Wednesday, April 18, 2012

ICPD Beyond 2014

Տեսնես ինչո՞ւ են էսքան փող ծախսում նման միջոցառումներ կազմակերպելու համար: Դե չէ, պարզ ա ինչու, ու մի օր չեն ծախսի, բայց դե, հարց ա, տալիս եմ էլի:-) Ինչպես իրենք չեն կարողանում իրենց «վատ» սովորույթը փոխել, էնպես էլ ես :-) Ինտերնետի անհավանական հնարավորությունների զարգացման հետ միասին, նման միջոցառումներն ավելի ու ավելի անիմաստ են դառնում: Բայց մարդիկ, նույնիսկ «էքսպերտները» սիրում են ճանապարհորդել, սիրում են պարծենալ թե՛ իրենց իմացածով, թե՛ տպավորել իրենց չիմացածի ինքնավստահ մատուցմամբ:-) 
Երեկ հինգաստղանի հյուրանոցում կուշտ ու մաքուր նստած նայում էինք ռումինական գետտոյի մասին մի տեսանյութ: Եթե յուրաքանչյուրիս վրա ծախսված գումարը հավաքվեր մի տեղ, այդ երեխաներից գոնե երկուսին կկարողանային հանել էդ գետտոյից: Իրենք երբեք դուրս չեն գա: Իրենց պիտի ստիպել դուրս գալ՝ կոպիտ, առանց կամք հարցնելու: Պիտի ուղարկել անգամ նոր երկիր, որովհետև էն ինչ տեսանք քավարանի վերջին պարույրն էր, որտեղից դժոխք մեկ-երկու օրվա ճանապարհ է, իսկ հետո՝ դրախտ, այսինքն մահ: 
Դա մի օրինակ էր: Մի քիչ ծայրահեղ ու էդ իսկ պատճառով ոչ մի դոնորի ուշադրությունը չգրավող: Էդտեղ շատ փող ա պետք, շատ ժամանակ, իսկ քանակ չկա, որակ չգիտես կապահովվի, թե ոչ: Ո՞ւմ է պետք ներդնել էդտեղ: Իսկ բարոյականության մասին մենք վաղուց շատ առաձգական պատկերացումներ ենք ստեղծել, որոնք միանգամայն արդարացնում են մեր վարքը: Դժվար է, գրեթե անհնար, այսպես ապրել. http://www.pulitzer.org/works/2012-Feature-Photography#

Thursday, April 12, 2012

Regression to a mean

Վիճակագիրներին կթողնեմ էս հասկացության հստակ սահմանումն, իսկ ես կասեմ էնպես, ինչպես հասկացել եմ. ամեն ինչ էս աշխարհում ձգտում ա միջինության, լավ, միջակության:-) Ծայրերին ապրելը՝ ծայրահեղ լավ ու վատ, չի կարող երկար տևել, որովհետև դա բախտի բան ա: Իսկ երբևէ մտածե՞լ եք, բախտն ինչ ա: Ըստ էության, էն ամենը, ինչի մասին դու ոչ մի տեղեկություն չունես ու չես կարող կառավարել, անգամ, եթե ունես: Հիմա, դրանք որ հավաքվում են մի տեղ, իսկ դրանք հաստատ հավաքվում են մի տեղ, որովհետև աշխարհս փոխկապակցված ա, դրանք դառնում են «բախտ»: Ինչ-որ բան հաճախ անելուց, նման գործոնների թիվը, որոնց հավաքական անունն է «բախտ», նվազում է, ու կամաց-կամաց ինքդ էլ չիմանալով թե «ինչու ու ինչպես», սկսում ես կառավարել դրանց որոշակի քանակ ու... վերևից իջնում ես դեպի միջին, ներքևից բարձրանում... դեպի  միջին:-) 

Ամուսնությունը սիրո միջին վիճակագրականն ա:-) Մահը՝ կյանքի :-) 

Կահնեմանն ասում էր ժամանակին Միհլի գիրքն «իր տունը քանդեց», հիմա էլ ինքն ա իմը տեղահան անում:-) :-) :-) :-) 


Thursday, March 29, 2012

Հացուկարագ

Մեր հանգստյան օրերն սկսվում էին տաաաաք լոգանքից, որի ընթացքում մաման մեզ էնպես էր լողացնում, որ նույնիսկ ես, որ սովորաբար գունատ էի, չնայած թխությանս, շառագունում էի վարդագույնի ամենավառ երանգներով:-) Հետո գունավոր թաշկինակներով կապում էր գլուխներս, որ չմրսեինք, ու մա՛րշ, անկողին: Չէ, չկարծեք, թե շատ դեմ էի: Չէ՞ որ  պիտի սկսվեր իմ սիրելի «АБВГДе́йка»-ն: Ու բացի դա, կար մեր ամենա-ամենա-ամենասիրելի նախաճաշը. պապան փոքրիկ ափսեում իրար էր խառնում կաթնաշոռ, թթվասեր, մածուն, ավելացնում շաքար, բրդում չոր հացի կտորներ ու միանում մեր ու ծաղրածուների խրախճանքին:-) 

Thursday, March 22, 2012

Խառը

Ես սիրում են ներդաշնակությունը, ատում՝ միանմանությունը: Դժբախտ եմ զգում, երբ ինձ զրկում են մտածելու հնարավորությունից և իմ փոխարեն որոշումներ կայացնում: 

Ե՞րբ եմ լիակատար երջանիկ. գրքի դիմաց կամ գիրքն իմ դիմաց:-) Մնացած դեպքերում՝ ծիծաղելի է, հաճելի է, հուզիչ է, ուրախ է: Երջանիկ եմ ազատության աներևակայելի առատությունից, որն ինձ պարգևում է գիրքը: Երջանիկ եմ շարժման մեջ՝ լողալիս, վազելիս: Երջանիկ եմ, երբ ուժեղ մարդը կարողանում է բարեգութ լինել: Ու դա անում է գիտակցաբար, իր ընտրությամբ: 

Մի քանի օր առաջ վերհիշեցի Կիլիկիա.քոմը: Մեծ-մեծ բաների մասին էի գրում, էս կամ էն երևույթի մասին:-) Հիմա հայացքս բառացիորեն սևեռվել ա ներս ու չի շեղվում: Հիմա ինձ հուզում ու հետաքրքրում է մանրամասը, մեծ կտավներից խուսափում եմ: Դրանք ինձ հասու չեն, որովհետև ես փորձում եմ հասկանալ ներկերի համադրության տրամաբանությունն ու կատարման արհեստը, իսկ իմ մտավոր ու հուզական կարողությունները նման առաջադրանքի համար անբավարար են: Ես ապրում եմ մշտական կասկածի մեջ: Սակայն  չեմ էլ ձգտում համոզվածության, որովհետև այն արագ վեր է ածվում դոգմայի, որի ծանրությունից շնչահեղձ եմ լինում:  Կասկածն ինձ ստիպում է մտածել: Ես լավ չեմ հիշում, թե Քամյուն ինչպես էր սահմանում ընդվզումը, բայց իմ ընդվզումն այդ կասկածի դեմ պայքարն է, իմ իրարամերժ մտքերի հոսքն է, որոնք երբեմն հաջողությամբ թոթափում եմ, երբեմն՝ ոչ, ու արդյունքում մռթնած քայլում փողոցում:-)


Tuesday, March 13, 2012

Հենց էնպես

Միլիոն տարի: Այ էդքան չեմ գրել: Ու որ ասեմ լիքը հետաքրքիր բան ա պատահել էս ընթացքում, չէ: Փորձեմ միլիոն տարին ամփոփել հենց առաջին միտս եկածով.
- Նարինե Գրիգորյան. հրաշալի դերասանուհի ա... ընդհանրապես հրաշք ա, երբ մարդու մեջ էդքան սեր կա: Այսինքն ես չգիտեմ ինչքան սեր կա Նարինեի մեջ, բայց գիտեմ, որ ինքն իր արվեստի մեջ սեր ա, կատարյալ ա: Բայց էնպես մանկական պարզությամբ չէ. էդ սիրո մեջ բոլոր երանգները գոյություն ունեն, ատելախառն, դառնադարչնագույն ու ծիածանագույն: Թու, ինչ փնթոշ ա ստացվում: Դրա համար էլ չեմ գրում, էլի:

Friday, February 24, 2012

Մաշտոցի պուրակ

Էսօր գարուն ա՝ ճնճղուկների խելառ ծլվլոցով, արևով, քաղաքի շնչառությամբ ու իմ մարմնի կոտրտվելու ցանկությամբ:-)
Էսօր մարդիկ դեռ շարունակում եմ պայքարել էդ փոքրիկ պուրակի համար ու...

Saturday, February 11, 2012

Մժեղի չափ...

Пикник на обочине... հանճարեղ փոխաբերություն ա: Ես էլ հա մտածում էի, բայց լավ, ի՞նչն ա էս գրքի մեխը, ինչո՞ւ են իմ «վստահելի աղբյուրները» պնդում, թե լավ գիրք ա: Այո, մենք տիեզերքում ճամփեզրն ենք, որտեղ կարելի է մի պահ կանգ առնել, հաց ուտել, հանգստանալ, ու շարժվել առաջ: 

Նունանի ու Վալենտինի երկխոսությունը պիտի դառնա մարդու ուսումնասիրության կարևորագույն աղբյուրներից մեկը: Բոլոր համալսարաններում պիտի դա ուսանել՝ հանգամանորեն, երկար, ուշադիր: Որ հասկանանք, թե մենք ինչքան պուճուր ենք, ու ոնց ենք կարողանում էդ պուճուրությամբ գիտությունը, (չէ, դուք մի հատ պատկերացրեք), ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ֆռռացնել մեր շուրջ: Տաղանդ ա պետք: Մեզ նշանակալիություն ա պետք, ու  էդ իսկ պատճառով մենք ընտրում ենք խոսել տիեզերական առաքելության մասին, կյանքի վեհ իմաստի մասին և այլն: Մեզ ապրելու համար իմաստ ա պետք, ու անիմաստությունը կամ «փոքրիմաստությունը» դուր չի գալիս: Հետաքրքիր ա, որ անիմաստության հետ մենք համակերպվելու սքանչելի փորձեր ենք արել, օրինակ՝ Քամյուն: Բայց փոքրիմաստության հետ ոչ մի կերպ չենք հարմարվում: էն էլ մենք, մարդիկս, ում համար դրախտը «ոսկե միջինն ա»:-)