Monday, October 29, 2007

Թիվ 3 երաժշտական դպրոցն ու իմ կանացիության դասերը

Եվ ինչո՞ւ են մեր կանայք որոշակի տարիքից հետո դառնում անսեռ, անդեմ, լուռ կամ վայրագ արարածներ...

Երաժշտական դպրոցում մի ուսուցչուհի ունեի: Դասավանդում էր երաժշտության պատմություն: Ընդհանրապես երաժշտական դպրոցում կանայք տարբերվում էին մյուս կանանցից, որոնց հանդիպում էի մեր շենքում, դպրոցում (դե, դպրոցում նրանք բոլորն ուսուցիչ էին, կին չէին:-)), փողոցում: Միգուցե հենց երաժշտությո՞ւնն էր, որ թույլ էր տալիս կանացիությանը ճառագել այդ կանանց մեջ: Երաժշտականում կանայք ռուսերեն էին խոսում, որն իմ ականջին շատ ավելի նրբագեղ էր հնչում, քան հայերենը (мягкий знак-ն էր պատճառը:-)), զգեստները միանշանակորեն տարբերվում էին փողոցի կանանց հանդերձից` վառ գույներ, ձևերի և զարդերի բազմազանություն, փոքրիկ մանրամասներ, որոնց միջոցով ուղղակի փթթում էր կանացիությունը, օծանելիքի բուրմունք, որը տարբերվում էր սենյակից սենյակ: Ակնհայտորեն կանացի մարմնի արտահայտչամիջոց, ոչ թե փախուստ մերկությունից...

Իմ ուսուցչուհին նույնիսկ այս կանանց մեջ էր յուրահատուկ: Ուղիղ, սև մազեր ուներ, սովորաբար մեջտեղից կիսաբաժանով և կիպ հավաքված: Փոքրամարմին էր և միշտ բարձրակրունկ կոշիկներ էր կրում, մարմինն ընդգրկող կիսաշրջազգեստներ, որոնք ինչ-որ անփույթ հանդգնությամբ բացում էին աջ կամ ձախ ազդրը: Սովորաբար նախընտրում էր կարմիրը կամ սևը: Դեմքը միշտ բաց էր, հազվադեպ էր ժպտում, ծիծաղելիս ընդհանրապես չեմ հիշում:

Ես նստում էի վերջին նստարանին, քանի որ բարձրահասակ էի և չէի ուզում մյուսներին խանգարել ու լուռ գրում էի այն ամենն, ինչ նա թելադրում էր: Հետո միացնում էր նվագարկիչն, ու պետք է որոշեինք, թե ինչ ստեղծագործություն ենք լսում: Մինչ մենք լսում էինք, նրա հայացքը թափառում էր ողջ սենյակում, դրանից դուրս... Այդ ժամանակ ես լուռ ուսումնասիրում էի այդ կնոջը ու մի օր որոշեցի, որ «մեծանամ, իր նման եմ դառնալու»:-)

Այդ կինն իր էությամբ ինձ համար բացահայտեց կանացիությունը: Նրա մեջ ամեն ինչ համահունչ էր. սև, կարճ կիսաշրջազգեստն ու մեծ շղթան, որ քայլելիս ավելի էր ընդգծում նրա կրծքերը, բարձր կրունկներն ու իր փոքր մարմնին անհարիր մեծ պայուսակը... Ամեն ինչ...

Կարող եմ նկարել այդ կնոջը, իսկ անունը չեմ հիշում...

No comments: