Գիրքը նախատեսված էր Բաքվի հյուրանոցային սենյակի համար: Երևի տեղին կլիներ. չէ՞ որ հյուրանոցի անդեմ ու հարմարվետ սենյակում ինքնությունների կերտման հնարավորություններն ավելանում են գրեթե անսահմանորեն՝ միակ սահմանափակումը թողնելով քո երևակայության շրջանակները: Ինչևէ, վիպակն սկսեցի մեծ ոգևորությամբ ու ավարտեցի մի տեսակ կարկամած՝ չէի հասկանում դուրս գալիս ա, թե՞ չէ: Վերջին գլուխներում որոշ պարբերություններ նույնիսկ մի քանի անգամ վերընթերցեցի, որովհետև չէի հասկանում` հասկանում եմ, թե՞ չէ:-)
Վիպակը պատմություն է զույգի մասին, որտեղ կինն ու տղամարդը փորձում են հասկանալ իրենց ով լինելն այդ հարաբերության մեջ: Շատ հետաքրքիր ու համոզիչ կերպարներ ու մտքեր: Սկզբում:-) Որոշ դրվագների անկեղծությունը, որը Կունդերան կարողանում է պատկերել մերկապարանոց, սահմռկելի, հիմնարար ու հիմնավոր պարզությամբ, միաժամանակ թե՛ գրավում է, թե՛ վանում: Օրինակ՝ երբ Շանթալն իրեն երջանիկ է զգում ու հասկանում է, որ դրա համար պարտական է իր հնգամյա երեխայի մահվանը («Ես սիրում եմ քեզ, ու եթե դու ապրեիր, ստիպված էի լինելու սիրել այս աշխարհը, որն ատում եմ»: Մոտավորապես): Ընդհանրապես էնպիսի զգացողություն ունեի, թե այս անգամ Շանթալն է կունդերայական տղամարդը: Հետաքրքիր փորձ էր վերլուծել ընկերության ժամանակակից ընկալումը:
Վերջն անընդհատ հիշեցնում էր Կուբրիկի Eyes Wide Shut-ը, ու չէի կարողանում հարմարվել. այդ էջերում մտքիս ու զգացմունքներիս թելը գտնել, թել որին հաճույքով, հետաքրքրությամբ ու ցավով հետևում էի սկզբում՝ փորձելով Կունդերայի հետ պեղել այս կյանք կոչվող լաբիրինթոսը: Վիպակն ասես մի շատ լավ, տաղանդավոր սևագիր լիներ:
3 comments:
Հետաքրքիր էր: Կավելացնեմ ընթերցվելիք գրքերի ցուցակում:
Հակասական զգացողություններն իմ կարծիքով երաշխավորված են, ու շատ հետաքրքիր կինի Ձեր կարծիքը:
Գիրքն արդեն վերցրել եմ գրադարանից: Շուտով կկարդամ:
Post a Comment