Tuesday, April 28, 2015

Երաժշտություն ու տենց

«Ո՞րն է բարձր երաժշտության սահմանումը կամ եթե դուք համարում եք, որ կա այդպիսի ավելի արժեքավոր, բարձր երաժշտություն, ապա ի՞նչ օբյեկտիվ ոչզգացմունքային հատկանիշներով կարելի է այդ տեսակը առանձնացնել» 

http://dabavog.livejournal.com/596360.html 

Փորձեցի հենց Դաբավոգի մոտ գրել, բայց «տեխնիկական պատճառներով» չստացվեց:-)


Որ ինձ հարց են տալիս (դե, էս էդ դեպքը չի, բայց դե:-)), սկսում եմ երկար մտածել հարցի մասին, ոչ թե պատասխանի:-) 

Էս հարցում մի քանի առանցքային հասկացություն կա.
1. երաժշտություն
2. բարձր
3. սահմանում
4. օբյեկտիվ
5. հատկանիշ

Հիմա, որ նայում եմ էս հասկացություններին, արդեն իսկ պարզորոշ նկատվում ա պատասխաններում հավանական հակասությունները: 

Երաժշտությունն ինքնին ամենավերացական, ամենասուբյեկտիվ երևույթներից ա, դրանով իսկ օբյեկտիվությամբ մտնել էս հասկացության մեջ, արդեն իսկ խնդիր ա: 

Եթե խոսում ենք հատկանիշ-չափանիշի մասին, առաջանում են նոր հարցեր: Ո՞վ է դա սահմանում: Չափանիշն ինստիտուցիոնալ երևույթ ա: Ի նկատի ունեմ, սովորաբար սոցիումը, խումբն ա սահմանում չափանիշ, չէ՞: Տարբեր երաժշտական սոցիումներ սահմանել են տարբեր հատկանիշներ: 

23-ին SOAD-ի համերգը լսում էի 6 ու 7 տարեկան երեխեքի հետ, ովքեր ղժժում-տժժում էին մի ուրիշ ձևի: Մեկ էլ մեկն ասում ա. «Քիս, ճվալը պարտադի՞ր ա»: Ռոքի սիրահարներից ո՞ւմ մտքով կանցներ սենց հարց:-))))

Երեխու մտքով անցել ա, որովհետև ինքը դեռ կաղապարված չի ժանրային հատկանիշներով, որոնք սահմանվել են կոնկրետ էս տեսակ ռոք երաժիշտների սոցիումի կողմից՝ Vocally, thrash metal can employ anything from melodic singing to shouted vocals  (գրված, թե չգրված, սա դեռ չենք էլ քննարկում:)

Monday, April 20, 2015

The danger of a single story

Երևի հակասեմ նախորդ գրածիս...

Բայց քանի որ կուտակվել ա, ինձ էլ ճիշտ ժամանակին ուղարկեցին «ներվային համակարգս բուժելու», ասեմ. 

Ժողովուրդ, դուք ինքներդ հիմք եք դնում նոր, բայց միակողմանի պատմության...

Մեջս սաղ խառնվում ա...

«...իրականում մենք շատ քիչ բան ենք գիտակցել ու շատ սխալ ենք բարձրաձայնում, մեր գլխավոր պահանջը ինքներս մեզանից պիտի լինի, բայց դեռ շատ ենք վախենում, իրավասու զոհ ենք մեզ հայտարարել ու դատ ենք աղաղակում, բայց եղեռն վերապրածը կենդանի մնալու համար պիտի մեջը ուժ գտնի անդունդի երախին նայի ու չմտածի գլորվելու մասին»

Քիչ ենք գիտակցել, համաձայն եմ: Դրա համար կարելի ա ավելի շատ կարդալ օրինակ՝ «Այրվող այգեստանները»: Վախենալը՝ համաձայն եմ: Հայտարարել՝ համաձայն եմ... Ուժ գտնի ու չգլորվի՝ համաձայն եմ:

Բայց « մեր գլխավոր պահանջը ինքներս մեզանից պիտի լինի»....

Էդ գիտե՞ք ինչի ա նման. մեծագույն, անչափելիագույն եսակենտրոնթյան ու եսաամենության: Էդ ոնց որ վերցնես սաաաաաղ աշխարհը տեղավորես քո պուճուր ես-ի մեջ: Էդ ոնց որ ասես, ես եմ, որ կամ. ալֆան ու օմեգան...

Էլի դու ես, որ կաս, բայց կա քեզանից դուրս աշխարհ: Որի մեջ ես դու, ոչ միայն ինքը քո մեջ ու ոչ այնքան ինքը քո մեջ: Որովհետև, եթե միայն ինքն ա քո մեջ, դու քեզ դնում ես ամենայի տեղ, որ պատասխանատվություն ա կրում ամեն ինչի համար.... Տենց չի էլի........................................................ աշխարհը շաաաաաաաաատ մեծ ա, որ դու քո մժեղ հալով ամեն ինչի համար պատասխանատվություն կրես.............

Հա, մենք պետք ա նայենք ներս, թե ինչու, ինչպես եղավ: Մտածենք, քննենք, հասկանանք ու նենց անենք, որ էլի չլինի, բայց դա համարել ԳԼԽԱՎՈՐ, ոչ թե ԶՈՒԳԱՀԵՌ գործողություն, մի քիչ շատ ա, էլի... 

Ինչպես էս դիսկուրսը քաղաքական դաշտում չի, իմն էլ քաղաքականում չի: Եթե ինձ բռնաբարել են, ես զո՞հ եմ, թե՞ չէ: Եթե ես պետք ա շարունակեմ ապրել, ինձ բռնաբարողը պե՞տք ա հասկանա ու ընդունի, որ ինքը բռնաբարող ա, թե՞ չէ: Ես պետք ա անպայման նենց անեմ, որ ինձ էլ չբռնաբարեն, բայց բռնաբարողից պարտքուպահանջ պե՞տք ա ունենամ, թե՞ չէ: Պե՞տք ա ինքը ինչ-որ կերպ ինձ ասի ներողություն: Ինչո՞ւ պետք ա սա հանել իմ կյանքից.... Չեմ հասկանում...... Ինչո՞ւ սրանք զուգահեռ չեն կարող լինել: Ինչո՞ւ ես իմ երեխուն չեմ կարողանալու ասել էս ամեն ինչը. որ կյանքը դաժան  կարող ա լինել, որ կյանքում կան դեպքեր, երբ կան զոհեր ու մարդասպաններ, որ զոհերը պետք ա շարունակեն ապրել, գիտակցելով, որ ժամանակի ինչ-որ պահին իրենք զոհ են եղել, իսկ մարդասպանները պետք ա իրենց էդ արարքի համար էդ ժամանակում կոչվեն մարդասպան, նույնիսկ եթե վաղը ես նրանց կկոչեմ հրեշտակ...............է դժվար ա, բայց ինչն ա հեշտ...

Հա, կարող ա մենք լավ չենք դա անում, ոչ թե կարող ա, երբեմն հաստատ լավ չենք անում, բայց դա բացառել ու մենակ ասել, թե եկեք տեսնենք մեր մեղքը որն էր, որ մեզ կոտորեցին ու սպասել, թե կոտորողը կհասնի «կոսմիկ գիտակցության» ՄԻԱՅՆ էն պատճառով, որ մենք հասկացել ենք, թե ինչու են մեզ կոտորել.... լավ էլի...

Ժողովուրդ, ինչի՞ եք նորից միակողմանի պատմություն սարքում ու վտանգավոր պատմություն, քանի որ անտեսում եք մյուս պատմությունը, նույնիսկ եթե դա թերի ա........

Saturday, April 11, 2015

Մի քիչ գրելու մասին

Գնել ջան, ուրեմն սենց:-)

Ցանկացած բան կարդալիս, ինձ մոտ «դուր գալ, չգալու» հարցը շատ արագ ա լուծվում և ոչ էսպես կոչված «քննադատական մտածողության» հարթությունում:-) Էդ երևի մի հատկություն ա, որ ձևավորվում ա տարիների ընթացքում, հազարումի գործոնների ազդեցությամբ: Իմ տարիքում փոքր-ինչ կարծրացած հատկություն ա, որի պատճառով հետաքրքիր գրվածքներ կարող են դուրս մնալ, բայց դա նաև որոշակիորեն անխուսափելի ա:

Thursday, March 26, 2015

Մտածել մտածելու մասին

Իմ Բըրդ(ու)մենի անունը տեսնես ի՞նչ ա:-)

Անունը չգիտեմ, բայց լրիվ մարկեսյան դեմք ա. հաճախ սպիտակ ԲԱԼԱԽՈՆ-ով գլխիս նստած:-)))))) Ու մեկ-մեկ շատ ծիծաղելի ա, երբ փորձում եմ իրեն էդտեղից իջեցնել ու լռեցնել: Մի պեռվել ա պեռվում, մի թևերը թափ ա տալիս, թե, «բա որ ես չլինեմ, ո՞նց ես գլուխդ գովելու: դու ո՞վ ես եղած ընդհանրապես («լինելու» մասին էլ բավականին ոչ թափանցիկ, սպառնալից ակնարկներ ա նետում, որ ճիշտն ասած քիչ մը ցավոտ են, բայց դե...)» ու սենց: 

Ինքն իր սպիտակ կարլսոնյան սավանով շատ ա սիրում լոգարանը, հատկապես լողավազանի լոգարանը: Ու չի էլ թրջվում անտերը: Էդ ժամանակ մեր երկխոսություններն ուղղակի հանճարեղ են: Տո ինչ երկխոսություն. սոլոլոքի: Ես չկամ, ինքն ու իրա բալախոնը: Բայց ես դեմ չեմ: Բացարարձակ, նույնիսկ կողմ եմ, որովհետև միևնունն ա, հեղինակային իրավունքն ամբողջությամբ իմն ա, ինչքան էլ ինքն իմ գլխավերևում թևահարի (ամեն ինչ իր գինն ունի, է՜հ): 

Մենք լոգարանից դուրս ենք գալիս խառը-խշտլիք (թու, ինչ էլ անդուր բառ ա...) մտքերն ամուր, կուռ թելերով իրար կապած: Ու սա կարկատան չի: Ընդունում եմ Կոկո Շանել էլ չի, բայց սենց մի տեսակ լավ ստացված ինդիփենդընթ մուվիոտ մտքարան ա: 

Օրինակ՝ մի երկու շաբաթ առաջ լավ ընկերներից մեկը մի սևուսպիտակ պատմություն պատմեց էն մասին, թե ինչպես են փորձել մեծապետական նկրտումներ խաղացնել փոքր հայերի մոտ ու ոնց ա էդ փոքր հայերից մեկը էնպես արժանապատվորեն պահել իրեն, որ մեծապետական պուճուրները չեն իմացել գլուխները ուր կոխեն: Լսեցի, հուզվեցի, անցավ-գնաց: Եկավ «մի երկու օր առաջը» ու մի հոդված կարդացի անհասկանալի, նորամուծված «ապրումակցում» երևույթի մասին: Ու հաջորդ օրը պետք ա մի բան գրեմ մի բանի մասին, որից գիտակցաբար գաղափար չունեմ: 

Տխուր-տրտում նստած նայում եմ դիջիթըլ-միջիթըլ անկապ տեքստերին, մեկ էլ սպիտակ բալախոնս  ոտքը ոտքին ա գցում գլխիս վրա ու թևերով հո չի կապում մեկը մյուսին. էս երկուսն իրար, սրանք մանկությունից մնացած ինչ-որ իդեալիստական հասկացությունների, էս ամբողջը՝ իմ վերջին ձեռքենումներից՝ Օքամի սրագույն սայրին ու արդեն գիտեմ ինչ եմ անելու: 

Շատ ծիծաղելի ա իմ բալախոնը, բայց շատ սիրելի:-)

Tuesday, February 17, 2015

Յոգայի գիրքը

Միլիոն տարի ա անցել...

Տարիները պատմություններ են:

Մի լավ ընկեր ունենք: Երկար ճամփին խոսում ենք.

- Ես լրիվ նիֆարմալ էի: Դպրոցն ատըմ էի: Լավ էի սովորըմ բայց: Հա, ատըմ էի նստելը: Բայց հասկանըմ էի, որ դե էտ ա. ինչ կա, կա: Մի օր Ավետիք Իսահակյանի ինչ-որ պատմվածք կարդացի ու ըդտեղ առաջին անգամ իմացա Բուդդայի մասին (միգուցե և սրա մասին ա խոսքը, չգիտեմ, դեռ չեմ կարդացել): Ու էդ ի՛մն էր է՛լի: 

Էն տարիներին [90-ականներ] յոգայի մասին գիրք գտնելը տեղով պատմություն էր: Իսկ գտածը...դե հիմիկվա նման չի, էլի, որ մի կտտոցով ինչ ուզըմ, գտնըմ ես: Ես ու ընկերս լսել էինք, որ մի հոգեբան կա քաղաքըմ, յոգայի մասին մի գիրք ունի, որը գիրք չի է՜՜՜, ԳԻՐՔ ա: Բայց ինքը էդ գիրքը ոչ մեկին չի տալիս: Լուր էր պտտվում, որ գիրքը կա, բայց տեսնող չկա: 

Դե էլ ոնց կլնի, պըտի էդ գիրքն իմ ձեռն ընկեր: Էդ մարդն էլ գեշ խմող էր: Էն ա, մի օր ընկերոջս հետ մի երկու շիշ արաղ առանք, գնացինք դրա տուն: Նստած խոսըմ ենք դեսից -դենից: Խոսըմ ենք, ես էլ հա բաժակը լցնըմ եմ, որ էս մարդու քեֆը լավանա, ես էլ դուխս տեղը բերեմ, որ ռսկով գրքի մասին հարցնեմ:

Երկու շշի ընթացքում էս մարդն ինչ ասես չպատմեց, ընչի մասին ասես զրից չարավ. Բուդդայից, ոչ Բուդդայից, դեսից, դենից: Բայց հա ձեռով հետևն էր ցույց տալի, թե «Էս ա: Ինչ կա չկա, սաղ էս ա, մնացած սաղ սուտ ա»: Էն ա, վերջը գլխի ընկա, ասի, հլա մի հետ եդ նայեմ տենամ, էդ ինչ ա ցույց տալիս: Խաչ էր մի հատ: Երկրորդ շշի վերջանալու վրա չդիմացա, թե, «Բա գի՞րքը: Յոգայի գիրքն ո՞ւր ա»:

 «Վառել եմ»...

Monday, February 9, 2015

Հուզիչ պատմություն

«Գեղըմ կինո էին ցույց տալիս: Մի մատ րեխա էի, տասը տարեկան էի երևի, լավ չեմ հիշըմ: Շատ էի ուզըմ գնալ, բայց տոմսը տաս հատ ձու էր: Մորս խնդրեցի ձու տա, գնամ կինո, ասավ, չէ: Բայց դե շատ էի ուզում, է­՜: Մերս էլ մոռացել էր, որ ձվերը ես եմ հավաքում: Էն ա էդ օրը գնացի հավաքեցի, բայց մինչև մորս տալը դրեցի, սաղ եփեցի... ու տենց վեդրոյով էլ դրեցի տեղը...

Մերս ձուն տանում էր հանձնի, որ ալյուր առնի: Տանում ա հանձնելու, վեր են ունում, որ ստուգեն, տենում են պինդ ա: Որը փորձում են, պինդ ա...

Մեկ էլ տուն եկա, տենամ... տենց նստել ա. վեդրոն կողքը, գլուխը կախ, կորացած: Բան չասավ: Ոչ մի բան...»

Sunday, February 8, 2015

Մարտնչող կիսագրագիտություն

Կարո՞ղ ա պետք ա վերաիմաստավորել «451 աստիճան ըստ Ֆարենհայթի»... Կամ «Գեղեցիկ նոր աշխարհը» (թարգ. իմը չի:-))...

Մի քանի շաբաթ առաջ: Աբովյան-Թումանյան խաչմերուկ: Լրագրող ու օպերատոր: 

- Իսկ դուք ի՞նչ եք մտածում առևտրականների ցույցի մասին:

Բայց ինչո՞ւ պետք ա ես անպայման ինչ-որ բան մտածեմ 21-րդ դարում փոքր ու միջին բիզնեսով զբաղվող հայ ձեռներեցների, ոչ թե 19-րդ դարի առևտրականների դժգոհության մասին: Լավ, ասենք թե մտածում եմ, բայց ինչո՞ւ  պետք ա ամեն մի պատահական մարդ, կես րոպեում, առանց որևէ հնարավորության երկար-բարակ բացատրելու, թե ինչու է էդպես, այլ ոչ թե այլ կերպ մտածում, պարտադրված զգա ասելու, թե ինչ է մտածում: Ու հետո իմ կիսագրագետ մտածածը թափառի հազարումի ալիքներով ու մարդկանց մի խմբին վրդովվեցնի, մյուսի վերքին դարման լինի ու եսիմ ինչ, ինչո՞ւ... Ինչո՞ւ պետք ա ապրելն անպայման կարծիքի տեսքով լինի...

Ինչո՞ւ պետք ա բոլորս ամեն ինչի մասին կարծիք ունենանք ու վատ զգանք, որ չունենք....

Կիսագրագետն ինչո՞ւ ա վտանգավոր: Իր անբեկանելի «Գիտեմ» պատասխանով: Իր հարց տալու անկարողությամբ, իր «գիտեմ»-ի սուրն աջուձախ թափ տալով: Հա, դժվար ա էդքան աշխատել, էդքան ներդնել մի «գիտեմ»-ի հասնելու համար... Ամեն մեկն էլ ուզում ա մի հանգրվան, որ հանգիստ գլուխը դնի բարձին ու էլ ծով դուրս չգա, որտեղ աստված գիտի, իրեն ինչ ա սպասում: Բայց դնելուց հետո ինչո՞ւ ա անպայման պետք ժխտել անծայրածիր, դեռևս մինչև վերջ չբացահայտված օվկիանը, ինչո՞ւ պետք ա տան առջև սարքած փոքր, փտած լողավազանը ներկայացնել որպես էդ օվկիան...