Friday, February 6, 2015

Երթուղային հայեցող

«Գիժ ա»... 13+ -ից մեկն անպայման տեղավորվում ա հայ հասարակության էս ամենաընդգրկուն կատեգորիայի մեջ: Մեկը, որն անպայման հայհոյելու ա մեկին կամ բոլորին, որն անպայման փորձելու է քեզ ներառել ԻՐ խոսակցության մեջ՝ առանց ակնկալելու քո արձագանքը, մեկը, որի նյարդային անհանգստությունից ավելիուավելի անհամբեր ես սպասում քո կանգառին, մեկն, ով մոռացել ա գիշերանոցը փոխել, մեկն, ում համար մեկ ա, թե աշխարհն ինչ ա մտածում իր մասին... Ու դեռ գիժն ինքն ա: 

13+ -ից երկրորդն անպայման ԿԻՆ ա, ով հիացնում ա բոլորին. ծորուն, զգլխիչ  ու նուրբ բուրող, ծորուն, զգլխիչ  ու նուրբ ժպտացող, ծորուն, զգլխիչ  ու նուրբ շարժվող: Ով միշտ տեղ ունի՝ չկանգնելու:-) 

13+ -ից երրորդն անպայման կրուտոյ ա. ինքնապաշտպանական արհամարհանքով՝ հանդեպ մնացած 12+ - ն ու աշխարհը, որ հանկարծ փորձ կանի իրեն կրուտոյ չճանաչել:

13+ -ից չորրորդն անպայման գիտունիկ ա. մաշված էջերն էնպիսի հպարտությամբ ա թերթում, որ շուրջն անմիջապես շոշափելի երկյուղածության պատնեշ ա ստեղծվում: 

13+ -ից հինգերորդն անպայման տատիկ ա, որի ձեռքերին ու անընդհատ ջրակալող աչքերին նայելիս ուզում ես գետինը մտնել անճարությունից, աշխարհի կեղտոտությունից ու մարդու արատավորությունից: 

13+ -ից վեցերորդն անպայման աշխատանքից ուշացող միջին տարիքի կոկիկ կին կամ տղամարդ ա, ում էնպիսի ջանասիրությամբ են կոկիկացրել, որ լացդ գալիս ա...

13+ -ից յոթերորդն անպայման ծամող անտարբեր երիտասարդն ա, որի ոլոռային եսի պետքն էլ չի, թե մնացած 12+ - ը գոյություն ունեն...

13+ -ից ութերորդն անպայման մի ութ տարեկան ա՝ իրենից 18 անգամ մեծ պայուսակով սապատավորված, որ շտապում ա մեծանալ, բայց եթե հանկարծ նկատեր մնացած 12+-ին, մի քիչ կզսպեր էդ գիտակից ցանկությունը:

13+ -ից իններորդն անպայման քաղքենի դժգոհն ա, ով էնպես ա շանթահարում իրեն հանկարծակի կպչողին, որ Զևսն անգամ կնախանձեր: 

13+ -ից տասներորդն անպայման նորաձևության զոհն ա՝ զոհ, որին եթե փորձես փրկել, քեզ միանգամից կդասակարգի առաջին կատեգորիայում: 

13+ -ից տասնմեկերորդն անպայման արվեստագետն ա՝ էս աշխարհից փախչել փորձող, բայց էս աշխարհին նույնքան կապված, որքան նորածինը՝ մորը:

13+ -ից տասներկուերորդն անպայման գարունքվա սիրահարն ա, ում համար 13+ չկա, մենակ՝ մեկ, ում մոտ ինքը սլանում ա ոչ թե ջաղլախան (էս բառը ո՞նց ա գրվում...)  գազելով, այլ 22-րդ դարի BMW մակնիշի տիեզերանավով: 

13+ -ից տասներեքերորդն էլ անպայման դու ես, որ 13+-ի յուրաքանչյուրից մի քիչ-մի քիչ հավաքել ես, ու մի օր մեկն ես, մյուս օրը՝ տասներկուերոդը, հաջորդ օրը՝ հինգերորդն ու էդպես, 365-ից հանած շաբաթ-կիրակի օրեր, շարունակ մեկ՝ մեկը, մեկ՝ մյուսը:-)

Monday, January 12, 2015

Արամազդի հարցի մասին:-)

Քանի որ խոսք գնաց բլոգներից, բլոգում էլ պատասխանեմ, քանի որ ես ՖԲ հիմնականում չսիրեցի:-) Ու պատճառն էլ հիմար ու հասարակ՝ որոշակիորեն պարտադրված «անմիջապեսությունն» ու ինտերակտիվությունն իմ բանը չեն:-) 
Երբ կարդացի հոդվածը՝ հիշեցի ինձ մի 15 տարի առաջ, երբ ոգևորված դասավանդում էի ու սովորում դասավանդելու մասին: Հավատ կա էս հոդվածում, պրպտելու, գտնելու պատրաստակամություն, որն էսօրվա օրով հրաշք ա: 

Wednesday, September 3, 2014

Շատ շաշ-մաշ ու ջղային

Ես հասկանում եմ, որ «ինչ անել»  հարցը հավերժական հարց ա: Էդ շարքից ա: Ու մենք մտել ենք էդ մի արկղը, թեկուզ և մեծ, ու դուրս չենք գալիս՝ ինչ անենք, հա ինչ անենք: Իսկ եթե մի պահ հանգիստ նստենք էդ արկղի մեջ, մկան նման կատաղած էս կողմ-էն կողմ չընկենք ու մտածենք, ի՞նչ կլինի որ: Մտածենք, թե ինչու ենք ուզում ինչ-որ բան անել... Որովհետև ինչերն ըստ էության կծնվեն էդ ինչուից:

Tuesday, August 26, 2014

Վանաձորյան ուրվականներ

Ուրեմն, հին Կիրովականի, նոր Վանաձորի, բայց շատ հնոտ ու հավես ԿիրովականաՎանաձորյան 90-ականներին կառուցված հերթական մի անկապ բարձրահարկի ութերորդ հարկի չորս բնակարաններից մեկում ապրում ա մի ուրվական: Դամավոյ: Հանգիստ կարելի ա օտարամոլ բառ օգտագործել, քանզի-վասնզի պատմությունն այս սկսվում ա օտարամոլության տիրապետության ծաղկուն Ոսկեդարում՝ զարմանալի 80-ականների սկզբին, երբ սովետական խրոխտ գաստրոնոմա-հանդերձանքային ստվերն աճում էր իրական շուկան մի քանի անգամ գերազանցող տեմպերով:


Monday, August 11, 2014

Thursday, July 3, 2014

Արև ու Ամոջ

Տաք կեսօր ա: Քայլում եմ Աբովյանով: Դեպի հրապարակ: Կեսօրին երեխեքը շատ են: Կինո Մոսկվայի շախմատի քարերին չորս-հինգ տարեկան պուճուրներ են փաթաթվել: Ուրախ ա: Լավ ա: Տաք ա: Ներքևից դանդաաաաաղ, հանգստանալով, թև-թևի տատիկ ու պապիկ են բարձրանում:

Կոկորդս բռնում ա...

- Ռիմա մոքո՞ր: Բարլուս:
- Հա ջան: Անժո՞...
- Հա, Ռիմա մոքոր, Քիսոն ա:
- Հա, ազիզ ջան: Ես լա՞վ եմ:
- Հա, հա, Ռիմա մոքոր, լավ եմ: Հիմա էլ դուրս եմ եկել քայլելու, լավ եղանակ ա: Բա դուք ո՞նց եք, գրիպդ անցա՞վ:
- Ջանդամը: Լավ եմ, լավ եմ... դուք լավ ըլնեք, ազիզ ջան:
- Գագո պապի՞կը ոնց ա, Ռիմա մոքոր: Բախչեքո՞ւմ:
- Հա, էն ա... բան... էն ա.... վերև...էէէէ, չեմ կարում ասեմ.... էն ա... լավ, հաջող, լավ ըլնեք, ազիզ ջան:

Ռիմա մոքորիս պապիցս ժառանգած աչքերը դեռ ժպտում են: Դեռ մորաքույրս ծիծաղում ա մանկական քրքջոցով՝ երկար լսելով իր շատախոս ցեղին ու մի բառ անգամ չասելով էդ անվերջ վերհիշող կանանց ու տղամարդկանց: Դեռ ամաչկոտ ու արագ փորձում ա թաքցնել քրքիջը, ասես ինչ-որ մեկն իրեն կյանքում արգելել ա ուրախանալ:

Բայց դժվարանում ա խոսել, հինգ տարի առաջ արյան՝ չափից դուրս շատ ու հանկարծակի գլխուղեղը գրավելու հետևանքով...

Ռիմա մոքորս մանկությանս արևներից ա: Հիմա «արևամուտ» ա՝ սիրուն, տաք: Վաղը նորից ծագելու ա արևը, բայց ամեն նոր օրվա արևը հա՛մ շատ հին ա, հա՛մ շատ նոր, ոնց որ նորածինը... Լավ ա, բայց հնի ջերմության կարոտը մեկ-մեկ բռնում ա կոկորդս...

Wednesday, July 2, 2014

Անփոխանցելիություն, Մարս ու Վեներա

Անգլիաներում սովորելու ժամանակ հետաքրքիր հասկացություններից մեկն էսպես կոչված tacit knowledge-ն էր, որ սկզբում էնքան էլ գլխի չէի ընկնում, թե որն ա, իսկ հետո, երկար, խուճուճ-մուճուճ հոդվածներից մի կերպ պեղեցի շատ հեշտ մի սահմանում. էն ինչ սովորում ես ինքնուրույն, բոլոր հստակ ձևակերպված կանոնները մի հատ միջովդ լաաավ անցկացնելով ու քոնը դարձնելով, սխալվելով ու որոշակի ժամանակահատվածում էդ սխալների վրա սովորելով ուրույն ճշմարտություններ ու հմտություններ: Ու ամենակարևորը՝ քոնը դարձնելուց հետո հենց փորձեցիր հետ տալ, այսինքն նորից հանրամատչելի դարձնել էդ գիտելիքը, չի ստացվի:-) 

Բայց մեր ժամանակներում էս «թաքուն գիտելիք» կոչվածը հանրամատչելի դարձնելու փորձերն ուղղակի մարդուն հունից կարող են հանել: Նորմալ մարդուն:-) Էս ամբողջ Mars-Venus, ինչպես ճիշտ որոշում կայացնել տասը քայլով, ինչպես, ինչպես ու ինչպես գրքերը էդպիսի անհաջող փորձ են՝ հանրայնացնելու հանրայնացման չենթակա գիտելիք ու հմտություն: Սկզբից չէի հասկանում, հիմա՝ գիտեմ:-) Երբ կիսագրագետ, անգամ գրագետ մարդը, փորձում է իր մի վայրկյանի փայլատակումը՝ նշանակալից կամ ոչ, մի քանի ժամանոց, երկարաժամկետ, անգամ անժամկետ գիտելիքի ու հմտության վերածել, ծիծաղելի ու փուչ  բան ա ստացվում, որովհետև դա ձեռք ա բերվում յուրովի, դրա ձեռք բերման ճանապարհները հաճախ անիմանալի են, ժամանակահատվածն էլ անորոշ. մի հինգ տարի կարող ա տառապես մի պուճուր բանի վրա, բայց հինգ վայրկյանում դա ստացվի... ու վերջ: Միստիկ բաներ չեմ ասում, միստիկա չկա, ուղղակի էնքան ինտուիտիվ ա, էնքան գործոնները շատ են էդ ուրույն ճանապարհին, որ հենց դրանք փորձում ես սահմանել, ամենաէականը, «թաքունը» փախչում-թաքնվում ա ու մակերեսին մնում ա ծանծաղ, ոչինչ չասող բլա-բլա: Չէ, որ նույն գետը մտնելն անհնարին ա:-)

Լավագույն դեպքում, կարելի է փորձել մի կամ երկու «աշկերտ» պահել, ավելին՝ պետք չի, էլի:-( 

Թաքունության հիմնարար սկզբունքը՝ մարմնի ու մտքի ներքին, զուտ անհատական համահնչունությունն ա, ու էդ իսկ պատճառով դա ուրիշին խոսքով փոխանցելու ջանքերը զուր են: