Երևի մեծանում ենք էն ժամանակ, երբ չենք կարողանում զարմացած նայել կյանքին... Երբ մինչև հարցը գիտենք պատասխանը, երբ սևն ու սպիտակն արդեն չեն կարողանում ապրել կողք-կողքի, ուր առաջ չէին նեղվում իրարից, որովհետև գիտեին, որ անխուսափելիորեն հաջորդելու են իրար, երբ գնահատականն առաջ է ընկնում ընկալումից ու դիմացինին հասկանալու ցանկությունից... կարճ` երբ սկսում ենք ինքներս մեզ լուրջ ընդունել: Ծիծաղը մեր հայելին է, ուր ծամածռված ու աղավաղված եսն անգամ ստիպված է մի կողմ նետել իր չարությունը, քանզի չտրվել ծիծաղի նուրբ ջերմությանն ուղղակի անհնարին է:
***
21-րդ դարում անպայման պետք է կարծիք ունենալ: Ամեն ինչի մասին: Կարծիքներով դասակարգվում ենք տեսակների: Ախր տեսակներով մտածելը հեշտ է. ո՞րն է հեշտ՝ 10 մասին մի ընդհանրական կարծիք ունենալը, թե՞ 10-ի մասին քսան մասնավոր դեպքերով պայմանավորված կարծիքներ ունենալը...
Ռաֆլեսիա ծաղիկ կա: Յոթ կիլոգրամ է կշռում: Փտած մսի հոտով ինդոնեզիական այս ծաղկին երկար ժամանակ չէին կարողանում խցկել որևէ ընտանիքի մեջ: Բայց գիտնականն էլ հենց նրա համար է, որ եղած-չեղածը մի լավ ուսումնասիրի ու կամ նոր կանոն ստեղծի կամ հնի մեջ տեղավորի: Ռաֆլեսիան տարիներով ուսումնասիրելուց հետո ի վերջո մտցրեցին մի ընտանիքի մեջ, որին պատականում է նաև հապալասը: Բուսաբանն էլ կասի, թե որն է դա:
Մենք էլ մարդկանց կարճ ու երկար ուսումնասիրելուց հետո տեղավորում ենք մեր տեսականիում ու պախարակում կամ պարգևատրում իր տեսակից շեղվելու համար: Հիմնականում ռաֆլեսիատեսակները հաճախ չեն պատահում, պատահելիս էլ արդեն համբերություն չունենք ուսումնասիրելու: Առաջ ենք ընկնում մեր խցկելամոլուցքով...
***
Շոգ է: Արևից տաքացող գլխում երկու արքա կա. տապն ու դնջությունը: Պաղպաղակի նման հալվող, ծորուն ու կպչուն մտքեր, որ աղտոտում են ուղեղդ ու ախտահարում ներսդ:
P.S. արդեն հուլիս է...
No comments:
Post a Comment