Wednesday, October 31, 2007

Զբոսանք

Քայլում ես արահետով: Սովորաբար այստեղ ասում են, ՙՇուրջը լուռ էր՚: Լուռ չի: Ոտքերիդ տակ շագանակն ու ոսկին փշրվում են ու ներկում լռությունը խշշոցով, որ անտառից դուրս չես գտնի: Վերևից ինչ-որ թռչուն ինչ-որ բան է ասում, իսկ դու փորձում ես հիշել երրորդ դասարանի բնագիտության դասերը, որովհետև վեցերորդում կենսաբանության ուսուցչուհիդ պատմում էր ընկերության ու հավատարմության վսեմ մարդկային արժեքներ լինելու մասին: Սարյա՞կ: Կարևոր չի: Կարևորը քո ու անտառի հանդիպումն է: Կարևորը ծառերի ու քո մարմնի ջերմությունն է: Արևն է` տխուր ժպիտով ճյուղերից ներսդ հորդացող: Ու բացատն, ուր արևն իր վերջին մարտն է պարտվում բոսորագույն մայրամուտին, որ չես կարող տեսնել, չէ, բայց կարող ես հիշողությանդ կարթը նետել դեպի ծովն անվերջ կամ հարթությունն անսահման:

Քայլում ես արահետով ու մտքերիդ մեջ թաղված պոկում կորած-մոլորած աշնանային ծաղիկը: Որովհետև այդ պահին գեղեցիկ էր, որովհետև հաճելի է մարմինդ ու եսդ հաղորդակից դարձնել նման գեղեցկության: Որովհետև անտառ կար մեջը...

Բայց արահետն ավարտվում է ու սկսվում է քաղաքը: Քաղաքում ծաղիկն ինչ-որ հիմար տեսք ունի: Կարող ես տեղավորել ծաղկամանի մեջ, մոռանալ, մինչև ստիպված չլինես ջուրը փոխել կամ ուղղակի թափել այն: Կարող ես թողնել արահետին: Էական չի...

Քայլում ես արահետով ու մտքերիդ թելն ընդհատում կորած-մոլորած աշնանային ծաղկի մոտ: Բնազդաբար մեկնում ես ձեռքդ պոկելու համար: Հետո հիշում ես քաղաքը, նստում ես հողին, մեջքդ հենում ծառին ու նայում ծաղկին: Ու անցնում, որովհետև անտառ կա մեջդ...

Tuesday, October 30, 2007

Jogging with the wind

Կարճատեսների մեծագույն առավելությունը գիտե՞ք որն է. ակնոցը հանելը:-) Ամենահարմար ֆիլտրը` երբևէ ստեղծված մարդու կողմից:

Հանում ես ակնոցդ ու շարունակում վազել` առանց անհանգստանալու երթուղայինների վարորդների վզերի մասին: Միևնույնն է` վզի տերը դու չես:-) Լավ է, ցերեկներն աշխատում եմ, թե չէ ակամա վթարների պատճառ էի դառնալու:-)

Իսկ վաղ առավոտվա վայրագ քամու հետ կռիվ տալն ինչ ասես չարժի: Նույնիսկ եթե հաղթողը դու չես:-)

Սիրում եմ քաղաքը: Երբեք չգիտես իր անտարբեր գիրկն ում համար է տաքացնում: Իսկ առավոտյան անկեղծ է, ինչպես չշպարված կինը: Առավոտյան ինչպես կնոջ, այնպես էլ քաղաքի միակ զարդն իր բնատուր կամ մարդատուր գեղեցկությունն է...

Monday, October 29, 2007

Թիվ 3 երաժշտական դպրոցն ու իմ կանացիության դասերը

Եվ ինչո՞ւ են մեր կանայք որոշակի տարիքից հետո դառնում անսեռ, անդեմ, լուռ կամ վայրագ արարածներ...

Երաժշտական դպրոցում մի ուսուցչուհի ունեի: Դասավանդում էր երաժշտության պատմություն: Ընդհանրապես երաժշտական դպրոցում կանայք տարբերվում էին մյուս կանանցից, որոնց հանդիպում էի մեր շենքում, դպրոցում (դե, դպրոցում նրանք բոլորն ուսուցիչ էին, կին չէին:-)), փողոցում: Միգուցե հենց երաժշտությո՞ւնն էր, որ թույլ էր տալիս կանացիությանը ճառագել այդ կանանց մեջ: Երաժշտականում կանայք ռուսերեն էին խոսում, որն իմ ականջին շատ ավելի նրբագեղ էր հնչում, քան հայերենը (мягкий знак-ն էր պատճառը:-)), զգեստները միանշանակորեն տարբերվում էին փողոցի կանանց հանդերձից` վառ գույներ, ձևերի և զարդերի բազմազանություն, փոքրիկ մանրամասներ, որոնց միջոցով ուղղակի փթթում էր կանացիությունը, օծանելիքի բուրմունք, որը տարբերվում էր սենյակից սենյակ: Ակնհայտորեն կանացի մարմնի արտահայտչամիջոց, ոչ թե փախուստ մերկությունից...

Իմ ուսուցչուհին նույնիսկ այս կանանց մեջ էր յուրահատուկ: Ուղիղ, սև մազեր ուներ, սովորաբար մեջտեղից կիսաբաժանով և կիպ հավաքված: Փոքրամարմին էր և միշտ բարձրակրունկ կոշիկներ էր կրում, մարմինն ընդգրկող կիսաշրջազգեստներ, որոնք ինչ-որ անփույթ հանդգնությամբ բացում էին աջ կամ ձախ ազդրը: Սովորաբար նախընտրում էր կարմիրը կամ սևը: Դեմքը միշտ բաց էր, հազվադեպ էր ժպտում, ծիծաղելիս ընդհանրապես չեմ հիշում:

Ես նստում էի վերջին նստարանին, քանի որ բարձրահասակ էի և չէի ուզում մյուսներին խանգարել ու լուռ գրում էի այն ամենն, ինչ նա թելադրում էր: Հետո միացնում էր նվագարկիչն, ու պետք է որոշեինք, թե ինչ ստեղծագործություն ենք լսում: Մինչ մենք լսում էինք, նրա հայացքը թափառում էր ողջ սենյակում, դրանից դուրս... Այդ ժամանակ ես լուռ ուսումնասիրում էի այդ կնոջը ու մի օր որոշեցի, որ «մեծանամ, իր նման եմ դառնալու»:-)

Այդ կինն իր էությամբ ինձ համար բացահայտեց կանացիությունը: Նրա մեջ ամեն ինչ համահունչ էր. սև, կարճ կիսաշրջազգեստն ու մեծ շղթան, որ քայլելիս ավելի էր ընդգծում նրա կրծքերը, բարձր կրունկներն ու իր փոքր մարմնին անհարիր մեծ պայուսակը... Ամեն ինչ...

Կարող եմ նկարել այդ կնոջը, իսկ անունը չեմ հիշում...

Saturday, October 27, 2007

Ե՞ՐԲ

Երեկ գիտակցաբար չգնացի հանրահավաքին:

Ես մի ակնկալիք ունեմ առաջնորդից. խոստովանել, որ առաջնորդությունը սարսափելի ծանր պատասխանատվություն է, որն ինքն ստանձնում է, որովհետև պատրաստ է պատասխան տալու հաջողությունների և ձախողումների համար: Ես չեմ ուզում լսել այն մասին, թե ինչ սխալներ են արվել մինչև իր առաջնորդությունը, ինչ կարող է անել ինքը սխալները շտկելու համար: Չէ:

Ուզում եմ տեսնել առաջնորդ, ով կարող է իրեն թույլ տալ խոստովանել, որ «տեր լինել» նշանակում է «ծառայել», ով իր առօրյա կյանքի ամեն մի ժամով ապացուցելու է իր յուրաքանչյուր խոսքը: Չեմ տեսնում, չկան:

Շատերն ասում են, կան ընթացակարգեր, որոնք չի կարելի խախտել: Ո
՞վ ասաց: Եթե կարող եմ մի օր փողոց դուրս գալ, օպերայի պապիկների հետ զրուցել ու իմանալ «ինչն ինչոց ա», ո՞վ է ասել, որ մի խումբ մկան եմ հետևիցս քարշ տալու: Անվտանգությո՞ւն: Անվտանգությունը սերն ու հարգանքն է:

Կարդում եմ Տեր-Պետրոսյանի ելույթը: «Ռեժիմի անբարո գործունեության արդյունքում առաջին պլան են մղվել մարդ-արարածի ամենաստորին բնազդները: Դրանով ահռելի հարված է հասցվել ազնվության, արդարության, պարկեշտության, ինքնազոհության վերաբերյալ մեր ժողովրդի մոտ ավանդաբար ձևավորված պատկերացումներին»: Է, հա: Անորակների հավաքածու ենք: Փաստ: Ո
՞վ մեզ այդպիսին դարձրեց...

"We must remove the hatred for the British from our hearts. At least, in my heart there is no such hatred. As a matter of fact, I am a greater friend of the British now than I ever was. The reason for this is that at this moment they are in distress. My friendship demands that I must make them aware of their mistakes. As I am not in the position in which they find themselves, I am able to point their mistakes out to them."

1942-ին Գանդին այսպես է դիմում Համահնդկական կոնգրեսին:

Ընկերոջն ատելությամբ չեն մատնանշում իր սխալները: Տեր-Պետրոսյանն ինքն է խոստովանում, որ Քոչարյանն ու Սարգսյանն իր ընկերներ են եղել: Հատկապես, երբ սխալների ակունքը բուն այդ ընկերության ընթացքում է ձևավորվել: Մոլախոտին իր էության մեջ պետք չի մեղադրել, եթե ինքդ ես հոգատարությամբ տնկել դրա սերմերը: Աճած մոլախոտը կարելի է արմատախիլ անել, բայց նա ով չի գիտակցում, որ իր ձեռքում վարդի սերմեր չեն, այլ մոլախոտի, իրավունք չունի վարուցանքով զբաղվել: Վերջ:

Խոստանում է անդրադառնալ մեղադրանքներին հաջորդ ելույթների ընթացքում: Չէ: Նախ քավարան են մտնում, մաքրվում, հետո վայելում դրախտը:

«Նախ և առաջ պետք է մաքրել սեփական ախոռները»: Իսկապես, իսկ ինչո
՞ւ եք ուրիշինից սկսում:

Հեղձուցիչ է օդն էս երկրում...

Ե
՞րբ ենք ծնելու ոգով արիներ...

Wednesday, October 24, 2007

Տրիստան և Իզոլդա

6-րդ դասարան: Մեր մի սենյականոց բնակարանի պատշգամբը, որտեղ աշխարհի ամենահարմար թախտն էր, թախտի տակ` աշխարհի ամենաանհասկանալի ու ամենասիրուն գունավոր գրաֆիկան` մորաքրոջս տղայի չգիտեմ ինչ շենքի նախագիծը ու թախտին կպած գրադարակը: Նոր հրատարակությունները` վերևի դարակներում, հները` ներքևում:

Ամենաներքևում փոքր ու մաշված գրքերն էին: Շատ էի սիրում դրանց մեջ քուջուջ անել: Գտա հնամաշ, էջերը պոկված մի կապտադեղնավուն գիրք` «Տրիստան և Իզոլդա» ու արնախումի նման վրա տվեցի: Էջերը կլանում էի անհագությամբ, որը բնորոշում էր իմ ագահությունը պաղպաղակ ուտելիս միայն (խեղճ Էդգար:-) մինչև ինքը սիրուն-սիրուն, պապայի սովորեցրած ծաղիկներով ըմբոշխնում էր իր պաղպաղակը, ես ֆուրիայի նման, լուռ, չռված աչքերով կանգնում էի կողքին ու եթե հանկարծ հյուրասիրության առաջարկ չէի ստանում, սկսում էի. «Էդգա՜՜՜՜ր, մի քիչ կտաս քո մառոժնուց...»):

Օրերից մի օր հայրս տեսավ թախտին տնկված, գիրքը ձեռքիս:
- Ի՞նչ ես կարդում:
- Տրիստան և Իզոլդա:

Մոտեցավ, գիրքը վերցրեց, դրեց տեղն ու ասաց.
- Էլ չկարդաս սա: Դեռ քո տարիքը չի:

Ահա, բա ոնց: Իմ երջանկության ու տառապանքի ժամերը չափվում էին պապայի աշխատանաքային ու հանգստի ժամերով:-)

Կարդացի, լացեցի, այդպես էլ չիմացա ինչու իմ տարիքը չի ու գիրքը դրեցի նույն տեղը...

Երևի ճիշտ էր պապան...

Monday, October 22, 2007

Ամենաություն

21-րդ դարում ամեն ինչ կարելի է բացատրել: Ամեն ինչ կարելի է արդարացնել: 19-ում սկսեցին ամեն ինչ պիտակել` սոցիալիզմ, էրոտիզմ, ֆրեյդիզմ, ֆունկցիոնալիզմ, ու չգիտեմ էլ ինչ -իզմեր, իսկ հիմա թերևս հոգնել են այս սահմաններից, ու ամեն ինչը բացատրում են ամեն ինչով:

Երեկ ОРТ-ն հայտնում էր լեհ կին քաղաքական գործիչների նոր PR գործիքի մասին. մերկ լուսանկարվել են ինչ-որ պաստառում: Մեկ այլ կին էլ խոսում էր, որ այդտեղ էրոտիզմի հատիկ անգամ չկա, և նման արարքը կարելի է միանգամայն տեղավորել կաթոլիզմի շրջանակներում: Չիմացա ինչպես, քանի որ նրա մեկնաբանությունը կիսատ մնաց, իսկ իմ դավանաբանական գիտելիքներն էլ զրոյից միիիի՜ քիչ են շատ:-)

Ոչ մեկն ա մի բան, ոչ` մյուսը...

Saturday, October 20, 2007

credo quia absurdum est

...Մեր գյուղի հարևանն ա մահացել: Երկրորդ հարկից ընկել ա ներքև ու մահացել: Տո չէ հա, էդ ընկնող պտուղը չէր: Հրել են: Պասպորտով 96 տարեկան էր, ընենց էլ Աստված գիտի ինչքան. ասում են 100-ը հաստատ անց էր: Հարևանների զահլեն գնացել ա, բոթել են, մեռնի, պրծնեն: Ասում են, էս մարդու մերն էլ ա ըտենց մեռել, մի 110 էլ սա ա էղել ու մեռնելուս չի եղել, հեչ: Էս էլ չի դիմացել ու նույն աստիճաններից հրել ա մորը: Դե, այ կնիկ, էդքան ապրել կըլնի՞:

Բա'. ուրիշներին մի անի էն, ինչ չես ուզում քեզ անեն:

... այսպես ամփոփվեց շաբաթօրյա այս պատմությունը: