Thursday, October 18, 2012

Ոնց ինձ գտնել:-)))

Մեռա:-))))))))

Search Keywords
Entry
Pageviews
շարադրություն աշնան մասին
14
աշնան մասին շարադրություն
8
աշնան մասին շարադրություններ
5
աշնանային երեկո
5
սագերի մասին հետաքրքիր պատմություններ
4
ալբերտ քամյու
2
աշուն շարադրություն
2
մի որ
2
շարադրություններ աշնան վերաբերյալ
2
սագ
2

Wednesday, October 17, 2012

Դեռահասություն

Վերջերս ինչ-ինչ հանգամանքների բերումով, ինչ-ինչ պայմաններում ու պարագաներում հասկացա, որ հոմո սապիենս տեսակի 90% /անհույս լավատես:-)/ դեռահաս ա, բառիս բուն իմաստով՝ դեռ հասած չի, խակ ա: Իսկ խակը կամ պետք ա թքես-թափես, կամ պահես-պահպանես, մինչև հասնի, լիքը, տռուզ, համով, հյութեղ միրգ դառնա /լավ, «Անահիտ» տեսակն էլ կլինի:-)/

Դեռահաս ենք՝ անկապ վեր-վեր թռչելով, հայելու առաջ տասը ժամ մեզանով հիանալու մոլուցքով, որ պատռվում ա մենակ մանկության անկեղծ, կարճատև պոռթկումներով, երբ ազնվությունից շունչ կտրելու չափ սիրունանում ենք: Կամ էլ էդպես խակ-խակ լողալով կյանքի մակերեսին՝ մեկ էլ վերջինս մի ապատակ ա վրա բերում իր ծանր ափով ու դառնում ենք տՀԱՍ մեծավոր՝ դժբախտ, դժգոհ, տգեղ, որտեղից պոռթկումը հրաբխային ա՝ մահացու, հուժկու, անդիմադրելի տառապանքի հոտով: 

Պահող-պահպանող չի մնացել: Չունենք, չկա: 

Ճամփին աչքս ընկավ կաաաա՜րմիր սիրուն ծառին... ու հիշեցի, որ ծառն այդ հիասքանչ էր գարնանը, ամռանը, նույնիսկ ձմռանը՝ մերկ ու պառաված: Իմ հողոտ սիրուն ծառը... Նայում ա ինձ ու ասում ա, ո՞ւր ա հողդ: Կորցրել եմ, պոկվել եմ ու էն կլոր փշերի նման, ինքս իմ մեջ կլորացած ու տապ կացած տրվել եմ քամուն: Դրսից փշերս մաշվել են, բայց վերքի տեղերը կոպտացել են, որ արնաքամ չլինեմ: 

Պահող-պահպանող չի մնացել:

Չի մնացել, բայց ոնց որ Մարքսն վեհապանծ մի վախտով ասել ա, թե իբր կապիտալիզմն իր մեջ իր մահվան սերմերն ա կրում /պահ, սաղ ապրող-շնչող բաներն էլ կրում են էլի:-) /, էնպես էլ մենք մեր մեջ պահպանողի սերմն ենք կրում /մինչև դրա մահացու դառնալն էլի:-)/: Պահենք-պահպանենք: Սիրենք ռոբոտներին, իսկ ինքներս մեզ՝ ավելի շատ:-) Որ հասնենք:-)

Monday, October 15, 2012

...

Ոնց եմ հոգնել... իսկ դեռ երկուշաբթի առավոտ ա...

Հոգնում են էսպես.

Փուլ 1. դժգոհություն=արված աշխատանք
Փուլ 2. դժգոհություն < արված աշխտանք
Փուլ 3. դժգոհություն=0
Փուլ 4. դու=ՄԻԱՅՆ արված աշխատանք, որը դառնում ա հնարավորինս օպտիմալ, իսկ եթե չգիտեք դա ինչ է, կարդացեք Ա Ազիմով:-)

Thursday, September 13, 2012

Արագության ու թեստերի մասին

Ես բնազդային հակակրանք ու վախ ունեմ թեստերից: Ու որպես կանոն, միշտ էլ բոլոր քննությունները շատ ավելի վատ եմ հանձնել, քան հետագայում նույն գիտելիքը կիրառել եմ գործնականում: Միշտ (չէ, սուտ եմ ասում, երբ դեղնավուն էի, էն ժամանակ:-)) հիացել եմ մարդկանցով,  ովքեր կարողանոմ էին տեղին մեջբերում անել, հիշել վեպից մանրամասներ, համեմատությունները համեմել մեծերի գործերից ու կյանքից օրինակներով: Երբեք չեմ կարողացել: Էն ինչ լսել եմ, էն ինչ կարդացել եմ, մսաղացով անցել-աղացվել ա ու դարձել  ուրիշ սուբստանցիա: 

Երբ ինձ խնդրում են ինչ-որ բան թարգմանել արագ, ինչ-որ վարժություն լրացնել արագ, ես որպես կանոն անպայման սխալվում եմ: Իսկ թե ինչ ա կատարվում գլխումս, ուղղակի  մուլտի կադր ա՝ բոլոր ժամանակներից, բոլոր գրքերից, կինոներից, վայրերից ու մարդկանցից կտոր-կտոր պատկերներ, ձայներ ու հոտեր հեռվից գալիս-լցվում են կարճ հիշողությանս դարպասների առջև, իսկ դրանք կա՛մ ընդհանրապես ճանապարհ չեն տալիս սրանց դեպի շուրթեր, կա՛մ միանգամից բացվում են ու ...էդ կտորները գլխապատառ արագությամբ թափվում են ներս, ու ես արտաբերում եմ առաջին պատահածը՝ առանց երկար-բարակ մտածելու:

Ու էդպես խայտառակվում ի տես համայն աշխարհի:-))))))))

Monday, September 3, 2012

Isaac Asimov: I, Robot

Ոնց էր երեխուն նոր խաղալիք լինեն նվիրած:-) Այ էդպես կարդում եմ ռոբոտների մասին պատմվածքները: Շատ են դուրս գալիս. ոչ մի խուճուճ-մուճուճ բան չկա: Ամեն մի պատմվածքի հիմքում ինչ-որ մարդկայնացված կոնֆլիկտ ա, որն իհարկե տեղի  ա ունենում շաաատ ռացիոնալ, բայց մարդկային արժեքներով ստեղծված ռոբոտների մոտ: Շատ հավանեցի «Ստախոսը»,  քանի որ վերջին երկու ամսում ինքս մտածում եմ, թե ինչքան կարելի է զիջել, որ դու մնաս դու:-)

Friday, August 31, 2012

Օգոստոսի 31, Երևան

Քաղաքն արթնանում է երկար ու դանդաղ. կապույտն ու կանաչը դեռ նսեմացնում եմ խայտաբղետ մարդկանց, շենքերի ու մեքենաների խառնիճաղանճ գունամբոխը: Հատուկենտ մեքենաներ, հատուկենտ անցորդներ:

Բանկի դիմաց զրուցում են երեք տղամարդ: Փողկապներով, փորերով ու հարուստ ինքնագոհության այլ ատրիբուտներով: 

Դիմացի մայթին կանգնում է մեքենան ու իջնում է կինը՝ երիտասարդ, վառվռուն, սլացիկ սրունքներից մինչև պիրկ կրծքերը կանացի ու կենդանի: Տղամարդիկ էլ չեն զրուցում ու ժպտալով հետևում են կնոջ ինքնավստահ քայլերին՝ բնազդաբար կիսաբաց բերաններով: Բերանները փակվում են հեգնական ու ամենայն հավանականությամբ գռեհիկ (աչքերը հուշում են) մի երկու կարծիք փոխանակելու ջանքերն իրականացնելու համար: 

Բնազդը լավ բան ա, հրաշք բան ա: Քաղաքակրթությունը բնազդի մեջ գեղագիտություն ա դրել, հաճույքի մեջ՝ նրբություն: Անտաշ ենք, հո զոռով չի: 

Tuesday, August 28, 2012

Տղամարդկանց մասին

Ես իրենց շատ եմ սիրում:-) Որպես տեսակ: Որպես անհատներ՝ քչերին, որպես  «առանձնյակ»՝ առավել ևս քիչ: Ու էնպես ա ստացվել, որ ես ապրում եմ կողք-կողքի իմ ամենաքիչ սիրելի առանձնյակի՝  հայ տղամարդու հետ, ով ինձ նույնիսկ բնազդորեն չի հուզում. նայում եմ ինքնահավան, փնթի՝ տարիներով հոգատար ձեռք չտեսած գրապահարանի նման (էս «փնթին» շորի ու խնամքի մասին չի էնքան, ինչքան սեփական մարմնի մասին հոգ տանելու... առաջին երկուսն իհարկե ամենաընդունված տարբերակն են նյութականացնելու էդ հոգատարությունը, բայց ես ավելի շատ խոսում են էն մասին, որ դու մարմինդ համամասնորեն ես պահում, ոնց որ քեզ տրված էր ի սկզբանե) մարմնին ու հեչ չեմ հուզվում:-) Ասենք ինչպես հուզվում էի Բիլբաոյում կամ Սոպելանայում, երբ նայում էի ու  վերջ, արդեն հուզված եմ, նույնիսկ՝ «անհույս տոչորված» գունային գամմայի խախտումների պատճառով:-))))))))))))

Բայց դա հեչ, դա ինձ մի քիչ ավելի քիչ կանացի ա դարձնում միգուցե, բայց էդքանը միայն՝ միիի քիչ: Առանձնյակն ինձ դուր չի գալիս, որովհետև ինքն իր տեղը չի գտնում: Մաման-պապան, ընկերներն ու գործընկերները, հարևաններն ու բարեկամները գտնում եմ, բայց ինքը՝ չէ: