Մեր դարաշրջանի յուրահատկություններից մեկը. համատարած գրագիտություն: Հանրամատչելիություն: Երևի ամեն ինչ սկսվեց 19 դարից: Թերևս ախմախ ու մակերեսային եզրահանգումներ են, բայց 19-րդում մարդու շարժունակության ու գրագիտության հետ մեծացավ տարբեր խավերի հետ շփվելու նրա հնարավորությունը: Խավային սահմանները լղոզվեցին ու գիտնականը ճանաչեց արվեստագետին, գյուղացին՝ գիտնականին ու այսպես շարունակ: Մինչև այդ ո՞վքեր էին փիլիսոփայում: Ո՞ւմ էր դա հասու... Այսօր փիլիսոփայության ներածությունը պարտադիր առարկա է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետում: Աբսուրդի հիանալի մարմնավորում:
***
Արևմուտքը հանրամատչելիության մունետիկն է: Ես ուր, ֆիզիոլոգիան ուր, բայց արի ու տես, կարդացի "The Evolution of Human Sexuality": Սա ենթավերնագիրն է, իսկ գրքի վերնագիրը գիտե՞ք ինչպես է:
"Why Is Sex Fun?":-)))))))))) Հեղինակը հանրահայտ Ջերոդ Դայամոնդն է:
Հետաքրքիր էր: Մարդկանց սեռազգացության (որ մտածում ես, էնքան էլ վատ չի, չէ՞:-)) զարգացման էվոլյուցիայի մի քանի վարկածների ամփոփումն է ներկայացնում ու լիքը հարցեր տալիս: Հետաքրքիր էր հատկապես հեղինակի անկեղծ խոստովանությունը՝ տղամարդուն ավելի ազնվական ներկայացնելու իր ջանքերը հաջողությամբ չեն չպսակվում: Հետաքրքիր անթրոպոլոգիական հետազոտություններ են մեջբերված: Օրինակ՝ Պարագվայի Աչե ցեղախմբի տղամարդկանց և կանանց կողմից սննդի հայթայթման արդյունավետության համեմատական վերլուծությունը: Միջին հաշվով կանանք, տանը մնալով, ավելի շատ կալորիաներ են հավաքում, քան տղամարդիկ՝ որոնք, խմբերով կամ միայնակ գնում են որսորդության: Ճիշտ է, արմավի կալորիաները ավելի քիչ են, քանի մեծ կենդանու մսինը, սակայն վերջինս նրանց ռացիոնում հայտնվում է ընդամենը մի քանի օրով՝ մի քանի շաբաթ տևող որսորդությունից և հարևան-բարեկամներին միսը բաժանելուց հետո: Ակնհայտորեն սա տնտեսական անարդյունավետություն է:
Դայամոնդը փորձում է արդարացնել տղամարդկանց վարքը՝ առաջարկելով նման նախընտրության մի քանի «ազնիվ» պատճառներ.
Միգուցե նման վարքը ալտրուիզմի աղբյուր է. ես քեզ ու քո ընտանիքին միս եմ տալիս՝ ակնկալելով, որ դու էլ որսորդությունից վերադառնալիս նույն կերպ կվարվես: Սա այն դեպքում, եթե բոլորը լավ որսորդներ են, սակայն միսը բաժանվում է թե՛ լավ, թե՛ վատ որսորդներին ու նրանց ընտանիքներին: Չաշխատեց:
Տղամարդիկ որսորդության միջոցով իրականացնում են նաև պաշտպանի իրենց գործառույթը: Առյուծները թերևս մեծ վտանգ են ներկայացնում ցեղախմբի համար, սակայն ոչ ավելի, քանի հարևան ցեղախմբի տղամարդիկ: Իսկ որսորդները բացակայում են շաբաթներով՝ կանանց ու երեխաներին թողնելով ծերերի ու անկարող տղամարդկանց հետ...
Եվ ինչո՞ւ է Աչե տղամարդը շարունակում նման վարքը: Արտամուսնական սեքսը հաճախակի երևույթ է այս ցեղախմբում: Մի քանի տասնյակ Աչե կանայք իրենց 66 երեխաների հավանական հայրեր անվանել են 2,1 տղամարդ՝ ամեն երեխայի համար: Լավագույն որսորդների անունները ավելի հաճախ են հնչել որպես երեխայի հավանական հայր...
Տղամարդու ու կնոջ շահերի տարբերություն. կնոջ բեղմնավորումից հետո նրա վերարտադրողական գործառույթի արդյունքի վրա սեքսուալ կողակցի թիվը չի ազդում: Եթե կինն արդեն իսկ բեղմնավորված է մի տղամարդու կողմից, մյուսի հետ սեքսը չի կարող ավարտվել ևս մեկ պտղի ձևավորմամբ: Առնվազն ինը ամիս: Մինչդեռ անհավատարմության մի քանի րոպեների ընթացքում նույնիսկ ամենահավատարիմ տղամարդը կարող է կրկնապատկել իր ժառանգների թիվը...
Պարզ է, չէ՞:-)))))
Բայց հիմա էլ նայենք կանանց: Կինը հաճախ տղամարդու երկու հիմնական արխետիպերից՝ 'provider' և 'show-off' (չգիտեմ ինչպես թարգմանել՝ «ապահովող» և «ցուցամո՞լ»:-)) նախընտրում է առաջինը: Առավել կայուն ու երկարաժամկետ հարաբերությունների համար: Սակայն նա բավականին շահում է, «ցուցամոլին» հարևան ունենալով, որովհետև վերջինիս հետ արտամուսնական սեքսի փոխարեն կարող է իր և իր երեխաների համար ավել միս ստանալ:
Ահա և շահերի հատման կետ: Գոյատևման համար մատչելի և հնարավորինս քիչ ռեսուրսների ծախս պահանջող ճանապարհներ:-) Սե՞ր, դա ինչ բան է...
Չեղավ էսպես, մի կես էջ ձրի թարգմանեցի:-) Իսկ գիրքը արժի կարդալ. շատ բաներ տարիների ընթացքում ինքդ ես գլխի ընկնում, ուղղակի հետաքրքիր է դրանց գիտական անվանումներն իմանալ:-) Իհարկե, կան նաև բաներ, որոնց մասին չէիր մտածել, օրինակ՝ ինչո՞ւ է մարդու էգի մոտ օվուլյացիան գաղտնի, մինչդեռ այլ տեսակների էգերի մոտ սովորաբար դա արտահայտվում է արտաքին ազդանշաններով...