Wednesday, November 20, 2013

Մեծ փուչիկի կարիք

Սայաթ-Նովա Տերյան խաչմերուկ: Սպասում եմ կանաչ լույսին, որ ճանապարհն անցնեմ: Դիմացի մայթին երեք երիտասարդ ենք կանգնած՝ 16-18 տարեկան:  Նեղլիկ, կեղծ ջինսերով, սիրուն սարքած չոլկաներով: Մի 8 վայրկյանից կկարողանանք անցնել, բայց երկու երիտասարդները չեն համբերում ու, վազելով, մեքենաների միջով խույս տալով, հատում են Սայաթ-Նովան: Երրորդն սպասում է: Երկուսը հասնում են իմ մայթին, շուռ գալիս դեպի երրորդն ու.

- Արա, քեզ քաղաքացու տե՞ղ ես դրել:

Հռհռում են ու շարունակում քայլել՝ առանց սպասելու ընկերոջը: Երրորդը սպասում է մինչև լույսը կանաչում է ու հանգիստ անցնում է փողոցը: 


***

Արդեն գրեթե երրորդն ամիսն է, որ երեկոյան Օպերայից 17 թաղամաս հասնելը հավասարազոր է տարտարոսյան չարչարանքների: Ավտոբուսները շատ մեծ ընդմիջումով են մոտենում: Երթուղայինների մասին խոսելն անիմաստ է, ասեղ գցելու տեղ չկա: 30 կամ 18 համարի ավտոբուսները փրկություն են: Դեռ հնարավոր է «արժանապատիվ» կանգնել: Նստում եմ 30 համարի ավտոբուսը: Բախտս անտանելի բերում է, ու առաջին նստարանին նստած երիտասարդ աղջիկն իջնում է: Վարորդի կողքի «թամբիկին» նստած միջին տարիքի տղամարդուց ներողություն եմ խնդրում, ու փորձում նեղ արանքով խցկվել, նստել: Հաջողվում է: Նստում եմ ու նոր միայն նկատում, որ տղամարդը մեր հարևանն է: Ամոթով պիտի ասեմ, որ հարևաններիս գրեթե չեմ ճանաչում: Քանի որ 4-րդ հարկում եմ ապրում, առավոտյան ու երեկոյան մինչև 4-րդ հարկ բնակարանների դռների մոտ հանդիպած մարդկանց բարևում եմ ու անցնում: 5-9-րդ հարկերում բնակվողներին անգամ դեմքով չգիտեմ: 

Գնում ենք մի տաս րոպե: Ավտոբուսն ամեն հաջորդ կանգառում տռզում է ու էլի չի կշտանում: Մեկ էլ մի երիտասարդ ու գեղեցիկ աղջիկ կանգնում է մեր հարևանի կողքին, դեմքով՝ դեպի դուռը, կողքով՝ դեպի նստած հարևանս: Ամեն մի շարժումից մեծ սև պայուսակը սպառնում է հագնել ուղիղ նստածի ճակատին: Էս մարդը մի քանի անհարմար շարժումով փորձում է տեղափոխվել, բայց ո՞ւր, դա արդեն շքեղություն կլիներ: Ստիպված ձեռքը դնում է ճակատին, որ եթե պայուսակը շրխկացնի, գոնե դեմքը պաշտպանի: Աղջիկը ինքնավստահ ժպիտով նայում է դռան պատուհանից դուրս, հայացքով չափում ավոտոբուսի «մասսային»: Չեմ դիմանում.
- Տվեք Ձեր պայուսակը պահեմ:
- Չէ, մերսի, իջնում եմ հեսա:
- Ձեր պայուսակը խանգարում է էս տղամարդուն: 
- Օյ: 

Ու դժկամությամբ, առանց որևէ շփոթմունքի ուսից իջեցնում է թանկարժեք կաշվից, մեծ, սև  «Քլոե» պայուսակը: 

P.S. Աղջիկ ջան, «Քլոեի» համար «Մերսեդես» կա: Թող մենք թշվառներս մեր յուղով տապակվենք մեր ավտոբուսում, քո «կառապանը» թող իր ճամփով գնա, ու մեր թշվառութունը մի քլոեպատի: Սիրելս հեչ չի գալիս...

***

Երիտասարդականում առավոտյան իջնում ես գնացքից ու շարժվում դեպի կանգառի մուտքը: Հրաշալի ու անսպասելի տեսարան է բացվում աստիճանների վրա. մի ահարկու սև 9-րդ ալիք ա բախվում աստիճաններին ու հոսում, հոսում, հոսում, բարձրանում, ու ալիքի վերևում խտանում, խփվում իրար ու լուծվում միջանցքի մարմարե հատակին...


***

Վերջապես հասանք տեղ ու անգամ վարորդը թեթևացած ցատկեց Երևան-Վանաձոր երթուղայինից դուրս: Ձեռքն առաջ մեկնած դիմավորելու եկավ նույն տեղում կայանած տաքսու վարորդը.
- Բարլիս: Ի՞նչ կա, է՜՜՜՜;
- Բան չկա, ինչ տի լի՞:
- Լավ տի լի: էն ա, Սերժիկ Սարգսյանն ասել ա, մի տարի էլ սըհենց վատանալու յա ու վերջ, սենց էլ մնալու յա:
- Իիիիիիիիիիիի:-))))))))))
- Հա, բա՞: Հեն ա, Դոդի Գագոն էլ կընգանը հարցնում ա, թե «Այ կնիկ, մի միլյոնը քանի՞ զրո ունի: «6», -ասում ա կնիկը: «Յաաաաա, բա ես էլ տըհենց գիտեմ, ամա էս հաշվապահիս որ ասում եմ 2 միլյոնը 12-ն ունի, ասում ա, չէ»»


***

Չորս տարեկան Հայկը վազեց աջ, ձախ, վերև, ներքև, պտտվեց, գլորվեց, գալարվեց ու երևի որոշեց, որ պետք ա հանգստանա: Վազելով ցատկեց բազկաթոռին ու կանգնեց գլխի վրա: Մի երկու րոպե էդպես աջուձախ նայեց, տեսավ հատակին նստած հորն ու թե.

- Պապ, դու գլխի վրա ես:-))))))))))

P.S. հիմա ո՞ր մեկս ենք գլխի վրա....


No comments: