Մայրամուտը մոտենում էր: Օդն էլ գնալով սառչում, ստիպում էր մտածել տաք թևերի կամ փափուկ բրդե ծածկոցի մասին: Բոլոր մեծահասակներին, բայց ոչ հուզմունքից շիկնած կարմրաթուշ երկամյա մանչուկին ու մեծ, թաց, սև աչքերով նրա քրոջը, ով ամենայն լրջությամբ կերակրում էր ափի մոտ հավաքված կարապներին: Արհեստական լճակի ափին երեխաները հիանում էին կարապներով կամ կերակրում նրանց, բադերին ու աղավնիներին, սրանք իրարից խլխլում էին հացի կտորներն, իսկ մեծերն ամփոփում էին արևոտ օրվա ցուրտ երեկոն՝ արագ-արագ անցնելով դեպի այգու ելքը տանող ծառուղին կամ նստարաններին նստած սպասելով թռչուններից էլ անհագուրդ հետաքրքրասիրությունից տառապող, ինքնամոռաց երեխաներին:
Բացի երկու մեծ ու մի պստլիկ: Մեծերից մեկը ճաղատ ու երկարամազ, ամբողջովին սպիտակահեր պապիկ էր: Չէ, չեմ սխալվել, հենց այդպես՝ ճաղատ ու երկարամազ: Սպիտակ մազերը թատերական կեղծամ-միրուքի պես ճաղատի կեսից փարթամորեն իջնում էին մինչև պարանոցի եզրը, իսկ լերկ ճաղատին համահունչ արևի վերջին շողերից փայլում էր մեեեեծ ու երկար քիթը: