Monday, March 30, 2026

Modernisme

Բարսելոնայով քայլելը խրախճանք ա աչքի համար. գունավոր ծառն ու ծաղիկն աստիճանաբար ու աննկատ միահյուսվում են քարի, աղյուսի, ապակու, հախճապակու, պլաստիկի ու այլ նյութերի հետ՝ հառնելով որպես Երեք քյուրերի տուն, Կատալոնական երաժշտության պալատ կամ Սանտ Պաու հիվանդանոցային համալիր։ 

Պալաու դե լա մուզիկա կատալանայի մեծ դահլիճ մտնելս առաջին արձագանքն ակամա բացվող բերանն ա. դեռ չես էլ հասցրել հասկանալ հավանում ես, դուրդ գալիս ա, տգեղ ա, ինչ ա. մի քանի վայրկյան դասակարգման ու գնահատման գործառույթներդ շշպռած են։ Յուիս Դոմենեկ ի Մոնտեների (Lluís Domènech i Montaner) 100-ամյա շինության գույների ու ձևերի, նյութերի ու հորինվածքների բազմազանությունն ու առավել մանրամասն դիտելիս թվյացյալ անհամատեղելիությունն էնքան անհարիր են, որ անասելի գեղեցիկ են։ Անսպասելիությունից, 18-րդ դարի ռոկոկոն 19-ի վերջում ու 20-ի սկզբին նոր նյութերով անսպասելիորեն հառնելու անհավականան, բայց միանգամայն ստացված փորձերից, այո, ծնոտդ կախ ա ընկնում, հետո հետ հավաքվում իր տեղում ու քեզ թույլ տալիս սկսել վայելելը։ 

Ասում են, կատալոնական մոդերնիզման կամ արտ նուվոն կատալոնացիների ազգային զարթոնքի նշան, սկիզբ, արդյունք կամ էլ նման մի բան էր։ Կատալոնացիք սիրում են անկախ լինել, ու պարբերաբար լինում են. ճնշում են, իրենք ճնշվում են, սկսում են կռիվ տալ, ճնշումը թուլանում է, ու էդպես շարունակ։ Նույնիսկ իրենց ազգային օրը՝ սեպտեմբերի 11-ը, 1713թ. Կաստիլիային պարտվելու օրն ա։ Բայց հերթական զարթոնքը ծնեց մոդերնիզման։ Ինչո՞ւ ա ինձ դուրս գալիս. մի կողմից ժամանակի՝ 20-րդ դարամուտի փորձարարական, սահմաններ քանդող ոգին ա, մյուս կողմից ավանդույթը։ Պատմության մեջ խրված ինդուստրալիզացիայի ոգով շաղախված շենքեր են, ու հավես ա...      

Wednesday, March 25, 2026

Խառը։-)

«Գեղեցիկը կփրկի աշխարհը»։ Գեղեցիկը հույսն ա, հույսը՝ արարը։ Ստեղծելն, անելը, արարելը։ Հույսի մեջ ստեղծագործություն կա, իսկ անհուսությունը տգեղ ա, քանի որ անպտուղ ա։ 

Չարից բարի հնարավո՞ր ա արարել։ Դժոխքում էլ կրակ կա։-) Չարը չափազանցն ա (ու որքան հանճարեղ ա մեր լեզուն...) Զանցել չափը... Կրակի չափը մի զանցի, կարարես բարի։-) Մի զանցի չափը թե՛ բացասականի, թե՛ դրականի. մի դեպքում սոցիոպատ կդառնաս, մյուսում` ուելսյան իլոյացի (eloi):-)  

Monday, February 9, 2026

Կատալոնիային մերձենալիս

Միլիոն տարի...։-) Երևի դառնար երկու միլիոն, եթե չափսոսայի, որ մոռանալու եմ առաջին զգացողությունները։ 

Մառսե՛ Ռուդուդեռա (Mercè Rodoreda)։ 20-րդ դարի կատալոնացի ամենահայտնի վիպասանն՝ ըստ տարբեր աղբուրների, որ հասցրեցի աչքի անցկացնել ու առայժմ միակ հեղինակը, որի գործերն անգլերեն թարգմանված հասանելի են համալսարանի գրադարանում։ 

Արդեն մի շաբաթ ա, ապրում եմ Բարսելոնայի Գրասիայում, որը մտքում միշտ արտասանում եմ «Գարսիա» (մի անգամ նույնիսկ հասցրեցի դուրս պրծացնել բարձրաձայն)։ Ցերեկներն ու վաղ երեկոյան անկապ պտտվում եմ թաղամասի խաչվող փողոցներով ու փորձում եմ հասկանալ, թե ես ու էս քաղաքը ոնց ենք իրար հետ։ Ինձ ու կյանքը կապող իմ ամենասիրելի կամուրջներից մեկը գիրքն ա։ Որոշեցի էդ կամուրջն էստեղ էլ գտնել ու գտա Ռուդուդեռայի «Կամելիաների փողոցը» վիպակը, փողոց, որը տանից մի երկու խաչմերուկ վերև ա։ Մինչև կարդալս հաստատ անցել եմ, բայց մի հատ էլ կանցնեմ, Սեսիլիա Ս.-ի հետ արդեն...

Սեսիլիան «Կամելիաների փողոցը» վիպակի հերոսուհին է։ Վիպակի մոտ երկու հարյուր էջերով քայլում եմ առաջ ու փորձում հասկանալ. ո՞վ է Սեսիլիան, ի՞նչ ունի պատմելու ինձ Կատալոնիայի ու իր մասին։ Համբերատար քայլում եմ, նայում աջուձախ, վերուվար ու մի միտք ինձ հանգիստ չի տալիս. ի՞նչ է ուզում Սեսիլիան, ինչի՞ մասին է երազում, ի՞նչ նպատակներ ունի։ Չէ՞ որ 50-60-ականներին Կատալոնիայում լիքը բան էր կատարվում, այդ ամենն ինչպե՞ս է ապրում ու իմաստավորում Սեսիլիան, մտածու՞մ է դրանց մասին, արձագանքու՞մ է դրանց.... Չէ... Չես էլ իմանում դրանց մասին, դրանք Սեսիլիայի կյանքում դուրս են...

Վիպակում Սեսիլիան պատմում է իր մասին, սկսում ինչ-որ պատահական տան մոտ լքված որբուկի իր պատմությունը, շարունակում դեռահաս ու երիտասարդ սիրահարությունների ու կյանքով սահել-անցնելու մասին մի պատմություն, որի նմանն իմ սիրելի դասականներում չեմ հանդիպել։ Ես միշտ կարդացել եմ մարդկանց մասին, ովքեր երազում են, գործում են, ձախողվում են, հաջողում են, կոտրվում են, չեն կոտրվում, բայց չէի կարդացել կյանքով սահող-անցնող մարդկանց մասին։ Սեսիլիան մեծանում է, գեղեցկանում ու սպասում։ Ինչի՞ն։ Ինքն էլ չգիտի, ու քանի որ չգիտի, կյ անքն է պատահում նրան ու օգտվում միայն նրա գեղեցկությունից։ Մինչև մի օր Սեսիլիան որոշում է լավ ապրել, ու ինքն է սկսում օգտվել իր գեղեցկությունից։

Ասում են կատալոներենի վարպետ էր Ռուդուդեռան։ Լեզվի մասին դժվար կարողանամ ինչ-որ բան ասել, բայց Սեսիլիայի պատմությունն իր մարմնի նման դանդաղ, երևույթների ու գործողությունների փաստացի, արտաքին ու հակիրճ նկարագրությամբ, դրանով հանդերձ, թեև հազվադեպ, բայց այդուհանդերձ, կյանքի խորությանը դիպչող հատվածներ ուներ։ Օրինակ՝ 

"The next day the gentleman from Tarragona came. I don't know how do describe him: he was part high-class and part peasant, with delicate hands from not working and lots of respect for the rain and sunshine".

Ես չգիտեմ, կյանքը պատահականությունների՞, թե՞ օրինաչափությունների մասին է, միգուցե դրանց  համադրության։ Չգիտեմ։ Բայց ինչպես ես եմ անշտապ ու դեռևս աննպատակ ու աներազանք անցնում Գրասիայի փողոցներով, այնպես էլ Սեսիլիան անցավ իր կյանքի միջով։ Ու երկուսս էլ անցնում ենք մի տեսակ շվարած։-) Նա ճանաչելով, հիշելով, հիանալով, աճեցնելով ծաղիկներ, ես՝ կարդալով։-) 

Հետաքրքիր էր, որ հենց էս վիպակն ընկավ ձեռքս ու հենց հիմա։-)