Մեր հանգստյան օրերն սկսվում էին տաաաաք լոգանքից, որի ընթացքում մաման մեզ էնպես էր լողացնում, որ նույնիսկ ես, որ սովորաբար գունատ էի, չնայած թխությանս, շառագունում էի վարդագույնի ամենավառ երանգներով:-) Հետո գունավոր թաշկինակներով կապում էր գլուխներս, որ չմրսեինք, ու մա՛րշ, անկողին: Չէ, չկարծեք, թե շատ դեմ էի: Չէ՞ որ պիտի սկսվեր իմ սիրելի «АБВГДе́йка»-ն: Ու բացի դա, կար մեր ամենա-ամենա-ամենասիրելի նախաճաշը. պապան փոքրիկ ափսեում իրար էր խառնում կաթնաշոռ, թթվասեր, մածուն, ավելացնում շաքար, բրդում չոր հացի կտորներ ու միանում մեր ու ծաղրածուների խրախճանքին:-)
Thursday, March 29, 2012
Thursday, March 22, 2012
Խառը
Ես սիրում են ներդաշնակությունը, ատում՝ միանմանությունը: Դժբախտ եմ զգում, երբ ինձ զրկում են մտածելու հնարավորությունից և իմ փոխարեն որոշումներ կայացնում:
Ե՞րբ եմ լիակատար երջանիկ. գրքի դիմաց կամ գիրքն իմ դիմաց:-) Մնացած դեպքերում՝ ծիծաղելի է, հաճելի է, հուզիչ է, ուրախ է: Երջանիկ եմ ազատության աներևակայելի առատությունից, որն ինձ պարգևում է գիրքը: Երջանիկ եմ շարժման մեջ՝ լողալիս, վազելիս: Երջանիկ եմ, երբ ուժեղ մարդը կարողանում է բարեգութ լինել: Ու դա անում է գիտակցաբար, իր ընտրությամբ:
Մի քանի օր առաջ վերհիշեցի Կիլիկիա.քոմը: Մեծ-մեծ բաների մասին էի գրում, էս կամ էն երևույթի մասին:-) Հիմա հայացքս բառացիորեն սևեռվել ա ներս ու չի շեղվում: Հիմա ինձ հուզում ու հետաքրքրում է մանրամասը, մեծ կտավներից խուսափում եմ: Դրանք ինձ հասու չեն, որովհետև ես փորձում եմ հասկանալ ներկերի համադրության տրամաբանությունն ու կատարման արհեստը, իսկ իմ մտավոր ու հուզական կարողությունները նման առաջադրանքի համար անբավարար են: Ես ապրում եմ մշտական կասկածի մեջ: Սակայն չեմ էլ ձգտում համոզվածության, որովհետև այն արագ վեր է ածվում դոգմայի, որի ծանրությունից շնչահեղձ եմ լինում: Կասկածն ինձ ստիպում է մտածել: Ես լավ չեմ հիշում, թե Քամյուն ինչպես էր սահմանում ընդվզումը, բայց իմ ընդվզումն այդ կասկածի դեմ պայքարն է, իմ իրարամերժ մտքերի հոսքն է, որոնք երբեմն հաջողությամբ թոթափում եմ, երբեմն՝ ոչ, ու արդյունքում մռթնած քայլում փողոցում:-)
Tuesday, March 13, 2012
Հենց էնպես
Միլիոն տարի: Այ էդքան չեմ գրել: Ու որ ասեմ լիքը հետաքրքիր բան ա պատահել էս ընթացքում, չէ: Փորձեմ միլիոն տարին ամփոփել հենց առաջին միտս եկածով.
- Նարինե Գրիգորյան. հրաշալի դերասանուհի ա... ընդհանրապես հրաշք ա, երբ մարդու մեջ էդքան սեր կա: Այսինքն ես չգիտեմ ինչքան սեր կա Նարինեի մեջ, բայց գիտեմ, որ ինքն իր արվեստի մեջ սեր ա, կատարյալ ա: Բայց էնպես մանկական պարզությամբ չէ. էդ սիրո մեջ բոլոր երանգները գոյություն ունեն, ատելախառն, դառնադարչնագույն ու ծիածանագույն: Թու, ինչ փնթոշ ա ստացվում: Դրա համար էլ չեմ գրում, էլի:
Friday, February 24, 2012
Մաշտոցի պուրակ
Էսօր գարուն ա՝ ճնճղուկների խելառ ծլվլոցով, արևով, քաղաքի շնչառությամբ ու իմ մարմնի կոտրտվելու ցանկությամբ:-)
Էսօր մարդիկ դեռ շարունակում եմ պայքարել էդ փոքրիկ պուրակի համար ու...
Saturday, February 11, 2012
Մժեղի չափ...
Пикник на обочине... հանճարեղ փոխաբերություն ա: Ես էլ հա մտածում էի, բայց լավ, ի՞նչն ա էս գրքի մեխը, ինչո՞ւ են իմ «վստահելի աղբյուրները» պնդում, թե լավ գիրք ա: Այո, մենք տիեզերքում ճամփեզրն ենք, որտեղ կարելի է մի պահ կանգ առնել, հաց ուտել, հանգստանալ, ու շարժվել առաջ:
Նունանի ու Վալենտինի երկխոսությունը պիտի դառնա մարդու ուսումնասիրության կարևորագույն աղբյուրներից մեկը: Բոլոր համալսարաններում պիտի դա ուսանել՝ հանգամանորեն, երկար, ուշադիր: Որ հասկանանք, թե մենք ինչքան պուճուր ենք, ու ոնց ենք կարողանում էդ պուճուրությամբ գիտությունը, (չէ, դուք մի հատ պատկերացրեք), ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ֆռռացնել մեր շուրջ: Տաղանդ ա պետք: Մեզ նշանակալիություն ա պետք, ու էդ իսկ պատճառով մենք ընտրում ենք խոսել տիեզերական առաքելության մասին, կյանքի վեհ իմաստի մասին և այլն: Մեզ ապրելու համար իմաստ ա պետք, ու անիմաստությունը կամ «փոքրիմաստությունը» դուր չի գալիս: Հետաքրքիր ա, որ անիմաստության հետ մենք համակերպվելու սքանչելի փորձեր ենք արել, օրինակ՝ Քամյուն: Բայց փոքրիմաստության հետ ոչ մի կերպ չենք հարմարվում: էն էլ մենք, մարդիկս, ում համար դրախտը «ոսկե միջինն ա»:-)
Tuesday, February 7, 2012
Ձվերը
Երկար ժամանակ հորս հետ չէի զրուցել: Ես միշտ աշխատում եմ: Միգուցե ոչ միշտ արդյունավետ, բայց միշտ զբաղված եմ ինչ-որ բանով: Ոչ ինքս ինձանով: Պահերը, երբ իմ ուղեղն ընտրում է, թե ես ինչի մասին եմ ուզում մտածել, խոսել, լսել, քիչ են: Ջրում թևերիս առաջ ու ետ հարվածների ընթացքն են, Անի հյուրանոցից Օպերայի կանգառ ամենօրյա 10 րոպեները, աչքերս փակելուց առաջ հի՞նգ, վե՞ց, տա՞ս րոպեն:
Wednesday, February 1, 2012
Հակասությունների մասին
Մեր ընկերներից մեկի երեխան մուլտիկ նայելուց առաջ անպայման հավաստիանում ա. «Մեջը злой կա, չէ՞»: Ստրուգացկիների հանրահայտ վեպն սկսվում է Ուորրենից մեջբերումով. " You got to make good out of bad. That's all there is to make it with".
Էնպես որ առանց հակասությունների կյանք չկա: Դրանցից ազատվելու անդադադրում մարմանջն էլ երևի կյանքն ա, որ կա: Բայց հանգստի հանգրվաններ են պետք, օազիսներ, որտեղ հակասությունները հավասարակշռված են: Առ ժամանակ:
Ես հեռացել եմ թե՛ օազիսներից, թե՛ տարերքներից:
Ձյունը սիրուն ա: Բայց գետինն անկուշտ երախ ա՝ կուլ ա տալիս սպիտակ փափկությունն ու բերանի անկյուններում հավաքում զզվելի կեղտ ու ցեխ:
Subscribe to:
Posts (Atom)