Monday, March 30, 2026

Modernisme

Բարսելոնայով քայլելը խրախճանք ա աչքի համար. գունավոր ծառն ու ծաղիկն աստիճանաբար ու աննկատ միահյուսվում են քարի, աղյուսի, ապակու, հախճապակու, պլաստիկի ու այլ նյութերի հետ՝ հառնելով որպես Երեք քյուրերի տուն, Կատալոնական երաժշտության պալատ կամ Սանտ Պաու հիվանդանոցային համալիր։ 

Պալաու դե լա մուզիկա կատալանայի մեծ դահլիճ մտնելս առաջին արձագանքն ակամա բացվող բերանն ա. դեռ չես էլ հասցրել հասկանալ հավանում ես, դուրդ գալիս ա, տգեղ ա, ինչ ա. մի քանի վայրկյան դասակարգման ու գնահատման գործառույթներդ շշպռած են։ Յուիս Դոմենեկ ի Մոնտեների (Lluís Domènech i Montaner) 100-ամյա շինության գույների ու ձևերի, նյութերի ու հորինվածքների բազմազանությունն ու առավել մանրամասն դիտելիս թվյացյալ անհամատեղելիությունն էնքան անհարիր են, որ անասելի գեղեցիկ են։ Անսպասելիությունից, 18-րդ դարի ռոկոկոն 19-ի վերջում ու 20-ի սկզբին նոր նյութերով անսպասելիորեն հառնելու անհավականան, բայց միանգամայն ստացված փորձերից, այո, ծնոտդ կախ ա ընկնում, հետո հետ հավաքվում իր տեղում ու քեզ թույլ տալիս սկսել վայելելը։ 

Ասում են, կատալոնական մոդերնիզման կամ արտ նուվոն կատալոնացիների ազգային զարթոնքի նշան, սկիզբ, արդյունք կամ էլ նման մի բան էր։ Կատալոնացիք սիրում են անկախ լինել, ու պարբերաբար լինում են. ճնշում են, իրենք ճնշվում են, սկսում են կռիվ տալ, ճնշումը թուլանում է, ու էդպես շարունակ։ Նույնիսկ իրենց ազգային օրը՝ սեպտեմբերի 11-ը, 1713թ. Կաստիլիային պարտվելու օրն ա։ Բայց հերթական զարթոնքը ծնեց մոդերնիզման։ Ինչո՞ւ ա ինձ դուրս գալիս. մի կողմից ժամանակի՝ 20-րդ դարամուտի փորձարարական, սահմաններ քանդող ոգին ա, մյուս կողմից ավանդույթը։ Պատմության մեջ խրված ինդուստրալիզացիայի ոգով շաղախված շենքեր են, ու հավես ա...      

No comments: