Wednesday, December 12, 2012

Տրանսպորտային մտորումներ

Շաբաթ օրը երթուղայինում ինչ-որ մեկը պատահաբար, անզգուշաբար ձեռքը դրեց դիմացի աթոռի թիկնակին ու փոոոոքր-ինչ դիպավ դիմացինի մազերին: Մինչ առաջինը ներողություն   կխնդրեր իր անզգուշության համար, դիմացի կինն աչքերն ոլորեց, քիթումռութ արեց ու... լուռ ու կատաղի արհամարհանքով գլուխը թեքեց դեպի պատուհանը: 

Երեկ ուշ երեկոյան կանգառում երկար ու ձիգ սպասումների ընթացքում մի քանի անգամ անծանոթ հայացքներ բռնացրեցի: Առաջին ու չգիտակցված արձագանքս կիտած հոնքերն էին: Հետո սկսեցի մտածել (այո, երբեմն պատահում է:-)).  ինչո՞ւ եմ միանգամից թաքնվում ու չարանում: Կարելի է, օրինակ, հպանցիկ ժպտալ: Ոչ ոք ոչինչ չի արել քեզ՝ լավ կամ վատ: Ուղղակի նայում է: Ինչո՞ւ թշնամանքն ավելի «բնական» է, քան ... հայերենում  անգամ էդ բառը չունենք՝ friendliness, միգուցե՝ բարյացկամությո՞ւն: Լավ բառ ա, իմ դուրն եկավ: Նույնը չի, բայց շատ լավ բառ ա՝ բարի կամեցող:

Մեզ մոտ անծանոթն ու քիչ ծանոթը կա՛մ միանգամից թշնամի է, կա՛մ բարեկամ, ընկեր:-)))   Միչնդեռ կա հետաքրքիր ու համարժեք մի ուրիշ տարբերակ՝ կարելի է ուղղակի բարին կամենալ ու սպասել: Երկրորդ արձագանքից հետո միայն որոշել դիմացինն ընկեր է, թե թշնամի:

Հա, հասկանում եմ, չարչրկված գոյատևման խնդիր, բան, հայկական վախվորած ու «Մի՛շտ պատրաստ (վատին)» գենետիկա... իսկ անծանոթը հավանական վտանգ է հենց անծանոթ լինելու հանգամանքով, բայց մի բան հարցնեմ, էլի. մարդուն ուղեղն ինչո՞ւ է տրված (բայց ինչ շատ եմ հարցնում նույն բանը:-))): Հանձինս լիքը ուրիշ գործառույթների՝ նաև որպեսզի «երբեմս-երբեմս» կառավարի ինքն իրեն՝ իրեն ցանկալի ուղղությամբ, չէ՞: Բայց երբ ցանկալին սովորականից ավելի ջանք է պահանջում, սովորականը դառնում է «սաղ աշխարհն էլ էդպես ա անում» համընթաց ու համասփյուռ ցանկություն...

Մի կողմից անկեղծ ենք, քանի որ բնական արձագանք ունենք շրջապատին, մյուս կողմից՝ քաղաքակիրթ չենք:-)))

Thursday, December 6, 2012

Բախի մասին

Համալսարանում ճանաչեցի իմ կյանքում ամենամեծ ու խորը ու երկար ու անդառնալի հետք թողած մարդուն՝ անգլերենի դասախոսիս: Անցա երկրպագությունից մինչև հուսահատություն կեղտոտ ճանապարհով, սևուսպիտակ բարու ու չարի, հետևաբար՝ սիրո ու չսիրո սանդուղքով վազվզեցի վերև ու ներքև, ու իմ ընկալումների հորձանուտում խարսխեցի մի տեղ, որտեղ ինքը փորձում էր ինձ ուղղորդել մի քանի տարի շարունակ: Հիմա էլ չգիտեմ ինչ է նշանակում տրանսենդենտալ, բայց գիտեմ ինչ համուհոտ ունի, ինչ մարմնավորում ունի այն իմ կավե մարմնում՝ էսպիսի

Երաժշտությունից ես դառնում եմ շարժում: Մի քանի հավերժական րոպեների պերպետում մոբիլե: 

Աշուն ա: Իմ կյանքում: 

Friday, November 30, 2012

Յախկ

Ջահելների մի տեսակ կա, տանել չեմ կարողանում. ինքնահավան, երկու տառ իմացող, 100-ի չափ փուչիկային մեծություն ընդունած: Յախկ: Էս առավոտվանից, երեկոյի հետ կապ չունի: 

Ու ընդհանրապես. ջղային եմ: Շատ: Անտեր դիպլոմն ինչի համար ա, եթե ասում ես Լոնդոնի համալսարանի էս ինչ բանն ես ավարտել, ավարտել է՝ թղթով, պեչատով, ասել տատիս կարմիր գույնով, ոչ թե ուղղակի մի շաբաթ դասի ես գնացել: Թե բա անգլերենի քննության թուղթ բեր, առանց դրա չի լինի: Ոնց ա զահլես գնում... Ասա քեզ համար հանգիստ ապրի էլի, միևնույնն ա էս երկրում ոչ մեկը չի հավատում դոնկիխոտությանը. հաստատ սա մի կեղտոտ շահ ունի, էս ա դատավճիռը, երբ փորձում ես մի բան անել, բայց փոխարենը ոչ մի բան չուզել: Ասենք, շահը լավը չի կարող լինել էլի, օրինակ՝ որ դու ընկեր-ծանոթ ունես անտեր անգլիաներում, որ ասում են արի Հայաստանի մասին հետազոտություն անենք, դու էլ ասում էս լավ գործ ունես, նորը չես փնտրում, ուղղակի ուզում ես կիսվել նրանով ինչ ունես: Օֆ չգիտեմ, իսկականից շատ ջղային եմ ու ամեն ինչ դրանից ավելի սև ա, քան իրականում: 

Երևի օրն ա էդպիսին, ես էլ հոգնած եմ: Լույս ու գույն եմ ուզում, ժպիտ: 

Wednesday, November 28, 2012

Պատմություն

շատ եմ սիրում: Վաղուց, ամենա-ամենափոքր ժամանակներից:

Երեկ Նանուտն ինձ հեքիաթ էր պատմում, կես ժամ: Հատուլիտը չդիմացավ, 15 րոպեից ասաց «Ե՜՜՜՜րկար ա՜՜՜՜՜» ու ծլվլալով իջավ աթոռից, որ կոմպոտ խմի (հա, մոռացա. երբ մայրը կոմպոտի բաժակը մեկնեց, ժպտաց, թե՝ «Բարև» ու գնաց մյուս սենյակ: Հատուլիտը շատ լակոնիկ ա. երկու վանկից անդին բառերն իր համար ֆունկցիոնալ չեն: Բնականաբար, նման  դասակարգման թրի տակով անցել է նաև «շնորհակալությունը»: Ուստի՝ հյուրասիրում ես՝ «Բարև», իր համար լավ բան արեցիր՝ «Բարև»):

Ես լսում եմ. իր լսած հեքիաթներից տեղում ծնվում է Նանուտի հեքիաթը, որտեղ սկյուռիկ կա, որը մայր այծն ա, ու մենակ-մենակ լացում ա, երբ աղվես-գայլն ուտում ա իր ճուտիկներին, բարի ու չար թագավոր կա, ու բարին իր արագավազ ձիերով ու իր կառքով ու իր թագուհու  ու ոզնիի հետ գնում ա անտառ,... Ու չի հոգնում Նանուտը, պատմությունը  շարունակվում ա, միայն բերանն ա հոգնել ու չորացել:-) 

Ու մտածում եմ, թե մենք ինչքան շատ ենք սիրում պատմություններ, գրեթե ապրելու չափ. ու ապրում ենք սիրուն պատմություններ պատմելու համար: Անգամ պատմություններով կառուցում ենք մեր կյանքը՝ ծնունդ, հարսանիք, կնունք, թաղում... «Չկնքե՞նք երեխեքին: Վարդանին չպսակե՞նք: Լավ լացեցին վրան»:

Հիշողություններ են պետք: Հատկապես վերջերում, երբ ամենօրյա ապրվող կյանքից հաճույքը կամաց-կամաց փախչում ա, որովհետև շատ բան ես տեսել, զարմանալուդ վրա ես արդեն զարմանում, նվվացող ցավն ավելի ուժեղ ա, քան մեղեդու գեղեցկությունը ու տենց:

Բայց, ահել ու ջահել հիմա իրար են խառնվել: Ջահելներին որ նայում եմ, լացս գալիս ա. փոխանակ հավեսով քեֆ անեն, ասում են «Սպասի մի հատ նկարվենք, ֆբ գցենք»: Ու որ փորձես հաշվել, թե ապրելու փոխարեն ինչքան ժամանակ ա անցնում ապրելու մասին ուրիշների ու ամենավատը՝ ինքն իր համար պատմություններ հորինելով, լացելու ա...

Բայց հաշվել պետք չի, էդ  էլ աժամանակատար:-)

Thursday, November 22, 2012

Կինո

Երեկ Մերուժանին եմ հանդիպել...

Wednesday, November 21, 2012

Նոյեմբերյան անձրև

Փափկություն կար օդում: Ծանծաղ ու ծույլ անձրևում: Որ պիտի գար ամբողջ օրը: Ալարկոտ, անհավես: Պիտի գար, որովհետև նոյեմբերը վերջանում էր ու իրեն ասել էին, որ ինքը պիտի գա: Պիտի իջնի քաղաք ու տեղա: Ինքն էլ իջել ու տեղում էր, բայց ժլատորեն: Կիրքն ու առատաձեռնությունը մնացել էին հեռավոր ապրիլում: 

... երբ կարելի էր խենթ քրքջոցով պարուրվել դեռատի ու մերկ պարանոցներին:

Հիմա բոլոր պարանոցները փակ են: Երփներանգ ու տաքուկ շարֆերով: Հիմա փակվելու ու տաքանալու ժամանակներն են: Պաշարելու ու կիսվելու ժամանակներն են: Հիմա ինքը որ հորդա, կվերջանա: Կտեղա-կտեղա, կսառի, կսպառվի, ձյուն կդառնա: 

Ու դրանից ժլատացել է: Հոգնել է: Մեծացել է: Հանդարտվել: 

Monday, November 12, 2012

Պատմությունների ու հակապատմությունների մասին

Ուրբաթ օրը բանակցությունների ու առաջնորդության մասին վերապատրաստման ժամանակ խոսվեց էն մասին, որ առաջնորդն իր հետևորդների հետ հաղորդակցվում է պատմություններով: Ինչպես միշտ էս գունավոր աշխարհում կա մատերիա ու հակամատերիա, պատմություն ու հակապատմություն: 

Բարձրաստիճան ոստիկանին պաշտոնանկ են անում, դատում են, մարդիկ ասում են. «Քավության նոխազ էր»: «Վերևներին լավ չի նայել»: 

Անկուսակցականն առանց կուսակցությունների օժանդակության ընտրվում է ԱԺ, մարդիկ ասում են. «Եթե Դուք հայտնվել եք խորհրդարանում և օլիգարխ չեք, ապա դա եղել է «Ձեր պայմանավորվածությունների շնորհիվ», ոչ թե հենց այնպես»: «Բայց Դուք չէիք կարող հենց էնպես, առանց «մեջքի» ու փողի ընտրվել մի քաղաքում, որտեղ բոլորը գիտեն, թե որոշումները որտեղից են կայացվում»: 

Ո՞ր պատմությանն եք հավատում:  Անգամ դեղնակտուցն էսօր Հայաստանում երկրորդին ա հավատում: Ինչո՞ւ: Որովհետև ամեն երկրորդ դեղնակտուց տեղից վեր ա կենում ու կրակ լցնում բենզինի վրա իր անհավատությամբ: «Հասուն»  կտուցովին դեռ ներելի ա...

Բոլոր պատմություններն ու հակապատմությունները Հայաստանում անհիմն են, որովհետև փաստերի մասին ոչ ոք չի հիշում կամ (լավ, հանուն արդարության), քչերն են հիշում:  

Որովհետև հավատի վրա են հիմնված, իսկ այն իռացիոնալ ա: Որը չի նշանակում, թե գոյություն չունի: Ունի, բայց ցանկացած փաստ բեր, աշխարհի բոլոր փաստերը բեր, մեկ ա, էս հակապատմություններն ավելի ուժեղ են լինելու, որովհետև մենք չենք ուզում ՀԱՎԱՏԱԼ լավին: Վերջ: Նույնիսկ Կահնեմանն (պահ;-)) ա ասում, որ մեր ուղեղային ռեցեպտորները մի քանի անգամ ավելի արագ ու ինտենսիվ են ընկալում վատ լուրերն ու վատ իրավիճակները, քան լավը: Որովհետև վատն ակնկալելով՝ փորձում ենք կանխել, կռվում ենք, որ գոյատևենք: Ու էնքան, որ երբ կռվելու ու գոյատևելու խնդիր չկա, սկսում ենք լավը վատացնել: Որ գոյատևենք:-) Սովորույթի ուժ, ոնց որ ասում են: 

Նույնիսկ եթե պատմություններն անհիմն են, ես նախընտրում են հավատալ պատմությանը:  Որ փոխվենք: Ոչ կուրորեն: Բայց քանի դեռ հակապատմությունը նույնքան անհիմն է, ես նախընտրում եմ պատմությունը...

P.S. Սուտ էլի:-) Կամ էլ ոչ սուտ:-)))