Monday, March 30, 2026

Modernisme

Բարսելոնայով քայլելը խրախճանք ա աչքի համար. գունավոր ծառն ու ծաղիկն աստիճանաբար ու աննկատ միահյուսվում են քարի, աղյուսի, ապակու, հախճապակու, պլաստիկի ու այլ նյութերի հետ՝ հառնելով որպես Երեք քյուրերի տուն, Կատալոնական երաժշտության պալատ կամ Սանտ Պաու հիվանդանոցային համալիր։ 

Պալաու դե լա մուզիկա կատալանայի մեծ դահլիճ մտնելս առաջին արձագանքն ակամա բացվող բերանն ա. դեռ չես էլ հասցրել հասկանալ հավանում ես, դուրդ գալիս ա, տգեղ ա, ինչ ա. մի քանի վայրկյան դասակարգման ու գնահատման գործառույթներդ շշպռած են։ Յուիս Դոմենեկ ի Մոնտեների (Lluís Domènech i Montaner) 100-ամյա շինության գույների ու ձևերի, նյութերի ու հորինվածքների բազմազանությունն ու առավել մանրամասն դիտելիս թվյացյալ անհամատեղելիությունն էնքան անհարիր են, որ անասելի գեղեցիկ են։ Անսպասելիությունից, 18-րդ դարի ռոկոկոն 19-ի վերջում ու 20-ի սկզբին նոր նյութերով անսպասելիորեն հառնելու անհավականան, բայց միանգամայն ստացված փորձերից, այո, ծնոտդ կախ ա ընկնում, հետո հետ հավաքվում իր տեղում ու քեզ թույլ տալիս սկսել վայելելը։ 

Ասում են, կատալոնական մոդերնիզման կամ արտ նուվոն կատալոնացիների ազգային զարթոնքի նշան, սկիզբ, արդյունք կամ էլ նման մի բան էր։ Կատալոնացիք սիրում են անկախ լինել, ու պարբերաբար լինում են. ճնշում են, իրենք ճնշվում են, սկսում են կռիվ տալ, ճնշումը թուլանում է, ու էդպես շարունակ։ Նույնիսկ իրենց ազգային օրը՝ սեպտեմբերի 11-ը, 1713թ. Կաստիլիային պարտվելու օրն ա։ Բայց հերթական զարթոնքը ծնեց մոդերնիզման։ Ինչո՞ւ ա ինձ դուրս գալիս. մի կողմից ժամանակի՝ 20-րդ դարամուտի փորձարարական, սահմաններ քանդող ոգին ա, մյուս կողմից ավանդույթը։ Պատմության մեջ խրված ինդուստրալիզացիայի ոգով շաղախված շենքեր են, ու հավես ա...      

Wednesday, March 25, 2026

Խառը։-)

«Գեղեցիկը կփրկի աշխարհը»։ Գեղեցիկը հույսն ա, հույսը՝ արարը։ Ստեղծելն, անելը, արարելը։ Հույսի մեջ ստեղծագործություն կա, իսկ անհուսությունը տգեղ ա, քանի որ անպտուղ ա։ 

Չարից բարի հնարավո՞ր ա արարել։ Դժոխքում էլ կրակ կա։-) Չարը չափազանցն ա (ու որքան հանճարեղ ա մեր լեզուն...) Զանցել չափը... Կրակի չափը մի զանցի, կարարես բարի։-) Մի զանցի չափը թե՛ բացասականի, թե՛ դրականի. մի դեպքում սոցիոպատ կդառնաս, մյուսում` ուելսյան իլոյացի (eloi):-)  

Monday, February 9, 2026

Կատալոնիային մերձենալիս

Միլիոն տարի...։-) Երևի դառնար երկու միլիոն, եթե չափսոսայի, որ մոռանալու եմ առաջին զգացողությունները։ 

Մառսե՛ Ռուդուդեռա (Mercè Rodoreda)։ 20-րդ դարի կատալոնացի ամենահայտնի վիպասանն՝ ըստ տարբեր աղբուրների, որ հասցրեցի աչքի անցկացնել ու առայժմ միակ հեղինակը, որի գործերն անգլերեն թարգմանված հասանելի են համալսարանի գրադարանում։ 

Արդեն մի շաբաթ ա, ապրում եմ Բարսելոնայի Գրասիայում, որը մտքում միշտ արտասանում եմ «Գարսիա» (մի անգամ նույնիսկ հասցրեցի դուրս պրծացնել բարձրաձայն)։ Ցերեկներն ու վաղ երեկոյան անկապ պտտվում եմ թաղամասի խաչվող փողոցներով ու փորձում եմ հասկանալ, թե ես ու էս քաղաքը ոնց ենք իրար հետ։ Ինձ ու կյանքը կապող իմ ամենասիրելի կամուրջներից մեկը գիրքն ա։ Որոշեցի էդ կամուրջն էստեղ էլ գտնել ու գտա Ռուդուդեռայի «Կամելիաների փողոցը» վիպակը, փողոց, որը տանից մի երկու խաչմերուկ վերև ա։ Մինչև կարդալս հաստատ անցել եմ, բայց մի հատ էլ կանցնեմ, Սեսիլիա Ս.-ի հետ արդեն...

Սեսիլիան «Կամելիաների փողոցը» վիպակի հերոսուհին է։ Վիպակի մոտ երկու հարյուր էջերով քայլում եմ առաջ ու փորձում հասկանալ. ո՞վ է Սեսիլիան, ի՞նչ ունի պատմելու ինձ Կատալոնիայի ու իր մասին։ Համբերատար քայլում եմ, նայում աջուձախ, վերուվար ու մի միտք ինձ հանգիստ չի տալիս. ի՞նչ է ուզում Սեսիլիան, ինչի՞ մասին է երազում, ի՞նչ նպատակներ ունի։ Չէ՞ որ 50-60-ականներին Կատալոնիայում լիքը բան էր կատարվում, այդ ամենն ինչպե՞ս է ապրում ու իմաստավորում Սեսիլիան, մտածու՞մ է դրանց մասին, արձագանքու՞մ է դրանց.... Չէ... Չես էլ իմանում դրանց մասին, դրանք Սեսիլիայի կյանքում դուրս են...

Վիպակում Սեսիլիան պատմում է իր մասին, սկսում ինչ-որ պատահական տան մոտ լքված որբուկի իր պատմությունը, շարունակում դեռահաս ու երիտասարդ սիրահարությունների ու կյանքով սահել-անցնելու մասին մի պատմություն, որի նմանն իմ սիրելի դասականներում չեմ հանդիպել։ Ես միշտ կարդացել եմ մարդկանց մասին, ովքեր երազում են, գործում են, ձախողվում են, հաջողում են, կոտրվում են, չեն կոտրվում, բայց չէի կարդացել կյանքով սահող-անցնող մարդկանց մասին։ Սեսիլիան մեծանում է, գեղեցկանում ու սպասում։ Ինչի՞ն։ Ինքն էլ չգիտի, ու քանի որ չգիտի, կյ անքն է պատահում նրան ու օգտվում միայն նրա գեղեցկությունից։ Մինչև մի օր Սեսիլիան որոշում է լավ ապրել, ու ինքն է սկսում օգտվել իր գեղեցկությունից։

Ասում են կատալոներենի վարպետ էր Ռուդուդեռան։ Լեզվի մասին դժվար կարողանամ ինչ-որ բան ասել, բայց Սեսիլիայի պատմությունն իր մարմնի նման դանդաղ, երևույթների ու գործողությունների փաստացի, արտաքին ու հակիրճ նկարագրությամբ, դրանով հանդերձ, թեև հազվադեպ, բայց այդուհանդերձ, կյանքի խորությանը դիպչող հատվածներ ուներ։ Օրինակ՝ 

"The next day the gentleman from Tarragona came. I don't know how do describe him: he was part high-class and part peasant, with delicate hands from not working and lots of respect for the rain and sunshine".

Ես չգիտեմ, կյանքը պատահականությունների՞, թե՞ օրինաչափությունների մասին է, միգուցե դրանց  համադրության։ Չգիտեմ։ Բայց ինչպես ես եմ անշտապ ու դեռևս աննպատակ ու աներազանք անցնում Գրասիայի փողոցներով, այնպես էլ Սեսիլիան անցավ իր կյանքի միջով։ Ու երկուսս էլ անցնում ենք մի տեսակ շվարած։-) Նա ճանաչելով, հիշելով, հիանալով, աճեցնելով ծաղիկներ, ես՝ կարդալով։-) 

Հետաքրքիր էր, որ հենց էս վիպակն ընկավ ձեռքս ու հենց հիմա։-) 

Wednesday, March 27, 2024

Curriculum and Learning: Towards a Competency-based Science, Technology, Engineering, and Mathematics (STEM) Curriculum Reform in Armenia/Մաս II

 Նոր չափորոշիչի ազդեցությունը սովորելու վրա

7-րդ գլխում արդեն ամենաէական ազդեցությունը պիտի գնահատվի։ Մեթոդաբանությունը թվում է տեղին՝ համեմատում են տարբերությունը մարզերի և դասարանների միջև, որտեղ կիրառվել է կամ էլ ոչ, նոր չափորոշիչը՝ differences-in differences approach։ Item Response Theory, Classical Test Theory։ Էս երկու մոդելներն են կիրառվել սովորողների գիտելիքի վրա չափորոշիչի փորձարկման ազդեցությունը գնահատելու համար։ Անկեղծորեն չեմ հասկանում, զեկույցում ինչ ա գրված։ Սա հասկանում եմ, նույն Item Response Theory-ով արված հետազոտություն ա՝ https://journals.aps.org/prper/pdf/10.1103/PhysRevSTPER.4.010102, իսկ էս զեկույցում նկարագրված կիրառությունը չեմ հասկանում։ Էջ 57-ում առանձնացված հատված ա, որտեղ նկարագրում ա, թե մոդելը ոնց ա կիրառվել։ Չեմ հասկանում... Ու քանի որ չեմ հասկանում, չեմ կարողանում հասկանալ, ոնց են եկել էն եզրահանգման, թե չափորոշիչի երկու տարվա փորձակման արդյունքում վեց ամսվա հավելյալ ուսումնառություն են ստացել մասնակից աշակերտները։ Սա էլ լավ չեմ հասկանում, ասենք հավելյալ ա, նաև որակյա՞լ ա։ Խնդիրը նաև անգլերենն ա.... Հետազոտողների անգլերենի վրա չեն կասկածել։-))))))))))))) Հա, բայց կարելի՞ ա կասկածել մի հետազոտական թիմի վրա, որ ղեկավարում է Սթենֆորդի ու Հարվարդի դասախոս, էլ չասած Քեմբրիջի շրջանավարտ։-))))  

Էս մասի վերաբերյալ՝ էսքանը.... իմ ժամանակն ափսոս ա... բայց... ԿԳՄՍՆ ամեն տեղ թափահարում ա «անկախ փորձագիտական կարծիքը».... 


Tuesday, March 12, 2024

Curriculum and Learning: Towards a Competency-based Science, Technology, Engineering, and Mathematics (STEM) Curriculum Reform in Armenia/Մաս I

Փետրվարին կարդացի, որ բնագիտական առարկաների նոր չափորոշչի պիլոտը շռնդալից արդյուքներ ա գրանցել, ըստ՝ ՀԲ փորձագետների: ՀԲ կայքում գտա գնահատման զեկույցը: Ես էլ լինեի ՀԲ-ի տեղն, անպայման սա կգրեի, նույնիսկ մեծատառերով ու առավել ևս էս դեպքում:-))))

The World Bank does not guarantee the accuracy, completeness, or currency of the data included in this work and does not assume responsibility for any errors, omissions, or discrepancies in the information, or liability with respect to the use of or failure to use the information, methods, processes, or conclusions set forth. 

9 ֆոնտով, 72-էջանոց, 8-գլխանոց զեկույցում միայն վերջին 2 գլուխն իրենց 22 էջով են գնահատման մասին (էջ 39-61), մնացածը՝ դիսկրիպտիվ տեքստ ա, օգտակար, բայց դիսկրիպտիվ: Կյանքում էս աստիճանի քաղաքական հետազոտություն չէի կարդացել: Դե, չէ, սուտ եմ ասում, սա ավելի էդպիսին ա՝ https://www.researchgate.net/publication/377731465_Information_and_psychological_warfare_in_the_context_of_the_war_between_Azerbaijan_and_Armenia:-))))))))))) Բայց մյուս կողմից էլ մի ծրագիր, որն իրականացվում ա հենց ՀԲ տեխնիկական ու ԵՄ ֆինանսական աջակցությամբ, ո՞նց կարող ա հենց ՀԲ կողմից վատ գնահատվի:-))

Չափորոշիչների փոփոխության գնահատում

1. Գնահատումը դիտարկում է երեք ասպեկտ՝ 1. չափորոշչի ընդլանում՝ նոր թեմաների ավելացում, առանց հները հանելու, 2. բովանդակության ծանրաբեռնվածություն՝ առկա ժամանակ/պարտադիր բովանդակության ծավալ համամասնություն և 3. ծանրաբեռնվածության ընկալում՝ ուսուցիչների ընկալումը՝ չափորոշիչով և դրան համապատասխանող նյութերով դասավանդելու վերաբերյալ: 

Խնդիրներն սկսվում են հենց առաջին պարբերությունից.

1. Ամբողջական գնահատման զեկույցը վերաբերում է ԲՏՃՄ-ին, այս հատվածում վերլուծվել է միայն մաթեմատիկայի չափորոշիչը: 

2. Ուսուցիչների հարցում է արվել: Սկզբում ասվում է պիլոտի առաջին տարում մասնակցած բոլոր ուսուցիչների կեսից ավելիի հետ: Հետո ասում է «բոլոր ուսուցիչների» հետ՝ 260 մաթեմատիկայի և 162 գիտությունների: Հիմա էս թվերը կե՞սն են, թե՞՝ ամբողջը: 

3, 19 ՖԽ են արել, և հիմնական բացահայտումը բառացիորեն՝ The FG sessions conducted with teachers who implemented the pilot program provided valuable insights into the potential issue of overload

- potential issue of overload - ընդամենը նախորդ ենթաբաժնում՝ The results of the survey with teachers suggest that while it seems they are keeping pace with the new curriculum, their confidence in the adequacy of the time allocated to each topic declined over time. Իսկ սրան նախորդող ենթաբաժնում՝ The same comparison of odl and new curricular documents show that learning objectives have generally remained teh same of decreased, but learning outcomes have subsantially increased in most subjects, suggesting the new curriculum is overloaded. 

- Երևի պիտի ՀԲ փորձագետ լինես, որ այս երկու բացահայտումներից հետո համարձակվես գրել potential issue of overload😂

- Եթե ես որպես ուսանող նման finding  գրեի, հինգ անգամ կստիպեին խմբագրել թեզս..... Բայց էս հիմնական բացահայտման տակ մի երկու դիտարկում այնուամենայնիվ կա. (ա) որոշ առարկաների (առանց նշելու, թե որոնք են այդ առարկաները) ուսուցիչներ ասում են, որ չափորոշիչը չափազանց ընդգրկուն է, (բ) ուսուցիչները (էլի պարզ չի բոլոր առարկաներից, որոշներից, որոնցից) ասում են, որ գործնական աշխատանքը նվազեցնում են կամ բաց թողնում, որ հասցնեն տեսական մասը ներկայացնել, մի բան որ ուղղակիորեն հակասում է նոր չափորոշչի առանցքային նպատակին, (գ)  ըստ տնօրենների կարգադրության՝ ժամեր են կրճատվում, (դ) լաբորատոր աշխատանքի, նախագծային ուսուցման և ֆորմատիվ գնահատման պարտադիր բաղադրիչներն իրականացնելու դեպքում անբավարար ժամանակ է մնում առանցքային բովանդակությունը դասավանդելու համար: 

Էս ամենի արդյունքում ԿԶՆԱԿ-ը, միջազգային փորձագետների հետ, 2022-23 ուս. տարվա ընթացքում չափորոշչով նախատեսված ծանրաբեռնվածությունը աշխատում է նվազեցնել: 

Շարունակեմ: Մեթոդական հարցերը համառում են: Այդուհանդերձ, ենթադրենք, այնուամենայնիվ, ստացված տվյալները վստահելի են: Հիմնվելուվ դրանց վրա՝ ի՞նչ եզրահանգման կարելի է գալ չափորոշչի փոփոխության վերաբերյալ: 

Ես՝ այսպիսի. մաթեմատիկայի չափորոշիչը գերհագեցած է, քանի որ նոր թեմաներ ավելացված  են, հներն այնքան էլ կրճատված չեն, մյուս առարկաների դեպքում՝ պարզ չէ: Բոլոր ԲՏՃՄ առարկաներում բովանդակային ծանրաբեռնվածությունը մեծ է, թե՛ չափորոշչի վերլուծության, թե՛ ուսուցիչների ընկալման արդյունքներով: Ինչպիսի՞ն է հեղինակների եզրահանգումը: Չկա այդպիսին: Initial Lessons Learned and Next Steps բաժնում հղում է արվում մեկ այլ մեթոդի կիրառմամբ ստացված տվյալներին: Դրան դեռ կանդրադառնանք: 

Friday, March 25, 2022

Ագրեսիան ու քաղաքակրթությունը

... And it requires tremendous social pressure and distress, as well as a constant stream of consciously directed propaganda, to rearouse and legitimate among large masses of people manifestations of strong affects that have been socially proscribed and repressed in everyday life - delight in killing and destruction.

Նորբերտ Էլիասը քաղաքակրթության մասին։ Ավելացնելու բան չկա։ Վերջին մի քանի տարվա իրադարձությունները հասկանալու համար հետ գնանք դասականներին։ Ժամանակակիցները փոքր են մեծը հասկանալու համար ճափմա ընկնելու հընգեր ընտրելու համար։ 

Tuesday, January 14, 2020

Փափկության ծանրությունը...

«Փափլիկը» 13.01.2020: Պատմությունը ու մարդու անփոփոխ լուսանկարը՝ Գի դե Մոպասանի, 21-րդ դարի Հայաստանի մի փոքրիկ բեմում էդ պատմությունը պատմողը՝ Նարինե Գրիգորյանն ու իր հերոսները:

Կոմսն ու կոմսուհին, չարչին ու չարչուհին, կույսերն՝ որպես աստվածային հավանության անոթ, ընթրում են ու դավում: Մինչև դավադրության խեղկատակային ողբերգությունն ու դավադիրների կեղծավորության բոցավառումն ամենամարդկային հույսի մեջ լուռ դաջվում է «Խորհրդավոր ընթրիքում». բեմում, Համազգայինի դերասանների վրձնահարվածներով... Ֆարսը մի վայրկյանում վերածվում է ողբերգության, հետո կտավների ու մասնակիցների միջոցով փոխակերպվում կատակերգության, որովհետև առանց ծիծաղի էդ ողբերգությունից դուրս չես գա...

Բեմադրությունը մարդու ու մարդկանց մասին եվրոպական մի շքեղ խրախճանք էր Եվրոպան ու մարդուն ուսումնասիրել սիրողի համար: Եվրոպան ներկայացման ամեն մի մանրամասում էր՝ պատմության, հագուստների, երաժշտության, կերպարվեստի: Մարդն էլ «ափի վրա»՝ մերկ՝ իր ամենագեղեցիկ զարդերով՝ Եվրոպական երաժշտության ու կերպարվեստով զարդարված հանդերձ...

Լուծումների առումով հավեսագույն բեմադրություն էր: Վայրկյանների տարբերությունը թերևս կշտկեր որոշակի դինամիկության ու ազդեցության ինտենսիվության պահպանման հարցը: Օրինակ՝ ընթրող ֆրանսիացիների համաչափ դանակ-պատառաքաղային մեղեդին՝ պրուսացի սպայի դիրիժորությամբ, ֆանտաստիկ ազդեցիկ էր, բայց մի երեք վայրկյանի տարբերությունն էդ մեղեդու սահմռկեցուցիչ տրագիկոմիկ ազդեցությունը փոխակերպում է սովորականի ու թուլացնում առաջին վայրկյանների ինտենսիվությունը: 

Ամբողջ ներկայացման ընթացքում ծիծաղում ես: Հավեսագույն լուծումները հավեսագույն վարպետոությամբ մարմնավորում են դերասանները, որոնք բոլորն իրենց տեղում են. 

բարձրահասակ, նրբագեղ, թոշնող կոմսուհին (Ալլա Սահակյան), որի ազնվականությանը ձեռնոց է նետում ճոռոմ ու վեհապանծ կեղծավորության մարմնավորում հանդիսացող հատիկ-հատիկ, պլաստմասե առոգանությունը, 

փոքրամարմին ու արագաշարժ չարչուհին (Արմինե Անդրեասյան), որը թվե (այն էլ առնվազն երեք զրոյով վերջացող) աստիճանով իր համար ապահովել է կոմսուհուն գրեթե հավասար  մի տեղ էլիտարության սանդղակի վրա, 

անսեռ, չորացած միանձնուհին (Սերգեյ Թովմասյան), որ պատրաստ է խնամել տառապյալ զինվորին, բայց անպատրաստ ներել իրեն էդ զինվորին ծառայելու հնարավորություն ընձեռած պոռնիկին,

երիտասարդ, սփրթնած միաձնուհին (Մարիա Սեյրանյան), որի դալուկ հայացքի ու հիվանդոտ մարմնի պատճառն ակնհայտորեն Աստվածաշնչի սերտումն ու էդ գործողությունից խուսափելու անհնարինության գիտակցումն է, և ոչ թե աշխարհիկ մեղքերի դեմ անզիջում պայքարը,

բոլոր երկրներում ու բոլոր դարերում անպակաս պրագմատիստ ու կենսախնիդ պանդոկատերը (Վարշամ Գևորգյան), որը ճարտար սուլոցով, ճարպիկ ձեռքերով ու խոհանոցային սպասքի ստեղծագործ կիրառմամբ ապահովում է թե՛ պատմության շարունակականությունը, թե՛ դրա գործվածքի որոշակի գունագեղությունը,

հիստերիկ ու իր երազանքներով ամենայն անկեղծությամբ հայրենիքին կյանքը զոհաբերած ու, բարեբախտաբար քանի որ զոհաբերությունները եթերային են, դրանցից պահուստային մի տասնյակ միշտ գրպանում պահող Կորնյուդիեն (Նարեկ Բաղդասարյան), որի դիմա- ու մարմանախաղը ապահովեցին ծիծաղների առնվազն մեկ երրորդը,

արժանապատվությունը գետնով տալիս անգամ արժանապատիվ կոմսը (Դավիթ Հակոբյան),

գեղջկական խորամանկությամբ քաղաքացու հովերին տրվող, իր էժան գինիների նման էժանագին արժեքներով չարչին (Գագիկ Մադոյան) ու իհարկե,

գերմանական կարգուկանոնի մոլեռանդ երկրպագու պրուսական սպան (Ստեփան Ղամբարյան)...

Ամբողջ ներկայացման ընթացքում ծիծաղում ես: Գրեթե մինչև վերջ: Բայց վերջում դուրս ես գալիս ողբերգականության բեռից մի քիչ գլխահակ. զայրանում ու ներում ես (կամ էլ ոչ) կեղծավորին, խղճում ու ներում ես (կամ էլ ոչ) թույլին, ուժեղն ու լավն ես ուզում, բայց քո ուժեղն ու լավն էդ կեղծավոր ու թույլից են խմորված...

Նայել: Հաստատ: Քեզ հետ մնացող բեմադրություն ա: Ուրիշին էդ մասին պատմելու  ցանկություն ծնող բեմադրություն ա: 

Friday, January 10, 2020

ՍեՌժոյի հավանական արկածները Պոլիտեխնիկում

Իմ մանկության «Թոմ Սոյերի արկածները» գիրք չէր, այլ Լևոնի ու Նանաշոյի ուսանողությունը: Ես երազում էի հայտնվել էդ պատմություններում, «երբ ես ուսանող լինեմ»...

ՍեՌժոն ստեփանավանցի պուճուր-մուճուր, շուստրի-մուստրի տղա էր: Երբ սովորելն իրենից նեղանում էր, ճարտար արկածախնդրությանն էր հյուընկալվում: ՍեՌժոն գիտեր, որ քննությունից պիտի կտրվի, ուստի.

- Ընկեր Դասոյան, էկեք դուք ինձ իրեք նշանակեք, էլի:
- Չորս պակրիշկա՞...
- Բա ոնց, ընկեր Դասոյան ջան:  
- Կարո՞ղ ես էդ պակրիշկեքը քննությունից հետո տանել դաչա:
- Հա, բա ոնց, ընկեր Դասոյան ջան:

Thursday, November 28, 2019

Հայոց աիբներից

Հարսանիք էր: Վազեցի, որ դիմավորեմ իմ ամենասիրուն երկու բարեկամուհիներին ու անսպասելիությունից մի քայլ հետ արեցի: Պարզվեց, դիմավորելու եմ ինչ-որ անծանոթ աղջիկների: Եթե սիրունագույն մի ժպիտով չբարևեին՝ «Բարլուս, Քիիիիս»:

Ահա, մեյք ափ:-) 

Մինչև հիմա միակ բացառությունը, որ ինձ չի սարսափեցրել, քույրս էր, իր հարսանիքին:-) 

Բայց ավելի հետաքրքիր են մեյքափիստները: Իրենց մասնագիտական պրակտիկայի անատոմիական վերլուծությունն առերեսում ա մեզ մեր էության խորագույն բարդույթներից մեկի հետ՝ մենք չենք ուզում մենք լինել, մենք ուզում ենք ուրիշ լինել: Մենք անընդհատ ուզում ենք ուրիշի սահմանած կատարյալը լինել: Ոչ թե մեր, այլ ուրիշի... Ու մի տխուր շղթա ա սկսվում. ես ուզում եմ սիրուն լինել ու էդ սիրունության ստեղծումը ես վստահում եմ մեյքափիսիտին, ում սիրունության սահմանումը տալիս են ոչ թե հին հույներն ու անգամ ոչ թե ժամանակակից լոռեններն ու գուչիները, այլ էդ բոլորի ու դրանց արանքում ընկած ամեն ինչի նմանակումների նմանակումների նմանակումները, որոնք հայտնվում են անկապագույն թոք -շոուներում, գլամուրացված ամսագրերում, ինստագրամաչգիտեմ ինչերում: 

Ու ինքը պետք ա ինձ սիրունացնի: Ես չունեմ «ինձ», կամ եթե ունեմ, «ինձի» իմ ընկալումն էնքան ողբերգականորեն անհարիր ա իմ ակնկալած «ինձին», որ ես պատրաստ եմ միանգամից հրաժարվել դրանից, ոչ թե փորձել ինչ-ինչ հարցեր տալ ու պատասխաններ գտնել: Իսկ մեյքափիստն ունի անդեմ նմանակներից ստեղծած մի հավաքական կերպար ու էդ կերպարը ստեղծելու ուղեցույցային գիտելիք ու հմտություն, որը չի էլ մտածում հղկել սեփական փորձով ու էդ ամենից ու ամենով պետք ա կերտի «ինձ»: Պարզ ա, չէ՞, թե ես ինչու եմ կարկամած հետ քայլ անում իմ սիրունագույն բարեկամուհիներից... Հա, էստեղ ուրիշ բաներ էլ կա, այո, յես, սի, բայց դրանք առայժմ թողնում եմ մի կողմ: 

Մենք էնքան մեզ չենք գտել ու մեր «արվեստագետն» էնքան հեռու ա ներքին բովանդակությունից, էնքան անկարող ընդհանրական իր հմտությունների շղարշի ներքո նկատել քեզ ու էդ հմտությունները ծառայեցնել քեզ, որ էդ ստեղծարար գործընթացի արդյունքում դու հայտնվում ես դիմակով, որից գոհ են հիմնականում մեյքափիստն ու ... մեյքափիստը: Դիմակը թաքցնում ա: Դիմակը թաքցնում ա ինչ-որ իքս ժամանակով: Դիմակը հանվում ա: Դիմակը հանելուց հետո պետք ա կարողանալ սիրել ինքդ քեզ...Կան պահեր, որ ավելի շատ ես ուզում սիրել քեզ, բայց պետք ա քեզ սիրես քո մեջ, ոչ թե անկապ մեկին քո մեջ: 

Հայելին կարող ա վախեցնել, բայց դիմակի հետևում թաքնվելը չի ազատում հայելու «ճշմարտությունից»: 

Monday, March 11, 2019

Գավառականությունն ու թվերը

Կիրագրագիտությամբ շաղախված դիրքորոշումը սարսափելի բան ա.... Տո կիսագրագիտությունը մի կողմ, էդ էլ էական չի. հարց չտալն ա սարսափելի: Չէ, էդ էլ չի. գավառականությունն ա սարսափելի: Էս ինչքան վախեր ունեմ ես, պարզվում ա:-) 

Բայց իմ վախերը մի կողմ. էս թվերի ու բիգ դեյթայի դարում իսկականից վախենալու ա, որ մարդիկ սկսում են թվերով խոսել, առանց հասկանալու թվերից: Բանն էն չի, որ ես թվերից շատ եմ հասկանում: Էն ա, մի կոլեգա ունեմ, որ հենց ուզում ա վրես ծիծաղի, մաթեմից հարց ա տալիս:-) Ու քանի որ ես կես դարում «ուսումնասիրել» եմ իմ ու թվերի հարաբերությունների էությունը, ես թվերին հարգանքով ու զգուշությամբ եմ վերաբերվում: Ու չեմ մոռանում իրենց էլ հարցականի տակ դնել, որովհետև«ի սկզբանէ էր Բանն», այսինքն՝ հարցը: Կարող ես նաև հարց չտալ, ի՞նչ կա որ: Բայց հետո բոլորին քո թվախառն պատասխաններով մի խեղդիր, ախպոր պես...

Գավառականությունն էն ա, որ թվերից ոտերդ թուլանում են: Որ ոտերդ թուլանում են նրանից, թե ով երեսիդ շպպացրեց էդ թվերը: Ու որ դու համոզված ես, որ ամեն ինչի պատասխանն էդ թվերը տվեցին: 

Ինչ եմ ուզում ասել. շատ լավ ա, որ ԱՆ փորձում ա թվերով խոսել, բայց թիվն ախր ինքնանպատակ չի: Ու փոխանակ էդ մարդուն օգնես, որ թվերն իրենց ճիշտ տեղը դնի, ու ավելի համոզիչ իր ասածն ասի, աջուձախ տարածում ես իր՝ Հայաստանի համար անկապ թվերը: 

Հարց տամ էլի, կներեք համարձակությանս՝ ինչո՞ւ ենք նայում Ֆիլիպիններ, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Թուրքիա, Բրազիլիա, Ռումինիա, Ռուսաստան, Ուկրաինա ու տենց: Ինչո՞ւ ոչ ԱՄՆ, Կոլոմբիա, Չեխիա, Ֆինլանդիա: Չէ, չեմ հեգնում, ուզում եմ հասկանալ, ինչո՞վ են կարևոր հենց այս երկրները, որ ծխախոտի հարկման համար նայում ենք հենց իրենց փորձին: Ենթադրենք, մեկը հարևան ա, մյուսի հետ վախտին հաց ենք կիսել ու էլի տենց մի քանի ենթադրենքներ: Բայց ինչո՞ւ մենք ենթադրենք, եթե կարելի ա էդ մասին հանգիստ ասել...

Ու ավելի կարևոր հարց. ինչո՞ւ այլ երկրներին չենք նայում: 

Շատ լավ ա, որ նայում ենք, բայց էլի հարց տամ. ինչո՞ւ համար ենք նայում, որ ի՞նչ անենք. որ հաստատե՞նք մեր դիրքորոշումը... Թե՞, որ տեսնենք, թե էդ լուծումը էդ երկրի կոնտեքստւմ ինչու ա աշխատել նենց, ոնց որ մենք ենք ուզում, որ աշխատի մեր կոնտեքստում: Եթե վերջինը, ապա կարո՞­ղ ենք ասել, թե  օրինակ, որ Ուկրաինայում 2008 թվականից սկսած ծխախոտի սպառումը նվազել է 36%-ով, դա ի՞նչ ազդեցություն ա ունեցել ծխող տարբեր սոցիալական շերտերի վրա, ասենք, ամենաաղքատ խավի առողջությունն էդ ընթացքում լավացե՞լ ա, վատացե՞լ ա, ի՞նչ ա եղել... «Ծխախոտային արտադրանքի ընդհանուր հարկերն աճել են 855%-ով, ծխախոտի սպառումը նվազել է 36%-ով». ո՞վ ա սկսել քիչ առնել, ինչո՞ւ, էդ «ինչուները» մեզ մո՞տ էլ են «ինչուներ», թե՞ էնքան ոչ էական «ինչուիկներ» են, որ վարքի էական փոփոխություն ակնկալելն իրատեսական չի: Ուզում եմ ասել, շատ լավ ա, որ նայում ենք միջազգային փորձին, բայց ընթացքում չմոռանանք երկու բան.

ՄԵԿ. հաստա՞տ նայում ենք, որ լուծումներ գտնենք կամ հիմնավորենք հավանական ՏԵՂԱՅՆԱՑՎԱԾ լուծումը, թե՞ էն փիս գիտնականի նման եղած փաստերը հարմարեցնում ենք մեր տեսությանը ու կոշտ-կոպիտ անտերներին վարի տալիս դրա էլեգանտության համար:

ԵՐԿՈՒ. միջազգային փորձի կոնտեքստին նայե՞լ ենք, թե՞ մեր ուզած թվերը գտնելով՝ մոռացել ենք հասկանալ, թե էդ թվերի հետևում ինչ կա-չկա:

«Հը՞, չըլինի՞ թե բարկանում ես»...

Բարկանում եմ, որովհետև տեսնում եմ, որ մարդն ուզում ա գործ անի, փորձում ա, ի տարբերություն շատերի, կարծես թե հասկանալով ա փորձում, բայց օգնեք էլի էդ մարդուն, ոչ թե գավառական «սրտիցս ջուր խմեց»-ներով էս մի փորձն էլ վարի տվեք...

Հա, ու ասեմ, որ ես ծխից ալերգիա ունեմ, համարյա հաշմանդամության աստիճան:-)

Thursday, February 14, 2019

The Way We Live Now

Դիկենսը (1812-1870) ու Թրոլոփն (1815-1882) ժամանակակիցեր են: Դիկենսը համովագույն պատմող ա:-) Համբերությունդ Թրոլոփին կարող ա չհերիքի, քնես:-)

Դիկենսը պատմության թելը սիրուն զարդարում ա, իսկ Թրոլոփը իր ժամանակի հերոսների դիմանկարներ ա նկարում, բայց ռեմբրանդտային, անըմբռնելի, քիմիա-կենսաբանությունից անդին դիմանկարներին չի ձգում: Սենց բան չկա Թրոլոփի մոտ՝

File:Rembrandt Harmensz. van Rijn 113.jpg

Portrait of a Bearded Man (1654)

Բայց կա ռեյնոլդսային, սենց՝
Reynolds, Joshua: portrait of Charlotte Grote
Portrait of Charlotte Grote (1740+)

Monday, October 1, 2018

«Ծիածան»

Շարունակում եմ տնտղել անգլիացիներին:-) Չնայած D. H. Lawrence-ն ինձ համար Թոմաս Հարդի չի, ում հետ նոր ենք ծանոթանում: D. H. Lawrence-ն իմ «քանդակագործներից» ա:-) Բայց «Ծիածանը» չէի կարդացել: Ու 20-ում D. H. Lawrence-ը կարող ա քեզ կերտել, իսկ 40-ականներո՞ւմ... Գրում եմ «հընթացս», որովհետև հետո կալարեմ, կամ մտքերս կչվեն տաք երկրներ: 

Առաջին մի քանի էջից միանգամից հայտնվեցի 20-ականներիս զգացմունքներում ու մտքերում: Գրքերն ամենալավ ժամանակի մեքենաներն են։-) Բայց հենց նոստալգիայից հագեցա, սկսեցի կարդալ, ինչպես միշտ եմ կարդում՝ թուլանալով ու ընթացքում, եթե հաճույքն եկավ, հաճույք ստանալով, եթե ոչ՝ բայ-բայ-գուդ բայ։-) Երևի 30-րդ էջից ասեի գուդ բայ, եթե D. H. Lawrence-ը չլիներ:-) Համ էլ չեմ սիրում կիսատ թողնել գր... ոչ մի բան:-) 

Եթե 20-ում ինձ dark ու mystic բառերը տեղափոխում էին dark ու mystic զգացողություններ, հիմա դրանց հաճախությունից զահլես գնում ա:-) Դրանց  անորոշությունների կծիկից, անհասկանալի անդինից, կիսատ-պռատ չասված-հավանաբար-այսպես-կամ-էլ-այսպես-զգացածներից ոչ թե ռոմանտիզմի հորձանուտն եմ ընկնում, այլ ռացիոնալությունս թթված ու սևեռուն ինձ ա սկսում նայել, կամ glowers at me, ինչպես կասեր D. H. Lawrence-ը;-) 494 անգամ մենակ dark բառն ա օգտագործում «Ծիածանում», որ ի՞նչ:-))))) Հա, լավ, խոստովանեմ, որ հերոսուհին ու իր մաման մուգ մազեր ունեն, ամուսինն էլ՝ մուգ մաշկ ու դրանց հղումներն էլ քիչ չեն:-)

Monday, September 24, 2018

Անգլիաներ

Վերջերս էնպես ա ստացվել, շատ եմ կարդում անգլիացիներին ու հա որոշում եմ գրել, բայց չեմ անում, որովհետև ի՞նչ գրես գրածի մասին:-))) Օրինակ՝ մի երկու տարի առաջ գերմանացիներն էին ու պատահականորեն էդ մի երկու տարի առաջը համընկավ առաջին անգամ Գերմանիա ճամփորդությանս հետ (էլի էի եղել, բայց միայն Բեռլինում ու գործուղման, դա հաշիվ չի:-)): Լրիվ ուրիշ են գերմանացիք:-) Բայց էդ մասին չգրեցի, հիմա մնացել ա միայն ուրիշության զգացողությունը:-)

Մեկ էլ երբեմն, երբ ջահել ժամանակվա գրածներս եմ կարդում տարբեր գրքերի մասին, հավես ա. տեսնում եմ, ոնց եմ փոխվել:-) 

Wednesday, August 22, 2018

Առավոտ լուսո

Գործի եմ գնում: 57 համարի ավտոբուսով: Ոչ մի բանով առավոտը չի տարբերվում նախորդ առավոտներից, ու ամենայն հավանականությամբ չի տարբերվելու հաջորդներից: Մեկ էլ հանկարծ ապակուն շատ մոտ արմունկս խուտուտ ա գալիս: Քանի որ թմրած եմ արևից, իսկ Բրանդերբուրգյան 1-ին կոնցերտն ինձ լրիվ ուրիշ «ավտոբուսում» ա տեղավորել, դրան էլ գումարած, որ առնվազն հինգդարյա լոռեցի եմ, աջով կամաաաաաաց հասնում եմ ձախին, որ տեսնեմ էդ ի՞նչն ա տենց խուտուտ ածում: Մինչև աջ ձեռքս տեղ կհասներ, ձախ աչքս միիի քիչ ավելի թափով շրջվեց ու ապակուն տեսավ բարալիկ ոտներով, կեռ, աջուձախ տնկված ու հատվելու անընդունակ երկաաար բեղիկներով ու անճոռնի, օվալաձև տուտուզով մի էակի: Երևի աջիս շատ շոշափելի ներուժի հավանական հետևանքներից դեռ չսթափված՝ եռանդով շագանակադեղնավուն տուտուզը թափահարում էր ու առջևի լղարիկ ոտիկներով գլխին վայ էր տալիս մի անհասկանալի միջատ, որ միջատագիտության իմ նվազագույն գիտելիքները թույլ չտվեցին տեղում դասակարգել որպես ճանճ կամ բզեզ ու դասակարգման իմ անկարողությունից դրդված՝ սկսեցի հետաքրքրությամբ վարքն նորա ուսումնասիրել: Հարդարվելը կամ սթափվելն ավարտելուց հետո սահասողալով ապակիով վերև մագլցեց ու թաքնվեց ապակին շրջանակող սև ռետինի անկյունում: Վիզս ցավեց երկար նայելուց, ստիպված սկսեցի մտածել: 

Ի՞նչ ա քաղաքակրթությունը: Բնազդայինից՝ մտածված վարքին անցում: Իմ բնազդն ինձ ասում ա՝ տուր սատկացրու: Մի վայրկյան, ավելի քիչ, ու ես սկսում եմ ապրել իր հետ: Էդ մի վայրկյանին հասնելու համար հինգ դար չէ, հարյուրավոր դարեր ենք ապրել: Մեզանից ոմանք հասել են մի վայրկյանին, մյուսներս՝ չէ: Էդ մի վայրկյանի արդյունքում ունենք, ասենք սկանդինավներ, չեղած վայրկյանի արդյունքում՝ Սուդան: 

Մի վայրկյանում ես հիշում եմ, որ ինքն ունի ապրելու իրավունք, ինչպես՝ ես: Ու քանի դեռ ինքն իմ իրավունքից ինձ չի զրկել, ես ու ինքը կարող ենք միասին ապրել: Ես մեծ եմ, ինքը՝ փոքր ու դա ավելի շատ ա օգնում հրահրում իմ բնազդային ճըլըպը: Բայց ես կարող եմ իրեն չսատկացնել, որովհետև մի վայրկյան մտածել եմ:

Մեծուփոքրն էլ ա հարաբերական...  բա որ մի հատ կծել էր ու պարզվել էր, որ 100,000-ից հենց մենակ ես պիտի «թունավորվեի» էդ խայթոցից:-)

Սենց էլի:-)

Monday, August 20, 2018

Պարանո(յ)ա

"Paranoia is an instinct or thought process believed to be heavily influenced by anxiety or fear, often to the point of delusion and irrationality."

Չգիտեմ, էն վերջին՝ հաճախի մասով ասվածին հասնո՞ւմ եմ, թե՞ չէ, բայց որ մտահոգությունն քիչ մը շատ ա՝ հաստատ։ 

Աշակերտներն անվճար կայցելեն մշակութային հաստատություններ

Ինչի՞ չեմ իմ ընկերներից շատերի նման ուրախանում: Որովհետև պարանոյիկ եմ.....

Երբ կարդում եմ «անվճար», միանգամից պարանոյիկ փոթորիկ ա սկսվում ուղեղումս: Էս դեպքն էլ բացառություն չի: 400 միլիոնն անվճար ա՞՞՞՞:

Friday, May 25, 2018

Արարատյան բակալավրիատ, ԿԳՆ, ԱՅԲ ու կաշա

Կամ իմ սանատորիան ա ինձ ստիպում, կամ իսկականից էնքան եմ ջղային, որ դնջությունս էլ չի դիմադրում, դե, կամ էլ հայեցիությանն համահունչ կոմպլեմենտար ֆակտորային համակցության դրդմամբ, բջջայինով սենց բան եմ անում, քանի որ Գերմանիա տեղեր ինձ չի թողնում ուրիշի կոմպով իմ զինքս գուգուլ հաշիվ մտնեմ, քանզի վասնզի հեռախոս մը չունիմ... այո, հեռախոսն է, որ քեզ մարդ մըն է դարձուցիր ասիկա դարեն ի վեր.... էխ, բութն ինչ է, ադիկա էլ չունիմ էս կպչուն ստեղնաշարիս վրան։

Ինչևէ, ինչի՞ եմ ջղային։ ԱՅԲ-ի հետ կատարվող էս ամեն ինչի պատճառով։ Ոչ  միայն, բայց դե մի բան պե՞տք ա ընտրել ջղայնության վեկտորն ուղղելու համար։

Էս ամենում ինձ համար շատ ու ըստ էության ամենակարևոր բանը. քաղաքականության իրականացման առումով ոչ մի էական տարբերություն չեմ տեսնում նախորդ ԿԳՆ-ի հետ․․․ Լայվը, կարմիրով հեգնանքն ուղղված կոնկրետ անձի ու տենց բաները տարբեր են, ու էստեղ վերջանում ա տարբերությունը։


Tuesday, May 15, 2018

Մոդայիկ՝ դբա բաց նամակոտ

Ես տխրում եմ, երբ կարդում եմ Կրթական քաղաքացիական նախաձեռնության առաջարկները կրթության նոր օրակարգ ձևավորելու մասին: Եթե միայն 150 անհատ քաղաքացիներ նման առաջարկներ արած լինեին, չէի տխրի: Բայց երբ առաջարկների հեղինակները նաև 9-ը մասնագիտական կազմակերպություններն են, տխրում եմ: Էս էլ իրենք իրենց մասին՝

Friday, March 30, 2018

Ռազմահայրենասիրական

Հիմա մե՞նք ենք ռազմահայրենասեր, թե՞ ֆինները. 

TIMMS 2015. 4-րդ դասարան. մաթեմատիկա.

Ֆինլանդիան բայց շատ անքաղաքակիրթ դեմք ա. եկած-չեկած ինչ-որ բաներ ա ուզում ու դեռ մի հատ էլ բարձր հայտարարում ա էդ մասին: Բա դա «դաստիրակված», ինտելիգենտ պահվածք ա՞, չեմ հասկանում: 

Ասում ա, որ տարրական ու միջին դպրոցի ցածր դասարաններում ես ուզում եմ, որ երեխեքը մաթեմատիկա սովորեն, որ ոչ թե անկապ ով ինչ ստացվի անի, այլ ՆՊԱՏԱԿ ունենան ու նորմալ սոցիալական շփում.... Չեք հավատո՞ւմ. էս էլ իրենց բառերով, մեզանից շատերի համար ավելի հասկանալի լեզվով. 

Finland recognizes the significant influences of mathematics education on students’ intellectual growth and their ability to advance purposeful activity and social interaction.1 

Մենք ոչ մի բան չենք ասում.... Ինչպե՞ս կարելի է ընդհանրապես բարձրաձայնել ցանկությունների մասին, ֆու: Չնայած, երևի որ հարցնեն էլ, չենք իմանա ինչ ասել...

Ֆինլանդիան ասում ա, 1-2 դասարաններում ես ուզում եմ, որ երեխեքը ոչ թե ուղղակի մտածել, այլ մաթեմատիկորեն մտածեն, էսպիսի մի գործիք ունենան մտածելու համար ու համ էլ կենտրոնանան, ԼՍԵՆ, ԽՈՍԵՆ իրար ու ուրիշների հետ ու կամաաաց հիմքը դնենք, որ հետո սկսենք մաթեմատիկական հասկացություններից խոսել երեխեքի հետ.

In the first and second grades, mathematics instruction focuses on mathematical thinking as well as concentration, listening, and communication skills, while providing a basis for the formulation of mathematical concepts and structures.1 

Մտածե՞լ, էդ ի՞նչ բան ա, և ի վերջո, չէ՞ որ հնագույն ազգ մըն ենք մենք, ուրեմն էսքան դար չենք իմացե՞լ, ոնց մտածել... Ու ասում ենք. «սովորացնենք» թվաբանություն, բնական թվեր ու դրանց հանում-գումարում, արագություն, ժամանակ ու հեռավորություն, բազմապատկում, բաժանում, հանրահաշվական արտահայտություններ, կոտորակ ու մի երկու երկրաչափական մարմին.


The mathematics curriculum for Grades 1 to 4 includes the following main topics:
·         Arithmetic operations
·         Natural numbers
·         Addition and subtraction with natural numbers
·         Speed, time, and distance
·         Multiplication and division with natural numbers
·         Algebraic expressions and computations
·         Fractions
·         Geometric shapes and their study.2


Հլա տեսեք Ֆինլանդիայում երկրաչափություն ի՝նչ բանաստեղծական ա հնչում. 
·         Geometry—Observing and describing spatial relationships; observing, describing, and naming geometric shapes in the environment; recognizing, explaining, and naming two- and three-dimensional figures; basic geometric concepts such as point, line segment, line, half line, and angle; making, drawing, and tracing two-dimensional figures and recognizing and constructing three-dimensional figures; and simple reflections and dilations.1

Սա քիչ ա, 1-2 դասարանում ջիգ են թափում, որ երեխեքին համոզեն  բանաստեղծություն գրեն. 

Data Processing and Statistics—Looking for, collecting, and storing data; and reading simple tables and diagrams and presenting collected data as a graph. 1

Որ մտածում եմ մեր սիրուն ու անկրակ երեխեքի  մասին, տխրում եմ...

Thursday, November 23, 2017

«Թռիչք քաղաքի վրայով»

Ռեժիսոր` Նարինե Գրիգորյան
Հեղինակ` Անուշ Ասլիբեկյան
Նկարչական ձեւավորում` Անժելա Գալստյան
Վիզուալ Էֆեկտներ` Սերժ Մելիք Հովսեփյան
Դերակատարներ` Նարինե Գրիգորյան և Սերգեյ Թովմասյան

Էս շատ կարևոր ա: Որովհետև հրաշք բեմադրություն ու կատարում էր: Նարինե Գրիգորյանին մի քանի տարի առաջ Համազգայինում, արդեն չեմ հիշում ինչ բեմադրության ժամանակ, տեսա ու ֆիքսել եմ, պինդ։-) Ուրիշ ա: 

Լինում են դերասաններ, որոնք հետևողականորեն վատն են, որոնք փչացնում են ներկայացումը. այ, հենց էդպես, զգում ես, որ եթե իրենք չլինեին, էն ինչ տեղի ա ունենում քեզանից դուրս՝ բեմին, կսկսի տեղի ունենալ քեզանից ներս: Օրինակ՝ Դրամատիկականի բեմադրած «Հուլիոս Կեսարի» ժամանակ՝ Արթուր Ութմազյանը (ներող, ամպի չափ գնահատելով էդ ահռելի աշխատանքը, որ իրենք կատարում են, չեմ կարող էնքան գնահատել, որ դա սահուն ու աննկատ անցնի որպես որակ): 

Միջակ դերասաններ, որոնք թույլ են տալիս, որ ներակայացումը հետևողականորեն «նայվող» լինի. չես զղջում, որ եկել ես թատրոն, բայց գիտես, որ դուրս եկար, փուուուֆ, փոշի, ոչինչ էլ չի եղել: 

Լինում են լավ դերասաններ, որ զգում ես, որ պրոֆեսիոնալ են: Զգում ես, որ իրենք իրենց գործը մինչև ուղնուծուծը գիտեն: Իրենք հետևողականորեն լավն են գրեթե բոլոր դերակատարումներում, օրինակ, Հրաչ Հարությունյանը: Շատ լավն ա: Երբեմն, ԵՐԲԵՄՆ, կարող են լինել ՈՒՐԻՇ... Օրինակ, նույն «Հուլիոս Կեսարի» կոնկրետ մի դրվագում ինքն ուրիշ էր...

Ու կան դերասաններ, որ ուղղակի ուրիշ են, իրենք մի տեսակ անհամեմատելի են: Ոչ թե լավն են, վատն են, միջակ են, իրենք ուրիշ հարթություն են, որտեղ համեմատություն չկա, որովհետև սովորաբար իրենք էդ հարթությունում մենակ են: Ինչ-որ սովորականից դուրս բան կա իրենց մեջ, ստանդարտը, կաղապարը իրենց համար չի: Իրենք էդտեղ էլ կան, լավն են, բայց կարող են նաև շատ ձանձրալի լինել, իսկ երբ դուրս են գալիս, ստեղծում են մի բան, որն ուրիշ ա, առօրեական չի, սովորական չի, կաղապարային չի, ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ա: Իրենք ստեղծում են...

Այ, Նարինե Գրիգորյանն էդպիսին ա: Ու էս ներկայացման մեջ էլ էդպիսին էր: Ցավոք, պիեսը կիսատ-պռատ էր: Կամ Նարինե ռեժիսորը:-) Չգիտեմ, որովհետև չեմ կարդացել: Բայց էդքան ստեղծագործություն դնել թերզարգացած սյուժեի ու կերպարների մեջ... Եսի՞մ, կարող ա և պետք ա...

Friday, October 13, 2017

Clash of civilizations

Աշխատանքի բերումով հետևում եմ ընտանեկան բռնության օրինագծի շուրջ ծավալվող զարգացումներին, թեև աստիճաբար ավելի ու ավելի քիչ, որովհետև գործընթացը հիվանդ ա, ու բուժման ոչ մի ջիգ չի նշմարվում: Կամ դրանք չկան, կամ ապարդյուն են: 

Իմ դիտարկումները հիմնված են ՖԲ-ում եղած քննարկումների ու Արդարադատության նախարարության կողմից կազմակերպված հանրային քննարկման ընթացքի վրա: Ու ես տեսնում եմ, ինչպես է հայ ոչ լուռ փոքրամասնությունը թշնամանում քաղաքակրթությունների բախումից: Մեծամասնությունը դեռ լուռ ա, բայց իմ կարծիքով, եթե շարունակվի նույն կերպ, հակված ա լինել դեպի ընդդիմադիր ճամբար: Չնայած օրենսդիր գործընթացն էս դեպքում էնպիսին ա, որ մեծամասնության կարծիքն էական էլ չի: Փոքրամասնություններինն ինչքանով ա էական, դա էլ չգիտեմ: 

Էս գործընթացում բոլոր կողմերը խոսում են ոչ թե իրար հետ, այլ իրար կողքով: 

Գործընթացում էս պահին երեք կողմ եմ տեսնում.
ա. օրինագծի կողմնակիցներ.
բ. օրինագծին ընդդիմացողներ.
գ. Արդարադատության նախարարություն: