Էսօր մի հատ դինոզավր տյոտյա եմ տեսել՝ մեեեծ կրծքերով, դեղին մազերով, չար ու անժպիտ: Էս ամենն իբր քիչ էր իր դինոզավրության համար, հլա մի հատ էլ իշխանություն էին տվել ձեռը, էն էլ հարցրեք ինչպիսի. քարտուղարուհու, բա... Հինգ րոպեանոց սարսափ ապրեցի, մինչև մտա ինձ պետք եղած սենյակն ու վազելով դուրս թռա: Ու հասկացա, որ շատ էլ սիրում եմ երկարաոտ, կարճազգեստ ու տամուկ բարբիներին:-)
Friday, July 22, 2011
Wednesday, July 20, 2011
Հուլիսն էլ ա վերջանում
Միլիոն տարի չեմ գրել... ու երևի գրելու բան չունեմ էլ /Լուսինե ջան, դրա համար էլ ձեն-ձուն չեմ հանում:-)/: Երևանում անսպասելի զով ա: «Ոսկե ծիրանն» ամբողջությամբ բաց թողեցի: Արդեն երկրորդ ամսին է չենք կարողանում հավաքվել Կունդերայի վեպը քննարկելու համար: Ավելի ու ավելի եմ հեռանում մեծերի աշխարհից. զահլես գնում ա, էն էլ շատ:-) Վերջին ամսում իմ հետևած բլոգերի մի մասը վերածվում ա ֆեյսբուքային ստատուսատեքստի, սակայն չվերածվածներն էլ շարունակում են չգրավել միապաղաղությամբ, որը չի նշանակում, թե անհետաքրքիր են: Ուղղակի կայծ չկա մեջները, կամ էլ իմ մեջ:-)
Ոչ մի լավ բան չեմ արել էսքան ժամանակ, ոչ էլ՝ վատ: Լավ չի: Միակ լավ բանը Սովխոզի անտառի թփախառն վերականգնում ա. թփերն էնպես են լցրել փետրած անտառը, որ դաչաների՝ տարիներով մարդու ձեռք չտեսած այգիները նորից սկսում են նսեմանալ իրենց փարթամությամբ: Սիրունացել ա մեր պառաված գյուղը:
Աշխարհի ամենասարսափելի բաներից մեկը կայծի համը մեկ վայրկյան միայն ճաշակած արվեստագետն ա. էդ մի վայրկյանում կայծն էնպես ա բռնկվում, որ դու ստեղծում ես գեղեցիկը, հետո մարում ա, իսկ դու շարունակում ես, բայց արդեն ձեռքերիդ միջից փինաչություն ա դուրս գալիս, ոչ թե գեղեցկություն: Տխուր ա:
Friday, April 1, 2011
Օվիեդոյից Լեոն
Աշնան դեղինին պարտվել էր նույնիսկ մռթնած նոյեմբերյան մառախուղը: Առջևում գալարվում էր մոխրագույն ճանապարհը, իսկ շուրջը... շուրջը ծառերը վառվել էին կարմրադեղին հրդեհով, որն անօգուտ փորձում էին մեղմել մառախուղի անտեր-անտիրական ծվենները: Մեր կրքոտ հիշողությունները` հետևում մնացած Օվիեդոյից, մեքենան լցրել էին ամառվա անհանգիստ ջերմությամբ, ու մեկիս գոռգոռոցը խլացնում էր մյուսի հիացական բացականչությունը: Զգացմունքների այս բուռն հեղումին հանկարծ միացավ նաև մինչ այդ մնթռոշած բնությունը. խառնվեց երկինք ու երկիր, պոռացին կայծակ ու ամպրոպ ու սկսվեեեեց: Անձրև մի ասի, հեղեղ ասա: Թափվում է վերևից, լցվում ներքից, շրխկացնում աջից ու ձախից: Խլացնող այս տեղատարափից վախվորած կուչ եկանք ու քիչ անց, միալար հորդառատ անձրևից ամենքս մի մեղեդի գրկած լռեցինք կամ փակեցինք աչքերներս ու ... Օվիեդոյի տպավորություններն աստիճանաբար տեղափոխվեցին դեպի հոգնած երազներ: Մեքենան լռեց: Լսելի էր միայն Նիկայի ժպիտն ու մեքենան համառորեն գրավել ցանկանցող, ապակու հետ հողմաղացի կռիվ տվող անձրևը:
Monday, March 28, 2011
Գունավոր օր
Մեծամորի հնավայր: Մեր թվարկությունից առաջ 11-9-րդ դարերում Մեծամորի քաղաքակրթության ժամանակվա աստղադիտարան, ենթադրաբար: Լուսինը տեսնո՞ւմ եք:-) Եթե չէ, ձեզանից աստղագետ դուրս չի գա;-)))
Thursday, March 24, 2011
Երկխոսությունների Դրամատիկականից ու Դրամատիկականի հետ
Քույրս.
- Քիս, ի՞նչ տոմս վերցնեմ:
- Վաղվա ներկայացման: 1000 դրամով:
- Քիս, ի՞նչ տոմս վերցնեմ:
- Վաղվա ներկայացման: 1000 դրամով:
- Ասում են 1000-ով չկա, 1500-ից ա սկսվում, վերցնե՞մ:
- Չէ, սպասիր զանգեմ:
Զանգում եմ: Սկզբից մի տղամարդ շատ հաճելի ձայնով ասում է, որ պիտի այլ համարով զանգեմ տոմսերի համար. «Վերջում 23: Զանգեք և պատվիրեք»
Վերջում 23 եմ զանգում.
- Բարև Ձեզ, վաղվա ներկայացման տոմսեր ունե՞ք:- Այո, -պատասխանում է կանացի դժգոհ մի ձայն, որին անհանգստացրել են կարևորագույն մի գործի կեսում:
- Գները կասեի՞ք:
- 1000-1500, - դժկամությամբ պատասխանում է նույն ձայնը:- Կարո՞ղ եմ երկու տոմս պատվիրել, 1000- դրամանոց:
- Ոչ, երկու տոմս չեք կարող պատվիրել:
Կարկամում եմ, չգիտեմ ինչ ասել, հետո վրա եմ բերում.
- Իսկ քանի՞ տոմս պիտի պատվիրեմ, որ ընդունելի լինի Ձեզ համար:
- Կոլեկտիվ հայտ պիտի ներկայացնեք:
- Լավ, շնորհակալություն, ես տեղում կվերցնեմ տոմսերը:
Անկապ /պարզվում ա, էլի էսպիսի վերնագիր կա:-)/
Երբ քայլելիս նկատում եմ, որ ինձ են նայում, միանգամից անցնում եմ բադիկաքայլի, անգիտակցաբար:-) Երբ մի քիչ երկար են նայում, ոտքս ոլորվում ա, սովորաբար ձախը:-)
Երբ իմ մասին լավ բան են ասում, որքան էլ համաձայն լինեմ, ջերմությունս բարձրանում ա ու սիրտս նեղվում:-)
Շփոթվելիս սկսում եմ ձեռքով մազերս հետ տանել:-)
Կարդալիս ունքերս կիտում եմ ու զայրացած տեսք ստանում:-) /էս մեկն իհարկե ինձ ասել են, ես հո ինքս ինձ հայելում նայելով չեմ կարդում:-)/
Էլ ի՞նչ եմ անում, չեմ հիշում:-)
Tuesday, March 22, 2011
Գիշերահավասարից առաջ
Հողից հոտ քաշող ամպերի անձրևային ինքնահաստատումը մթան մեջ կամաց-կամաց ընկղմվող քաղաքին դեռ մի քանի ժամ էլ պիտի շարունակեր թաց օրորացային թնկթնկալ: Գուցե մինչև առավոտ: Հետո տղան կնկատի, որ գարնանային գիշերահավասարից րոպեներ առաջ անձրևը ծիսակարգի պես մի բան է, որ քաղաքը մաքրում ու պատրաստում է՝ հիմա արդեն ավելի շատ լույսի իրականությանը: Համեմատությունը աղջկան դուր կգա:
Սեփական գիշերահավասարը ենթագիտակցաբար դիմավորող երկուսի համար թաց փողոցներում աննպատակ թափառումը նույնպես ծիսակարգի պես մի բան էր: Ու որքան էլ իրարից անկախ՝ գիշերային քաղաքն ու ինքնակերտ արգելքների դեմ դուրս եկած զույգը անխոս միավորվել էին երկար ու ցուրտ օրերին հրաժեշտ տալու գործում...
Subscribe to:
Posts (Atom)