Thursday, May 5, 2016

Կիսատ-պռատ

Ես հա մտածում էի, թե ինչու եմ (ուզում էի գրել «բնազդաբար», բայց իրականում բնազդաբար չէ, այլ միգուցե զգացմունքայնորեն, ենթագիտակցորեն, համահունչորեն, անգիտակցաբարորեն ու տենց... երևի ամենաճիշտն էս պահին «գիտակցաբար իռացիոնալ կերպով») որոշ քաղաքակրթությունների աշխարհընկալումը գերադասում իմից կամ իմի մի մասից. ազնվության պատճառով:

Փոքր ժամանակվանից հիպնոսացած կարդում էի հնդկացիների մասին: Հետո էստեղից-էնտեղից եկան, դեմս կանգնեցին չինացին ու հնդիկը: Ավելի ուշ աֆրիկացին: Իրենք սոցոլոգիա չունեն /դե հա, ո՞նց ունենային, եթե էն ժամանակ հա՛մ մարդիկ էին քիչ, հա՛մ էլ տեղաշարժվելու տեխնոլոգիաները սահմանափակվում էին հիմնականում ձիով, ուղտով ու նման կենդանի ոտքերով/: Հասարակությանը միշտ նայում են ներքևից ու չեն հավակնում այն ճանաչել վերևից: Ես սա ազնիվ եմ համարում, թեև էստեղի ռիսկն էլ վերևից վախն ա՝ համապատասխան հետևանքներով, բայց կյանքը դիալեկտիկ ա, չէ՞:-): Թվում ա, որ մարդն իրենց գիտակցության մեջ ոչ թե վեր ա ամեն ինչից, ոչ թե առանձնահատուկ ա, ոչ թե աշխարհն ա իրա միջով անցնում, այլ ինքն ա աշխարհի միջով անցնում: Եթե ուզում են մարդուն բան հասկացնել, պատմում են մի ուրիշ մարդու մասին: Չեն պատմում մարդկանց մասին, ինչն անում ա արևմտյան հասարակագիտությունը («հասարակության մասին գիտություն» իմաստով:-)): Չեմ թաքցնում, ինձ դեռ բավականին հետաքրքրում ա դա, նույնիսկ էնքան, որ Դուրքյհայմ եմ կարդում հենց էս պահին, փոխանակ արևելյան իմաստության գոհարներից մեկ-մեկ հավաքեմ:

Wednesday, February 24, 2016

Ձմեռվա կեսին ծով

Հադին էր, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր, հերս էր, ես էի, վեր կացանք մի օր հինգ ու վեց հոգով, թրով-թվանքով...

Հադի-Հյուդին չգիտեմ, բայց որ ես ու Արմինեն մի օր վեր կացանք երկու հոգով, մեն-մենակով, թուր-թվանքի տեղ էլ երկու կորած-մոլորած ժպիտ առած սառնամանիքից դանդաղորեն սթափվող Երևանից թռանք Դուբայ, այ, էդ գիտեմ: 


Հունվարի 25, 15:15 
- Քրիստ, կարո՞ղ ա ուզես փետրվարին մի քանի օրով գնանք Դուբայ: 
- Աաաամ, ոնց որ ուզում եմ ասել «հա»: 

Ոնց որ ոչ միայն ուզեցի, այլ նաև ասեցի: Հունվարի 26-ին մի ձյունածածկ ճամփով, սոթումոթ տալով, ցեխաշաղախ հասանք Զաքյան ու իրենց էլ ասեցինք «հա»: Դուրս եկանք: Ոգևորվածությունից մնացել էլ մի պուճուրիկ ծվեն, մնացածը թողել էինք ՖլայԴուբայի դռներից ներս: Դե որ քամին էլ վրա տվեց, ստիպված երևանյան ձմեռվա ցրտին դեմ տվինք մեր վախերը: Ո՞ւր ենք գնում, ինչի՞ ենք գնում, ո՞նց ենք գնում, արժի՞ որ ու մինչև հասանք Սայաթ-Նովա, ուզում էինք հետ վազել ու ասել չէէէէէէէէէէէէէէէէ: 

Բայց ցեխը շատացել էր, մենք՝ ուշացել ու հետ գնալու մասը նույնքան անիրական էր թվում, որքան ժամանակին ուոռլոքները...: 

Երեք շաբաթ հետո Հադի-Հյուդիները ռուսերենով մեզ դիմավորեցին Դուբայում: Փորձեցին գիդումիդ հրամցնել մեզ, իհարկե, ոչ սիրուն աչքերի և այլ հետաքրքիր մասերի համար, բայց մենք ասեցինք չէէէէէէէէէէէէէէէէէէ: Չէ ու չէ, որովհետև մենք եկել ենք ծով: 

Իսկ ծովը... տաք, մաքուր ու սեթևեթող մեզ հրապուրում էր օրվա ցանկացած ժամին: 40-ից հետո իհարկե որոշակի վերապահումով ես վերաբերվում ցանկացած սեթևեթանքի, ու չտրվելով անգամ լուսնի, աստղերի ու ինքնաթիռների լույսին, ամեն դեպքում որոշում ես քեզ հանձնել ոչ թե ջրի, այլ ավազի սեթևեթանքին: 

Իսկ գիտակցությունը, որ դու դա անում ես փետրվարին, ամեն ինչ կրկնակի հաճելիացնում ա:-) Մի հատ էլ գումարի գունավոր թութակների սիրահար, նվաղկոտ զույգին, հնդիկապակիստանցի Սուրիկին, հաճոյաբարո, ժպտադեմ դռնապանին, վեց ամիսը մեկ Արաբստանում հայտնվող հեղեղը բաց թողնելու անկապությունն ու հիլով սուրճը, և հաճույքը դառնում է սովորույթ: Երեք օրանոց:-)))

Tuesday, February 2, 2016

Argument

Ամեն ինչ իհարկե շատ ավելի վաղ ա սկսվել քան Big Short - Inside Job - Business Insider հերթականությունը, բայց բզբզողը հենց էս հերթականությունն էր: Մեր՝ արևմտյան մշակույթի վախճանն ահազանգող ամենասուր ազդանշանը փաստարկային իրողությունն ա... Լուրջ եմ ասում: Ով ավելի ինքնավստահորեն ու ավելի ՓԱՍՏԱՐԿՎԱԾ, այսինքն լիքը փաստերով, լիքը «ազդեցիկ» մարդկանց վրա հղումներ անելով, իրողությունների լաաաաայն շրջանակի վրա հիմնվելով, ով ավելի գեղեցիկ, պարզ, կապակցված ու հմայիչ կասի ինչ-որ բան, նա էլ կտանի իր հետևից մարդկային բազմությունը... Կարևոր չի, որ ասենք միիիիի պուճուր, մանր, վիճակագրորեն աննշմար իրողություն կարող ա եղանակ փոխի: Կարող ա և ոչ.... քանի որ քանակն ա կարծես եղանակ փոխում...

Բայց ամեն ինչ էսօր փաստարկվում ա: Ջղային ես՝ լիքը փաստարկներ բեր ապացուցելու, որ «զայրույթն քո արդարացի է անշուշտ»: Ֆիլմը լավն ա, փաստարկներ բեր, թե ինչու: Վատն ա՝ նույնը: Ասենք, «Լավն ա», «Ինքն ա» կամ հիացմունքից բերանդ բաց նստելը հերիք չի, անպայման պիտի ՓԱՍՏԱՐԿԵՍ:

Չեմ թաքցնում, ինքս փաստարկի ու փաստարկողի հմայքից խոցված մարդկային բազմությունից եմ, բայց երբեմն նեղվում եմ, սթափվում եմ, ձանձրանում եմ էդ ունայնությունից... Հատկապես երբ ինձ մինչև գիտակցությունից էն կողմ ներս մտած բանի մասին են հարցնում: 

Բայց ի՞նչ անել, եթե չփաստարկել: Չգիտեմ... Հեսսեի Հուլունքներից մի միտք ա մխվել ուղեղումս. երբ նկարագրում ա բենեդիկտյան մենաստանի հայր Յակովին՝ ժամանակվա ամենա-ամենա-ամենա պատմաբանին, որը հետագայում պարզվում ա նաև ամենա-ամենա-ամենա հարգված դիվանագետներից ա: Ասում ա մոտավորապես սենց մի բան՝ էնքան իմաստուն էր, որ իմաստնությունը կանխում էր իր ակտիվ դիվանագիտական գործունեությունը: 

Հիմա, եթե իմաստուն ենք դառնում, ո՞նց ենք գործում: Էդ ուրիշ տեսակ պետք ա լինի, չէ՞,  գործելը, ոչ թե կրկնի նախորդ տեսակները: 

Օֆ, չգիտեմ........


Friday, January 15, 2016

Մի անգամ Օվիեդոյում...

Ե՞ս: Մի քիչ լայնոտ եմ: Բայց փափուկ: Ոմանց կարծիքով վրայիս գույները շատ-շատ են, ոմանք էլ կարծում են, որ եղածը միանգամայն բավական է իմ նման տնավարի արարածի համար:  Եսի՞մ. ես եմ էլի, ինչպիսին կամ: 

Վատիկը չեմ, նույնիսկ սիրունիկ: Բայց էդ սիրունությունն ավելի շատ փափկությունից է, քան համաչափությունից: Որովհետև համաչափությունս փուլային բնույթ ունի՝ օրեր կան էնքան ասիմետրիկ եմ դառնում, որ գնա-գալիս եմ. դանակ խփես, արյուն չի գա: Եղանակային ու մարդկային է իմ անհամաչափությունը: Մարդ կա էնպիսի հոգատարությամբ է ինձ պարուրում, ուղղակի ծաղկում եմ՝ թարմ, բուրումնավետ, օդից ու ջրից մի քսան տարի ջահելացած: Մարդ էլ կա, որի հպումից արդեն շունչս կտրվում է. ուզում եմ գոռալ, ինձ հանգիստ թողեք, իմ յուղի մեջ տապակվեմ: Ձմեռները ծանր եմ տանում: Ցուրտը  մտնում է ոսկորներս ու մեկիկ-մեկիկ սառցապատում: Իսկ գարնանը քիչ մնա ձայնս գլուխս գցեմ ու գոռամ: Լավ, կարմրեցի:-) Բայց ինչ մեղքս թաքցնեմ. մեկ-մեկ հենց էդպես էլ անում եմ: Գրկում եմ խելառ քամուն ու երկուսով երգում ու երգում ենք:

Monday, January 11, 2016

Բախ

Violin Concerto in E Major, BWV 1042 


Դեյվիդ Օյստրախ  - արագը դուրս չի գալիս, մի տեսակ ճզվզիկ ա, իսկ Բախը էդպիսին, ըստ սահմանման, չի կարող լինել:-) Բախը չի վազում, ինքը «Մատրիցա» կինո ա լրիվ:-))))

Յեհուդի Մենուին - առայժմ ամենալավն ա...

Անդրյու Մայնց - հըմ, նվագախումբը շատ լավն ա, մենակատարը էնքան էլ չէ, ոնց որ... 

Էլիզաբեթ Ուոլֆիշ - եսի՞մ... նետ: 

Ջոշուա Բելլ - ինչքան էլ ցավալի ա, նետ։-) 

Գիդեոն Կրեմեր - էլի արագ ա........................ նվագախումբը շատ լավն ա: Սընթ Մարթին օն the ֆիլդս:

January 12
Անն-Սոֆի Մուտտեր (երևի էլի:-)) - ֆոն Կարայանի ղեկավարած հայտնի նվագախմբով, որը շատ լավն ա, բայց ինքը՝ չէ...

Կարո՞ղ ա ես արդեն չեմ լսում....

Monday, December 21, 2015

Էլի գրքերի մասին

Էս մի երկու օրը կարդում էի գրքերի վտանգավորության մասին, ու թե ինչպես ներկայում արևմտյան մշակությում ընդունված ա trigger warning տալ: Ասենք, «Էդիպ արքան» մեկ էլ տեսար քո ենթագիտակցական բարդույթներն 9-րդ ալիքի  նման վեր ա հանում ու դու դառնում ես հոգեպես անկայուն:-)))))))) Դրա համար, եթե դու գրականություն ես ուսումնասիրում համալսարանում, պետք ա սկզբից նախազգուշացումները կարդաս, թե որ գիրքն ինչ հոգեկան խմորումների տեղիք կարող ա տալ, հետո նոր որոշես՝ կարդալ, թե ոչ: Էս անտեր դարում անգամ սրճելն ա դարձել «լինել, թե չլինելու» հարց..........

Thursday, November 12, 2015

Խառն էլի

Կյանքում մանրուքներ չկան, կան առաջնային ու երկրորդական բաներ: Մանրուք չի ուշանալը: Քթի ծակ չունենալը մանրուք չի, մահացու մեղք ա... Փնթիությունը երկրորդ նման մեղք ա: Փաստորեն, մենք տենց մեղքերի մեջ թաղված էլ ապրում ենք:-)

Էնպես ա ստացվել, վերջերս մի քիչ շատ եմ շփվում մարդկանց հետ ու դառնում եմ ոչ համբերատար: Որովհետև զզվում եմ, երբ քեզանից առաջ գրատախտակն օգտագործած դասախոսն իրենից հետո վզիդ ա փաթաթում իր եսը, երբ 15 րոպե ամբիոնի դռան մոտ կանգած հիմնականում լավ երեխեքից գոնե մեկը չի ֆայմում, որ ախր չկաաաաաաաա էդ մարդը, չկաաաա, կարելի ա, չէ՞ հարցնել, զանգել, գրել, իսկ ավելի լավ ա, գնալ լսարան, մեկ էլ տեսար էնտեղ ա, ոչ թե 15 րոպե կանգնել ու կանգնել...

Մի տեսակ ջղայնացած եմ, չէ՞: Երևի քամուց ա:-) Բայց ասեմ, որ լավ եմ: Որովհետև չնայած համարյա արդեն չէ-ականության հակված որոշմանը, որ Ձյունի մի զանգով շտկվեց դեպի հա, երեկ լաաաաաաավ էր: Երեկ էնքան հավես դեմք տեսա՝ հին ու նոր, որ աշխարհն էլի սկսեց սիրուն պտտվել-պտտվել-պտտվել:-) Բայց ի՜՜՜՜նչ սիրուն ա հայերենը, ի՜՜՜նչ սիրուն ա, երբ երգվում ա հայերեն՝ ջերմորեն, տաքուկ, տառապալից, հանգիստ, ծերունաջահելավարի, կատակով, լացով, ցավով ու սիրով: Ինչպես ցանկացած լեզու, էլի, բայց «կատուն պետք ա մլավի»:-))))))))