Wednesday, November 27, 2013

23. Պատմություն մրցակցության մասին

Մահմուդյանների տոհմը Կիրովականի Հ. Ազատյանի անվան թիվ 13 միջնակարգ դպրոցի պարծանքն էր: Յոթ քույր, յոթն էլ բնագիտական տաղանդներ ու սովետական դպրոցական բազմաթիվ «պարտադիրներին» չհնազանդվելու պատճառով՝ ուսուցչական գլուխների «անհարմար է, անհարմար» տմտմբոցների պատճառ:

Մահմուդյանները ներգաղթել էին Պարսկաստանից: Ես դա ինչ-որ արտառոց փաստ չէի համարում, ես դա չէի հասկանում, թեև էստեղից-էնտեղից անհասկանալի շշուկներ, ակնարկներ, հայացքներ ու վերաբերմունք ինձ անընդհատ փորձում էին ինչ-որ բան հասկացնել: Չհասկացա: Ես Մահմուդյան Ռիմային անկախ էդ չհասկացված փաստից, որն էսպես, թե էնպես չէի հիշում, սիրում ու նախանձում էի: Ռիման խրոխտ հայացք ուներ, բառիս բուն իմաստով: Մի տեսակ սառը, ծանր, լուրջ ու անբեկանելի արտահայտություն էր միշտ ծվարած նրա կապույտ աչքերում: Ռիման քչախոս էր: Գոնե ես էդպես եմ հիշում իրեն:


Wednesday, November 20, 2013

Մեծ փուչիկի կարիք

Սայաթ-Նովա Տերյան խաչմերուկ: Սպասում եմ կանաչ լույսին, որ ճանապարհն անցնեմ: Դիմացի մայթին երեք երիտասարդ ենք կանգնած՝ 16-18 տարեկան:  Նեղլիկ, կեղծ ջինսերով, սիրուն սարքած չոլկաներով: Մի 8 վայրկյանից կկարողանանք անցնել, բայց երկու երիտասարդները չեն համբերում ու, վազելով, մեքենաների միջով խույս տալով, հատում են Սայաթ-Նովան: Երրորդն սպասում է: Երկուսը հասնում են իմ մայթին, շուռ գալիս դեպի երրորդն ու.

- Արա, քեզ քաղաքացու տե՞ղ ես դրել:

Հռհռում են ու շարունակում քայլել՝ առանց սպասելու ընկերոջը: Երրորդը սպասում է մինչև լույսը կանաչում է ու հանգիստ անցնում է փողոցը: 

Monday, November 11, 2013

Խոսքի մասին

Երկիր  մոլորակի վրա ոչ միայն մարդիկ են շատանում: Խոսքը մարդկանցից էլ շատ ա շատացել: Ու երևի որպես «շատություն» սկսում ա անգամ սահմանել մարդկանց: Երևի երբեք խոսքն էսքան բազմիմաստ չի եղել: Շաբաթ օրը ֆիլմ էինք նայում ` The Counselor (ֆիլմը մի բան չէր, բայց Բրեդ Փիթն ու Խավիեր Բարդեմը լավն էին:-)): Ինչը աչք ծակեց. երկխոսությունները: «Խոսելու» ֆիլմերից էր՝ մեծ դիմանկարներ ու խոսք: Ու նկատել եմ, որ էսպես կոչված «ինտելեկտուալ» ֆիլմերում վերջերս շատ են էս հնարքն օգտագործում. փոխաբերություն: Մարդիկ խոսում են առակներով, պատմություններով, փոխաբերություններով: Ու դու պիտի դրանց տակից պեղես եղելությունը, ու էն էլ ոչ թե ուղղակի էն, ինչ եղել ա, այլ էն, ինչ եղել ա՝ ըստ տարբեր հերոսների:

Tuesday, November 5, 2013

15. Ինտերնետի հետ կապված պատմություն

Ժուկով-ժամանակով զահլես գնաց ու որոշեցի գրել՝ ոչ միայն ինձ համար: Երկար մտածում էի ու դեռ մտածում եմ, թե ինչու, տարին մի նոր պատճառ եմ հնարում կամ վերահնարում, բայց դեռ պատասխան չունեմ: Արդեն չեմ հիշում ինչպես ու ինչու հայտնաբերեցի բլոգսփոթը: Բայց սկսեցի գրել 2005-ին: Անգլերեն: Որ չմոռանամ լեզուն: Նկատում էի, որ սկսել եմ նույն բառերի հորձանուտում պտտվել ու նեղվում էի դրանից: Սկսեցի գրել: Հետո պատահաբար հայտնաբերեցի cilicia.com-ն ու Րաֆֆիի փոսթինքն էն մասին, որ լավ կլիներ մի հայաստանցի էլ Հայաստանի մասին հայերեն գրեր: Էհ, գրենք, ի՞նչ ա եղել որ: 

Ու սկսեցի գրել

Երկար, բարակ, ահագին հավատարիմ ու հավեսով: Հետո եկավ «Մի օրի» օրը: Իսկ ավելի հետո, նույնիսկ ահագին արագ՝ գրեթե նաև դրա վերջին օրը: 

Ու հանկարծ՝
... xndrum em vor voch mi angam chdadares greluc, du zardarum es grelu arvest@.

Չէ, իհարկե, ինչ զարդարելու մասին ա խոսքը: Բայց... պահեր կան, որ ձեռք ա պետք: Պահեր կան, որ էդ ձեռքի հպումը սթափեցնում ա: Ու պահեր կան, որ էդ ձեռքի ջերմությունը քեզ ա հասնում ինչ-որ անկապ լարերի կամ արբանյակների ու հազարումի անշունչ, բայց շատ էլ շնչավոր տեղերից: Ոնց որ հանկարծ ռադիոյից դուրս են հորդում էն հնչյունները, որոնք էդ պահին քո սիրտը պահում են տեղում:-) 

Չգիտեմ, ով էր գրում: Չէ, գիտեմ, այսինքն անուն-ազգանուն ու էդպիսի բաներ: Բայց մենք անծանոթ ենք, ինչպես փողոցում իրար կողքով անդարձ անցնող անցորդները: Բայց... ինքն էլ չգիտի, ինչքան լավ ա, որ ինքը կա:-) Մենակ ինտերնետն ու ես գիտենք:-)))))

Friday, November 1, 2013

ա դե եսիմ է

Ես մեկ-մեկ մտածում եմ, թե ինչ հասարակությունում կուզենայի ապրել: Որտեղի մասին շատ չեմ մտածում, որովհետև էնպես ա ստացվել, որ ես տեղից կախվածություն չունեմ... Շատ ունեմ սիրելի տեղեր: Բայց ես գնալով «անշարժունակ» եմ դառնում: Հոգեպես:-) Ուզում եմ ծանոթ դեմքեր, ծանոթ շենքեր, ծանոթ գործողություններ: Սովորաբար: Որովհետև ոչ սովորաբար, երբ շարժման մարմանջը բռնում ա, ի՛նձ արդեն բռնել չի լինում, ու ես անկապ կսկսեմ շարժվել՝ անկախ ամեն ինչից:-) 

Բարի: Չգիտեմ էդ ինչ ա, բայց էնպիսի բան ա, որ մարդու դեմքին ժպիտ ա բերում, երբ մարդը հանդիպում ա ուրիշ մարդու: Երբ անծանոթ մարդիկ ստիպված են միմյանց ներկայությանը դիմանալ, դա անում են ժպտալով, օրինակ՝ ավտոբուսում, խանութում, թատրոնում:

Աշխատասեր: Որ մարդիկ սիրեն աշխատել ու աշխատեն: Որ օրվա վերջում թե՛ ինքը, թե՛ կողքինը ժպտան, ինքը՝ հոգնած ու բավարարված, կողքինը՝ գնահատող ու երախտապարտ:
Վերջերս Երևանում մի գովազդ տեսա, սարսափեցի. «Մենք ձեզ չենք սովորեցնում աշխատել: Մենք ձեզ սովորեցնում ենք վաստակել»... ինչ ասեմ, ասելու բան չկա...

Հետաքրքրասեր: Որ գնաս գրադարան, լիքը մարդ լինի: Որ ընդհանրապես գրադարան լինի... Որ կինոթատրոններ լինեն, որտեղ ամեն մարդ ֆիլմ կընտրի իր նախասիրությամբ: Ու ֆիլմերը կլինեն բնօրինակով, բայց հայերեն տիտրերով: Որ «կլուբներ» լինեն, որտեղ մարդիկ հավաքվեն, անծանոթ մարդիկ, ու խոսեն, պատմեն, կյանքից, դեսից-դենից, ջահելները գան, լսեն, հետո գնան իրանց գժական ջահելությունն անեն:

Ուրախ: Որ տարին մի կամ երկու անգամ մարդիկ իրենց ազգային տարազները հագնեն ու դուրս գան փողոց: Երգեն, պարեն, զրուցեն, քայլեն ու ժպտան իրար: Որ փուչիկ չլինի: Ախմախ պալստմասսե դեկորացիաներ չլինեն: Որ մարդիկ իրենց ձեռքի աշխատանքները ցույց տան անծանոթներին, ոչ միայն ծանոթներին: Որ երաժշտություն լինի կախված օդում: Որ երբ  մարդիկ տխուր լինեն, բացեն իրենց պահարանները, նայեն իրենց տարազներին ու ժպտան՝ ուրախ ու ջերմ տոնի ակնկալիքով:

Գթասիրտ: Հավասարությունը միֆ ա, գթասրտությունը՝ հնարավոր: Որ մուրացիկ չլինի փողոցում: Մարդը եթե չի կարողանում ապրի, կարողացողն իրեն օգնի. ապաստարաններ լինեն, որտեղ անկարողները կապրեն, կսնվեն ու դրա դիմաց կաշխատեն՝ կմաքրեն: Մաքրել կարող են շատերը, անգամ եթե չեն կարող, հնարավոր է սովորեցնել...Երբ դուրսը մաքրում ես, կեղտը ներս չի լցվում, նույնիսկ եթե ներսը դատարկ ա...

Մեկ-մեկ ինքս ինձ պետք ա հիշեցնեմ, որ ինչ-որ բան եմ ուզում:-)


Friday, October 25, 2013

13. Մի սիրո պատմություն

Պատմությունը որտեղի՞ց են սկսում: Ամեն տեղից:-) Երբ սկսում եմ մտմտալ հերթական պատմության մասին, գլխումս թեթև թիթեռներ են ֆռֆռում՝ ինձ պատից-պատ խփելով, թե բա ոնց անեմ, որ լավ լինի: Որ հավես լինի:-) Որ կարդաս ու դեմքիդ անկեղծորեն դաջվի յոթ թե միլիոն զգացմունքներից որևէ մեկը: Ու հետո, ինչպես միշտ, սկսում եմ հերոսից:-))))))))))

Monday, October 7, 2013

25. Պատմություն մի մարդու մասին, որի հետ այլևս չեք շփվում

Բարակ շուրթեր, սուրանկյուն դիմագծեր, կտրուկ, անհանգիստ շարժումներ, չնայած ինձ հետ շատերը միգուցե չհամաձայնվեն. որտեղի՞ց հնարեցիր անհանգստությունը: Հանդարտ, մեծ, լայն շարժումների տակից, կասեմ ես: Հենց էդպես: Չհանդարտված, անհանգիստ էություն: Սպիտակ մազափունջ, մեծ քայլերով շտապողական քայլվածք: Ձեռքի կտրուկ շարժում, որով մազափունջը հնազանդեցվում էր ու հետ շպրտվում: 

 - Յեհուդի Մենուին, չե՞ք լսել... , - նրա բարձր ձայնն էլ ավելի բարձրացրած արհամարհանքից ես նեղանում, նեղանում, նեղանում, փոքրանում եմ, բայց նստարանի տակ, միևնույնն է, չեմ տեղավորվում: («հա էլի բա մարդ 18 տարեկան էշ դառնա ու չիմանա՞ էդ ով ա... բա էլ ո՞վ ես դու...:-))))») - Ֆոլքնե՞ր: Էմերսո՞ն: Ու էլի էդպես շատեր, ովքեր ինձ երեք տարվա ընթացքում էնքան փոքրացրեցին, որ կա՛մ պիտի սատկացնեին ամուսնության ու պրովինցիալիզմի փափուկ ծածկոցի տակ, կա՛մ հետևիս մի լավ քացի տալով՝ ստիպեին բացել տասնյակ փակ դռներ: Էդ բոլորին իմ կյանք մտցրեց էս կինը, ում հետ երեք տարի love-hate ճոճանակի վրա ճոճվում էի, ամենայն հավանականությամբ, առանց իր իմացության: