Լինում ա չի լինում, Ղլաչում Քալի անունով մի կին ա ապրելիս լինում՝ բարձրահասակ, դիք, ասում են՝ սիրուն: Պապիկիս խորթ մայրն էր Քալին: Երբ ութ տարեկանում Նոյեմբերյանի էս ոչ էնքան փոքր գյուղում մահանում ա պապիկիս մաման, մի նոր կին ա տուն գալիս, ու պապիկիս համար երկու եղբայր ծնում: 41-ին պատերազմ ա սկսվում: Ես եղբայրներից մեծն էդ ժամանակ ծառայելիս ա լինում Թիֆլիսում: Ամուսնացած էր արդեն: Ջահել հարսն ու նորածինն էլ Ղլաչում էին:
Մի օր էլ պապիկիս եղբորն իմաց են տալիս, թե թող ամեն ինչ, շուտ հասի տուն. էրեխուն բան ա էղել:
Պապիկիս եղբայրը հասնում ա Ղլաչի ու... թաղում չգիտեմ ինչպես վառված երեխուն...
Քալին խելոք կնիկ էր: Էս ծակուռում էլ գիտեր, որ ֆաշիստի դեմ պատերազմ ա, ու իր մեծ ու հարազատ տղեն չի կարող գնալ էդ պատերազմին: Փակում ա իր մեծին նկուղում ու չի թողնում դուրս գա. «Դու պատերազմ գնալական չես»: Խեղճ մեծն ու հարազատը հա՛ նամակ ա գրում պապիկիս, թե արի, ինձ ազատի: Գրում ա, ու գրում: Վրա-վրա: Բայց պապս ոչ մի նամակ չի ստանում:
Քալին կարդալ չգիտեր, բայց գիտեր ով գիտի. բոլոր նամակները մինչև փոստ տանելը նախևառաջ տանում էր գեղի տերտերի մոտ: Սա կարդում էր, թե ախպերը Համբոյին ինչ ա գրել ու Համբոն էդպես էլ ոչ մի նամակ չէր ստանում...
Խեղճ մեծն ու հարազատը մի օր էլ հաջողացնում ա ու դուրս ա սպրդում էդ սև նկուղից: Ու Ղլաչու իր տանից ընկնում ա անտառները, դառնում ղաչաղ...
Քալին իր բարձր հասակն ու դիք կեցվածքը թաքցնում ա մի քանի տակ փեշի տակ ու ողբում տղայի ավազակ դառնալը...
Պատերազմն ավարտվում է: Ու նաև ղաչաղի կյանքը... Մնում է ջահել հարսը՝ նոր կյանքը փորում...
Լուսիկը ծնվում է Ղազախստանում... Պապիկիս ձեռք չեն տալիս, ինչո՞ւ, Աստված գիտի, իսկ հարսին աքսորում են էդ չոլերը...
Բաբոս էս ամբողջ ժամանակ իմանում է, որ իր նման մեկն էլ Ղազախստանում է: Ու իմանալուց հետո իր մեծերին հանգիստ չի տալիս՝ ամեն շաբաթ, ամեն ամիս մի քանի նամակ է թարգմանվում ռուսերեն, թե «Մենք էս ինչ, էս ինչն ենք, մենք քո արյունն ենք, դու մերն ես, մենք քեզ տեր ենք, ուզում ենք տեր լինել, ձեն հանի»:
19 տարի: Լուսիկն էսքան էր ու ամուսնացած բաքվեցի մի թուրքի հետ, երբ էս նամակներից մեկը վերջապես հասնում է իրեն: Խորհուրդ են անում ջահել ամուսնու հետ, որ գնացել էր էդ չոլերը սովետական հայրենիքին ծառայելու ու հարբել էր Լուսիկի ջերմությունից: Ու կին էր առել նրան: Խորհուրդ են անում, որոշում գնալ Ալավերդի:
Գալիս են: Բաբոս ու քեռիս գրկաբաց դիմավորում են Լուսիկին ու էլի ասում, որ տեր են՝ իրեն, ամուսնուն ու լուս աշխարհ շտապող պուճուրին, որ դեռ մենակ Լուսիկին էր պատմել իր կյանք շտապելու մասին: Լուսիկի ջահել ամուսինն ասում է, «Ապրե՛ք դուք, շա՛տ ապրեք, բայց մենք գնանք մեր տուն»:
Գնում են տուն, Բաքու: Լուսիկն ամուսնու ընտանիքին չի արբեցնում: Չեն ընդունում հարսին:
Մի օր բաբոս զանգ ա ստանում. «Մամ, ինձ տարան հիվանդանոց, հանեցին... Չեմ ուզում, չեմ կարում էլ մնամ ըստեղ»:
«Արի, աղջիկ ջան», - կարճ ու հաստատ ասում ա բաբոս:
Լուսիկն երկու տարի ապրում ա Ալավերդում: «Պապան» գործարանում աշխատանքի ա տեղավորում, «մաման» կոպեկ-կոպեկ հավաքում Լուսիկի աշխատավարձը, որ տուն-տեղ դնի:
Քալին իր փեշերի տակ դեռ չարություն ուներ, որ աշխարհը չէր տեսել. «Սուրիկ (իր երկրորդ խեղճ ու հարազատն էր), էն խորթ հարսն ա իրա թևի տակ առել քո հարազատ ախպոր բալին...»
Խեղճ ու հարազատ Սուրիկը, որ Երևանում էր ապրում նախանձ Անուշի հետ, գալիս ա Ալավերդի ու լուռումունջ, ամաչելով, բաբոյիս երեսին չնայելով, հազիվ-հազ արտաբերում՝ «Լուսիկին տանեմ...»
«Ձեր գործն ա...», կարճ ու դողացող ձայնով ասում ա բաբոս:
Լուսիկը մի տարի ապրում ա խեղճ ու հարազատ Սուրիկի ու նախանձ Անուշի հետ, ու մի օր էլ նախանձ Անուշն ասում ա թե, իր երեխեքն արդեն մեծ են...
Խեղճ ու հարազատ Սուրիկը Լուսիկի աչքերին չնայելով՝ տուն ա վարձում, ու Լուսիկն սկսում ա ապրել մենակ:
Մինչև մի օր բաբոս զանգ ա ստանում. «Մամ, չեմ ուզում ամուսնանալ, բայց մենակ լավ չի: Կթողնե՞ս էրեխա ունենամ»:
«Լուսիկ ջան, դու, քո կյանքը: Ես դատավոր չեմ: Տեր եմ», - կարճ ու հաստատ ասում ա բաբոս:
Ծնվում ա Քրիստիկը: Ու միասին ապրում են Լուսիկն ու Քրիստիկը:
Ու բաբոս՝ ձիգ, լուսավոր, զգոն, կոկիկ, սիրուն....
2 comments:
Քրիստ, էս քո սիրելի մարդկանց շարքը շատ եմ սիրում :)
Կարևոր ա էլի մնալ ձիգ, լուսավոր, զգոն, կոկիկ ու սիրուն: Ու ինչքան դժվար ա իրականում...
Աբրիս :)
Shat lavn er, Kristulik!
Post a Comment