Saturday, September 12, 2015

Երևան-Կիև ինքնաթիռյան մի օրից

Երևանից ինքնաթիռով ճամփորդելը մի ուրիշ հաճույք ա․ գիտակցության ու անգիտակցության սահմանին կանգնած՝ մեկ էս կողմ ես գլորվում, մեկ՝ էն։ Ու երբ հայտնվում ես գիտակից տիրույթում, սկսում ես ճամփորդ ընկերներիդ ու ոչ ընկերներիդ կարմիր գծից էս ու էն կողմ տեղավորել։

Գնալով շատանում ա քաղքենի գեղացիների թիվը։ Ու սրանց, իրենց արժանապատվության վսեմ, արարատյան բարձրունքներից դատող եվրոպացիացված ուսանողների թիվը, որ խելախոսներով իրենց «այդենթիթին» ղրթ կտրում են առաջինների հետ որևէ կապից ու տենց «դիթեչդ», ասես իրենց ինքնաթիռը Փարիզից ա թռչելու, մտնում-դուրս են գալիս էդ թռչող ավտոյից։

Ու, միշտ մի երկու մոլորված տատիկ։ Մոլորված պապիկի դեռ չեմ հանդիպել…

Աաաա, էսօրվա տատիկներիցս երեքը վերջն էին։ Բոլոր ռուսերենի գիտակներն առանց հատուկ ջանքի ու ցանկության իմացան, որ մեր թափանցիկ, ժանյակեզարդ, սև բլուզով տատին ընկերուհիների հետ գնում ա Բարսելոնա։ Որ մեծ մասամբ «կակ տակ մոժնը» գրեթե բոլոր հարցերում։ Որ «յա նի գոտովա դլա կիևա, նո զատո դլյա բառսելոնիիիիիի՜՜՜․․․․․» Երևի մյուս բլուզն անդալուզյան կարմիր էր։-)

Կյանքը ճամփեքին շատ գունավոր ա։ Քանի որ հասցրած ես լինում տեղում սովորել դրանց․․․։-)

Friday, August 21, 2015

Վանաձոր, ամառ, 15 թիվ

Վանաձորն աստիճանաբար վերաիմաստավորվում ա Կիրովականի, որովետև ես ծնվել ու երեխա եմ եղել Կիրովականում: Երևի 16-18-ից (լավ չեմ հիշում արդեն) հետո համառում էի, որ դա Վանաձոր ա: Մինչև արդեն 40-ում ինձ անընդհատ բռնացում եմ Կիրովականում կամ էն մտքի վրա, որ պիտի ստիպեմ ինձ, որ ներքին արտաբերված Կիրովականն օդային ալիքներին փոխանցվի որպես Վանաձոր:

Wednesday, July 29, 2015

Մի օր Արտավազդ Փելեշյանի հետ

- Երբ նայում եք Ձեր ֆիլմերը հիմա, ինչ-որ բան կփոխեի՞ք:
- Ոչ­: Երբ նայում եմ ալբոմները, հին նկարներ ունեմ: Բեղեր ունեմ մի նկարում: Ինչո՞ւ պիտի ուզենամ բեղեր չունենալ էն ժամանակվա նկարում: 


- Այլմոլորակայինների մասին ի՞նչ կարծիք ունեք: Ի՞նչ եք մտածում «Փելեշյանի լռությունը» իտալացի ռեժիսորի ֆիլմի մասին: 
- Լավ կարծիքի եմ:
 Սպասում էի, որ իտալացի ռեժիսորը կբացատրի Փելեշյանի լռությունը, բայց ոնց որ ինքն  էլ էր Փելեշյանից սովորել լռել: 


- Որտեղի՞ց եք: 
- Կիրովականցի եմ: [մի քիչ երկար ընդմիջումից հետո] բայց ծնվել եմ Գյումրիում: Լոռեցի եմ: 

Wednesday, July 8, 2015

Հայպեչի Սեդան

- Էրիկ ջան, մի հատ քո էն սև պլամասԾերը տուր, էլի: Վեշ բերելիս վրին գրեմ:


Էրիկը 7-րդ դասարանում գնում ա Սևան ճամբար:
- Սամո ջան, Լաերտը տարե՞լ ա:
- Չէ, Սեդա ջան, Վաղոն ա տարել:
Սեդան կարկամած նայում ա Սամոյին.
- Լաերտը, Սամո ջան, լաերտը, էն որ ականջին ա դնում, լսում:


- Սամո ջան, տո աչքն էլ չեմ հանո՞ւմ: Կեկչուպ ու ձուկ եմ առնում ու սաղի աչքի առաջ ուտում:


Լազոն, Սեդայի ամուսինն, իր իսկ բառերով «կյանքն ուտում էր».
- Երբ պըտի մեռնի, ես ապրեմ:
Լազոն վերջապես Սեդայի կամքը թամամում ա:

Թաղմանը.
- Վաաաաայ, Լազո ջան, դու ինձ համար լավ ամուսին էիր...
- Սեդա, սաղ օրն ասում էիր «երբ տի մեռնի», հիմա մեռավ, լավ ամուսին դարձա՞վ:­ Խի՞ էս տենց ասում:
- Բա ի՞նչ անեմ, Անո ջան, էսքան մարդ ա գալիս տուն....


- Սամո ջան, որ իմանաս էդ Սիրուշն իիիիինչ գործ ա անում, էէէէէէէէէէէէէ. գնում ա Երևան, Էրմիտաժից ոսկին բերում, ստի ծախում, էդ փողով եդ գնում Էրմիտաժ, թազա ոսկի առնում։

Monday, July 6, 2015

Թռչելու հեքիաթ

Առավոտ լուսո: Հազիվ լուսո: Դեռ շեկոն կապույտը չէր վառել: Ու շեկոյի  բեկորներից հազիվ մի քանի ժամով ազատված մարմինն ուզում էր դուրս թռչել: 

Դրսում կյանքին նախորդող անդորր էր. անշարժ, լուռ, հովահամ: Դուրսը մեղրածոր ներս առավ իրեն, ու կյանքը մնաց մի ուրիշ դրսում: Տերև չէր շարժվում: Օդը չէր շարժվում: Ինքը չէր շարժվում: 

Շեկոն էր շարժվում: Ծույլ ու մեծ: Հրահուր ու ահագնացող: Վերև ու վերև: 

Սևոյի փռնչոցից ներս ու դուրս ընկան իրենց տեղն, ու կյանքն սկսվեց: Կաաաաամաց հասավ գոմի դռանն ու մեջքը ծագող շեկոյին անելով՝ ճռռացրեց ժամանակի ծանրությունից նվաղած դուռը: Սևոն փռնգացրեց ու ծուռ նայեց իրեն: 

- Սևոոոոոոոոոոոոոոոոո, - քնքշանքով հյուսված ձայնից Սևոն խոնարհեց գլուխն ու անհամբեր սպասեց իր բարևին: 

- Բարև, Սևո: Իիիիի՞՞՞՞նչ կա-չկա, Սևո: 

Սևոն հաճույքից ու դրսի հովից սարսռաց: Ինքն էլ մկների խրախճանքից ճողոպրած թամբով կնքեց վաղեմի, անմեկնելի ընկերությունն ու դուրս եկավ հանդ: Բայց օրը հանդոտ չէր, սարոտ էր: Մտածեց. շեկոյին վերևից կբարևի էսօր: Էսօր վերևների օր ա: Մտածեց ու Սևոյի գլուխն արեց դեպի Կապուտակ: Գյուղի կողքին թիկնած սարը դեռ չէր զարթնել: Սև ստվերած, նոթերը կիտած կանգնել ու չէր հրավիրում: Բայց ինքն էսօր վերևոտ էր զարթնել, դուրսուներս ներուդուրս արած էր զարթնել, Սևոյի համաչափ թափ-թափ-թափիկն էլ տատի պատմած Քուռկիկ Ջալալու հևքն ուներ: 

Սևոն առաջ էր գնում, ինքը՝ վերև: Մինչև հասան քարափի գլխին ու հավասարվեցին շեկոյին: Երեքով թառեցին Կապուտակի թիկնեղ ուսերին ու ամեն մեկն իր ներսուդուրսը գտած նայում էր հեռուն՝ կա՛մ ներսից, կա՛մ դրսից, ո՞վ իմանա: Ու էսպես երկար պիտի հայեին, եթե հանկարծ երկինք չպատռվեր Հազարան Բլբուլի թևերից պոկված հազարան գույներով: Աշխարհ հանկարծ դարձավ նախշուն: Աշխարհ դարձավ գիժ: Ինքն ու Սևոն, Շեկոն ու Կապուտակն էս գունավոր գժությունից կյանքի հոտ առան ու հնությունից խունացած ներսուդուրս լսվեց գույներով: Շատ գույներով....

***

Բաաաաա, էստեղ հեքիաթը կանգ առավ, մինչև կգա, ասեեեեենք, սողալու հեքիաթը:-)

Friday, June 19, 2015

"Listening is loving"

Էնպես ա ստացվում, որ լսելու մասին մտքերն ինձ սիրում են հյուր գալ: Ու ավելի ու ավելի հաճախ: Որովհետև մարդկանց մեծ մասը լսել չի կարողանում, իսկ ես, որ մի ժամանակ լսող էի, ավելի ու ավելի քիչ բան եմ սկսում գտնել՝ լսելու արժանի:-)  Ու դառնում եմ չլսող: Կամ էլ «ծերանում եմ, Պարույր Սևակ»:-))))

Բայց ինչ էի ուզում ասել. էդ նոր պուպուշ բառերից մեկը, որ մտել ա իրեն հումանիստ համարող մարդու բառապաշար՝ էմպատիա, ապրումակցում, կամ ինչպես մեր տատերն ու պապերը անհիշելի ժամանակներից կոչել են «ուրիշի կոշիկների մեջ մտնել» կամ «քեզ մի պահ դիր իրա տեղը», իրականում լսելու մասին ա: Որովհետև ուրիշի կոշիկներում հայտնվելը չի նշանակում ուղղակի ՔՈ ոտքերով մտնել ՈՒՐԻՇԻ կոշիկների մեջ: Էդ նշանակում ա, քո ոտքերը դարձնել ուրիշի ոտքեր ու մտնել: Երբ լսում ենք մարդուն, միանգամից լսածը տեղավորում ենք մեր աշխարհում ու գնաց. պատասխան ա, որ տալիս ենք: Որը նշանակում ա մի բան. չենք լսում: Եթե իսկապես լսում ես, գրեթե անհնար ա միանգամից պատասխաններ գտնել: Ինչո՞ւ:

Երեկ մի պահ լամպը վառվեց. լսելն աշխարհի ամենահետաքրքրիր բան ա, լսելը մետամորֆոզ ա: Դու կերպարանափոխվում ես: Դու քո աշխարհը մի կողմ ես դնում, դու հայտնվում ես ուրիշի աշխարհում ու սկսում հասկանալ էն, ինչ ասում ա մարդը...Դու դառնում ես ինքը...դու լսում ես ոչ միայն էն, ինչ ասվում ա էս պահին, դու դառնալով ինքը, սկսում ես գիտակցել կամ դրանից էլ անդին, թե ինչու, ինչպես ա մարդն եկել նրան, ինչ հիմա ասում ա քեզ։ Ու հետո հետ ես գալիս ինքդ քեզ: Ո՞նց ա հնարավոր միանգամից պատասխան ունենալ...Ու ինչպե՞ս ա հնարավոր միշտ պատասխան ունենալ... Եթե էս ընթացքը չկա, չկա լսել: 

Էնքանով, որքանով... Դժվար ա: Բայց ի՞նչն ա հեշտ էս աշխարհում, եթե հիմար չես: 

P.S. Երեկ էս հավես կինոն նայեցի, երբ լամպն սկսեց շաշ-մաշ լույս տալ:-) 

Tuesday, June 2, 2015

Էքզիստենցիալ

Բնությունն ուղղակի պայթում ա գեղեցկությունից: Բեկորներն ընկնում են մեքենայի բաց պատուհաններից ներս, բայց Հայկի էքզիստենցիան դրանից չի փոխվում.

- Ի՞նչ անեեեեեեմմմմմմ....
- Արի խառը տառերով խաղ խաղանք:
- Իիիիի, բայց դա գրավոր աաաա...
- Չէ, սենց էլ կարող ենք խաղալ: Ըհը, ես ասեցի՝ ՐՍԱ:
- Ըըըըըըըըըըըըըըըըըըը.... ՐԱՍ՞՞՞՞՞............... բայց չկա տենց բառ:
- Չկա: Հլա էլի մտածի:
- Ըըըըըըըըըը.... ՍՐԱ՞՞՞՞՞......... բայց չէ, չէ՞:
- Չէ, ինչի՞։ Կա ՍՐԱ բառ, օրինակ սրա մեքենան: Բայց դա չի:

Հայկ լռում ա: Մի րոպեն չբոլորած.
- Ռնգեղջյո՛ւր:
- Հա, բայց ինչի՞ ՌՆԳԵՂՋՅՈՒՐ, Հայկ ջան: Սկի Ջ էլ չկա իմ ասածի մեջ:
- Իիիիիիիիիիիիիիիիիի, չեմ ուզում մտածել, - ու ժպտալով թրմփում ա նստարանի թիկնակին: