Երկար ժամանակ հորս հետ չէի զրուցել: Ես միշտ աշխատում եմ: Միգուցե ոչ միշտ արդյունավետ, բայց միշտ զբաղված եմ ինչ-որ բանով: Ոչ ինքս ինձանով: Պահերը, երբ իմ ուղեղն ընտրում է, թե ես ինչի մասին եմ ուզում մտածել, խոսել, լսել, քիչ են: Ջրում թևերիս առաջ ու ետ հարվածների ընթացքն են, Անի հյուրանոցից Օպերայի կանգառ ամենօրյա 10 րոպեները, աչքերս փակելուց առաջ հի՞նգ, վե՞ց, տա՞ս րոպեն:
Մաման դեռ չէր արթնացել, փոքրերը մուլտիկ էին նայում ու իրենց մամայի հետ ճաշ ուտում: Մոնիկն ու Էդգարը՝ Երևանում:
- Սրճե՞նք, թե՞ մամային սպասենք:
- Սրճենք, հետո էլ մամայի հետ սրճենք:
Թեև հայրս խոսում է, ուղեղս հաշվարկում է բոլոր գործերը, որ պիտի դեռ հասցնեմ: Բայց դրսում սպիտակ ձմեռ է: Տանը տաք է: Դառը սուրճը հասնում է քիմքիս, ու հորս առօրյա պատմությունն ինձ հանկարծ հուշում է, որ երկար ժամանակ չեմ խոսել հորս հետ: Արդեն մի քանի տարի մենք չենք խոսում, փորձում ենք փախուստ տալ ցավից: Ու սկսեցի լսել.
- Էն տարիներին (պատերազմից հետո) հավի ձուն չէինք ուտում, հանձնում էինք խանութ: Էդպես էր ձևը, փող էր պետք: Ես ու Ֆեդյան գնում էինք հավերի ձուն հավաքում, առավոտն էլ մամայի հետ տանում էինք խանութ, հանձնում: Մի երեսուն ձու կլիներ վեդրոյում:
Մի օր Սուրիկը բանակից նամակ էր ուղարկել, հետն էլ մի ռուբլի, ու գրել էր, որ տան ինձ, ես ինչ ուզեմ, առնեմ ինձ համար: Տան կարդացողը ես էի, կարդացի, ուրախացա, բայց մաման փողը վերցրեց: Մի կտոր օճառ առավ դրանով: Ես էլ ջղայնացա: Վեդրոյով ձուն դրեցի պեչկին ու եփեցի: Հետո սուսուփուս տարա դրեցի տեղը: Առավոտը մաման եկավ, որ ձվերը տանենք խանութ, էլի ձեն չհանեցի:
Հասանք խանութ, սկսեցին ձվերն ստուգել: Միշտ ստուգում էին, որ փչացած չլինի: Մեկ, երկու... երրորդն են ստուգում: Բոլորն եփած են: Մաման լուուուուռ նայեց ինձ: Բան չասավ: Ոչ մի բառ : Վերցրինք ձվերն, էկանք տուն:
Ավելի լավ էր խփեր, քան էդպես նայեր:
2 comments:
Քրիստինե ջան ինչ լավ պատմություն էր...երևի հավերժ հիշվող դրվագ ձեր մանկությունից...անգամ հւոզիչ էր :)
Հայարփի ջան, ցավոք, փոքր ժամանակ շատ քիչ բան եմ իմացել մերոնց մասին: Հիմա փորձում եմ բացը լրացնել, բայց լավ չեմ աշխատում էդ ուղղությամբ:
Post a Comment