Տաք կեսօր ա: Քայլում եմ Աբովյանով: Դեպի հրապարակ: Կեսօրին երեխեքը շատ են: Կինո Մոսկվայի շախմատի քարերին չորս-հինգ տարեկան պուճուրներ են փաթաթվել: Ուրախ ա: Լավ ա: Տաք ա: Ներքևից դանդաաաաաղ, հանգստանալով, թև-թևի տատիկ ու պապիկ են բարձրանում:
Կոկորդս բռնում ա...
- Ռիմա մոքո՞ր: Բարլուս:
- Հա ջան: Անժո՞...
- Հա, Ռիմա մոքոր, Քիսոն ա:
- Հա, ազիզ ջան: Ես լա՞վ եմ:
- Հա, հա, Ռիմա մոքոր, լավ եմ: Հիմա էլ դուրս եմ եկել քայլելու, լավ եղանակ ա: Բա դուք ո՞նց եք, գրիպդ անցա՞վ:
- Ջանդամը: Լավ եմ, լավ եմ... դուք լավ ըլնեք, ազիզ ջան:
- Գագո պապի՞կը ոնց ա, Ռիմա մոքոր: Բախչեքո՞ւմ:
- Հա, էն ա... բան... էն ա.... վերև...էէէէ, չեմ կարում ասեմ.... էն ա... լավ, հաջող, լավ ըլնեք, ազիզ ջան:
Ռիմա մոքորիս պապիցս ժառանգած աչքերը դեռ ժպտում են: Դեռ մորաքույրս ծիծաղում ա մանկական քրքջոցով՝ երկար լսելով իր շատախոս ցեղին ու մի բառ անգամ չասելով էդ անվերջ վերհիշող կանանց ու տղամարդկանց: Դեռ ամաչկոտ ու արագ փորձում ա թաքցնել քրքիջը, ասես ինչ-որ մեկն իրեն կյանքում արգելել ա ուրախանալ:
Բայց դժվարանում ա խոսել, հինգ տարի առաջ արյան՝ չափից դուրս շատ ու հանկարծակի գլխուղեղը գրավելու հետևանքով...
Ռիմա մոքորս մանկությանս արևներից ա: Հիմա «արևամուտ» ա՝ սիրուն, տաք: Վաղը նորից ծագելու ա արևը, բայց ամեն նոր օրվա արևը հա՛մ շատ հին ա, հա՛մ շատ նոր, ոնց որ նորածինը... Լավ ա, բայց հնի ջերմության կարոտը մեկ-մեկ բռնում ա կոկորդս...
Thursday, July 3, 2014
Wednesday, July 2, 2014
Անփոխանցելիություն, Մարս ու Վեներա
Անգլիաներում սովորելու ժամանակ հետաքրքիր հասկացություններից մեկն էսպես կոչված tacit knowledge-ն էր, որ սկզբում էնքան էլ գլխի չէի ընկնում, թե որն ա, իսկ հետո, երկար, խուճուճ-մուճուճ հոդվածներից մի կերպ պեղեցի շատ հեշտ մի սահմանում. էն ինչ սովորում ես ինքնուրույն, բոլոր հստակ ձևակերպված կանոնները մի հատ միջովդ լաաավ անցկացնելով ու քոնը դարձնելով, սխալվելով ու որոշակի ժամանակահատվածում էդ սխալների վրա սովորելով ուրույն ճշմարտություններ ու հմտություններ: Ու ամենակարևորը՝ քոնը դարձնելուց հետո հենց փորձեցիր հետ տալ, այսինքն նորից հանրամատչելի դարձնել էդ գիտելիքը, չի ստացվի:-)
Բայց մեր ժամանակներում էս «թաքուն գիտելիք» կոչվածը հանրամատչելի դարձնելու փորձերն ուղղակի մարդուն հունից կարող են հանել: Նորմալ մարդուն:-) Էս ամբողջ Mars-Venus, ինչպես ճիշտ որոշում կայացնել տասը քայլով, ինչպես, ինչպես ու ինչպես գրքերը էդպիսի անհաջող փորձ են՝ հանրայնացնելու հանրայնացման չենթակա գիտելիք ու հմտություն: Սկզբից չէի հասկանում, հիմա՝ գիտեմ:-) Երբ կիսագրագետ, անգամ գրագետ մարդը, փորձում է իր մի վայրկյանի փայլատակումը՝ նշանակալից կամ ոչ, մի քանի ժամանոց, երկարաժամկետ, անգամ անժամկետ գիտելիքի ու հմտության վերածել, ծիծաղելի ու փուչ բան ա ստացվում, որովհետև դա ձեռք ա բերվում յուրովի, դրա ձեռք բերման ճանապարհները հաճախ անիմանալի են, ժամանակահատվածն էլ անորոշ. մի հինգ տարի կարող ա տառապես մի պուճուր բանի վրա, բայց հինգ վայրկյանում դա ստացվի... ու վերջ: Միստիկ բաներ չեմ ասում, միստիկա չկա, ուղղակի էնքան ինտուիտիվ ա, էնքան գործոնները շատ են էդ ուրույն ճանապարհին, որ հենց դրանք փորձում ես սահմանել, ամենաէականը, «թաքունը» փախչում-թաքնվում ա ու մակերեսին մնում ա ծանծաղ, ոչինչ չասող բլա-բլա: Չէ, որ նույն գետը մտնելն անհնարին ա:-)
Լավագույն դեպքում, կարելի է փորձել մի կամ երկու «աշկերտ» պահել, ավելին՝ պետք չի, էլի:-(
Թաքունության հիմնարար սկզբունքը՝ մարմնի ու մտքի ներքին, զուտ անհատական համահնչունությունն ա, ու էդ իսկ պատճառով դա ուրիշին խոսքով փոխանցելու ջանքերը զուր են:
Saturday, May 31, 2014
21. Պատմություն որևէ իրի մասին
Ես նկարել չգիտեմ։ Նկարելու իմ վարպետության բարձրունքը գունազարդման գրքերում նկարված պատկերները ներկելն ա, էնպես, որ գծերից չանցնեմ:-))))))
Ուսանողական տարիների իմ սերը Մորիսոնն էր: Ջիմ Մորիսոնը: Ու հաստատ չեմ հիշում, (բայց ենթադրում եմ, գրեթե հաստատ) թե ով, ինձ էդ տարիներին մի օրացույց նվիրեց՝ Մորիսոնի իմ ամենասիրած դիմանկարներից մեկով.
Մոտավորապես էսպես:
Ու էդ փոքրիկ օրացույցը մշտական տեղ գտավ իմ հաջորդ տարիների բոլոր օրագրերում, որոնք էն ժամանակ գրվում էին գրեթե ամեն օր: Մինչև 2000 թվականի օգոստոս, Հայաստան վերադառնալուն նախորդող գիշերը:
Օգոստոս էր: Հեղձուցիչ: Խոնավ: Բալթիմորում օվկիանոսը մտնում էր ամեն մի ծակուռ: Ուշ էր: Կեսգիշերն անց, երբ վերադարձանք Վաշինգտոնից: Էս մի քանի օրը Վարդգես Պետրոսյանի մի հոդվածն էի կարդում «Մենք սիրելիից բաժանվելիս լաց չենք լինում», մոտավորապես էսպիսի վերնագրով: Իբր էդպես քուլ ա, ժամանակակից: 60-ականներին: Դե, ես միշտ էլ լաց եմ լինում. հո հիմար չեմ, կամ էլ սուպեր իմաստուն, որ լաց չլինեմ:-) Ու էդպես լացելով բարձրացա սենյակ: Քունս, պարզ ա, չի տանում: 25-ում ո՞ւմ քունն ա տանում որ:-) Բացեցի օրագիրս, իբր, էս ա, աշխարհի ամենահանճարեղ մտքերը պետք ա տեղավորում էդ կապույտ տետրում, բայց աչքս ընկավ Մորիսոնի նկարին ու... սկսեցի նկարել: Գրիչով: Ոչ մի միտք չկար գլխումս: Ոչ մի զգացում՝ ներսում: Ձեռքս մի տեսակ ինքն իրեն շարժվում էր թերթի վրա:
Ես նկարել չգիտեմ: Արտատպել գիտեմ, բայց նկարում էի, ոչ թե արտատպում: Մի շնչով, բայց երևի մի կամ երկու ժամում:
Մինչև հիմա էն, ինչ ստացվեց էդ գիշեր, նման ա օրացույցի Մորիսոնին:-)
Իսկ առավոտյան թռանք Հայաստան: Ես երբեք էլ ոչ մի բան չնկարեցի:-) Օրացույցն ավելի ու ավելի հազվադեպ էի բացում:
Մինչև հիմա կա: Բայց արդեն մի քանի տարի ա չեմ տեսել:-)
Tuesday, May 20, 2014
Մենակի ու կիսելու մասին
Երեկվանից լրիվ սրա մեջ եմ: Ամեն մի բջիջով զգում եմ, վայելում եմ էս ամեն ինչը: Ու ձեռքերս քոր են գալիս. հա ուզում եմ մի քանի, չէ, մի քանի չէ, լիքը մարդկանց ուղարկել լինքը: Ինձ հազիվ եմ զսպում, որ ՖԲ-ում չդնեմ, որտեղ մի երեք հարյուր մարդ գոնե կարող ա լսի: Ու որպեսզի չդնեմ, էստեղ գրում եմ:-) Ու մտածում եմ, ինչու եմ ուզում էդքան էական, անհատական, միանգամայն իմական բան աշխարհին ի ցույց դնել: Մանավանդ, որ շատ լավ գիտակցում եմ ռիսկը... Հետո հիշեցի առաջին պահերից մեկը. Ուոթերսը գրկում ա Վեդերին, Վեդերն սկսում ա երգել, հետևում կանգնած կիթառիստը ժպտում ա.... Այ երևի ես էլ եմ դրա համար ուզում կիսել: Էդ մենակ, անծանոթ մարդկանց միջով անցնող էլեկտրականությունը, որ ամեն մի հպումով Վեդերին դարձնում ա Ուոթերս, Ուոթերսին՝ Վեդեր, միաժամանակ ամեն մեկին թողնելով ինքն իր մեջ, սպանում ա....
Monday, May 19, 2014
Aldous Huxley: Brave New World
Գրեթե մի ամիս ա վերջացրել եմ գիրքը, բայց ինձ հազիվ եմ զսպում, որ ամեն մի լուրջ ու անլուրջ խոսակցության ժամանակ հղում չանեմ էս գրքին: Ինձ հետ եմ պահում, որ զրուցակիցներիս զահլեն չտանեմ իմ մեսիական տարվածությամբ: Խելոք չեմ ուզում երևալ, ուղղակի ուզում եմ միասին զարմանալ մարդու երևակայության ու խորաթափանցության վրա: Էս կյանքում լիքը հետաքրքիր բան կա, բայց մարդը շարունակում ա ինձ հուզել նույնքան, որքան աշխարաճանաչության սկզբներում:
Նոստրադամուս չգիտեմ, բայց Հաքսլին Նոստարադամուսից էլ անդին ա:
Friday, April 25, 2014
16. Պատմություն չհասկանալու կամ սխալ հասկանալու մասին
Տուն եմ գնում դասից: Հավես, ցրտոտ երեկո ա: Որոշում եմ թափառել, նոր գնալ տուն: Թոթենհեմ քորթ ռոդի գժանոցից գլուխս պտտվում ա, բայց հավես ա: Խառըխշտիլք փողոցը կամաց-կամաց գալարվում, փարվում ա մարմնիդ, ու դու չկաս, դու դառնում ես փողոցի մի մաս: Էդ փողոցային վիճակից սթափեցնում ա հեռախոսազանգը: «Հա, Մերի ջան, էս ա գալիս եմ», - ուզում եմ վրա բերել արագ-արագ, նորից փողոցին տրվելու թմրամոլային ցանկությունս հազիվ զսպելով, բայց լսում եմ անծանոթ մի ձայն.
Hi, Christina
Hi???
This is Amin.
Oh, hi there! How ARE you?
Wednesday, April 9, 2014
1 վատ բան վերջին տրենդի մասին
Մենակ ե՞ս եմ սենց ներվայնանում, թե՞ էլի իմ նմանները կան: Էս դեպքում մի տեսակ ուզում եմ, որ լինեն:-)
Գրեթե երկու ամիս ա, ՖԲ-ում հայտնվել են հոդվածներ, որոնք «թվայնացնում», սեղմագրում են սոցիալական, հոգեբանական ու հասարարակական երևույթները: Օրինակ՝ վերջին թարմ նյութը՝ 7 Habits of Highly Emotionally Intelligent People:
Էսօր պեղում եմ, որ հասկանամ ինչն ինչոց ա ու հասնում եմ Fast Company-ին (դե հայերի մատը որ խառն ա լինում, չես հասկանում, ինչ ա ստացվում:-)))))): Ոնց որ թե շատ էլ լավ բան ա: Լրիվ ապագայամետ: Հլա մի հատ նայեք՝
The site features professionals who answer business and leadership questions in 30 seconds.
Ես չեմ դիմանում էս արագությանը:-( Ինքնուրույն որոշումներ կայացնելու փնտրտուքների բացակայությանը:-( Սեղմելուց իմ օդը չի հերքում, դրա համար էլ ես ապագայի մարդ չեմ: Է հա, ինչ անենք: Կարևորը մեծամասնությունն ա:
Subscribe to:
Posts (Atom)