Monday, November 11, 2013

Խոսքի մասին

Երկիր  մոլորակի վրա ոչ միայն մարդիկ են շատանում: Խոսքը մարդկանցից էլ շատ ա շատացել: Ու երևի որպես «շատություն» սկսում ա անգամ սահմանել մարդկանց: Երևի երբեք խոսքն էսքան բազմիմաստ չի եղել: Շաբաթ օրը ֆիլմ էինք նայում ` The Counselor (ֆիլմը մի բան չէր, բայց Բրեդ Փիթն ու Խավիեր Բարդեմը լավն էին:-)): Ինչը աչք ծակեց. երկխոսությունները: «Խոսելու» ֆիլմերից էր՝ մեծ դիմանկարներ ու խոսք: Ու նկատել եմ, որ էսպես կոչված «ինտելեկտուալ» ֆիլմերում վերջերս շատ են էս հնարքն օգտագործում. փոխաբերություն: Մարդիկ խոսում են առակներով, պատմություններով, փոխաբերություններով: Ու դու պիտի դրանց տակից պեղես եղելությունը, ու էն էլ ոչ թե ուղղակի էն, ինչ եղել ա, այլ էն, ինչ եղել ա՝ ըստ տարբեր հերոսների:



Չեմ ասի դուրս չի գալիս էս ամեն ինչը: Ոչ միշտ, բայց լավ էլ հաջողված օրինակներ կան, որ էս պահին չեմ հիշում, քանի որ երեկ մարմնիս էնպիսի դոզայով աշխատանք եմ տվել, որ էսօր ուղեղս չի աշխատում:-) Բայց հետաքրքիր երևույթ ա: Նոր չի, իհարկե: Բայց եթե սկզբում դա վերապահված էր մտածողության այլ հարթությունում գտնվող մարդկանց՝ ավելի հողեղեն հարթությունում գտնվողների հետ հաղորդակցվելու համար, հիմա դա հասանելի ա դարձել շատերին: 

Ու քանակը որակ ա փոխում, միշտ: Ամենամեծ փոփոխություններից մեկն էն ա, որ մենք սկսում ենք հարաբերվել ենթադրություններով: Առաջ էլ էր միգուցե էսպես. որ ասում էին՝ «Երանի անձրև գար», մարդիկ հասկանում էին, որ մարդն անձրև ա ուզում, քանի որ դաշտում ցորենը չորանում ա: Օրինակ: Իսկ հիմա նայած որտեղ ես, ում հետ ես, ինչի մասին էիք մինչև էդ խոսում, ինչի մասին էիր մտածում, ուր պիտի գնաք ու էլի հազարումի «նայածներ», էլ չասեմ ըստ Ֆրեյդի, դա կարող ա նշանակել. «Տանը լինեի, թեյ խմեի, «Բրիջիթ Ջոնս» նայեի», «Աղբը շատ ա, ամեն տեղ, մաքրվել ա պետք, ներքինը մաքրել ա պետք, նույնիսկ արտաքին անհարմարավետության հաշվին» ու էդպես: 

Առաջ, քանի որ կյանքի տրայեկտորիաները գրեթե նույնն էին, ենթադրություններն էլ համարյա միշտ ճիշտ էին, կամ էլ մի կամ երկու հարցով կարելի էր ճշտել: Ենթադրության վեկտորներն ի մի բերելը բարդ չէր: Էսօր նույնը չես ասի: Իմ պապի, իմ դեպքում ավելի ճիշտ կլիներ ասել՝ տատի ճանապարհն այլևս պարտադիր չի, որ իմը լինի: Ու շատերի մոտ ճանապարհների շատությունից սկսվել ա իրարից որոշակիորեն հեռանալու, տարբերվելու սրընթաց ու անդարձելի գործընթաց: Թվում ա, թե մարդիկ իրենց ամենահզոր գործիքներից մեկը պիտի որ օգտագործեին էդ ճանապարհներին ինչ-որ տեղ հատելու համար, որովհետև իրար հասկանալով ապրելն ավելի հեշտ ու հաճելի զբաղմունք ա: Բայց չէ, հակառակ երևույթն ա նկատվում: Հաղորդակցության ընթացքում հաղորդակցվողների ճանապարհները հատվելու հավանականությունը կրճատվել ա, որովհետև հաղորդակցությունն ինքնին խուճուճ-մուճուճ ա դարձել, ու ինչքան ավելի շատ ա էդպիսին, էնքան այն ավելի ա գնահատվում ու մարդկանց իրարից հեռացնում: 

Էս մեկ: Երկուսն էլ էն ա, որ էսօր խոսքն ա մարդուն ուղղորդում դեպի իր ով լինելը: Խոսքն էն չարչրկված «սերունդների միջև անջրպետն» ա, ինչպես նաև երևի թե միակ կամուրջը: Ինչ եմ ուզում ասել. երբ իմ ընտանիքում ժամանակին երեխեքս մեծանում էինք, մերոնք մեզ հետ խաղում էին, մեզ տանում էին տարբեր ու հետաքրքիր տեղեր, որտեղ մենք տարբեր ու հավես բաներ էինք անում՝ ուրց հավաքում, ուղղակի քայլում, ծաղիկ քաղում: Մերոնք աշխատում էին: Մենք նայում էինք իրենց ու սովորում: 

Դասարանցիներով երբ պիտի հավաքվեինք, մեր աղջիկներից մի քանիսին ծնողները կամ եղբայրները չէին թողնում «քեֆի» գնալ: Ես երբեք նման խնդիր չեմ ունեցել. 7-ին տանը կլինես ու վերջ: Ես լինում էի, նույնիսկ Հերմինեի ծնունդից շուտ եկա, չնայած իրենց շատ հետաքրքիր հարևանի տղային ու իր հետաքրքրությանն իմ հանդեպ: Միշտ չէ, եղել են և էնպիսի դեպքեր, երբ ուշացել եմ, բայց դրանք բացառություններ էին: Բայց չեմ հիշում որևէ դեպք, երբ  մերոնք ինձ հետ խոսեին վստահության մասին: Դրա բացակայության հետևանքների մասին: Մենք անում էինք էն, ինչ տեսնում էինք մեր ծնողներին անելիս: Բայց մի կարևոր բան էլ կա. էն ժամանակ մեզ շրջապատող հասարակության մեծ մասն էլ էր նույնն անում... Սոցիալական նորմերը գրեթե ունիվերսալ էին...

Հիմա՞: Հիմա անգամ 4 տարեկանի հետ պիտի նստես ու խոսես, որովետև նորմերը անհատականացվել են: Հիմա պիտի համոզիչ խոսես: Եթե ուզում ես քո նմանին ունենալ քո շրջապատում, պիտի նստես ու խոսես, գործ անելով բան դուրս չի գալիս: 

Խոսքն ու գործը իրար հավասարակշռող նժարներին են, ու մեկն առանց մյուսի կյանք չունի՝ Catch-22, լրիվ էդ ա... Բայց քանի որ, մարդը հավասարակշռությունից միլիոնավոր դարեր հեռու ա, այ էդպես էլ քեթչի մեջ ապրում ա: 

No comments: