Ես մեկ-մեկ մտածում եմ, թե ինչ հասարակությունում կուզենայի ապրել: Որտեղի մասին շատ չեմ մտածում, որովհետև էնպես ա ստացվել, որ ես տեղից կախվածություն չունեմ... Շատ ունեմ սիրելի տեղեր: Բայց ես գնալով «անշարժունակ» եմ դառնում: Հոգեպես:-) Ուզում եմ ծանոթ դեմքեր, ծանոթ շենքեր, ծանոթ գործողություններ: Սովորաբար: Որովհետև ոչ սովորաբար, երբ շարժման մարմանջը բռնում ա, ի՛նձ արդեն բռնել չի լինում, ու ես անկապ կսկսեմ շարժվել՝ անկախ ամեն ինչից:-)
Բարի: Չգիտեմ էդ ինչ ա, բայց էնպիսի բան ա, որ մարդու դեմքին ժպիտ ա բերում, երբ մարդը հանդիպում ա ուրիշ մարդու: Երբ անծանոթ մարդիկ ստիպված են միմյանց ներկայությանը դիմանալ, դա անում են ժպտալով, օրինակ՝ ավտոբուսում, խանութում, թատրոնում:
Աշխատասեր: Որ մարդիկ սիրեն աշխատել ու աշխատեն: Որ օրվա վերջում թե՛ ինքը, թե՛ կողքինը ժպտան, ինքը՝ հոգնած ու բավարարված, կողքինը՝ գնահատող ու երախտապարտ:
Վերջերս Երևանում մի գովազդ տեսա, սարսափեցի. «Մենք ձեզ չենք սովորեցնում աշխատել: Մենք ձեզ սովորեցնում ենք վաստակել»... ինչ ասեմ, ասելու բան չկա...
Հետաքրքրասեր: Որ գնաս գրադարան, լիքը մարդ լինի: Որ ընդհանրապես գրադարան լինի... Որ կինոթատրոններ լինեն, որտեղ ամեն մարդ ֆիլմ կընտրի իր նախասիրությամբ: Ու ֆիլմերը կլինեն բնօրինակով, բայց հայերեն տիտրերով: Որ «կլուբներ» լինեն, որտեղ մարդիկ հավաքվեն, անծանոթ մարդիկ, ու խոսեն, պատմեն, կյանքից, դեսից-դենից, ջահելները գան, լսեն, հետո գնան իրանց գժական ջահելությունն անեն:
Ուրախ: Որ տարին մի կամ երկու անգամ մարդիկ իրենց ազգային տարազները հագնեն ու դուրս գան փողոց: Երգեն, պարեն, զրուցեն, քայլեն ու ժպտան իրար: Որ փուչիկ չլինի: Ախմախ պալստմասսե դեկորացիաներ չլինեն: Որ մարդիկ իրենց ձեռքի աշխատանքները ցույց տան անծանոթներին, ոչ միայն ծանոթներին: Որ երաժշտություն լինի կախված օդում: Որ երբ մարդիկ տխուր լինեն, բացեն իրենց պահարանները, նայեն իրենց տարազներին ու ժպտան՝ ուրախ ու ջերմ տոնի ակնկալիքով:
Գթասիրտ: Հավասարությունը միֆ ա, գթասրտությունը՝ հնարավոր: Որ մուրացիկ չլինի փողոցում: Մարդը եթե չի կարողանում ապրի, կարողացողն իրեն օգնի. ապաստարաններ լինեն, որտեղ անկարողները կապրեն, կսնվեն ու դրա դիմաց կաշխատեն՝ կմաքրեն: Մաքրել կարող են շատերը, անգամ եթե չեն կարող, հնարավոր է սովորեցնել...Երբ դուրսը մաքրում ես, կեղտը ներս չի լցվում, նույնիսկ եթե ներսը դատարկ ա...
Մեկ-մեկ ինքս ինձ պետք ա հիշեցնեմ, որ ինչ-որ բան եմ ուզում:-)