Tuesday, July 17, 2012

Էլի հենց էնպես

Հիվանդանոցի պատուհանից դուրս լույսեր էին՝ խլվրտան, զվարթ, անտարբեր: Դրսում ցուրտ էր: Սենյակում տաք էր:  Սենյակում երկու սիրտ էր պայթում՝ մեկը մենակ մնալու ցանկությունից, մյուսը մենակ չթողնելու ցանկությունից: 12 ժամից ինքնաթիռը պիտի վերադառնար Ամրստերդամ: Մեկը գունատվել էր ցավից, մյուսը՝ հուսահատությունից: Մեկն արդեն փակվել էր իր աշխարհում, մյուսն անօգուտ ծեծում էր էդ աշխարհի դուռը: 

Սենյակում հերթական ողբերգությունն էր ապրվում, որն անէանում էր աշխարհի լույսերում: 

Անձրևող քաղաքում ձյուն էր դրել: Մեկը ցավում էր հիվանդասենյակում, մյուսը՝ հետևում ավտոբուսի պատուհանին մահացող ձյան փաթիլներին: 

Monday, July 16, 2012

Աշխարհաստեղծ

Կա էդպիսի մի բան, որ կոչվում ա «առաջին պահ»... Երբ հնչում է առաջին նոտան... Եթե մեկը փորումս էնպես խփեց, որ սիրտս տեղում թփրտում ա, որովայնումս նեղվելով մի մեեեծ անակոնդա ա անցնում, մրջյունները ոհմակով վրա են տալիս-հասնում մինչև ուսերս ու մոռանում եմ շնչել, ուրեմն ես տրվում եմ՝ անմնացորդ: Ինձ դիպչելը հավասար ա գլխով պատ ջարդելուն: 

Ես աշխարհն եմ գտնում ու գրկում էս առաջին պահերին...

Friday, July 13, 2012

ԱԱԱԱԱԱԱԱ

Բայց ես ինչո՞ւ էդպես էլ հեղափոխական չդարձա` էդքան ագրեսիա ունենալով ներսում...

Ching Chime

Thursday, July 12, 2012

«Վիիի, էս դվորն էկար, ազիզ ջան»

Աշխարհում կան բաներ, որոնք էս կամ էն ժամանակ ինձ համար անքննելի են եղել, էնքան բնական, որ չեմ մտածել դրանց մասին, ինչպես չեմ մտածում էն ամբողջ նյարդա-մկանային աշխատանքի մասին, որն անհրաժեշտ է, օրինակ` դաստակս շարժելու համար: 

Tuesday, July 10, 2012

Bab'Aziz

Մի ոտքով՝ Արևելքում, մյուսով՝ Արևմուտքում. երկուսով էլ պինդ կանգնած: Բայց երկար էդպես չեմ կարող, էրկու կես կլինեմ, կամ մի ամբողջով կընկնեմ անդունդը:-)

Մեկից մեջս եփ ա գալիս, մյուսից՝ հանդարտվում...

Detachment

Ասելու բան չկա, նայել ա պետք... ընտրել: 

Monday, July 9, 2012

Գիշեր

Գիշերում է: Քաղաքը փորձում է հետ բերել հեռացող արևն ու պճնվում է միլիոնավոր փայլփլուն կեղծ արեգակներով: Քաղաքը պատրաստվում է լռության, ու թերևս ամենակուլ լռության ահից քաղաքի ձայներն ահագնացել ու անգթաբար խարազանում են՝ աջ ու ձախ, վեր ու վար: Շտապ օգնության մեքենայի տանիքին ոռնում է շչակը: Ռեստորանային տաշիտուշին ազդարարում է մեկի ծննդյան կամ երկուսի միության լուրից հուզված խմբի ուրախությունը: Ծառերն անպաշտպան հանձնվել են տապին ու մեկընդմերթ փորձում են փրկություն գտնել սաղարթը սողոսկած քամու թարմության մեջ: Բայց, ավաղ, արևը հեռացել էր իր վերադարձի կուռ երաշխիքներ թողած՝ տոթակեզ մի գիշեր, ծիրանագույն մի մայրամուտ  ու անամպ մի երկինք: