Monday, October 15, 2007

Ինչպե՞ս սովորել չլռել

Քարե սիմֆոնիայի մեղեդին այսօր ցավն է...

Գրեթե մի շաբաթ է, էլեկտրոնային տեղեկատվական դաշտում Հայոց Ցեղասպանության մասին բանաձևին զուգահեռ գործողության կոչեր են քննարկվում Գառնու ժայռակերտ գեղեցկությանն սպառնացող վտանգը կանխելու վերաբերյալ:

Այսօր Կառավարության տան դիմաց բողոք-ցույց էր: Երբ գնացի, հավաքվել էին մոտավորապես 20-30 հոգի և յուրաքանչյուր հինգին բաժին ընկնող մի լրագրող: Հիմնականում երիտասարդներ և ծանոթ դեմքեր, որոնց տեսնել էի Լևոն Գուլյանի մահվանը հաջորդող երթի ընթացքում:

Ինչո՞ւ ենք լռում: Անտարբեր ենք ու վե՞րջ: Սա՞ է պատասխանը: Մի՞գուցե բողոքողներս չենք կարողանում խոսել նրանց հետ, ովքեր չեն ուզում լռել, բայց չգիտեն ինչպես դա չանել:

Վերջին Սկսելա-ի կազմակերպած ռոք համերգին ներկա էր նաև ամերիկահայ ընկերուհիս: Սառան փորձում էր հասկանալ, թե Սկսելան ինչ է: Էհ, ես էլ շատ բան չգիտեմ, բայց ասեցի, ինչ գիտեի: Սառայի ամենավերջին հարցը. «Ի՞նչ ես կարծում, իրենք ճի՞շտ են գործում»: Դե արի ու պատասխանի:-)

Չգիտեմ, բայց մի բան գիտեմ, որ այդ երիտասարդները` կիրթ, կրակոտ, ոչ անտարբեր, ստեղծագործ չեն խոսում միջին, ռաբիզ, փողասեր, կրքոտորեն «թասիբ պահող», ավանդույթի տակ ճմրթված հայ երիտասարդի հետ: Աղբ չթափե՞նք: Շատ լավ: Իմ հետևողական չթափելուց հետո, ես պիտի կարողանամ պահել դիմացինիս ձեռքը, որը պատուհանից մայրուղու վրա է նետում դատարկ շիշը: Պետք է նրան օգնեմ, որ հասկանա ու չանի: Ինչպե՞ս, ի՞նչ է պետք է դրա համար, ինչքա՞ն ժամանակ ու ճանապարհ է պետք կտրել... Միգուցե անպատասխան հարցեր են...

Ինչպե՞ս իմ ուսանողներին համոզեմ, որ եթե իսկապես ցավում են Գառնու հրաշքի համար, պետք է բարձրաձայնել այդ ցավը, ոչ թե պարզել, պարտադի՞ր է մասնակցել բողոք-ցույցին, թե՞ ոչ: Իսկ միգուցե պետք էլ չի դա անել... Միգուցե երբեմն պետք է ուղղակի պարտադրել լավը... Բայց ախր դրանով իսկ արդեն խեղդում ես այդ լավը...

No comments: