Միլիոն տարի...։-) Երևի դառնար երկու միլիոն, եթե չափսոսայի, որ մոռանալու եմ առաջին զգացողությունները։
Մառսե՛ Ռուդուդեռա (Mercè Rodoreda)։ 20-րդ դարի կատալոնացի ամենահայտնի վիպասանն՝ ըստ տարբեր աղբուրների, որ հասցրեցի աչքի անցկացնել ու առայժմ միակ հեղինակը, որի գործերն անգլերեն թարգմանված հասանելի են համալսարանի գրադարանում։
Արդեն մի շաբաթ ա, ապրում եմ Բարսելոնայի Գրասիայում, որը մտքում միշտ արտասանում եմ «Գարսիա» (մի անգամ նույնիսկ հասցրեցի դուրս պրծացնել բարձրաձայն)։ Ցերեկներն ու վաղ երեկոյան անկապ պտտվում եմ թաղամասի խաչվող փողոցներով ու փորձում եմ հասկանալ, թե ես ու էս քաղաքը ոնց ենք իրար հետ։ Ինձ ու կյանքը կապող իմ ամենասիրելի կամուրջներից մեկը գիրքն ա։ Որոշեցի էդ կամուրջն էստեղ էլ գտնել ու գտա Ռուդուդեռայի «Կամելիաների փողոցը» վիպակը, փողոց, որը տանից մի երկու խաչմերուկ վերև ա։ Մինչև կարդալս հաստատ անցել եմ, բայց մի հատ էլ կանցնեմ, Սեսիլիա Ս.-ի հետ արդեն...
Սեսիլիան «Կամելիաների փողոցը» վիպակի հերոսուհին է։ Վիպակի մոտ երկու հարյուր էջերով քայլում եմ առաջ ու փորձում հասկանալ. ո՞վ է Սեսիլիան, ի՞նչ ունի պատմելու ինձ Կատալոնիայի ու իր մասին։ Համբերատար քայլում եմ, նայում աջուձախ, վերուվար ու մի միտք ինձ հանգիստ չի տալիս. ի՞նչ է ուզում Սեսիլիան, ինչի՞ մասին է երազում, ի՞նչ նպատակներ ունի։ Չէ՞ որ 50-60-ականներին Կատալոնիայում լիքը բան էր կատարվում, այդ ամենն ինչպե՞ս է ապրում ու իմաստավորում Սեսիլիան, մտածու՞մ է դրանց մասին, արձագանքու՞մ է դրանց.... Չէ... Չես էլ իմանում դրանց մասին, դրանք Սեսիլիայի կյանքում դուրս են...
Վիպակում Սեսիլիան պատմում է իր մասին, սկսում ինչ-որ պատահական տան մոտ լքված որբուկի իր պատմությունը, շարունակում դեռահաս ու երիտասարդ սիրահարությունների ու կյանքով սահել-անցնելու մասին մի պատմություն, որի նմանն իմ սիրելի դասականներում չեմ հանդիպել։ Ես միշտ կարդացել եմ մարդկանց մասին, ովքեր երազում են, գործում են, ձախողվում են, հաջողում են, կոտրվում են, չեն կոտրվում, բայց չէի կարդացել կյանքով սահող-անցնող մարդկանց մասին։ Սեսիլիան մեծանում է, գեղեցկանում ու սպասում։ Ինչի՞ն։ Ինքն էլ չգիտի, ու քանի որ չգիտի, կյ անքն է պատահում նրան ու օգտվում միայն նրա գեղեցկությունից։ Մինչև մի օր Սեսիլիան որոշում է լավ ապրել, ու ինքն է սկսում օգտվել իր գեղեցկությունից։
Ասում են կատալոներենի վարպետ էր Ռուդուդեռան։ Լեզվի մասին դժվար կարողանամ ինչ-որ բան ասել, բայց Սեսիլիայի պատմությունն իր մարմնի նման դանդաղ, երևույթների ու գործողությունների փաստացի, արտաքին ու հակիրճ նկարագրությամբ, դրանով հանդերձ, թեև հազվադեպ, բայց այդուհանդերձ, կյանքի խորությանը դիպչող հատվածներ ուներ։ Օրինակ՝
"The next day the gentleman from Tarragona came. I don't know how do describe him: he was part high-class and part peasant, with delicate hands from not working and lots of respect for the rain and sunshine".
Ես չգիտեմ, կյանքը պատահականությունների՞, թե՞ օրինաչափությունների մասին է, միգուցե դրանց համադրության։ Չգիտեմ։ Բայց ինչպես ես եմ անշտապ ու դեռևս աննպատակ ու աներազանք անցնում Գրասիայի փողոցներով, այնպես էլ Սեսիլիան անցավ իր կյանքի միջով։ Ու երկուսս էլ անցնում ենք մի տեսակ շվարած։-) Նա ճանաչելով, հիշելով, հիանալով, աճեցնելով ծաղիկներ, ես՝ կարդալով։-)
Հետաքրքիր էր, որ հենց էս վիպակն ընկավ ձեռքս ու հենց հիմա։-)
No comments:
Post a Comment