացի դասախոսներից, դասընթացի «անձնակազմը» բաղկացած է tutor-ներից, որոնք դասի ընթացքում այլ դասախոսների հետ միասին մասնակցում են խմբային աշխատանքներին, իսկ քառորդի վերջում օգնում առանձին ուսանողների՝ կատարելու առաջադրանքը, որը հանդիսանալու է քառորդի ամփոփման և ուսանողի առաջադիմության գնահատման հիմնական գործիքը:
Դասավանդման մեթոդաբանության առումով առաջնային է դասախոսությունը: Դասի տևողությունը երեք ժամ է, որից առաջինուկեսը դասախոսը դասական լեկցիա է կարդում: Նույնիսկ նրանք, ովքեր ՏՀՏ-ով փորձում են դասախոսության բազմազանությունն ապահովել, դա անում են մի տեսակ ստիպված. ասես, ինչ-որ մեկն իրենց ասել է, որ դա պարտադիր է if you want to look cool ու իրենք էլ կիրառում են:-) Ինձ չափազանց զարմացրեց այն հանգամանքը, որ դասախոսների մի մասը կարդում է PPT slide-ները: Ընդ որում PPT կիրառելու առաջին կանոնը, որ ես սովորել եմ և անընդհատ համառորեն կաթացնում էին ականջիս ԱՄՆ-ում, սլայդների վրա ներկայացված տեքստի հակիրճությունն է, իսկ այստեղ հոդվածներից ամբողջական մեջբերումներ են ներկայացված 10 չափի տառատեսակով:-)
Հանրահայտ Blackboard-ը ընդամենը էլեկտրոնային տեքստերի գրադարանի դեր է կատարում: Սրանից ամենաշատն էի զարմացել, որովհետև ԱՄՆ-ում այս ծրագրի հնարավորությունների կիրառումը սպառիչ էր և հիանալի կերպով լրացնում էր լսարանային դասավանդումը: Բայց դեռևս վաղ է երեք դասընթացի հիման վրա ինչ-որ եզրահանգումներ անել: Թեև հենց երեկ կարդացածս հոդվածը, որը քննարկում էր բրիտանական համալսարանների ապագա խնդիրների ու մրցակցության թեման, նշում էր, որ բուհական դասախոսների կողմից ՏՀՏ կիրառումը կրթական գործընթացում դեռևս բարելավման կարիք է զգում:
Հա, ո՞ւր հասանք: Դասերին:-) Դասի երկրորդ կեսին սովորաբար խմբային աշխատանք է կատարվում: Քննարկվում են տվյալ թեմային առնչվող հարցեր, կամ տվյալ հիմնախնդրի գործնական կիրառման օրինակները: Քանի որ օտարերկրյա ուսանողներն ապահովում են նման օրինակների բազմազանությունը, նման քննարկումները բավականին հետաքրքիր են: Օրինակ՝ իմանում ես, թե Եթովպիայում կամ Ֆիլիպիններում ինչպես, ինչու և երբ է զարգացել հանրակրթությունը (Եվրոպայի մասին, բնականաբար, իմանում ես դասախոսից:-)): Երբեմն, իհարկե, մեծ համբերություն է պահանջվում, հասկանալու տարատեսակ անգլերեններն ու դիմանալու մտքերի համակարգման փորձերին, բայց արդյունքն իսկապես արժի այդ ջանքին:-)
Յուրաքանչյուր դասին նախապատրաստվելու համար պետք է կարդալ առնվազն երեք հոդված կամ համապատասխան գրքից հատվածներ: Այստեղ անընդհատ խրախուսվում է ուսանողների համատեղ աշխատանքը, ամեն դասից առաջ հարցնում են, ձեր study group կազմե՞լ եք: Որը ենթադրում է ուսանողների փոքր խմբեր, որոնք դասերից առաջ կհավաքվեն ինչ-որ տեղ և ավելի անմիջական միջավայրում կքննարկեն տնային հանձնարարությունները: Մինչև հիմա քննարկան փոխարեն ստացվել է մեկ կամ երկուսի կողմից չկարդացողների համար տվյալ հոդվածների ամփոփում:-)
Նախանձելի գրադարան կա, իհարկե... Թե՛ ավանդական, թե՛ էլեկտրոնային: Եվ այդ ամենը կրթության վերաբերյալ: Հայաստանում կրթական որևէ հետազոտության զեկույց գտնելիս մի երեք ամիս հպարտորեն բոլորին հայտարարում էի, թե ինչ գանձ ունեմ մոտս, ինչ նորություն է (օրինակ, 2000թ. կատարված հետազոտությունը), հիմա ստիպված եմ նեղացնել կրթության մեջ հետաքրքրությունս, որպեսզի կարողանամ եղած գրականությունից արդյունավետորեն օգտվել:-) Դեռ չեմ հասցնում համալսարանում կազմակերպվող բազմաթիվ սեմինարներին մասնակցել, բայց աստիճանաբար դա էլ պետք է սովորել անել, որովհետև շատ հետաքրքիր միջոցառումներ կան: Մյուս անգամ էլ՝ դասախոսներից ու համակուրսեցիներից:-)