Friday, January 10, 2020

ՍեՌժոյի հավանական արկածները Պոլիտեխնիկում

Իմ մանկության «Թոմ Սոյերի արկածները» գիրք չէր, այլ Լևոնի ու Նանաշոյի ուսանողությունը: Ես երազում էի հայտնվել էդ պատմություններում, «երբ ես ուսանող լինեմ»...

ՍեՌժոն ստեփանավանցի պուճուր-մուճուր, շուստրի-մուստրի տղա էր: Երբ սովորելն իրենից նեղանում էր, ճարտար արկածախնդրությանն էր հյուընկալվում: ՍեՌժոն գիտեր, որ քննությունից պիտի կտրվի, ուստի.

- Ընկեր Դասոյան, էկեք դուք ինձ իրեք նշանակեք, էլի:
- Չորս պակրիշկա՞...
- Բա ոնց, ընկեր Դասոյան ջան:  
- Կարո՞ղ ես էդ պակրիշկեքը քննությունից հետո տանել դաչա:
- Հա, բա ոնց, ընկեր Դասոյան ջան:



«Զաչոտնիկում» բաղձալի երեքի երեսը տեսնելուց ու էդ կլորիկությամբ մի լավ հիանալուց հետո ՍեՌժոն չորս անվադողերը, իր մեքենան ու ընկեր Դասոյանին հասցնում է ընկեր Դասոյանի ամառանոց: Տեղավորում են անվադողերը ու փոխադարձաբար շահավետ գործարքից բավարարված՝ վերադառնում քաղաք: 

Երեք ամիս հետո: Երեկո: Ուսանողական խոսք ու զրից.
- Երեխեք, բա իմացա՞ք. ՍեՌժոյի տված կաշառքը գողացել են: 
- Դե դաչի տեղը գիտեի, գիշերը գնացի պակռիշկեքը հետ վերցրի....

Էս ընթացքում ՍեՌժոն ընկերների հետ միասին վարձով Պոլիտեխնիկի մոտերքն ինչ-որ նկուղում է ապրում՝ վարձով: Կահավորանքը՝ դասական ուսանողական. մի մահճակալ, մի սեղան ու մի ... ու վերջ: Երկուսն՝ իրար ծոցի, երրորդը՝ սեղանին: Քնի պահանջի բավարարման պայմանները՝ ժամանակակից սպարտական: 

Մի օր Լևոնի ու Նանաշոյի տուն հյուր են գալիս էս բոլորով. ասում, խոսում, գծագրում: Հաջող-մաջողն էլ ընկնում է արդեն գիշերվա կես:
Լևոնի ու Նանաշոյի հետ նույն հարթակում բնակվող հարևանն արդեն մի քանի շաբաթ տունը վերանորոգում էր: Կահույքից բնակարանն ազատելու համար երկաթե «ճոճանակ» երեք մահճակալներն էս վերանորոգման պատճառով հայտնվում են նույն էն հարթակում, որով ՍեՌժոն պետք ա Լևոնի ու Նանաշոյի տանից ուղևորվեր իրենց նկուղ: Ուղևորվելու էն ամենաթունդ պահին, համեմատելով ճոճանակի ու սեղանի առավելությունները որպես գիշերային հանգստի հավանական ու բախտի բերմամբ էդ լուսնկա գիշերով նաև հավասարապես հասանալի թվացող հաբիտատներ, ՍեՌժոն կայծակնային որոշում  է կայացրում...

Առավոտ կանուխ: Պոլիտեխնիկ: Թփռոշ ՍեՌժոն քնաթաթախ Լևոնին՝
- Բարլուուուուս: Ի՞նչ կա-չկա: Սաղ լա՞վ ա:
- Հա, ի՞նչ կա որ:
- Հեչ, ասի հարևանդ հո շուխուր-մուխուր չի՞ դրել:
- Էդ խի՞ որ...

Երեկոյան ուշ: Լևոնի ու Նանաշոյի տան հարթակ: Իրար անցած հարևանը՝ Լևոնին.
- Այ Լևոն ջան, կարո՞ղ ա աչքովդ բան-ման լի ընկած, էդ մեր կառավաթներից մինը կա ոչ: Թե քշերով խի՞ տեին տարած ըլի էդ անդերը....

Մի օր էլ, էն կարևոր օրերից, երբ «սեմեստըրը» մեեեեեծ ու ահազդու ամպի պես անխուսափելիորեն կախվում է ուսանողի գլխին, ու պոլիտեխնիկի ուսանողը հատկապես ստիպված է լինում գիշերներով գծագրել, էդ գծագրելու գայթակղիչ ու խանդոտ ճանկերում դատապարտված՝ ՍեՌժոն ու ընկերները մոռանում են հաց առնել: Մութն ընկնում է, հիշում են, որ սոված են ու ՍեռԺոյին ուղարկում են հացի: Բայց արդեն ոչ թե ուղղակի մութ է լինում, այլ կարգին կեսգիշեր, ու սովետական խանութները, որոնք իրենց աշխատանքային գրաֆիկով սովետական մարդուն  առողջ ապրելակերպի խանդավառ, կամ էլ ոչ այնքան, ջատագով էին դարձրել, ՍեՌժոյին դիմավորում են ոչ գրկաբաց, այլ միանգամայն դռնփակ:

ՍեՌժոն քոռուփոշման ու դատարկաձեռն հետքայլ է անում դեպի տուն, ու ճամփին տներից մեկի դարպասների մոտ, գետնին դրած մի տոպրակ չորացած հաց տեսնում: Ուրախացած, որ իր միայնությունն այլևս լուսավորվեց հացի բուրմունքով, որքան էլ այն երևակայական էր, ՍեռԺոն հասնում է տուն, ընկերներով գոլորշու վրա տաքացնում-փափկացնում են հացն ու  անակնկալ հարձակվելով դարանակալ թշնամու վրա՝ տոտալ պարտության մատնում սովին: Երբ արդեն կուշտ ու տռուզ պառկում են՝ երկուսն իրար ծոցում, ՍեՌժոն՝ սեղանին, ՍեՌժոն կամաց մրթմթրում է քթի տակ.

- Լավ ա դե գոնե էդ տոպրակն աղբը չէին գՁել...