Ալավերդում միշտ տաք է: Արևոտ: Ու արևը փայլում է սև ժայռերի ու Պասիլոկի[3] վրա, որտեղ չէի սիրում գնալ, չգիտեմ ինչու...Արևը երբեմն փայլում էր Դեբեդի ու քարափի պատից քաղաքին նայող Թումանյանի նկարին:
Ալավերդում լուռ է: Չնայած պղնձի գործարանին: Լուռ է ու տաք: Մարդիկ ապրում են, երազում ու բամբասում: Բարձր, երևի լռությանն էդպես են դիմադրում:
- Ախչի, էդ լրբին չես տենում, ղաստի չի այ վեր ունում հեռախոսը:
- Բալքիմ զբաղված ա, այ Վարդ:
- Հողեմ դրա գլուխը, զբաղվածս ո՞րն ա։ Իրան թանկ ա ծախում պռոստը: Ես դրան լավ գիդեմ:
- Թամար, ախչի խի՞ վեր չունեիր հեռախոսը: ...Հա՞, դե լավ, քի հմար տեղ ինք պահիլ, շատ էլ լավ, կառավարսկի տեղ ա: Էն ա հենց հըմիկ դուրս արի, գալիս ենք: Էրկու րոպե յեդնա ըտի ենք:
- Թամար, բարլիս, տենըմ ե՞ս էդ ինչ տեղ ինք պահիլ: [Մեռնիմ քի, հլա մի վեր արի, էդ կնգանը տեղ տուր: Ապրես, է, ախչիկ ջան, ապրես, էրևում ա մեր կողմերիցն ես, ալավերդցոնք ուրիշ են, էլի:] Լսի, էդ դրանց հարսն ասըմ են լավ էլ հարուստ տեղիցն ա, գիդե՞ս: Ասում ա, որ իմանայի, մեր հին խալադիլնիկը ուրիշին չէինք տալ, էն ա կբերեի քի հմար: Լավ էլ խալադիլնիկ ա, էս թազեքիցը: Հըմիկ էլ ուզում ա ավտո առնի: Հա բա՛: Վույ, Թամար, ախչի, չիմացա՞ր, դրանք ինչքան տվեցին Ռոզըկին: Հողեմ դրա գլուխը, շատ պինդն ա ձեռիցը: Վիիի, ազիզ, իսկականի՞ց:
Երթուղայինով Ալավերդուց գնում էի Վանաձոր: